Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1115
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.02/54(994) Հոդ.895
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 սեպտեմբերի 2013 թ.

 

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Մ. Խաչատրյանի, Լ. Օհանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` 02.05.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հունիսի 3-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի` «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը» վերտառությամբ 24-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել»:

Ընդունվելուց հետո «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ԼԴ4/0031/02/09 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Վահե Օհանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 21.05.2009թ. վճռով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հայցն ամբողջությամբ բավարարել է և 22.06.2009թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի դիմումի հիման վրա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 30.07.2009թ. կատարողական թերթ է տվել:

04.03.2010թ. վճռի վրիպակը, գրասխալը կամ թվաբանական սխալն ուղղելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, վերջինս էլ 09.03.2010թ. կայացրել է «Վրիպակն ուղղելու մասին» որոշում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վրիպակն ուղղված մասով կատարողական թերթ տրամադրելու մասին 22.06.2011թ. ներկայացրած դիմումի հիման վրա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր` 07.07.2011թ. որոշմամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումը բավարարել է, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնել է և նույն օրը` 07.07.2011թ. տրամադրել է կատարողական թերթ:

Վահե Օհանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 17.11.2011թ. որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել` բեկանելով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.07.2011թ. որոշումը և գործն ուղարկել նոր քննության: Բեկանելով որոշումը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ. «Դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված դատական նիստի պատշաճ ծանուցումը, այսինքն` խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի դրույթները»:

Նշված որոշման հիման վրա Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումը` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջի մասին, իր` 05.04.2012թ. որոշմամբ այն մերժել է` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի վկայակոչմամբ` նշելով, որ «օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն պահանջատեր քաղաքացու դիմումի հիման վրա, իսկ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է իրավաբանական անձ»:

Վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, ինչը 29.06.2012թ. վարույթ է ընդունվել և 05.09.2012թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012թ. թիվ ԼԴ4/0031/02/09 որոշումը թողել է օրինական ուժի մեջ` գտնելով, որ «բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, որ դատական ակտի սխալի պատճառով է Բանկը այժմ հայտնվել նման իրավիճակում, Վերաքննիչ դատարանը գտնում է անհիմն, վերաքննիչ բողոքը բավարարելու ոչ բավարար հիմք, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Վրիպակն ուղղելու մասին» դատարանի որոշումը կայացվել է 09.03.2010 թվականին, մինչդեռ Բանկը վրիպակն ուղղված մասով կատարողական թերթ տրամադրելու, միաժամանակ կատարողական թերթը ՀՀ ԴԱՀԿ ծառայություն ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին դիմումը դատարան է ներկայացրել 22.06.2011 թվականին, որը Դատարանը իրավացիորեն մերժել է, միաժամանակ նկատի ունենալով, որ օրենսդիրը հարգելի ճանաչված պատճառներով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողած ժամկետը վերականգնելու հնարավորություն նախատեսել է միայն պահանջատեր-քաղաքացու դիմումի հիման վրա, իսկ Բանկը հանդիսանում է իրավաբանական անձ»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից 25.10.2012թ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012թ. թիվ ԼԴ4/0031/02/09 քաղաքացիական գործով կայացված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը 31.10.2012թ. ընդունել է «վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում` վերահաստատելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2012թ. որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

3. Դիմողը, նշելով, որ այն իրավունքներն ու ազատությունները, որոնք շնորհված են (վերաբերում են) քաղաքացուն, նույն կերպ կիրառելի են նաև իրավաբանական անձանց համար, և որ պահանջատեր կարող է լինել ինչպես քաղաքացին, այնպես էլ իրավաբանական անձը, գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի` «քաղաքացի-պահանջատեր» բառակապակցությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 42.1 և 14.1-րդ հոդվածների դրույթներին:

Իր պահանջը հիմնավորելու համար դիմողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի վկայակոչմամբ նշում է, որ օրենսդիրը «քաղաքացի» եզրույթի ներքո նկատի է ունեցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

Վերլուծելով օրենքի վիճարկվող նորմը` դիմողը եզրահանգում է, որ այն պարունակում է օրենսդրական բաց և բացով պայմանավորված իրավակարգավորման իրավական անորոշություն, քանի որ պարզ չէ, թե ինչու է կատարողական թերթի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու հնարավորությունն ընձեռվել միայն քաղաքացուն: Այս փաստարկով դիմողը կարծում է, որ օրենքի վիճարկվող դրույթը հակասության մեջ է գտնվում նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների հետ: Որպես հիմնավորում` դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթով խախտվում են իրավաբանական անձանց (ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կամ օտարերկրյա պետության) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքները, իսկ վերջիններիս իրացման երաշխավորվածությունը պայմանավորված է ոչ միայն անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներով, այլև անհրաժեշտ իրավական նախադրյալների առկայությամբ, որոնցից մեկն էլ իրավական որոշակիության պահանջներին համապատասխանող իրավական նորմերի առկայությունն է:

 

4. Պատասխանող կողմը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 09.09.2003թ. «Հարկադիր կատարման մասին» Rec 2003(17) հանձնարարականը, գտնում է, որ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է, այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում:

Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն պետք է վերականգնվի բացառապես հարգելի պատճառների առկայության դեպքում, որոնք, որպես կանոն, պայմանավորված են լինում պահանջատիրոջ կամքից անկախ հանգամանքներով` հիվանդություն, գործուղում, փաստաթղթերի ուշացումով ստանալը և այլն, հանգամանքներ, որոնք բնորոշ են ֆիզիկական անձանց, իսկ իրավաբանական անձի հնարավորություններն այդ խոչընդոտները հաղթահարելու առումով ավելին են` պայմանավորված մարդկային ռեսուրսներով: Ըստ պատասխանողի` նշված հանգամանքները հաշվի առնելու արդյունքում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու խնդրանքով դիմելու հնարավորություն ընձեռել միայն ֆիզիկական անձանց:

Միաժամանակ, պատասխանողն արձանագրում է, որ հաշվի առնելով անձանց խախտված իրավունքների լիարժեք պաշտպանության տեսանկյունից դատական ակտերի հարկադիր կատարման կարևորությունը և կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետն օբյեկտիվ պատճառներով բաց թողնելու հնարավորությունն առանձին դեպքերում նաև իրավաբանական անձանց պարագայում` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2013թ. հուլիսի 3-ին շրջանառության մեջ է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվել է օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը վերականգնում է այն»:

Ամփոփելով վերոնշյալը` պատասխանողը կարծիք է հայտնում, որ թեև կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար օրենքով սահմանված է բավարար ժամանակ, այնուամենայնիվ, վիճարկվող նորմի իրավակարգավորման պայմաններում կարող է ամբողջությամբ չապահովվել անձանց խախտված իրավունքների արդյունավետ վերականգնման հնարավորությունը:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ հարկ է բացահայտել դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի տեղը և դերը դատական պաշտպանության և արդար դատաքննության ինստիտուտների համակարգում, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնման հետ կապված հարաբերությունների կարգավորման տրամաբանությունը: Այսպես. դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ, հակառակ պարագայում կիմաստազրկվեն ոչ միայն պետական, այդ թվում` դատական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, այլև ընդհանրապես արդարադատության և դատական գործառույթներ իրականացնող այլ մարմինների համակարգի գոյությունը: Հետևաբար` դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ: Այդ է պատճառը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ օրենսդիրն ամրագրել է, որ տվյալ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, իսկ նույն հոդվածի 2-րդ պարբերությամբ օրենսդիրը տվյալ օրենքի գործողությունը տարածել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև դիտարկվող օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր: Այսինքն` օրենքը համապատասխան սուբյեկտների շրջանակում հստակ ներառել է ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Օրենսդիրը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում ամրագրելով «Ընդհանուր դրույթներ կատարողական թերթի մասին» վերտառությամբ գլուխը, իրավական կարգավորման է ենթարկել կատարողական թերթ տալու, կատարողական թերթ տալու հիմքերի, կատարողական թերթի բովանդակության, դատական ակտի կատարման հետաձգման, տարաժամկետման, կատարման եղանակի և կարգի փոփոխման, կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի, վերջինիս վերականգնման, կատարողական թերթի կրկնօրինակ տալու, վճռի կատարման շրջադարձի հետ կապված հարաբերությունները: Այսպես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը, 2-րդ պարբերության համաձայն` պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման շրջանակներում պահանջատիրոջը վերապահված իրավունքներն իրենց էությամբ կիրառելի են նաև իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության, համայնքի, օտարերկրյա պետության նկատմամբ:

Փաստորեն, ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համահունչ` օրենսդիրը դիտարկվող օրենքով սահմանել է պահանջատեր հանդիսացող սուբյեկտների շրջանակը` դրանում ներառելով ոչ միայն քաղաքացուն, այլև իրավաբանական անձին: Հետևողական մոտեցում ցուցաբերելով դիտարկվող օրենքի տրամաբանությանը` օրենսդիրն օրենքի, մասնավորապես, 22-րդ և 25-րդ հոդվածներում նույնպես կիրառել է «պահանջատեր» եզրույթը` տարբերակում չդնելով պահանջատեր հանդիսացող սուբյեկտների միջև:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից բխում է, որ հիշյալ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «պահանջատեր» եզրույթի ներքո անհրաժեշտ է նկատի ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիներին և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև քննության առնվող օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների, այն է` Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին, օտարերկրյա պետությանը:

