Գլխավոր տեղեկություն
Համար
N 765-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2014-19.03.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.31/42(982) Հոդ.734
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2013 թվականի N 765-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՄԱԿՆՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 4-ի N 765-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՄԱԿՆՇՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող և (կամ) Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ սահմանված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը չի տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված չափերի շրջանակներում որպես ուղեկցվող բեռ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ծխախոտի արտադրանքի նկատմամբ:

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

ծխախոտի արտադրանք՝ ԱՏԳ ԱԱ 2402 10 00011 (սիգարներ` ծխախոտ պարունակող), 2402 10 00012 (սիգարելաներ` ծխախոտ պարունակող), 2402 20 10011 (սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով), 2402 20 10012 (սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 20 90011 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով), 2402 20 90012 (սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի), 2402 90 00011 (սիգարներ` այլ), 2402 90 00012 (սիգարելաներ` այլ), 2402 90 00013 (սիգարետներ` այլ, ֆիլտրով), 2402 90 00014 (սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի) ծածկագրերին դասվող ապրանքատեսակներ,

առավելագույն մանրածախ գին՝  ծխախոտի արտադրանք արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից սահմանված՝ յուրաքանչյուր մակնիշի միավոր տուփ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ծխախոտի արտադրանքի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը),

սպառողական հատկություններ` ծխախոտի արտադրանքի վրա ֆիլտրի առկայություն կամ բացակայություն, ծխախոտի արտադրանքում խեժի կամ նիկոտինի պարունակություն, գլանակի (սիգարետի) տրամագիծ, տուփի տեսակ (այդ թվում` տուփի նյութ, ձև, գույն),

տուփ՝ սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտի արտադրանք:

 

II. ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

4. Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը, ըստ ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր մակնիշի (այսուհետ` մակնիշ), կատարվում է սույն կարգով սահմանված ձևաչափով` ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա առավելագույն մանրածախ գնի տպագրման միջոցով:

5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա սույն կարգին համապատասխան ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման համար պատասխանատու է այդ ապրանքները ներմուծողը (հայտարարատուն):

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա սույն կարգին համապատասխան առավելագույն մանրածախ գնի մակնշումը պարտադիր պայման է ծխախոտի արտադրանքը մաքսային մարմինների կողմից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար:

7. Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը կատարվում է տուփի ցանկացած արտաքին հատվածում:

8. Տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը պետք է կատարվի «Առավելագույն մանրածախ գինը՝ _____ ՀՀ դրամ» կամ «ԱՄԳ՝ ______ ՀՀ դրամ» տեքստերից որևէ մեկի միջոցով (գինն արտահայտելով արաբական թվանշաններով):

9. Տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի տպագրությունը պետք է կատարվի այնպես, որպեսզի բացառվի`

1) այն հեռացնելու հնարավորությունը.

2) տուփը կամ տուփի արտաքին փաթեթավորումը բացելու հետևանքով այն վնասելու հնարավորությունը:

10. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տեքստերը`

1) պետք է լինեն՝

ա. հստակ ու սպառողի համար անզեն աչքով ընթեռնելի,

բ. հակադիր ֆոնի վրա.

2) չպետք է լինեն՝

ա. ծխախոտի արտադրանքի տուփի արտաքին փաթեթավորման վրա,

բ. թաքնված կամ ծածկված` ծխախոտի արտադրանքի տուփի վրա տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով կամ անթափանց շերտով:

 

III. ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

11. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր ամսվա մեկն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով հայտարարություն` նոր սկսվող ամսվա (այսուհետ՝ հաշվետու ամիս) ընթացքում իրենց կողմից իրացվելիք կամ ցանկացած այլ ձևով շուկայում շրջանառության մեջ դրվող (այսուհետ՝ վաճառվող) յուրաքանչյուր մակնիշի առավելագույն մանրածախ գնի (գների) և դրանց սպառողական հատկությունների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը հայտարարությունում ներառում են տեղեկություններ նաև այն մակնիշի (մակնիշների) վերաբերյալ, որի (որոնց) վաճառքն իրենց կողմից տվյալ հաշվետու ամսվա ընթացքում դադարեցվելու է: Սույն կետով սահմանված հայտարարությունը հարկային մարմին չի ներկայացվում, եթե նախկինում ներկայացված հայտարարության (հայտարարությունների) մեջ չնշված գնով մակնշված՝ առավելագույն մանրածախ գնով ծխախոտի արտադրանքի և չնշված սպառողական հատկություններով ծխախոտի արտադրանքի վաճառք հաշվետու ամսվա ընթացքում չի կազմակերպվելու կամ ծխախոտի արտադրանքի վաճառք հաշվետու ամսվա ընթացքում չի դադարեցվելու: Սույն կետով սահմանված հայտարարությունը հարկային մարմին կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով:

12. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառվող միայն որոշակի մակնիշի (մակնիշների) վաճառքն է հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպվելու փոփոխված առավելագույն մանրածախ գնով (գներով) կամ դադարեցվելու, սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետում հարկային մարմին հայտարարությունը ներկայացվում է միայն փոփոխված առավելագույն մանրածախ գներով վաճառվող մակնիշի (մակնիշների) կամ վաճառքը դադարեցված մակնիշի (մակնիշների) մասով:

13. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետում հարկային մարմին համապատասխան հայտարարություն չներկայացվելու կամ ներկայացվող հայտարարությունում որոշակի մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գնի (գների) կամ սպառողական հատկությունների վերաբերյալ տեղեկատվություն չներառելու դեպքերում տվյալ հարկ վճարողի կողմից հայտարարված առավելագույն մանրածախ գին կամ սպառողական հատկություններ են համարվում հարկային մարմին ներկայացված վերջին հայտարարության մեջ նշված` տվյալ մակնիշի առավելագույն մանրածախ գինը կամ սպառողական հատկությունները, եթե ավելի բարձր գին չի բացահայտվել հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական (վերահսկողական) միջոցառումների ընթացքում:

14. Որևէ մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գնի (գների) կամ սպառողական հատկությունների վերաբերյալ տեղեկատվությունն ընդհանրապես չներկայացնելու դեպքերում տվյալ մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գինը որոշվում է հարկային մարմնի կողմից` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով:

15. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հայտարարությունը ներկայացնելուց հետո հաշվետու ամսվա ընթացքում նոր (այդ թվում՝ նախկինում վաճառքից հանված) մակնիշի (մակնիշների) վաճառք սկսելու, կամ նախկին մակնիշի (մակնիշների) վաճառքը նոր գնով կազմակերպելու, կամ տվյալ մակնիշի (մակնիշների) վաճառքը դադարեցնելու դեպքերում տվյալ մակնիշի (մակնիշների) առավելագույն մանրածախ գնի (նոր գնի) և սպառողական հատկությունների կամ տվյալ մակնիշի (մակնիշների) վաճառքը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվում այդ մակնիշի (մակնիշների) փաստացի վաճառքն սկսելուց (գինը վերանայելուց, վաճառքը դադարեցնելուց) առնվազն երկու աշխատանքային օր առաջ:

16. Ներմուծվող ծխախոտի արտադրանքի մասով առավելագույն մանրածախ գնի (գների) և այդ գնով (գներով) մակնշված ծխախոտի արտադրանքի տուփերի քանակների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է համապատասխան մաքսային մարմին: Սույն կետով նախատեսված հայտարարության ձևը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում հայտարարությունը մաքսային մարմին է ներկայացվում մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միաժամանակ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.06.2018, N 613-Ն 23.06.2018, N 765-Ն
25.05.2017, N 626-Ն 26.06.2017, N 765-Ն
19.02.2015, N 195-Ն 19.03.2015, N 765-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան