Գլխավոր տեղեկություն
Համար
N 805-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.08.2013-16.02.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.756
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 805-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերելու մասին պայմանագրերը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 805-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարչական հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ պետական կազմակերպություն) ամրացված անշարժ գույքը հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին (այսուհետ՝ ոչ պետական կազմակերպություն) նվիրաբերելու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) նվիրաբերվում է միայն հանրակրթական ծրագիր (կամ ծրագրեր) իրականացնող ոչ պետական կազմակերպություններին` պետական աջակցության միջոցով մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը նպաստելու նպատակով:

3. Անշարժ գույքը ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվում է պայմանով, որ տվյալ գույքն օգտագործվելու է միայն հանրակրթական նպատակներով:

4. Պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը ոչ պետական կազմակերպություններին նվիրաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

5. Նախքան ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը` նվիրաբերվող անշարժ գույքը պարտադիր կարգով ենթակա է գնահատման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով:

 

II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

6. Ոչ պետական կազմակերպությունը նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու համար հայտով (այսուհետ` հայտ) դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն)՝ ներկայացնելով՝

1) նվիրաբերություն ստանալու համար նախատեսված անշարժ գույքի մասին տեղեկությունները (գտնվելու վայրը, պատկանելությունը, մակերեսը, նպատակային և գործառնական նշանակությունը, ավարտվածության աստիճանը, վնասվածության աստիճանը).

2) սույն կարգի 7-րդ և (կամ) 8-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերը.

3) հանրակրթական ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ ներդրումային ծրագիր):

7. Նվիրաբերությամբ անշարժ գույք ստանալու համար հավակնող ոչ պետական կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշները`

1) հանրակրթական ոլորտում ունենա առնվազն հինգ տարվա գործունեության փորձ.

2) շրջանավարտների միասնական ավարտական քննությունների ցուցանիշները միասնական քննությունների անցկացման վերջին երեք տարվա ընթացքում պետք է առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշներին.

3) ոչ պետական կազմակերպության վերջին երեք տարվա ներքին և արտաքին գնահատման ցուցանիշները պետք է առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշին.

4) «Գիտելիքների գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված ընթացիկ առարկայական ստուգարք-քննությունների արդյունքներով ոչ պետական կազմակերպության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների միջին գնահատականները պետք է վերջին երեք տարվա ընթացքում առնվազն հավասար լինեն հանրապետական միջին ցուցանիշներին.

5) ոչ պետական կազմակերպության մանկավարժական-մեթոդական նորարարական գործունեությունը (այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական գործընթացում արդյունավետորեն կիրառելու, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ հեղինակելու մասով) պետք է ճանաչված և արժևորված լինի կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1334-Ն որոշմամբ հաստատված կարգի:

8. Անկախ սույն կարգի 7-րդ կետով սահմանված չափանիշներից` անշարժ գույք կարող է նվիրաբերվել նաև ոչ պետական կազմակերպություններին, որոնք՝

1) ընդգրկված են միջազգային բակալավրիատի դպրոցների համակարգում կամ գտնվում են այդ համակարգում ընդգրկվելու գործընթացի 2-րդ փուլում, կամ`

2) հանրակրթական ծառայություններ մատուցելու նպատակով ստանձնել են առնվազն մեկ մլրդ դրամ ներդրումային պարտավորություններ:

9. Ոչ պետական կազմակերպության կողմից հանրակրթական ոլորտում իրականացվող ներդրումային ծրագիրը պետք է ներառի՝

1) ծրագրի տևողությունը, շահառուները (դրանց խմբերը), ակնկալվող չափելի արդյունքները (քանակական արտահայտությամբ).

2) կապիտալ ներդրումների չափը՝ ըստ տարիների.

3) աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ներդրումների նկարագրությունը և չափը՝ ըստ տարիների.

4) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և օժտված երեխաների կրթության հովանավորմանն ուղղված ներդրումների նկարագրությունը և չափը` ըստ տարիների.

5) հանրակրթության ոլորտում նորարարական կամ ուսումնատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ կատարվող ներդրումների նկարագրությունը և չափը՝ ըստ տարիների:

10. Վարչությունը հայտն ստանալու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, ստուգում է հայտում ներառված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 7-րդ, 8-րդ ու 9-րդ կետերով նախատեսված չափանիշներին և ներդրումային ծրագրի պահանջներին՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով համապատասխան իրավասու մարմինների մասնագիտական եզրակացությունները:

11. Հայտի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանության դեպքում վարչությունը երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ոչ պետական կազմակերպությանն անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նվիրաբերվող անշարժ գույքն այլ պետական կազմակերպության ամրացված լինելու պարագայում ստանալով նաև տվյալ կազմակերպության հիմնադրի (այն դեպքում, երբ հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է` Երևանի քաղաքապետի) կարծիքը:

12. Ոչ պետական կազմակերպությանն անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ներառում է՝

1) նվիրաբերվող անշարժ գույքի նկարագիրը (գտնվելու վայրը, մակերեսը, գնահատված արժեքը).

2) նվիրաբերություն ընդունող ոչ պետական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը.

3) նվիրաբերվող անշարժ գույքի օգտագործման նպատակը և ներդրումային ծրագրի հիմնական ցուցանիշները.

4) նվիրաբերության պայմանը.

5) այլ դրույթներ:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մերժել կամ թույլատրել անշարժ գույքի նվիրաբերությունը ոչ պետական կազմակերպություններին` հաշվի առնելով նաև կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությունը և առաջնահերթությունները:

 

III. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Ներդրումային ծրագիրն անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրի անբաժանելի մասն է:

15. Նվիրաբերությամբ անշարժ գույք ստացած ոչ պետական կազմակերպությունը վարչություն է ներկայացնում ներդրումային ծրագրի իրականացման մասին ընթացիկ հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն):

16. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա համար և ներառում է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից հաջորդ տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածը:

17. Հաշվետվությունը վարչություն է ներկայացվում ներդրումային ծրագրի յուրաքանչյուր տարվա կտրվածքով մինչև հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ը և պետք է ներառի՝

1) ծրագրի շահառուների (դրանց խմբերի) թիվը, ներդրումային ծրագրով նախատեսված քանակական արդյունքները.

2) իրականացված կապիտալ ներդրումների մեծությունը և դրանք հավաստող ֆինանսական հաշվետվությունները.

3) աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ներդրումների մեծությունը և դրանք հավաստող փաստաթղթերը.

4) սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և օժտված երեխաների կրթության հովանավորմանն ուղղված ներդրումների նկարագրությունը, չափը, կատարված աշխատանքների փաստաթղթային հիմնավորումը.

5) հանրակրթության ոլորտում նորարարական կամ ուսումնատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքների ուղղությամբ կատարված ներդրումների նկարագրությունը, կատարված աշխատանքների փաստաթղթային հիմնավորումը:

18. Հաշվետվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում վարչությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնում է ներդրումային ծրագրի ընթացքի գնահատումը:

19. Ներդրումային ծրագրի ընթացիկ գնահատումն իրականացվում է ներդրումային ծրագրով սահմանված բոլոր բաղադրիչների գնահատման միջոցով, հետևյալ բանաձևով՝

1  x Կ1  + Բ2  x Կ2  ... + Բո  x Կո 100,

որտեղ`

 

1) Բ1  ... Բn  - ը ներդրումային ծրագրով սահմանված յուրաքանչյուր բաղադրիչին տրված գնահատականն է, որը կարող է լինել 0-100-ը ընկած միջակայքում.

2) Կ1  ... Կո  - ը ներդրումային ծրագրով սահմանված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման կշռային գործակիցն է, որը սահմանվում է 0-1-ը ընկած միջակայքում, իսկ բոլոր կշռային գործակիցների հանրագումարը հավասար է 1-ի:

20. Ներդրումային ծրագրի ընթացիկ գնահատականը համարվում է դրական, եթե բոլոր բաղադրիչների գնահատման հանրագումարը 75-ից ավելի է, իսկ հակառակ դեպքում այն գնահատվում է բացասական:

21. Ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգ իրականացնելու նպատակով վարչությունը, առնվազն տարեկան երկու անգամ, առանց նախազգուշացման, կարող է այցելություններ կազմակերպել անշարժ գույքի նվիրաբերությունն ընդունած ոչ պետական կազմակերպություն, իսկ կազմակերպությունը պետք է տրամադրի բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են մոնիթորինգի իրականացման համար:

22. Վարչության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգը չի կարող դուրս գալ անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով նախատեսված պայմանագրային պարտավորությունների իրականացման նկատմամբ հսկողության շրջանակից:

23. Ներդրումային ծրագրի մոնիթորինգի ընթացքում ուսումնասիրվում են սույն կարգի 9-րդ կետում նշված ներդրումային ծրագրի բոլոր էական պայմանները և դրանք հավաստող փաստաթղթերը:

24. Ներդրումային ծրագրի ընթացքի մոնիթորինգի արդյունքների մասին կազմված արձանագրությունն ստորագրվում է վարչության ներկայացուցիչների և ոչ պետական կազմակերպության գործադիր մարմնի կողմից, որի մի օրինակը պահվում է վարչությունում, իսկ մյուսը տրամադրվում է ոչ պետական կազմակերպությանը:

 

IV. ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

25. Սույն կարգին համապատասխան` ոչ պետական կազմակերպություններին անշարժ գույքի նվիրաբերության պայմանի կատարման նկատմամբ վերահսկումն իրականացնում է վարչությունը՝ անշարժ գույքի նվիրաբերության մասին կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան:

26. Ոչ պետական կազմակերպություններին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրում պարտադիր կարգով սահմանվում է, որ՝

1) տվյալ անշարժ գույքը ոչ պետական կազմակերպության կողմից պետք է օգտագործվի միայն հանրակրթական նպատակներով.

2) ոչ պետական կազմակերպության սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև ոչ պետական կազմակերպության լուծարման դեպքում նոր սեփականատիրոջն է փոխանցվում նվիրաբերության պայմանի կատարման պարտավորությունը.

3) անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում անշարժ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

27. Անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդը պարտավոր է պահանջել նվիրաբերության վերացում, որի արդյունքում գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

28. Սույն կարգի 20-րդ կետին համապատասխան ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում վարչությունը ոչ պետական կազմակերպության համար սահմանում է մեկ տարի ժամկետ` ներդրումային ծրագրի կատարումը բարելավելու համար:

29. Երկու տարի շարունակ սույն կարգի 20-րդ կետին համապատասխան ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում վարչությունը պարտավոր է պահանջել նվիրաբերության վերացում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան