Գլխավոր տեղեկություն
Համար
N 314-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.09.2013-13.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հոդ.304
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.07.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007296

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 314-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը» (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի հուլիսի 27-ի
N 314-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ

Սույն կարգով սահմանվում է էլեկտրաէներգետիկական համակարգին (այսուհետ` Համակարգ) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ` Նոր կայաններ) միանալու և Համակարգին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ` Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող և(կամ) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:

 

1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Կառուցող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը կառուցում է նոր արտադրական հզորություններ լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում.

Արտադրող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը վերակառուցում կամ ընդլայնում է առկա արտադրական հզորությունները լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածից հետո.

Բաշխող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Համակարգի օպերատոր`

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:

(1-ին գլուխը խմբ. 31.07.13 N 269-Ն)


 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1 Համակարգին Նոր կայանների միացման կամ Արտադրող կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծերը մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկությունները (այսուհետ` Տեխնիկական պայմաններ) Կառուցողին կամ Արտադրողին առաջադրում է Բաշխողը:

2.2 Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում՝ ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2004 թվականի դեկտեմբերի 24-ի N 176-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման կանոնների» պահանջները:

2.3 Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև Կառուցողի կամ Արտադրողի ներկայացրած հուսալիության ցուցանիշները:

2.4 Տեխնիկական պայմանների մշակման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Հաղորդողի, Համակարգի օպերատորի հետ իրականացնում է Բաշխողը:

2.5 Տեխնիկական պայմանները Բաշխողը պարտավոր է մշակել` ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:

2.6 Կառուցողի (Արտադրողի) և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, երբ Բաշխողի ցանցում համապատասխան հզորությունների սահմանափակ լինելու դեպքում սույն կարգի 2.5 կետում ամրագրված սկզբունքի ապահովման համար անհրաժեշտ է մշակել Բաշխողի ցանցին միացման հատուկ պայմաններ, Հանձնաժողովն իրավունք ունի Բաշխողի դիմումի հիման վրա սահմանել էլեկտրաէներգիա արտադրող կայանները Բաշխողի ցանցին միացման անհատական որոշում: Սույն կետում նշված դեպքում՝ Կառուցողի (Արտադրողի) կողմից տեխնիկական պայման տրամադրելու դիմումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Բաշխողը պարտավոր է դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Բաշխողը նույն ժամկետում պարտավոր է իր դիմումի մասին գրավոր իրազեկել Կառուցողին (Արտադրողին):

(2-րդ գլուխը լրաց. 31.07.13 N 269-Ն)

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

3.1 Կառուցողը Տեխնիկական պայմաններ ստանալու համար դիմումի հետ Բաշխողին է ներկայացնում.

1) Հանձնաժողովի կողմից Կառուցողին տրված արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիայի պատճենը,

2) տեղեկություններ Նոր կայանի կանխատեսվող տեխնիկական հարաչափերի վերաբերյալ` համաձայն Բաշխողի կողմից սահմանված ցանկի:

3.2 Արտադրողը Տեխնիկական պայմաններ ստանալու համար դիմումի հետ Բաշխողին է ներկայացնում տեղեկություններ կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների տեխնիկական հարաչափերի կանխատեսվող փոփոխությունների վերաբերյալ` համաձայն Բաշխողի կողմից սահմանված ցանկի:

3.3 Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում և դիմողին է ներկայացնում դիմումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

3.4 Տեխնիկական պայմանները տրվում են դիմողի հետ փոխհամաձայնեցված ժամկետով` բայց ոչ պակաս, քան երկու տարով:

3.5 Նոր կայանի միացման կամ արտադրող կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Կառուցողը կամ Արտադրողը պարտավոր է գրավոր տեղեկացնել դրանց մասին Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Այս դեպքում Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը Կառուցողին կամ Արտադրողին է տրամադրում դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:

3.6 Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի փոխհամաձայնությամբ:

3.7 Այն դեպքում, երբ Նոր կայանը Համակարգին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի և(կամ) Հաղորդողի ցանցերում, Բաշխողը և (կամ) Հաղորդողը պարտավոր են իրենց միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրենց հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:

 

4. ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

4.1 Սույն կարգի 3.7 կետում նշված դեպքում Կառուցողն ու Բաշխողը կամ Արտադրողն ու Բաշխողը կնքում են միացման պայմանագիր, որով սահմանվում են Նոր Կայանը Համակարգին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման արդյունքում անհրաժեշտ աշխատանքների կատարման ժամկետները, այդ ժամկետների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը: Հաղորդողի ցանցերում միացման պայմանագրով սահմանվող աշխատանքների կատարման ժամկետները Բաշխողը պարտավոր է համաձայնեցնել Հաղորդողի հետ:

4.2 Պայմանագիրը կնքելու համար Կառուցողը կամ Արտադրողը Բաշխողին են ներկայացնում փորձաքննություն անցած Նախագիծը:

4.3 Նոր կայանները Համակարգին միացնող կամ Արտադրողի վերակառուցված էլեկտրահաղորդման գծերը լարման տակ դնելու համար Կառուցողը կամ Արտադրողը դիմումի հետ Բաշխողին են ներկայացնում.

1) 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը).

2) 0,4 կՎ լարման ցանցին միանալու դեպքում` էլեկտրահաղորդման (օդային, մալուխային) գծերի փորձարկման արձանագրությունները և շինարարության ավարտի վերաբերյալ ակտի պատճենը։

(հավելվածը խմբ., լրաց. 31.07.13 N 269-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան