Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.08.2013-10.10.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.07/44(984) Հոդ.757
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 806-Ն

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 517 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված փաթեթի մասով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը ֆինանսավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

2. Հաստատել`

1) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը` համաձայն N 2 հավելվածի.

3) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում`

1) հաստատել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման չափորոշիչը, ինչպես նաև կատարել սույն որոշումից բխող անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման մասին հաստատված չափորոշիչներում և այլ գերատեսչական իրավական ակտերում.

2) մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, հաստատել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման գները:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հրամաններով հաստատել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրման կարգերը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման՝ ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 517 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 806-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին (այսուհետ՝ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ) անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում են տրամադրվում`

1) զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին.

2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին.

3) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայության ծառայողների, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների հետևյալ անդամներին`

ա. 18 տարին չլրացած երեխաներին, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակներին, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներին, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը,

բ. ծնողներին, ամուսնուն,

գ. խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քրոջը և եղբորը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քրոջը և եղբորը, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

3. Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, անվճար բժշկական օգնություն և սպասարկում են ստանում համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում, որը ծրագրի շրջանակներում լրացուցիչ չի փոխհատուցվում:

4. Ծառայության անցկացման վայրում գերատեսչական բժշկական հիմնարկների բացակայության, գերատեսչական բժշկական հիմնարկներում բժշկական օգնության ու սպասարկման տվյալ տեսակի բացակայության, ինչպես նաև անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի իրականացման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համապատասխան պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում, ծրագրի համար հատկացված միջոցների շրջանակներում:

 

II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված և բժշկական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային գումարների սահմաններում:

6. Ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են հետևյալ սկզբունքներով`

1) 2013 թվականի համար`

ա. ծրագրով նախատեսված միջոցները հաշվարկվում են հետևյալ համամասնությամբ. մեծահասակների բժշկական օգնություն և սպասարկում՝ 75 տոկոս, երեխաների բժշկական օգնություն և սպասարկում՝ 15 տոկոս, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ՝ 10 տոկոս,

բ. ծրագրի համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարներն ըստ առանձին բժշկական կազմակերպությունների բաշխվում են հետևյալ սկզբունքով. մեծահասակների բժշկական օգնության և սպասարկման համար հաշվարկված մասով` «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» և «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով տվյալ բժշկական կազմակերպության 2013 թվականի պայմանագրային գումարների հանրագումարի համամասնությամբ, երեխաների բժշկական օգնության և սպասարկման համար հաշվարկված մասով` «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով տվյալ բժշկական կազմակերպության 2013 թվականի պայմանագրային գումարի համամասնությամբ, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար հաշվարկված մասով՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով տվյալ բժշկական կազմակերպության 2013 թվականի պայմանագրային գումարի համամասնությամբ.

2) 2014 թվականի և հաջորդող տարիների համար` նախորդ տարվա ընթացքում բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալների համամասնությամբ:

7. Ծրագրի ընդհանուր պայմանագրային գումարի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության փաստացի դեպքերի դիմաց՝ սահմանված կարգով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տվյալ ծրագրի համար հաստատված եռամսյակային համամասնությունները:

8. Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման գները հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցմամբ:

9. Ծրագրի համար հաստատված պայմանագրային գումարներից բժշկական օգնության ծավալների կանխատեսվող շեղումների (գերակատարում, թերակատարում) դեպքերում առանձին բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ՝ ելնելով տվյալ տարվա ընթացքում փաստացի կատարված բժշկական օգնության ծավալներից:

10. Բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում իրականացված բժշական օգնության ծավալների մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները և հաշվարկների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂԵԳՐՈՒՄԸ

 

11. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն սահմանված ձևի ուղեգիր, համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթեր:

12. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական կամ բժշկական վարչությունները (այսուհետ՝ գերատեսչական մարմին), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հոսպիտալներն ու պոլիկլինիկաները (այսուհետ՝ գերատեսչական բժշկական հիմնարկ), ինչպես նաև առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպությունները (այսուհետ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն):

13. Ծրագրի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելու համար հիմք են համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը (ներկայացվում են պատճենների հետ միասին՝ բացառությամբ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականի, որի դեպքում նշվում են միայն վկայականի համարը և այն տրամադրող մարմնի անվանումը)`

1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին.

2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց համար՝ համապատասխան ծառայության թոշակառուի վկայական կամ հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանք.

3) սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողի համար՝ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, երեխայի ծննդյան վկայականը և անձնագիրը, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) երեխաների համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ երեխայի անվամբ տրված տեղեկանքը, հաշմանդամ երեխայի դեպքում՝ նաև երեխայի հաշմանդամության վկայականը, ուսանող երեխայի դեպքում` նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից.

4) սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողի համար՝ տեղեկանք զինվորական կոմիսարիատից, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) կնոջ (ամուսնու) կամ ծնողների համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ծնողների դեպքում՝ նաև զինծառայողի ծննդյան վկայականը, կնոջ (ամուսնու) դեպքում՝ նաև ամուսնության վկայականը.

5) սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված անձանց համար՝ զինծառայողի կամ փրկարար ծառայողի ծառայողական վկայականը կամ տեղեկանք զինվորական կամ փրկարար ծառայության մասին, քրոջ (եղբոր) և զինծառայողի ծննդյան վկայականները, զոհված և մահացած զինծառայողների (մարտական գործողությունների մասնակիցների) քրոջ (եղբոր) համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կողմից տվյալ անձի անվամբ տրված տեղեկանքը, ծնողների հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, ուսանող քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև տեղեկանք ուսումնական հաստատությունից, հաշմանդամ քրոջ (եղբոր) դեպքում՝ նաև հաշմանդամության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

6) սույն կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում են այդ փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կրկնօրինակները կամ արխիվային փաստաթղթերը, կամ սահմանված ձևի փաստաթղթեր:

14. Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ուղեգիր տրվում է`

1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համար՝

ա. Երևան քաղաքի բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար՝ Երևանի տարածքում գործող համապատասխան գերատեսչական մարմնի կամ գերատեսչական բժշկական հիմնարկի կողմից (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների ուղեգրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքերի),

բ. մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար՝ համապատասխան գերատեսչական մարմնի կամ տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամների ուղեգրման, ինչպես նաև որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքերի),

գ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին՝ տվյալ տարածաշրջանի գերատեսչական բժշկական հիմնարկի կամ քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից (բացառությամբ որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքերի),

դ. որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքում՝ միայն համապատասխան գերատեսչական մարմնի կողմից.

2) դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար՝

ա. որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ծառայությունների մասով (բացառությամբ համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների)՝ համապատասխան գերատեսչական մարմնի կամ գերատեսչական բժշկական հիմնարկի, ինչպես նաև քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության կողմից,

բ. համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա, կորոնարոանգիոգրաֆիա, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա, անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա և անոթների անգիոգրաֆիկ հետազոտությունների համար՝ միայն համապատասխան գերատեսչական մարմնի կողմից:

15. Անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները կարող են ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալ շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված համապատասխան կարգավիճակը և անձը հաստատող փաստաթղթերը բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով:

16. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն զինծառայող հանդիսացող անձանց հոսպիտալացման դեպքում տվյալ բժշկական կազմակերպությունը 24 ժամվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է համապատասխան գերատեսչական մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 806-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ

 

1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպություններում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին (այսուհետ՝ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ) տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա են`

1) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասով վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված ծառայությունների՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի).

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված` Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչում ընդգրկված նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը), սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով՝

ա. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն զինծառայող հանդիսացող անձանց, նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն զինծառայողներին հավասարեցված անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց), ինչպես նաև փրկարար ծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ամբողջությամբ,

բ. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն զինծառայող հանդիսացող անձանց (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի) ընտանիքների անդամների, նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն զինծառայողներին հավասարեցված անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց) ընտանիքների անդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների, քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ մասնակիորեն, պետական մասնակցության չափով, ընդ որում, պետական մասնակցության չափաբաժինը, տարբերակված ըստ սույն պարբերությունում նշված շահառուների տարբեր խմբերի, որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված գներով.

3) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում`

1) մասնագիտացված կոնսուլտացիաները.

2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը (ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները).

3) անհրաժեշտ դեղերով ապահովումը և բուժական միջամտությունները.

4) հիվանդին հիվանդասենյակով ապահովելը.

5) աշխատակազմի աշխատանքի վարձատրությունը.

6) կոմունալ, տնտեսական և այլ անհրաժեշտ ծախսերը:

4. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար փոխհատուցման ենթակա չեն`

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայությունները).

2) տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության, երիկամային քրոնիկ անբավարարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնություն և հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը և ծառայությունները.

3) բժշկական օգնության ու սպասարկման այն ծառայությունները, որոնք մատուցվում և փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 1.1 ձևով ներկայացված առողջության ապահովագրության բազային փաթեթի շրջանակներում՝ բազային փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց համար:

5. Սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված բժշկական օգնության ու սպասարկման տեսակները զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետական պատվերի շրջանակներում իրականացվում և փոխհատուցվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրերի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 25-ի N 806-Ն որոշման

 

Ձև

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N -----

 

1. Բժշկական կազմակերպությունը, ուր ուղեգրվում է քաղաքացին ___________________________

______________________________________________________________________________

 

2. Քաղաքացի ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

3. Ուղեգրող կազմակերպության անվանումը ____________________________________________

_______________________________________________________________________________

(անհրաժեշտ է նշել նաև ՀՀ մարզը կամ քաղաքը, գտնվելու վայրը)

 

4. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը _____________________________________

_______________________________________________________________________________

(անհրաժեշտության դեպքում կցել կատարված հետազոտությունների արդյունքները)

 

5. Ուղեգրման նպատակը ___________________________________________________________ 

(դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտման տեսակը, հիվանդանոցային բուժումը)

 

6. Անվճար բժշկական օգնության ու սպասարկման իրականացման հիմքերը`

 

քաղաքացին __________________________________________________ է։

 

Ուղեգրող բժիշկ __________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կազմակերպության ղեկավար ____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

   
____  __________________ 201  թ. Կ. Տ.

 

(զինծառայողների համար սույն ուղեգիրն ուժի մեջ է տալու պահից երեք օրվա ընթացքում)

___________________________________________________________________________

 

ՀԵՏԱԴԱՐՁ ԿՏՐՈՆ

 

1. Քաղաքացուն ուղեգրած կազմակերպության անվանումը __________________________

___________________________________________________________________________

 

2. Քաղաքացի ___________________________________________________________________

(անունը, ազգանունը, տարիքը, հեռախոսահամարը)

 

3. Հաստատված ախտորոշումը կամ հետազոտությունների արդյունքները (կցել)

____________________________________________________________________________

 

4. Նշանակումներ և խորհուրդներ _________________________________________________

_____________________________________________________________________________

 

Բուժող (հետազոտող) բժիշկ __________________________________________________ 

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Բժշկական կազմակերպությունը _______________________________________________

(անվանումը)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն _____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան