Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1094
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0144/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0144/02/12
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Հակոբյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան 
 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

 

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արա Նահապետյանի ներկայացուցիչ Նաիրի Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ Գագիկ Հարությունյանի հայցի ընդդեմ Արա Նահապետյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գագիկ Հարությունյանը պահանջել է բռնագանձել Արա Նահապետյանից 1.100.000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 28.08.2009 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարման օրը, ինչպես նաև 22.000 ՀՀ դրամ պետական տուրքը։

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 20.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.04.2013 թվականի որոշմամբ Արա Նահապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Նահապետյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը, «բացառիկ դեպք» է դիտել հայցային վաղեմության ընթացքում հայցվորի «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապելը։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանը «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապել է դեռևս 1997 թվականից, և ինչպես 2008 թվականից հետո, այնպես էլ կոնկրետ հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում ծանր հիվանդ լինելու վերաբերյալ որևէ թույլատրելի ապացույց գործում առկա չէ, հետևաբար Գագիկ Հարությունյանի կողմից հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները հարգելի չեն:

 Ավելին, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որոնցով հիմնավորվում է, որ Գագիկ Հարությունյանը ինչպես հայցադիմումով, այնպես էլ դատարան ուղղած գրություններով նշել է, որ բազմիցս պահանջել է Արա Նահապետյանին վերադարձնելու պարտքը, այսինքն` Գագիկ Հարությունյանը հիշողության կորուստ չի ունեցել, և նրա հիվանդությունը կրել է ժամանակավոր բնույթ, այլ ոչ թե չընդհատվող բնույթ:

Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված տեղեկանքները, որոնք հիմք են թոշակավորման համար, չեն կարող թույլատրելի ապացույց համարվել Գագիկ Հարությունյանի ծանր հիվանդության փաստը հաստատելու համար: Ընդ որում, Գագիկ Հարությունյանի հիվանդության վերաբերյալ լիարժեք տեղեկություն կազմելու և այն որպես ծանր որակելու համար անհրաժեշտ է մասնագիտական կարծիք, որը բացակայում է սույն քաղաքացիական գործում:

Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանը ոչ հայցով, ոչ դատաքննության ընթացքում չի պնդել իր հիվանդության ծանր լինելը, իր գործողությունների վրա ազդելը և չի ապացուցել իր ծանր հիվանդության պատճառով իր վարքը կառավարել չկարողանալու, անհաղթահարելի ուժի ազդեցության տակ գտնվելու փաստը, որպիսի փաստի ապացուցման պարտականությունները ստանձնել են ստորադաս դատարանները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը վճիռ կայացնելիս հիմք է ընդունել Գագիկ Հարությունյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը, որը հայերեն չէ, հետևաբար նշված ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.04.2013 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթը կարճել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 07.04.2009 թվականի ստացականով Գագիկ Հարությունյանն Արա Նահապետյանին տրամադրել է 1.100.000 ՀՀ դրամ` 27.08.2009 թվականին վերադարձնելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ.7)։

2) 10.09.2012 թվականին Գագիկ Հարությունյանը դիմել է դատարան (հատոր 1-ին, գ.թ.6)։

3) 14.09.2012 թվականի միջնորդությամբ Արա Նահապետյանը խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և կայացնել վճիռ` հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 11-12)։

4) ՀՀ առողջապահության նախարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի 20.12.2007 թվականի գրության համաձայն` Գագիկ Հարությունյանը խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապում է 1997 թվականից: Բազմիցս բուժվել է հոգեբուժական հինվանդանոցներում` ՀԲԿ Ավանի կլինիկայում 1997 թվականին, ՀԲԿ Նորքի կլինիկայում` 16.06.1998 թվականից մինչև 07.09.1998 թվականը, 25.04.2001 թվականից մինչև 10.05.2001 թվականը և ՀԲԿ Նուբարաշենի կլինիկայում` 27.08.2001 թվականից մինչև 20.09.2001 թվականը: Վերջին անգամ ստացիոնար բուժման մեջ է եղել ՀԲԿ Նուբարաշենի կլինիկայում 01.10.2002 թվականից մինչև 21.10.2002 թվականը: Դուրս է գրվել «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» աշխտորոշմամբ: Գտնվում է Վայքի հոգեբույժի հսկողության տակ, ստանում է պահպանողական բուժում` հարոպարիդոլ, տրիֆտազին, ազալեպտին, լոռազոպամ:... (հատոր 1-ին, գ.թ.51)։

5) ՀՀ առողջապահության նախարարության ՀԲԿ «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի 01.06.2008 թվականի թիվ 39 (1051/37530) քաղվածի համաձայն` Գագիկ Հարությունյանի հիվանդության ժամկետի սկիզբ է նշվել 1997 թվականը, ստացիոնար բուժման է անցել 08.05.2008 թվականից, դուրս է գրվել 01.06.2008 թվականին` տեղամասային հոգեբույժի ակտիվ հսկողության տակ` պահպանողական բուժմամբ: Ըստ ամբողջական ախտորոշման` Գագիկ Հարությունյանի մոտ առկա է «շիզոֆրենիա, պարանոիդ ձև, զառանցական համախտանիշ» հիվանդություն, բուժման արդյունքում հիվանդի վիճակը լավացել է, դուրս է եկել փսիխոտիկ վիճակից, զառանցական համախտանիշները կորցրել են իրենց արդիականությունը` կապված հոգեվիճակի լավացմամբ (հատոր 1-ին, գ.թ. 42)։

 6) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց ձորի մարզի բաժանմունքի կողմից տրված տեղեկանքների համաձայն` Գագիկ Հարությունյանն ունի 2-րդ խմբի հաշմանդամություն (հատոր 1-ին, գ.թ. 43-49):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցվորի անձի հետ կապված հանգամանքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի իմաստով որպես բացառիկ դեպք գնահատելու և այդ հիմքով հայցային վաղեմության ժամկետը վերականգնելու առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը։ Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի համաձայն՝ բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության։ Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում։

Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի գործով կայացրած որոշմամբ արտահայտած իրավական այն դիրքորոշումը, որ վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը։ Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Հատկանշական է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի համապատասխան դրույթով դատարանին հնարավորություն է ընձեռել հարգելի ճանաչել հայցային վաղեմության ժամկետի բացթողումը բացառիկ դեպքերում։ Ընդ որում, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության միայն այն հանգամանքների պայմաններում, երբ բացառիկ դեպքը կապված է հայցվորի անձի հետ, այն է` հայցվորի ծանր հիվանդությունը, անօգնական վիճակը, անգրագիտությունը և այլն։ Ավելին, հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե բացթողման պատճառները տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսվա ընթացքում, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից, ապա վաղեմության ժամկետի ընթացքում (տե՛ս Ռազմիկ Դարբինյանի հայցն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 02-ի որոշումը)։

Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «հայցային վաղեմության ժամկետի վերականգնում» եզրույթը նշանակում է ոչ թե հայցային վաղեմության ժամկետի հոսքի վերսկսում, այլ անձի խախտված իրավունքների պաշտպանության տրամադրում` հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերի առկայության դեպքում:

Հայցային վաղեմության ժամկետի վերականգնումը կիրառելի է որպես բացառիկ միջոց, և եթե առկա են մի շարք հանգամանքներ: Նախ և առաջ` հարգելի համարելու պատճառները պետք է կապված լինեն հայցվորի անձի հետ: Բոլոր այն հանգամանքները, որոնք կապված են այլ անձանց հետ և թեկուզ իրականում խոչընդոտել են հայցվորի` իր իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինելուն, չեն կարող համարվել հարգելի:

Երկրորդ` որպես հայցային վաղեմության ժամկետի վերականգնում հայցող սուբյեկտ կարող են հանդես գալ բացառապես ֆիզիկական անձինք: Նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքների բնույթով, որոնք օրենսդիրը համարել է հարգելի ճանաչելու հիմք: Դրանք բոլորն էլ բնորոշ են ֆիզիկական անձանց:

Երրորդ` հարգելի ճանաչելու համար հիմք հանդիսացող հանգամանքները պետք է լինեն այնպիսին, որ զրկեն անձին դատարան դիմելու հնարավորությունից: Ընդ որում, նշված շրջանակում չեն կարող ներառվել այն դեպքերը, երբ անձն ի վիճակի չլինելով դատարան դիմել անձամբ` ունեցել է ներկայացուցչի միջոցով հանդես գալու հնարավորություն:

Չորրորդ` վերը նշված հոդվածի հիշատակված դրույթում ամրագրված հանգամանքները պետք է տեղի ունենան հայցային վաղեմության վերջին վեց ամիսների ընթացքում և տևեն մինչև ժամկետի ավարտը: Այլ կերպ` եթե հարգելի հանգամանքներն ի հայտ են եկել վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, սակայն վերացել են մինչև ժամկետի ավարտը և անձն ունեցել է հայց ներկայացնելու ժամանակ, սակայն բաց է թողել այն, ուրեմն բացթողումը հարգելի համարվել չի կարող:

Վերոնշյալ բոլոր հանգամանքները` որպես ապացուցման առարկա կազմող փաստեր, ենթակա են գնահատման ապացուցման քաղաքացիադատավարական կանոններին համապատասխան:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածում ամրագրված հանգամանքների բնույթը պարզելու հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հիվանդության ծանր լինելը, անօգնական վիճակում գտնվելը, անգրագիտությունը և այլն, ենթակա են պարզման յուրաքանչյուր կոնկրետ գործով: Քանի որ սույն գործով վիճարկվում է նշված հանգամանքներից միայն ծանր հիվանդության առկայությունը, Վճռաբեկ դատարանը հետագա պատճառաբանություններում անդրադառնում է միայն այդ հանգամանքին` հիմք ընդունելով վերը նշված կանոնները:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ՀԲԿ «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ-ի 01.06.2008 թվականի թիվ 39 /1051/37530/ քաղվածքը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց ձորի մարզի բաժանմունքի տեղեկանքները, ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի 20.12.2007 թվականի գրությունը, համաձայնել է Դատարանի այն եզրահանգմանը, որ Գագիկ Հարությունյանը «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապում է դեռևս 1997 թվականից և մինչ օրս ստանում է համապատասխան բուժում, և որ տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը: Վերաքննիչ դատարանը նշել է, որ այս դեպքում առկա է բացառիկ դեպք, և հայցային վաղեմության բաց թողնված ժամկետը նշված հիվանդության հիմքով հարգելի ճանաչելը հիշատակված հոդվածի համատեքստում է և բխում է դրանով սահմանված պահանջներից: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել բողոքաբերների այն փաստարկը, որ «շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ տառապելու մասին հետևություն անելու համար անհրաժեշտ է առնվազն փորձագիտական եզրակացություն:

Սույն գործի փաստերի համաձայն` Գագիկ Հարությունյանը խրոնիկական հոգեկան հիվանդությամբ տառապել է 1997 թվականից և բուժվել է հոգեբուժական հիվանդանոցներում` վերջին անգամ ստացիոնար բուժման մեջ է գտնվել 08.05.2008 թվականից և դուրս է գրվել 01.06.2008 թվականին: Ըստ ամբողջական ախտորոշման` Գագիկ Հարությունյանի մոտ առկա է «շիզոֆրենիա, պարանոիդ ձև, զառանցական համախտանիշ» հիվանդություն, բուժման արդյունքում հիվանդի վիճակը լավացել է, դուրս է եկել փսիխոտիկ վիճակից, զառանցական համախտանիշները կորցրել են իրենց արդիականությունը` կապված հոգեվիճակի լավացմամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Վայոց ձորի մարզի բաժանմունքի կողմից տրված տեղեկանքների համաձայն` Գագիկ Հարությունյանը 2-րդ խմբի հաշմանդամ է:

Սույն գործով անվիճելի է այն փաստը, որ Գագիկ Հարությունյանն իր խախտված իրավունքի մասին իմացել է 28.08.2009 թվականին, սակայն իրավունքի պաշտպանության նպատակով` դատարան է դիմել 10.09.2012 թվականին, այսինքն` բաց է թողել իրավունքի պաշտպանության համար սահմանված հայցային վաղեմության ժամանակահատվածը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիվանդության ծանր լինելու հանգամանքի վերաբերյալ եզրահանգումները կարող էին հիմնված լինել բացառապես թույլատրելի ապացույցների գնահատման վրա: Վերը նշված ապացույցներն ինքնին թույլատրելի են հիվանդության առկայության փաստը հաստատված համարելու համար, սակայն հայցային վաղեմության ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար ստորադաս դատարանների կողմից պետք է գնահատման առարկա դարձվեին և պարզվեին սույն գործի համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքները.

- «շիզոֆրենիա, պարանոիդ ձև, զառանցական համախտանիշ» հիվանդության ծանր լինելու հանգամանքը, այսինքն` այն, որ այդ հիվանդությունը հայցվորի վրա ունեցել է այնպիսի ազդեցություն, որ վերջինիս զրկել է նույնիսկ ներկայացուցչի միջոցով դատական պաշտպանության դիմելու հնարավորությունից,

- նշված հիվանդության` հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամիսների` 28.02.2012 թվականից 28.08.2012 թվականն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած լինելու և շարունակվելու հանգամանքը:

Մինչդեռ, սույն գործում առկա ապացույցներով գործի համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ հանգամանքները չեն հիմնավորվում: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի և 47-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, գտնում է` վերոնշյալ փաստերից առաջինը կարող է պարզվել փորձագետի եզրակացությամբ` որպես թույլատրելի ապացույց: Ընդ որում, այդ եզրակացությամբ պարզման ենթակա հարցերի շրջանակը պետք է լինի այնպիսին, որ դատարանին հնարավորություն տա հանգելու հետևության այն մասին, որ հիվանդությունը խոչընդոտել է անձին ձեռնամուխ լինելու իր իրավունքների դատական պաշտպանությանը, հետևաբար այն ծանր հիվանդություն է: Փորձաքննություն նշանակելու վերաբերյալ եզրահանգում անելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նախկինում ձևավորած դիրքորոշումը (ի թիվս այլոց տե՛ս Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259 (ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն փաստը, թե հայցվորի անձի հետ կապված բացառիկ դեպքը` հիվանդությունը, արդյոք ծանր է, թե ոչ և տեղի է ունեցել նաև հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, թե ոչ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված «հայցվորի անձի հետ կապված հանգամանքներով պայմանավորված բացառիկ դեպք» եզրույթը, որպիսի հանգամանքն էլ ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, հիմք ընդունելով վերոգրյալ խախտումների էությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը կրկին անհրաժեշտ է ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.04.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.06.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան