Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1085
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ 2-4247/2004թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-4247/2004թ.
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝   

Ա. Պետրոսյան
 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անդրեյ Օգանեսյանի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Նինա Չալտիկյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նինա Չալտիկյանը պահանջել է հաստատել Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 50 շենքի տանիքային հատվածից 140 քմ մակերեսն իր կողմից սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Անդրեյ Օգանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճիռը, և դիմումը թողնվել է առանց քննության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Ափինյան) (այսուհետ` Դատարան) 24.12.2012 թվականի որոշմամբ Անդրեյ Օգանեսյանի դիմումը` վճռի կատարման շրջադարձ կատարելու պահանջի մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2013 թվականի որոշմամբ Անդրեյ Օգանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.12.2012 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրեյ Օգանեսյանի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նինա Չալտիկյանի ներկայացուցիչ Նաիրա Մխիթարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ խախտվել է գործին մասնակից չդարձված անձ Անդրեյ Օգանեսյանի սեփականության իրավունքը, և նրան պատկանող տարածքն առանց օրինական հիմքերի դարձել է այլ անձի սեփականությունը: Թեև Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 50 շենքի տանիքային հատվածից 168,4 քմ մակերեսի նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 30.06.2004 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն գրանցվել է Նինա Չալտիկյանի սեփականության իրավունքը, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ բեկանվել է նշված վճիռը և Նինա Չալտիկյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի վրայի տանիքի հատվածին սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, թողնվել է առանց քննության:

Ներկայումս, երբ վերացել է Նինա Չալտիկյանի սեփականության իրավունքի գրանցման հիմքը, Վերաքննիչ դատարանը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջների համաձայն, պետք է կատարեր վճռի շրջադարձ` վերականգնելով բոլոր բնակիչների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Մաշտոցի թիվ 50 շենքի տանիքի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2013 թվականի որոշումը, լուծել վճռի կատարման շրջադարձի հարցը` վերականգնելով մինչև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռի կայացման վիճակը կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Նինա Չալտիկյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մաշտոցի 50-րդ շենքի թիվ 15 բնակարանը, ինչպես նաև թիվ 14 և 15 բնակարանների վրա գտնվող 168,4 քմ մակերեսով տանիքային տարածքը վաճառել է Լևոն Բալասանյանին: Նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը, և 11.05.2009 թվականին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Տանիքին տրվել է նոր հասցե` թիվ 29 տանիք: 25.10.2011 թվականին Լևոն Բալասանյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Մաշտոցի 50-րդ շենքի թիվ 15 բնակարանի վրա գտնվող թիվ 29 տանիքն օրենքով սահմանված կարգով վաճառել է Նանա Բաբայանին: Նշված գույքի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը, և 28.10.2011 թվականին 168,4 քմ մակերեսով տանիքի նկատմամբ տրվել է թիվ 2805072 սեփականության իրավունքի գրանցման վկայականը: 31.10.2011 թվականին Լևոն Բալասանյանը Երևանի Մաշտոցի 50-րդ շենքի թիվ 15 բնակարանը վաճառել է Նանա Բաբայանին, և նշված գույքի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը, և տրվել է թիվ 2807663 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Այսպիսով, վճռի կատարման շրջադարձ կատարելու պահանջն անհիմն է, քանի որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռով Անդրեյ Օգանեսյանին սեփականության կամ այլ իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չի ճանաչվել Նինա Չալտիկյանի սեփականության իրավունքը, այսինքն` Անդրեյ Օգանեսյանի գույքի վերաբերյալ չի կայացվել դատական ակտ, որպեսզի վերջինիս «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիմքով վճռի կատարման շրջադարձ կատարելու եղանակով վերադարձվի որևէ գույք: Նման պայմաններում վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռով հաստատվել է Նինա Չալտիկյանի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50-րդ շենքի թիվ 14 և 15 բնակարանների տանիքի վրա չափագրված, ըստ հատակագծի 168,4 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը (հատոր 1, գ.թ. 26-28):

2) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման կողմից 17.08.2011 թվականին տրված թիվ Ել-5427 գրության համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռի հիման վրա Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50-րդ շենքի թիվ 14 և 15 բնակարանների տանիքի նկատմամբ գրանցվել է Նինա Չալտիկյանի սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 55):

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Անդրեյ Օգանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճիռը և Նինա Չալտիկյանի դիմումը թողնվել է առանց քննության (հատոր 1, գ.թ. 102-105):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի իրավական վերլուծությանը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե`

1. առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, և

2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ` հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռով հաստատվել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50-րդ շենքի թիվ 14 և 15 բնակարանների տանիքի վրա չափագրված, ըստ հատակագծի 168,4 քմ մակերեսով տարածքը Նինա Չալտիկյանի կողմից սեփականության իրավունքով տիրապետելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, և նշված վճռի հիման վրա վիճելի գույքի նկատմամբ կատարվել է վերջինիս սեփականության իրավունքի պետական գրանցում: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Անդրեյ Օգանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճիռը և Նինա Չալտիկյանի դիմումը թողնվել է առանց քննության:

Դատարանը, պատճառաբանելով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռի հիման վրա Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50-րդ շենքի թիվ 14 և 15 բնակարանների տանիքի նկատմամբ Նինա Չալտիկյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը չի վիճարկվել և անվավեր չի ճանաչվել, արձանագրել է, որ նման պայմաններում հնարավոր չէ վերականգնել մինչև վճիռ կայացնելը եղած դրությունը, և 24.12.2012 թվականի որոշմամբ դիմումը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Անդրեյ Օգանեսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածից բխում է, որ գույքը պետք է լրիվ կամ մասնակի վերադարձվի պարտապանին, մինչդեռ Անդրեյ Օգանեսյանը սույն գործով պարտապան չի հանդիսանում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դրույթները և հանգել են գործի փաստերի վերաբերյալ սխալ եզրահանգման: Մասնավորապես` տվյալ դեպքում մինչև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2004 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելը եղած դրության վերականգնումը պետք է կատարվի ոչ թե գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը վիճարկելու և անվավեր ճանաչելու առանձին վարույթով, այլ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ` գույքը լրիվ կամ մասնակի վերադարձնելով պարտապանին, քանի որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետևանքները` այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը և գործի հանգամանքներով պայմանավորված` վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները: Հետևաբար, տվյալ դեպքում վիճելի գույքի նկատմամբ Նինա Չալտիկյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ վճռի շրջադարձ կատարելու և գույքի նախկին վիճակը վերականգնելու համար, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2012 թվականի որոշմամբ բեկանվել և առանց քննության է թողնվել այն դատական ակտը, որի հիման վրա վեճի առարկա տարածքի նկատմամբ գրանցվել է Նինա Չալտիկյանի սեփականության իրավունքը, այսինքն` վերացել է սեփականության իրավունքի գրանցման հիմքը:

Ինչ վերաբերում է Անդրեյ Օգանեսյանի` սույն գործով պարտապան չհանդիսանալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով նշված «պարտապան» եզրույթը մեկնաբանելիս պետք է հասկանալ ոչ միայն պարտավորաիրավական հարաբերությունների կողմերին, այլ նաև քաղաքացիաիրավական հարաբերության այն մասնակցին, որը վեճի առարկա գույքի նկատմամբ ունեցել է կոնկրետ իրավունքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան անհրաժեշտ է կատարել վճռի շրջադարձ և նոր դատական ակտին համապատասխան կայացնել դատական ակտ` գույքը շահագրգիռ անձին վերադարձնելու մասին` վերացնելով առանց քննության թողնված գործով կայացված դատական ակտի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, քանի որ նշված հանգամանքները ինչպես դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում քննության առարկա չեն դարձվել:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան