Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1126
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.27/63(1003).1 Հոդ.1124.3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 նոյեմբերի 2013 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2013 թվականի նոյեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագիրն (Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին:

 

2. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է երեսունմեկ միլիոն (31.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (Վարկ), Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում, Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրին (Ծրագիր) աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Վարկի փակման ամսաթիվն է 2014 թվականի մարտի 31-ը:

Համաձայն Վարկային համաձայնագրի` Ծրագրի շրջանակներում Վարկառուի կողմից իրականացված գործողությունները ներառում են հետևյալ ուղղությունները.

1) մրցունակության հզորացում, մասնավորապես`

  տեսչական բարեփոխում.

  վարկային հաշվետվությունների գրավի ապահովման և սնանկության օրենքների բարեփոխումներ.

  քաղաքացիական ծառայության բարեփոխումներ.

  օդային կապ.

  ֆինանսական հատվածի զարգացում.

2) ֆիսկալ, սոցիալական և բնապահպանական կայունության ամրապնդում, մասնավորապես`

  հարկային եկամուտների մոբիլիզացում.

  սոցիալական օգնություն.

  բնապահպանական կայունության ներդրում հանքարդյունաբերության ոլորտում:

 

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) Վարկային համաձայնագրով սահմանված չափով և կարգով վճարել սկզբնական կոմիսիոն վճար.

բ) Վարկային համաձայնագրով սահմանված չափով և կարգով վճարել տոկոսագումար` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին.

գ) Վարկի մայր գումարի մարումը կատարել 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2037 թվականի նոյեմբերի 15-ը` մասհանված գումարի 3.33 տոկոսի չափով, իսկ 2038 թվականի մայիսի 15-ին` մասհանված գումարի 3.43 տոկոսի չափով.

դ) Վարկի միջոցները չօգտագործել անընդունելի ծախսերը ֆինանսավորելու համար: Եթե ցանկացած ժամանակ Բանկը հայտնաբերի, որ Վարկի գումարն օգտագործվել է բացառված ծախսերի վճարման նպատակով, Վարկառուն պետք է Բանկի կողմից ծանուցում ստանալուց անմիջապես հետո վերադարձնի Բանկին այդ վճարմանը համարժեք գումար: Նման պահանջի դեպքում Բանկին վերադարձված գումարները չեղարկվում են:

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թվականի նոյեմբերի 7-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրին:

Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` Ծրագրի շրջանակներում դրամական միջոցները հատկացվելու են` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված գործողությունների վրա: Տրամադրված միջոցներն ուղղվելու են բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը:

 

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները, մասնավորապես, վերաբերելի են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին:

Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագիրը բազմաբնույթ ծրագրային նպատակներից ելնելով պահանջում է համալիր վերահսկողություն` վարկային միջոցների արդյունավետ օգտագործման և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումն ապահովելու առումով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2013 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 նոյեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1126