Անդրադառնալով իրավակիրառական պրակտիկային` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի վիճարկվող դրույթի ձևակերպման ընկալումը և մեկնաբանությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է նրան, որ էապես նեղացվել է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական կարգավորման շրջանակը:

Սահմանադրական դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ իրավունքների ցանկացած սահմանափակում չի կարող հանգեցնել դրանց արգելափակմանը: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի պահանջներով սահմանադրական դատարանը նաև իրավաբանական անձանց դիմումների հիման վրա բազմաթիվ գործեր է ընդունել քննության` ճանաչելով նրանց` դատարանի մատչելիության իրավունքը: Այդ իրավունքն ուղղակիորեն ամրագրված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի վերնագրում և այդ հոդվածի բոլոր դրույթներում, որոնցով սահմանվել է, որ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ է ֆիզիկական անձանց հետ մեկտեղ ճանաչվում նաև իրավաբանական անձը: Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքով չի կարող արգելափակվել իրավաբանական անձանց համար դատարանի մատչելիությունը կամ արդար դատաքննության իրավունքը:

 

6. Միևնույն ժամանակ, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է այն հարցի պարզաբանումը, թե արդյո՞ք դատարանի իրավունքն է ոչ միայն կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի պատճառները հարգելի ճանաչելու հանգամանքի հաստատումը, այլև բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պարագայում նաև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը: Այսպես. օրենքը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավունքը տվել է դատարանին, ինչն իրավաչափ է: Դատարանը, քննելով դիմումը, անդրադառնում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչելու նպատակով պահանջատիրոջ ներկայացրած պատճառների հիմնավորվածությանը: Այսինքն` դատական նիստ հրավիրելու մասին օրենքի պահանջի տրամաբանությունը պահանջատիրոջ կողմից դատարան ներկայացված պատճառները հարգելի լինելու հանգամանքի մասին դատարանի կողմից պատճառաբանված գնահատական տալն է: Հետևաբար, այն պարագայում, երբ դատարանը հարգելի է համարում ներկայացված պատճառները, ապա վերականգնում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը: Մինչդեռ վիճարկվող նորմում օրենսդիրն օգտագործել է «դատարանը կարող է» հասկացությունը, այսինքն` դատարանի հայեցողությանն է թողել դատարանի կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հիմքում ընկած պատճառները հարգելի ճանաչելուց հետո բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծումը: Վերը նշվածից բխում է, որ վիճարկվող հոդվածով օրենսդիրը դատարաններին օժտել է հայեցողական լիազորությամբ՝ ժամկետների բացթողումը հարգելի ճանաչելուց բացի, վերականգնել կամ չվերականգնել ժամկետների բացթողումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դրվում դատական հայեցողությունից` ներկայացված պատճառները հարգելի ճանաչելու հանգամանքից զատ նաև բաց թողնված ժամկետի վերականգնման հարցի լուծման առումով, սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված դատական հայեցողությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ խաթարվի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ՝ դրանց պաշտպանության իրավունքի էությունը կամ անհարկի սահմանափակվի դրանց իրացումը:

Դատական հայեցողության վերաբերյալ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ (ՍԴՈ-996, ՍԴՈ-997): Մասնավորապես, 18.10.2011թ. ՍԴՈ-996 որոշման մեջ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ` «... Ինչ վերաբերում է դատական հայեցողությանը, ապա այն ունի իր սահմանները և չի կարող փոխել իրավանորմի բնույթը կամ քննարկման առարկա դարձնել դրա նպատակահարմարության խնդիրը: Դատական հայեցողությունն ընտրություն կատարելու իրավասություն է՝ այնպիսի հնարավոր տարբերակների միջև, որոնք բոլորն էլ օրինական են»: Սույն գործով սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավանորմի դեպքում պետք է ապահովվի հայեցողական լիազորության իրավաչափ և ոչ կամայական իրականացումը, այն պետք է լինի հստակ, միակերպ ընկալելի իրավահարաբերության կողմերի համար:

Միաժամանակ սահմանադրական դատարանն ընդունում է ի գիտություն, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2013թ. հուլիսի 3-ին շրջանառության մեջ է դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվել է օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը վերականգնում է այն»:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սահմանադրական դատարանի կողմից դրա սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման հիման վրա ներկայացված հետևյալ մեկնաբանությամբ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքացի-պահանջատիրոջ» եզրույթն իրավակիրառական պրակտիկայում պետք է մեկնաբանել և կիրառել ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համահունչ` հաշվի առնելով, որ այն վերաբերում է նաև իրավաբանական անձանց, քանի որ այն իր էությամբ կիրառելի է վերջիններիս նկատմամբ:

2. Դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտն օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

24 սեպտեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1115

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան