Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.30/41(981).1 Հոդ.732.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵՇԴ/0043/01/12

Գործ թիվ ԵՇԴ/0043/01/12

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

Դատավորներ՝  

Ա. Պետրոսյան, Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
պաշտպան

Հ. Բաբայանի

մեղադրող

Ժ. Սահակյանի

 

2013 թվականի ապրիլի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Ժորայի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ մեղադրող Ժ.Սահակյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2008 թվականի հոկտեմբերի 4-ին հարուցվել է թիվ 11121808 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի և 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` անհայտ անձանց կողմից Էդիտա Գալստյանին բռնաբարելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստի առթիվ:

2009 թվականի մարտի 28-ին քրեական գործի նյութերից անջատվել է Է.Գալստյանին բռնաբարած և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անհայտ անձանց վերաբերյալ գործի նյութերը և անջատված մասին շնորհվել է թիվ 11121808/1 համարը:

Նախաքննության մարմնի 2009 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Արսեն Ժորայի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի մայիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռով Ա.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Ս.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է վերաքննիչ բողոքը, պատժի մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճիռը և ամբաստանյալ Ա.Սարգսյանին դատապարտել է ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ժ.Սահակյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ մեղադրող Ժ.Սահակյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Հ.Բաբայանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել մեղադրող Ժ.Սահակյանի վճռաբեկ բողոքը:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Ա.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել այն բանի համար, որ «2008 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից 13-ի սահմաններում, գտնվելով Երևանի Դավթաշեն թաղամասում, պատահական հանդիպել է իրեն նախկինում անծանոթ` մտավոր հետամնաց Էդիտա Գալստյանին։ Վերջինս, հայտնելով, որ կորել է, խնդրել է օգնել իրեն և զանգահարել եղբորը` Արթուր Գալստյանի[ն] (…) ու հայտնել իր գտնվելու վայրը։ Սակայն Արսեն Սարգսյանը, օգտվելով Էդիտա Գալստյանի առկա վիճակից, խաբեությամբ նրան` թիվ 13 երթուղային տաքսիով, տարել է Հայկ Հովսեփյան փողոցի վրա գտնվող «Շողակաթ» հեռուստաընկերության շենքի հարակից այգի, որտեղ քիչ անց հանդիպելով իր կանչով եկած ընկերոջը` գործով դեռևս չպարզված ոմն Վոլոդյային, վերջինիս հետ միասին տուն տանելու խոստումներ տալով, ինչպես նաև հոգեկան ազդեցություն գործադրելով Էդիտա Գալստյանի նկատմամբ, մոտակայքում գտնվող մթերային խանութից գնումներ կատարելուց հետո, այդ թվում՝ ոգելից խմիչք, Էդիտա Գալստյանին տարել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 2/4 հասցեում գտնվող «Մայակ» բենզալցակայանի ետնամաս` Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը, որտեղ Արսեն Սարգսյանը, ոմն Վոլոդյան և իրենց կանչով նրանց միացած` գործով չպարզված ոմն երիտասարդը ստիպողաբար Էդիտա Գալստյանին ոգելից խմիչքներ են խմեցրել, որից հետո, օգտվելով նրա անօգնական վիճակից, բռնություն գործադրելով Էդիտա Գալստյանի կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել նրա նկատմամբ և դիմել փախուստի» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 111):

6. Ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպան Վ.Հայրապետյանը նախաքննության ընթացքում հետևյալ բովանդակությամբ դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին. «12.04.2012 թվականին մահացավ պաշտպանյալիս մայրը` Ծովիկ Սարգսյանը (…): Պաշտպանյալս հարազատներ չունի, հայրը մահացած է: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 218):

7. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, դատարանը հաշվի է առնում նրա կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալներ` այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքերը:

Որպես ամբաստանյալ Արսեն Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում նրա խնամքի տակ կնոջ և մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը:

Որպես ամբաստանյալ Արսեն Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ դատարանը հաշվի է առնում նրա նախկինում դատապարտված չլինելը և դրական բնութագրվելը:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 123):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Վերաքննիչ դատարան ներկայացված ապացույցների համաձայն` 1991թ. մահացել է ամբաստանյալ Ա.Սարգսյանի հայրը, իսկ 2012թ. ապրիլին` վերջինիս կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում, նաև մայրը` Ծովիկ Սարգսյանը:

(…) Վերոգրյալի պայմաններում, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով ակնհայտ խիստ է և ենթակա է փոփոխման, հաշվի առնելով ամբաստանյալ Ա.Սարգսյանի կատարած հանցանքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող` առաջին ատյանի դատարանում մատնանշված, ինչպես նաև նրա ծնողների մահվան վերաբերյալ` Վերաքննիչ դատարանում ի հայտ եկած հանգամանքները, որի պայմաններում Ա.Սարգսյանի յոթ տարեկան երեխան մնացել է միայնակ մոր խնամքին:

Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման գալիս հաշվի է առնում նաև այն, որ սույն գործով ամբաստանյալ Ա.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 203):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության, պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, ինչի արդյունքում Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելիս հիմք է ընդունել նրա ծնողների մահվան հանգամանքը, որի պայմաններում Ա.Սարգսյանի յոթ տարեկան երեխան մնացել է միայնակ մոր խնամքին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի մատնանշած հանգամանքը (խնամքին կնոջ և յոթ տարեկան երեխայի առկայությունը) Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ հաշվի է առնվել որպես Ա.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, իսկ նրա ծնողների մահվան փաստը հայտնի է եղել թե՛ նախաքննության, թե՛ Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանի մատնանշած հանգամանքը չէր կարող դրվել Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի մեղմացման հիմքում, քանի որ այն չի նվազեցնում հանցանքը կատարած անձի և նրա կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ նշանակված պատիժը փոփոխելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի դատավճռով ամբաստանյալ Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացման առումով փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը՝ ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

Ն.Սարգսյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա վերաքննիչ դատարանը կարող է փոփոխել առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը, եթե այն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով:

(…) վերաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.

1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման:

(…) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված: Այլ կերպ ասած՝ պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել, և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը» (տե՛ս Նարեկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը):

14. Ամբաստանյալին մեղսագրվող հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ.Մադաթյանի գործով կայացրած որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին մասում»:

Մեջբերված քրեաիրավական դրույթին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Պ.Բայրամյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է նաև անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները: (…)» (տե՛ս Պարույր Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Սարգսյանը, պատահականորեն հանդիպելով իրեն նախկինում անծանոթ, մտավոր հետամնաց Է.Գալստյանին և տեղեկանալով, որ նա կորել է, կանչել է իր ընկերոջը՝ ոմն Վոլոդյային, և Է.Գալստյանին խաբեությամբ տարել է Հրազդան գետի ափին գտնվող հողամասերից մեկը: Դեպքի վայրում նրանց է միացել նաև գործով չպարզված ևս մեկ երիտասարդ, որից հետո ստիպողաբար Է.Գալստյանին ոգելից խմիչքներ են խմեցրել, այնուհետև, օգտվելով նրա անօգնական վիճակից և բռնություն գործադրելով, Է.Գալստյանի կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել նրա նկատմամբ (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն Ա.Սարգսյանին դատապարտել է 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկման՝ հաշվի առնելով նրա կատարած հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը: Որպես Ա.Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նրա խնամքին են գտնվում կինը և 7 տարեկան երեխան, իսկ որպես անձը բնութագրող տվյալներ այն, որ նա առաջին անգամ է դատապարտվում և բնութագրվում է դրական (տե՛ս սույն որոշման 2-րդ, և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ գտնելով, որ պատժի մասով այն ակնհայտ խիստ է: Վերաքննիչ դատարանը Ա.Սարգսյանին դատապարտել է ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում ի հայտ է եկել Ա.Սարգսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող նոր հանգամանք՝ նրա ծնողների մահը, որի պայմաններում Ա.Սարգսյանի երեխան մնացել է միայնակ մոր խնամքին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

Մեջբերված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով հանցանքի ծանրությունը, հանցավորի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (խնամքին կնոջ և մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը), պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանմամբ, Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նույն հանգամանքների առկայության պայմաններում մեղմացրել է Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ որպես հանցավորի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, նոր ի հայտ եկած հանգամանք մատնանշելով Ա.Սարգսյանի ծնողների մահվան փաստը:

16. Սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Սարգսյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժն ակնհայտ խիստ լինելու հիմքով փոփոխելիս Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե Առաջին ատյանի դատարանի կողմից պատժի նշանակման որ սկզբունքը չի պահպանվել, հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել, և արդյոք դա հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչում է արտահայտվել Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժի՝ ակնհայտ խիստ լինելը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ ամբաստանյալ Ա.Սարգսյանի ծնողների մահացած լինելու փաստը հայտնի է եղել թե՛ նախաքննության, թե՛ Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), հետևաբար վերոհիշյալ հանգամանքները չէին կարող դիտվել որպես Վերաքննիչ դատարանում նոր ի հայտ եկած հանգամանքներ: Բացի այդ, նշված հանգամանքը ողջամտորեն չի նվազեցնում Ա.Սարգսյանի կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ուստի չի համապատասխանում նաև Պ.Բայրամյանի գործով որոշմամբ սահմանված չափանիշներին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն որպես Ա.Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք չի դիտել Ա.Սարգսյանի ծնողների՝ մահացած լինելու փաստը:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով ամբաստանյալ Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացման առումով փոփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ: Վերաքննիչ դատարանը, պատժի մասով փոփոխելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալի նկատմամբ նշանակելով մեղմ պատիժ, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման սկզբունքների խախտում, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական և չհիմնավորված դատական ակտի կայացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի դատավճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արսեն Ժորայի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

  Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան