Գլխավոր տեղեկություն
Համար
N 773-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2013-10.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.31/42(982) Հոդ.740
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 773-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 20 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 20 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 773-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մաքսային արժեքի մասին տեղեկատվություն ստանալու հայտ են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետում նշված մարմիններին:

3. Հայտը կարող է լինել սովորական` տեղեկատվության մեկանգամյա տրամադրման համար, և պարբերական` ըստ ներկայացվող չափանիշների` տեղեկատվությունը պարբերաբար տրամադրելու համար:

4. Պարբերական հայտում նշվում են նաև տեղեկատվության տրամադրման պարբերականությունը, որը պետք է լինի առնվազն 15 օրից ոչ պակաս, և ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել 365 օրը:

5. Մաքսային մարմինները ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից կարող են ստանալ այդ պետական մարմիններում ստեղծված տեղեկատվական բազայում առկա կամ այդ պետական մարմինների գործառույթների շրջանակներում հավաքագրման ենթակա տեղեկատվություն, որը վերաբերում է`

1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հասցնելու համար կատարված (սովորաբար` կատարվող) տեղափոխման, պահեստավորման, բեռնման, բեռնաթափման և համանման այլ ծախսերին` կախված ապրանքների բնույթից, քանակից, փաթեթավորումից, տրանսպորտային միջոցի տեսակից, տեղափոխման երթուղուց, պահպանման վայրից և ժամանակահատվածից.

2) ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման կամ արտահանման հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում կամ արտասահմանում կատարված (սովորաբար` կատարվող) ապահովագրական ծախսերին` բացառությամբ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք տրամադրվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

3) պայմանագրի որևէ կողմից մյուսին կամ որևէ երրորդ կողմի պայմանագրի շրջանակներում ռոյալթիների և թույլտվությունների դիմաց, որպես փոխհատուցում, զեղչ կամ տոկոսի տեսքով վճարման ենթակա, կամ տրամադրվող վճարների (գումարների) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման առնչությամբ կնքվող առևտրային պայմանագրերում սովորաբար կիրառվող մեծություններին (առևտրային վարկ, ռոյալթի, ֆակտորինգ, առևտրային զեղչեր և այլն).

4) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գործարքներում սովորաբար կիրառվող գներին` ըստ ապրանքատեսակի, քանակի, գործարքի կնքման և մատակարարման ժամկետների.

5) փաթեթավորման աշխատանքների արժեքին` ըստ ապրանքատեսակի, փաթեթավորման տեսակի, աշխատանքները կատարող երկրի, աշխատանքների կատարման ժամանակահատվածի.

6) ապրանքների իրացման ժամանակ նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարների և առևտրային վերադիրների մեծությանը:

6. Մաքսային մարմինները սույն կարգի համաձայն մաքսային արժեքի որոշման նպատակով տեղեկատվություն ստանալու համար, եթե անհրաժեշտ տեղեկատվությունն առկա չէ համապատասխան պետական մարմնի ինտերնետային կայքէջում, ներկայացնում են հայտ`

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվության համար.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվության համար.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` սույն կարգի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկատվության համար:

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությունը պետական մարմնի կողմից մաքսային մարմիններին է տրամադրվում հայտ ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, այնուհետև, եթե հայտը պարբերական է, տեղեկատվությունը թարմացվում է հայտում նշված պարբերականությամբ, մինչև հայտում նշված տեղեկատվության տրամադրման ժամանակահատվածի ավարտը:

8. Հայտ ստացած պետական մարմինը հայտատուին կարող է առաջարկել փոփոխություններ կատարել պահանջվող տեղեկատվության չափանիշներում, եթե ըստ ներկայացված չափանիշների տեղեկատվության մշակումն առկա տեղեկատվական հիմքի վրա անհնար է, որից հետո մաքսային մարմինների և հայտ ստացած մարմնի միջև համաձայնեցվում են տեղեկատվության նոր չափանիշները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան