Գլխավոր տեղեկություն
Համար
N 168-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.09.2013-08.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.242
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2011 թվականի N 168-Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

1.1. Հաստատել գնումների միասնական անվանացանկի (Common Procurement Vocabulary (CPV) կառուցվածքը՝ համաձայն N 3 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 05.09.13 N 950-Ն)

2. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Սահմանել, որ`

1) օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են`

ա. տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում 50 մլն դրամը: Ընդ որում, հաստատված կարգերը պետք է համապատասխանեն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակին և սկզբունքներին,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե գնման առարկայի նախահաշվային գինը գերազանցում է 50 մլն դրամը.

2) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված գնման գործընթացների շրջանակներում կնքված գնման գործարքներում փոփոխությունները և լրացումները, այդ թվում՝ դրանց հիման վրա համաձայնագրերի կնքումն իրականացնում են այն պատվիրատուները, որոնց կարիքների համար կնքվել են այդ գործարքները.

3) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ գնման գործարքներ կնքելու շրջանակներում երաշխիքի ձևով ներկայացված պայմանագրի կատարման ապահովումները կարող են փոխարինվել օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ապահովման ձևով.

4) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ կնքված այն գնման գործարքները, որոնք պատվիրատուների կողմից միակողմանիորեն լուծվել են` գործարքը կնքած անձի կողմից պարտավորություններն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շուկայական գների թանկանալու հանգամանքով պայմանավորված չկատարելու հիմքով, այդ անձանց մասին տեղեկատվությունը չի ներառվում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում և վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում գործարքով նախատեսված պատասխանատվության միջոցներ.

5) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված թեկնածուն գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվում է առանց նախապես թեստավորվելու` 2011 թվականի ընթացում սույն որոշման համաձայն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատելու պայմանով.

6) սույն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի մեկից: Մինչև նշված ժամկետը լրանալը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարն է (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանում այն գնումների ցանկը, որոնց գնումները համակարգողի լիազորություններն իրականացնում է ԾԻԳ-ը.

7) էլեկտրոնային մրցույթների համակարգի շահագործման նախապատրաստման համար անհրաժեշտ առանձին ապրանքների և աշխատանքի ձեռքբերումը` մինչև 3960000 դրամ ընդհանուր արժեքով, իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվելիք գումարների հաշվին` օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով.

8) մինչև 2011 թվականի հուլիսի 31-ը սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպվում են

շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգեր՝ նկատի ունենալով, որ ընթացակարգի կազմակերպման մասին գնումների հայտարարությունը և հրավերը հրապարակվելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը գնման պահանջի դադարման հիմքով չկայացած է հայտարարվում մինչև օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ գնման առարկայի գծով կազմակերպված պարբերական մրցույթը (մրցույթները).

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների անվանացանկերում նշված գնման ձևերի անվանումները և դրանց հապավումները նույնականացվում են օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված գնումների ընթացակարգերի անվանումների և հապավումների հետ, հետևյալ եղանակով`

ա. նպատակային մրցույթ (ՆՄ)՝ բաց ընթացակարգ (ԲԸ),

բ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող նպատակային մրցույթ (ՆՄ)՝ սահմանափակ ընթացակարգ (ՍԸ),

գ. սահմանափակ մրցույթ (ՍՄ)՝ բաց ընթացակարգ (ԲԸ),

դ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող սահմանափակ մրցույթ (ՍՄ)՝ սահմանափակ ընթացակարգ (ՍԸ),

ե. պարբերական մրցույթ (ՊՄ)՝ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգ (ՇՀ),

զ. գնանշման հարցում (ԳՀ)՝ պարզեցված ընթացակարգ (ՊԸ),

է. մրցակցային բանակցություններ (ՄԲԱ)՝ բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով (ԲԸՀ),

ը. մեկ անձ (ՄԱ)՝ բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸԱՀ),

թ. մրցակցային բանակցություններ (ՄԲԲ)՝ բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸԱՀ).

10) պատվիրատուներն իրենց կարիքների համար գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հրապարակումները գնումների էլեկտրոնային տեղեկատուում տեղադրում են ինքնուրույն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:

(3-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 18.04.13 N 372-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`

1) գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք հաստատման ներկայացնելը.

2) գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը և գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը.

3) պատվիրատուների գնումները համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայության ապահովումը.

4) տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը.

5) գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.

6) պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը.

7) պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը.

8) պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով ընտրանքային կարգով մոնիթորինգի իրականացումը»:

(4-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետի «ա» ենթակետում «Պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Գնումների աջակցման կենտրոն» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

3) որոշման 3-րդ կետից հանել «հիմնարկները» բառը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը վերակազմավորելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետության կարիքների համար գնումների իրականացումն է» բառերը փոխարինել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է և լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է» բառերով.

2) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարման ծառայությունների մատուցում» բառերը փոխարինել «գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում և շարունակական վերապատրաստում, գնումների բնագավառում մասնագիտական՝ ներառյալ իրավական խորհրդատվություն, հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն, գնումների ընթացակարգերի կազմակերպում.» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18) ապահովել պետության կարիքների համար անցկացվող յուրաքանչյուր բաց, սահմանափակ, մրցակցային երկխոսության և բանակցային ընթացակարգերի կազմակերպման մասին հայտարարությունների վերաբերյալ չորս անգամ մետրային հեռուստաալիքով և տասն անգամ ռադիոյով գովազդային հայտարարությունների, ինչպես նաև տարվա ընթացքում չորս անգամ մետրային հեռուստաալիքով և ռադիոյով «Պետական գնումներ» թեմայով հաղորդաշարի հեռարձակումը.»:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) գնման գործընթացում ներգրավված անձանց իրավունքների, այդ թվում՝ բողոքարկման համակարգի մասին տեղեկություններ տրամադրելու նպատակով մետրային հեռուստաալիքով և ռադիոյով ապահովել գնումների համակարգի թեժ գիծ – աջակցման ծառայության վերաբերյալ գովազդային հայտարարությունների հեռարձակումը.

2) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը:

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական և մասնավոր հատվածների գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը:

(9-րդ կետը խմբ. 20.09.12 N 1259-Ն)

10. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը հաստատելու մասին» N 2274-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմնին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշումը:

11. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 2
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 10-ի N 168-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգերը, գնումների բողոքարկման խորհրդի անդամների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման կարգը, վարձատրության չափը և կարգը, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:

2. Սույն կարգով հրավերին և պայմանագրին ներկայացվող պայմանները հանդիսանում են հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները: Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների պահպանման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն: Ընդ որում, գնման գործընթաց կազմակերպելիս պատվիրատուներն առաջնորդվում են լիազոր մարմնի սահմանած հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերով:

(2-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն կարգի 1-ին կետով նախատեսված կարգերի կիրարկման, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝

1) գնումների պլանավորում.

2) գնումների նախապատրաստում.

3) պայմանագրի կնքում.

4) պայմանագրի կատարում:

5. Գնումների գործընթացին առնչվում են նաև հետևյալ գործընթացները (գործառույթները)`

1) հաշվետվողականություն.

2) հսկողություն.

3) ներքին աուդիտ:

6. Հաշվետվողականությունը պատվիրատուի կողմից ձեռնարկվող միջոցների ամբողջությունն է, որով ապահովվում են գնումների գործընթացի վերաբերյալ ամբողջական, արժանահավատ և ժամանակին տեղեկությունների առկայությունը:

7. Հսկողությունը պատվիրատուի կողմից գնումների գործընթացի ինքնուրույն գնահատումն է: Հսկողության նպատակն է ապահովել, որ`

1) առկա ռեսուրսներն օգտագործվեն և գործառույթները կատարվեն նախանշված պայմաններին համապատասխան.

2) միջոցները պաշտպանված լինեն վատնումից, խարդախությունից.

3) որոշում ընդունելու համար առկա լինի վստահելի և ժամանակին ներկայացված տեղեկատվություն:

8. Հսկողության տեսակներն են`

1) նախնական հսկողություն, երբ մինչև գործարքի կատարումն է գնահատվում դրա համապատասխանությունը (օրինականությունը) այդ գործարքի կատարման համար սահմանված պայմաններին, և

2) հետ հսկողություն, երբ գործարքի համապատասխանությունը (օրինականությունը) այդ գործարքի կատարման համար սահմանված պայմաններին գնահատվում է գործարքի կատարումից հետո:

9. Ներքին աուդիտը`

1) սահմանվում և գործում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն,

2) հավաստիացման ծառայությունների միջոցով, հետ հսկողության շրջանակում, ընտրանքային կարգով աուդիտի է ենթարկում պատվիրատուի գնումները և պետական կառավարման մարմնի ղեկավարին է ներկայացնում իրականացված աուդիտի մասին գրավոր հաշվետվություն`

ա. գնման ընթացակարգի մասին` գնման ընթացակարգի արձանագրությունը հաստատվելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Գնման ընթացակարգի աուդիտն իրականացվում է գնման ընթացակարգերի արձանագրությունների (փաստաթղթերի) և դրանցում տեղ գտած տեղեկությունների գնահատման միջոցով,

բ. պայմանագրի կատարման մասին` պայմանագրի կատարման արդյունքն ընդունվելու օրվանից վեց ամսվա ընթացքում: Պայմանագրի կատարման աուդիտն իրականացվում է պայմանագրով կողմերի ստանձնած պարտավորությունների` պայմանագրին համապատասխան կատարված լինելը գնահատելու միջոցով:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն են իրականացնում այլ մարմիններ:

 

III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

11. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով՝

1) գնումները համակարգողը.

2) պատասխանատու ստորաբաժանումը.

3) գնահատող հանձնաժողովը:

12. Պատվիրատուի ղեկավարը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմիններում՝

ա. մարմնի աշխատակազմի ղեկավարն է, եթե տվյալ մարմինն ունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ, բացառությամբ ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ կառավարության աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն է,

բ. մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը, եթե տվյալ մարմինը չունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ,

գ. շինարարական ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանած այլ գնումների դեպքերում` սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ծրագրեր իրականացնող գրասենյակի (այսուհետ` ծրագրեր իրականացնող գրասենյակ կամ ԾԻԳ) ղեկավարն է, եթե տվյալ մարմնի համակարգում ԾԻԳ գործում է.

2) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններում` տվյալ մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը.

3) պետության կամ համայնքների հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.

4) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում` կազմակերպության ղեկավարն է (գործադիր մարմին) կամ վերջինիս կողմից լիազորված անձը.

5) պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.

6) պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներում (միություններում)` միավորման գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.

7) պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.

8) հանրային կազմակերպություններում` կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը:

(12-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն, 18.04.13 N 372-Ն)

13. Պատվիրատուի ղեկավարը`

1) սահմանում է՝

ա. գնումները համակարգող,

բ. պատասխանատու ստորաբաժանում,

գ. գնահատող հանձնաժողով.

2) հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը.

3) հաստատում (կնքում) է պայմանագիրը:

14. Գնումները համակարգողը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

15. Պատվիրատու հանդիսացող պետական կառավարման մարմնի համակարգում ծրագրեր իրականացնող պետական հիմնարկ գործելու դեպքում ԾԻԳ-ն է իրականացնում`

1) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատվիրատուի`

ա. գնումների համակարգողի լիազորությունները,

բ. և պատվիրատուի ղեկավարի լիազորությունները` պետական կառավարման մարմնի միջոցների հաշվին կատարվող շինարարական ծրագրերի, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանած այլ գնումների մասով: Ընդ որում, նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերումը ԾԻԳ-ն իրականացնում է լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարի հաստատած գնման առարկայի տեխնիկական բնութագրերի հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրությամբ որպես պատվիրատուի լիազորություն սահմանված` շինարարության որակի տեխնիկական հսկողության, շինարարական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգը, հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը, այդ թվում՝ նաև աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը:

16. Սույն կարգի իմաստով շինարարական ծրագրերը ներառում են կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ցանկացած տիպի այլ շինարակական աշխատանքները, այդ աշխատանքների հետ կապված նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, հեղինակային և տեխնիկական հսկողությունները:

17. Պատասխանատու`

1) ստորաբաժանումը՝

ա. կազմում և հաստատում է գնման հայտը,

բ. հսկողություն է իրականացնում պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ,

գ. ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը,

դ. ներկայացնում է այն անձանց (թեկնածուների) ցուցակը, որոնք առաջադրվում են գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով,

ե. անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնման ընթացակարգի վերանայման մասին.

2) ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`

ա. համապատասխան ստորաբաժանումը,

բ. ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրված անձինք` խորհրդատու կամ խորհրդատուներ.

3) ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին.

4) ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձինք (ներկայացուցիչները)`

ա. պետք է ունենան գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն` որակավորում և փորձ, ինչը որոշվում է ելնելով գնման առարկայի տեսակից: Եթե պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա պատասխանատու ստորաբաժանման աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ),

բ. կամ հրավիրած փորձագետը (մասնագետը) չեն կարող մասնակցել գնման հայտի նախագծմանը, եթե վերջիններիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրած կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները կարող են հանդիսանալ տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ գնման հայտի նախագծմանը մասնակցող անձինք (ներկայացուցիչները) ստորագրում են համապատասխան հայտարարություն:

Նախագծանախահաշվային ճարտարապետաշինարարական փաստաթղթերի և շինարարական, այդ թվում` կառուցման, վերակառուցման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման առարկայի բնութագրի նախագծի կազմմանը մասնակցում է նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցիչը, իսկ ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ճանապարհների ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքների գնման դեպքում` այն տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնց վարչական սահմաններում է գտնվում տվյալ ճանապարհի հատվածը:

(17-րդ կետը լրաց. 28.07.11 N 1057-Ն, փոփ. 20.09.12 N 1259-Ն)

18. Գնահատող հանձնաժողովը`

1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.

2) փոփոխություններ է կատարում հրավերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին):

19. Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն` որակավորում և փորձ, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում`

1) պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտի նախագծման աշխատանքները կազմակերպող անձը (ներկայացուցիչը) չի կարող ընդգրկվել հանձնաժողովի կազմում.

2) եթե պատիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու և (կամ) հանձնաժողովի աշխատանքների կատարմանն աջակցելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ).

3) պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է հիմնավորել հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջարկվող թեկնածուի անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունենալու հանգամանքը.

4) հանձնաժողովի անդամը կամ հրավիրված փորձագետը (մասնագետը) չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե վերջիններիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) և (կամ) այդ անձանց կողմից հիմնադրած կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունները կարող են հանդիսանալ գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամը և հրավիրված փորձագետը (մասնագետը) ստորագրում են համապատասխան հայտարարություն.

5) հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը կամ վերջինիս պաշտոնատար անձը:

 

IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

20.  Գնումների պլանի ձևը, դրա լրացման կարգը և գնումների միասնական անվանացանկի բացվածքը` ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(20-րդ կետը խմբ. 05.09.13 N 950-Ն)

21. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը գնումների պլանի հաստատման (փոփոխման) օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում լրացուցիչ (գնումների սկզբնական պլանում չներառված) գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:

22. Գնման գործընթացների կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:

23. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխություններ կատարում է`

1) պատվիրատուն, եթե փոփոխությունը չի ենթադրում բյուջետային ծախսերի դասակարգման փոփոխություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե փոփոխությունը ենթադրում է բյուջետային ծախսերի դասակարգման փոփոխություն:

24. Պատվիրատուի այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխություններ կատարվում են տվյալ գնումների պլանի հաստատման կարգով:

25. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով:

26. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա, եթե տվյալ շինարարական աշխատանքի համար նախագծային փաստաթղթերի առկայությունը և (կամ) դրանց փորձաքննությունը պարտադիր է:

27. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկում միջոցներ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով այն հրապարակելու համար:

(27-րդ կետը խմբ. 18.04.13 N 372-Ն)

28. Գնումների պլանում կատարվող փոփոխությունները և լրացումները, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում գնման ձևի փոփոխությունների հիմնավորումների հետ միասին, տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` դրանք հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(28-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

 

 

V. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

29. Գնումների նախապատրաստման նպատակով գնումների պլանում ներառված գնման յուրաքանչյուր առարկայի համար գնումների պլանը հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում սահմանվում է`

1) պատասխանատու ստորաբաժանում, և

2) գնումները համակարգող:

30. Եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա գնումների պլանը հաստատվելու օրվան հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումը`

1) հաստատում է գնման հայտը, որը ներառում է`

ա. գնման առարկայի բնութագրերը,

բ. մասնակիցների որակավորման չափանիշները, այդ թվում`

- «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, եթե Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն տվյալ գնումը կատարելու նպատակով կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման համար պահանջվում են համապատասխան տեխնիկական միջոցներ,

- շինարարական աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնման դեպքում «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Աշխատակազմի նվազագույն քանակին, պահանջվող որակավորմանը, աշխատանքային փորձին (տարիների նվազագույն քանակ, գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը) ներկայացվող պահանջները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն,

դ. պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դրանց վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը,

ե. օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները` անվանումը և գտնվելու վայրը, որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը.

2) պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության:

31. Բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի՝ գնման առարկայի բնութագրերը և որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները սահմանելիս պետք է հաշվի առնել, որ սահմանված պահանջները պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ:

32. Գնման ընթացակարգը կազմակերպելիս՝ օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի պետք է հաշվի առնել, որ`

1) եթե գնման առարկաների նմանատիպ խմբի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, անկախ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված` մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում տվյալ գնման առարկան ներառված լինելու հանգամանքից: Ընդ որում, նմանատիպ խմբերում ներառվող գնման առարկաների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը.

2) եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանապատիկը, ապա գնումը`

ա. կարող է իրականացվել պարզեցված ընթացակարգով, եթե գնման առարկան ներառված չէ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում,

բ. իրականացվում է շրջանակային համաձայնագրերով, եթե գնման առարկան ներառված է օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում.

3) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.

4) հետևյալ գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝

 

1. բնական գազի մատակարարում

2. էլեկտրաէներգիայի մատակարարում

3. ֆիքսված հեռախոսակապ

4. ոռոգման, խմելու, տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարում

5. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի
հիմքով որպես գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ մատակարար (կապալառու, կատարող) հանդիսացող անձից տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայություն ձեռքբերում

6. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում

7. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

8. տպագիր կամ էլեկտրոնային հրատարակումների, զանգվածային լրատվության միջոցների ձեռքբերում՝ բացառությամբ հեռուստառադիոհաղորդումների

9. հանրակրթական դպրոցների ուսուցում

10. երաժշտական դպրոցների ուսուցում

11. երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում

12. հատուկ ընդհանուր կրթության ուսուցում

13. ներառական կրթության ուսուցում

14. մասնագիտացված հանրակրթական ուսուցում

15. արտադպրոցական ուսուցում

16. արհեստագործական ուսուցում

17. անշարժ գույքի վարձակալություն

18. հիվանդանոցային բուժօգնություն

19. ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն

20. հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն

21. դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

22. պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման

23. անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն

24. «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հանրային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում

25. ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ

26. բանկային սպասարկման ծառայություններ

27. փոստային կապի ծառայություն

28. գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների՝ ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում

29. պետության կամ համայնքների ստեղծած կազմակերպությունից ապրանքի, աշխատանքի և ծառայության ձեռքբերում, եթե տվյալ կազմակերպության ստեղծման նպատակը` կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան, հիմնադրին` գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն է

30. Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության մեդալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գերատեսչական մեդալների և դրանց տուփերի պատրաստում

31. քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում՝ պայմանով, որ գնվելիք ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գները պետք է հավասար կամ ցածր լինեն դրանց շուկայական գներից

32. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերում

33. աղբահանության ծառայությունների ձեռքբերում

34. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերում

35. ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի՝ էլեկտրոնային եղանակով ձեռքբերում

 

5) գնումները կարող են կատարվել օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա հետևյալ դեպքերում՝

ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների, կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների կամ բնական և (կամ) տեխնիկական աղետների և (կամ) վթարների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ընդունվի, տվյալ գնման պահանջի ծագման օրվանից հաշված մինչև վաթսուն օրացուցային օրվա ընթացքում և պարզեցված ընթացակարգով կամ շրջանակային համաձայնագրով տվյալ գնման կատարումը հնարավոր չէ:

Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով,

բ.  պետական գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի և (կամ) հրատապ համարված այլ դեպքերում:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գնումն անհետաձգելի համարելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել, եթե նման որոշման նախագծի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվեն տվյալ գնման առարկայի գծով առնվազն երեք մասնակիցների կողմից ստացված հայտերը և դրանց ուսումնասիրության արդյունքում պատվիրատուի կողմից առաջարկվող հաղթող մասնակիցը,

գ. եթե տվյալ գնման առարկան ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման մրցակցային ընթացակարգն առնվազն 2 անգամ հայտարարվել է չկայացած` բացառությամբ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքի,

 դ. ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում` եթե ծառայությունը պետք է մատուցվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտի ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(32-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 10.01.13 N 14-Ն, խմբ., լրաց. 18.04.13 N 372-Ն)

33. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատված գնման հայտը պատասխանատու ստորաբաժանումը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:

34. Գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը, որն ուղղում և գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը հայտը հետ է վերադարձնում գնումները համակարգողին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`

1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը (իրավաբանին կամ հրավիրված մասնագետին) երեք աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`

ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`

բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:

 

VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

35. Գնահատող հանձնաժողովը կազմավորվում է, դրա վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանման առաջարկը ներկայացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող`

1) հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, ովքեր նշանակվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.

2) հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հայտերի բացման նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի առնվազն մեկ անդամ.

3) հանձնաժողովի նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որով հետևյալ հաջորդականությամբ`

ա. ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,

բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,

գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որոնք պետք է համընկնեն գնման ընթացակարգի կասեցման վերջին ժամկետին.

4) հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.

5) հանձնաժողովի նիստերը սղագրվում (կամ տեսաձայնագրվում կամ ձայնագրվում) և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.

6) հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.

7) հանձնաժողովի արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն քսանչորս ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.

8) հանձնաժողովի անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.

9) հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար:

(35-րդ կետը խմբ. 20.09.12 N 1259-Ն)

35.1. Եթե գնվելիք ապրանքների նմանատիպ ապրանքախմբի գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա մինչև գնումների հրավերների հաստատումը, բացառությամբ շինարարական ծրագրերի, պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության համապատասխան շուկաները և կազմել գրավոր երաշխավորություն տվյալ հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին՝ կցելով մանրամասն բացատրագիր նախահաշվային գնի ու շուկայական գնի համեմատության վերաբերյալ և ուսումնասիրությունը հիմնավորող փաստաթղթերը (այսուհետ՝ կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթեր):

(35.1-ին կետը լրաց. 28.07.11 N 1057-Ն, խմբ. 18.04.13 N 372-Ն)

35.2. Ուսումնասիրությունները կարող են կատարվել`

ա. օգտվելով «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հրապարակված տեղեկատվությունից,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 05.09.13 N 950-Ն)

գ. առնվազն այն մեխանիզմով, որով կազմվել է տվյալ գնման նախահաշվային գինը:

(35.2-րդ կետը լրաց. 28.07.11 N 1057-Ն, խմբ. 18.04.13 N 372-Ն, փոփ. 05.09.13 N 950-Ն)

35.3. Կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը կարող են հրապարակվել միայն մասնակցի ընտրությունից հետո կամ սահմանված կարգով գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում:

(35.3-րդ կետը լրաց. 28.07.11 N 1057-Ն, փոփ.  20.09.12 N 1259-Ն)

35.4. Եթե կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերի համաձայն շուկայական գնի և սկզբնական նախահաշվային գնի միջև առկա է 15 և ավելի տոկոս դրական կամ բացասական տարբերություն, ապա հանձնաժողովը դիմում է պատվիրատուին՝ սահմանված կարգով գնումների պլանում փոփոխություն կատարելու համար: Համապատասխան փոփոխությունից հետո գնումների պլանում նախատեսված գինը համարվում է վերանայված նախահաշվային գին: Մասնակիցների գնային առաջարկները համեմատվում են վերանայված նախահաշվային գնի (գների) և ոչ թե սկզբնական նախահաշվային գնի (գների) հետ և, եթե գնային առաջարկները բարձր են վերանայված նախահաշվային գնից (գներից), ապա մրցույթը հայտարարվում է չկայացած:

(35.4-րդ կետը լրաց. 28.07.11 N 1057-Ն)

35.5. Կարգի 35.4-րդ կետի հիմքով գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում՝ գնահատող հանձնաժողովը պետք է գնման ընթացակարգի մասնակիցներին տրամադրի կարգի 35.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը:

(35.5-րդ կետը լրաց. 28.07.11 N 1057-Ն, փոփ.  20.09.12 N 1259-Ն)

36. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, ով`

1) զեկուցագիրն ստանալու օրը`

ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև հինգ աշխատանքային օրով,

բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը (իրավաբանին կամ հրավիրված մասնագետին) մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացության ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`

բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:

37. Մինչև, սույն կարգի համաձայն պատվիրատուի ղեկավարի հրամանով սահմանված, հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:

38. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը, տվյալ ընթացակարգի մասով, հանձնաժողովը համարվում է լուծարված: Հանձնաժողովի լուծարման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը կազմում է տվյալ ընթացակարգի շրջանակում հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն, որին կցվում են հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող՝ գնման տվյալ ընթացակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը` մասնակիցների հայտերը, նամակներ, որոշումներ, արձանագրություններ, խորհրդատուի եզրակացություններ և այլ փաստաթղթեր։ Հաշվետվությունը գնման ընթացակարգի արձանագրության մաս է կազմում:

39. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

Ընդհանուր պայմաններ

 

40. Գնահատող հանձնաժողովի կազմավորման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`

1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.

2) հրավերի տեքստը.

3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը և ժամը:

41. Գնումների կամ նախաորակավորման հայտարարության և (կամ) հրավերի տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`

1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակվում են www.gոսmոer.am հասցեով ինտերնետային կայքում` բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների.

2) հրավերը, էլեկտրոնային եղանակով, միաժամանակյա ծանուցմամբ ուղարկում է օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին, եթե գնումը կատարվում է շրջանակային համաձայնագրերի միջոցով.

3) հրավերն ուղարկում է տվյալ գնման հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ՝ պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:

(41-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն, խմբ. 18.04.13 N 372-Ն)

42. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպում է գնումների վերաբերյալ հիմնական տեղեկությունների հեռարձակումը հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Գնումները համակարգողն ապահովում է նաև գնումների կամ նախաորակավորման` հայերենով հայտարարության հրապարակումն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում` www.gnսmner.am հասցեով ինտերնետային կայքում հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն պարբերության պահանջը գործում է մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:

(42-րդ կետը խմբ. 18.04.13 N 372-Ն)

43. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ գնումները համակարգողը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները (գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը)՝

1) հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ էլեկտրոնային այլ միջոցներով.

2) տրամադրում (ուղարկում) է գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:

44. Փաստաթղթային ձևով բաց ընթացակարգի հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Գումարի չափը նախատեսվում է գնման հայտարարությամբ: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

45. Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում և ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար գանձվող գումարի չափը սահմանվում է հրավերով, որը չի կարող գերազանցել հրավերի թարգմանության, տպագրման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Այդ դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուի կողմից ռուսերենով կամ անգլերենով տրամադրված հրավերն ունի նույն իրավական ուժը, ինչ որ հայերեն հրավերը: Ռուսերենով կամ անգլերենով հրավերի և հայերեն հրավերի տարբերության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:

46. Հրավերի պատճենահանման, թարգմանության և առաքման հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով պատվիրատուն կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր (պայմանագրեր), եթե այդ աշխատանքները չեն կատարվում պատվիրատուի միջոցների (ռեսուրսների) հաշվին:

47. Մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուին և (կամ) նրա պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած և (կամ) հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ և (կամ) գնման ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:

48. Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է ինքնարժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Ինքնարժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա`

1) անկախ պայմանագրի կատարման արդյունքում ձևավորված փաստացի ինքնարժեքի չափից, ստացված արդյունքի դիմաց հատուցումը (վճարումը) կատարվում է պայմանագրով նախատեսված չափով.

2) պայմանագրով սահմանվում են պայմանագրի կատարման ակնկալվող արդյունքները, դրանց կատարման փուլերը` ըստ հերթականության, ինչպես նաև յուրաքանչյուր փուլի արդյունքի դիմաց հատուցման (ֆինանսավորման) չափը` մեկ թվով կամ ընդհանուր գնի տոկոսով, առանց հատուցման (գնի) բաղադրիչների մանրամասների հաշվարկի:

(48-րդ կետը խմբ. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 18.04.13 N 372-Ն)

49. Եթե մասնակիցն ավելացված արժեքի հարկ վճարող է, ապա մասնակցի ներկայացրած գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է տվյալ պայմանագրի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի չափը: Ընդ որում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված համաձայնագրերով (պայմանագրերով) նախատեսված դեպքերի մասնակցի (մասնակիցների) գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման:

49.1. Գնահատող հանձնաժողովի կողմից ստուգվում են ոչ գնային պայմաններին համապատասխանող հայտերում ներառված գնային առաջարկների, իսկ շինարարական աշխատանքների դեպքում` նաև ծավալաթերթ-նախահաշիվների թվաբանական ճշտությունը: Թվաբանական սխալների հայտնաբերման դեպքում գնահատող հանձնաժողովը կատարում է սխալների ուղղում հետևյալ կարգով.

1) եթե առկա է անհամապատասխանություն գումարների թվային և բառային արտահայտությունների միջև, ապա հիմք է ընդունվում բառային արտահայտությունը.

2) եթե հայտնաբերված սխալը միավորի համար մասնակցի կողմից սահմանված միավորի գնի և տվյալ (առանձին) ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ընդհանուր քանակի սխալ բազմապատկման արդյունք է, ապա ուղղումը կատարվում է միավորի համար առաջարկված գնի պահպանմամբ՝ փոխելով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համար առաջարկված ընդհանուր գինը.

3) եթե հայտնաբերված սխալը միավորի համար մասնակցի կողմից սահմանված միավորի գնի տասնորդական գրառման մեջ ստորակետի ոչ ճիշտ տեղում դնելու կամ սխալ կլորացման արդյունք է, ապա ճշտումը կատարվում է տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության համար առաջարկված ընդհանուր գնի պահպանմամբ՝ ճշտելով միավորի գինը.

4) գնահատող հանձնաժողովը կատարված ուղղումների արդյունքների մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին: Եթե մասնակիցը ծանուցումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով չի հայտնում իր համաձայնությունը ճշգրտված գնային առաջարկի մասին, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:

(49.1-ին կետը լրաց. 05.09.13 N 950-Ն)

49.2. Շինարարական աշխատանքների գնման դեպքում մասնակցի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշիվների տարբեր տողերում նշված նույն աշխատանքների դեպքում աշխատանքների միավոր գները պետք է նույնը լինեն: Այդ գների երկու կամ ավելի տարբերակների դեպքում կընդունվի նվազագույնը, որի մասին պատվիրատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին: Եթե մասնակիցը ծանուցումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով չի հայտնում իր համաձայնությունը, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է:

(49.2-րդ կետը լրաց. 05.09.13 N 950-Ն)

50. Եթե պայմանագիրը կնքվելու է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, և ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման որոշակի մասը կատարվելու է հաջորդող տարիներին միջոցներ նախատեսվելու դեպքում, գնման պայմանագրում նախատեսվում է, որ հաջորդող տարիներին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով: Այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար տվյալ տարվան հաջորդող տարում չեն նախատեսվում միջոցներ, ապա այդ մասով պայմանագիրը լուծվում է:

50.1. Եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար, ապա պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների դեպքում կանխավճարի ապահովումը հիմնավորող փաստաթղթում որպես բենեֆիցիար պետք է նշվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(50.1-ին կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

51. Պայմանագրերը կարող են իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգում հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը: Եթե գործակալության կամ ենթակապալի միջոցով իրականացվում է պայմանագրի ավելի քան քսանհինգ տոկոսը, ապա`

1) մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տվյալները).

2) հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ հանդիսացող անձի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած պարտավորության չափով հրավերով սահմանված որակավորման պահանջներին.

3) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխությունն իրականացվում է պատվիրատուի համաձայնությամբ: Պատվիրատուն իր համաձայնությունը տալու համար իրավունք ունի մասնակցից պահանջելու նոր գործակալի կամ ենթակապալառուի վերաբերյալ փաստաթղթեր` վերջինիս համապատասխանությունը պայմանագրով նախատեսված գործունեությանը ճշտելու նպատակով: Պատվիրատուի անհամաձայնության դեպքում վերջինս երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է մասնակցին և գործակալի կամ ենթակապալառուի փոփոխություն չի կատարվում, կամ պայմանագիրը լուծվում է.

4) մասնակիցն է պատասխանատվություն կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների համար:

(51-րդ կետը լրաց. 05.09.13 N 950-Ն)

52. Մասնակիցները կարող են գնման՝ ներառյալ նախաորակավորման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.

2) հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրով տվյալ անդամի ստանձնած պարտավորության չափով հրավերով սահմանված որակավորման պահանջներին.

3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.

4) կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները:

53. Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում կամ եթե հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները՝

1) առաջին և հաջորդաբար տեղերն զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները).

2) հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված բոլոր մասնակիցներին էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին.

3) բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ աշխատանքային օրը.

4) յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար, նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը.

5) բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ մասնակիցների ներկայացրած գների, որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը, որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցները.

6) բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները դեռևս գերազանցում են գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը, գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած, և պայմանագիր չի կնքվում:

(53-րդ կետը լրաց., փոփ. 20.09.12 N 1259-Ն, լրաց. 05.09.13 N 950-Ն)

54. Սույն կարգի համաձայն էլեկտրոնային եղանակով ծանուցման (հրավերի տրամադրման) դեպքում պարտադիր է մասնակցի կողմից ծանուցման ստացման ավտոմատ եղանակով հետ հաստատումը, իսկ գրավոր տարբերակով ծանուցման (հրավերի տրամադրման) դեպքում ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, կամ մասնակցին հանձնվում է առձեռն` նշելով վերջինիս կողմից դրա ստացման ամսաթիվը: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները:

55. Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով:

56. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով` պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գումարով: Պայմանագրի գինը կայուն է, եթե պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից հաշված մինչև մեկ, իսկ ապրանքները մատակարարվում և ծառայությունները մատուցվում են մինչև երեք տարվա ընթացքում: Եթե հրավերում և պայմանագրում նշված չէ, որ պայմանագրի գինը գործոնային է, ապա պայմանագրի գինը համարվում է կայուն` անկախ պայմանագրի կատարման ժամկետից:

(56-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

57. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա`

1) մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր.

2) մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել.

3) պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (ընտրված մասնակից և (կամ) պատվիրատու) օգուտները (խնայողություններ) և (կամ) կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են.

4) պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մասնակցի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:

58. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, և այդ պայմանը պետք է նախատեսված լինի հրավերով ու պայմանագրով, եթե`

պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում են և ծառայությունները մատուցվում են պայմանագրի կնքման օրվանից հաշված երեք տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն երեք տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ,

պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից հաշված մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն մեկ տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:

(58-րդ կետը խմբ. 18.04.13 N 372-Ն)

59. Եթե պայմանագրի գինը գործոնային է, հրավերով նախատեսվում են`

1) բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ պայմանագրի գինը կարող է փոփոխվել.

2) արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը:

60. Արտաքին գործոնները և դրանց փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

61. Պայմանագրի կատարման ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի տասը տոկոսը: Ընդ որում, պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի կատարման ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին:

62. Պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից, որը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ:

63. Գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և (կամ) տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ:

64. Նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ`

1) նախագծողը`

ա. նախագծման համար հիմք հանդիսացած նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,

գ. ներկայացնում է աշխատանքների կատարման համար պահանջվող լիցենզիային, մեքենա-սարքավորումներին և աշխատանքային ռեսուրսներին ներկայացվող պահանջները,

դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

2) շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում և նախագծած ու փորձաքննություն իրականացրած անձինք պատվիրատուին վճարում են տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման և (կամ) դրա հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և սկզբնական նախագծի քսան տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին։

(64-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

65. Եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները: Նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական աշխատանքների կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները։

66. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ կատարողին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ պատվիրատուի ստացածով։

67. Պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը.

2) պայմանագրով նախատեսված ապրանքի, աշխատանքի կամ ծառայության շուկայական գների ավելի քան քսան տոկոսով փոփոխման դեպքերի: Շուկայական գների որոշման և դրանց փոփոխության գնահատման կարգը սահմանվում է պայմանագրով` նախապես համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(67-րդ կետը փոփ., լրաց. 20.09.12 N 1259-Ն)

68. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը:

69. Շինարարական ծրագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում է, որ, եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով:

70. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա մասին հայտարարությունը պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է www.gոսmոer.am հասցեով ինտերնետային կայքում` այդ փոփոխությունը կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների:

(70-րդ կետը խմբ. 18.04.13 N 372-Ն)

71. Արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ, ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`

1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների ծառայությունների ծավալների նվազեցումը կամ պայմանագրի գնի նվազեցման պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների ոչ համամասնորեն նվազեցումը, որի արդյունքում ավելանում է գնման առարկայի միավորի ձեռքբերման գինը.

2) բացառությամբ կարգի 32-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի գնի 20 տոկոսը, ինչպես նաև օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված հիմքերով կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքների ծավալների ավելացումը: Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալները կարող են ավելանալ միայն պայմանագրի կատարման ժամկետում.

3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք միասին գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի տասնհինգ տոկոսը: Պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է մասնագիտական եզրակացություն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը: Փոխարինումը համարվում է արդյունավետ, եթե դրա հետևանքով պայմանագրով նախապես սահմանված ոչ ֆինանսական արդյունքներն ստացվում են համեմատաբար քիչ ֆինանսական միջոցների ծախսմամբ.

4) բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը`

ա. մինչև լրանալը ցանկացած ժամկետով մեկ անգամից ավելի ժամկետով երկարաձգումը,

բ. լրանալուց հետո ցանկացած ժամկետով երկարաձգումը.

5) օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասով նախատեսված հիմքով կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը.

6) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը:

(71-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 20.09.12 N 1259-Ն, խմբ. 18.04.13 N 372-Ն, լրաց. 05.09.13 N 950-Ն)

72. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

73. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրավասու է պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված ռիսկերի գնահատման կարգի հիման վրա ընտրանքային կարգով իրականացնելու մոնիթորինգ, այդ թվում` պատվիրատուներից պահանջելու և ստանալու այդ գործարքներին առնչվող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև ձեռնարկելու միջոցառումներ մոնիթորինգի արդյունքներով բացահայտված խնդիրների շտկման նպատակով գործողություններն իրականացնելու համար, այդ թվում` կասեցնելու գնման գործընթացը:

(73-րդ կետը խմբ. 20.09.12 N 1259-Ն, լրաց. 18.04.13 N 372-Ն)

74. Եթե գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր չի կնքվում, ապա այդ ընթացակարգը չկայացած է հայտարարվում, և օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ ընթացակարգ: Արգելվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարել գնման պահանջի դադարման հիմքով, երբ հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուն մնացել է առնվազն 5 օրացուցային օր, ինչպես նաև հայտերի բացումից հետո` բացառությամբ այդ գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման առկայության: 

(74-րդ կետը փոփ. 20.09.12 N 1259-Ն, լրաց. 05.09.13 N 950-Ն)

75. Որակավորումը հիմնավորող փաստաթղթերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից անհամապատասխանություն արձանագրվելու (հայտնաբերվելու) դեպքում՝ գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: Արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում`

1) շտկվելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է բավարար.

2) չշտկվելու դեպքում, գնահատող հանձնաժողովի որոշմամբ, տվյալ մասնակցի հայտը մերժվում է: Եթե ներկայացված բոլոր հայտերը չեն համապատասխանում հրավերի պայմաններին, ապա գնման ընթացակարգն այդ հիմքով չկայացած է հայտարարվում:

(75-րդ կետը փոփ. 20.09.12 N 1259-Ն)

76. Գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերը գրանցում է գրանցամատյանում՝ ըստ դրանց ստացման հերթականության, գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով՝ դրա մասին տրվում է տեղեկանք: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:

77. Գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերի բացման նիստի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտերի և դրանց գնահատման թերթիկների երկուական օրինակները փոխանցում է գնահատող հանձնաժողովի անդամներին: Գնահատող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ`

1) գնահատում է ներկայացված հայտերը.

2) գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկում.

3) իր ստորագրությամբ հաստատում է գնահատման թերթիկը և՝

4) եթե հայտերի գնահատման համար գնահատող հանձնաժողովի կողմից այլ ժամկետ սահմանված չէ, ապա հայտերն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ հաստատված գնահատման թերթիկի մեկ օրինակը փոխանցում է քարտուղարին:

78. Գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է գնահատող հանձնաժողովի անդամների ներկայացրած գնահատման թերթիկները և կազմում հայտերի գնահատման արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները:

 

Գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները գնահատելու պայմանները

 

79. Մասնակիցների՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.

2) բացի հայտարարությունից, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:

80. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները`

 

Նախկինում կատարված պայմանագրերի

առարկան

ծավալը` գումարային արտահայտությամբ
(ՀՀ դրամ)

պատվիրատուի և նրա հետ կապ հաստատելու տվյալները

1

2

3

Տարեթիվը` ........... թվական

1.

 

 

2.

 

 

..

 

 

Տարեթիվը` ........... թվական

1.

 

 

2.

 

 

..

 

 

Տարեթիվը` ........... թվական

1.

 

 

2.

 

 

..

 

 
2) մասնակիցը համարվում է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջին բավարարող, եթե հայտով ներկայացնում է պահանջվող տեղեկությունները և հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում վերջինս պատշաճ ձևով իրականացրել է գնման առարկա հանդիսացող կամ համանման ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներ` նախկինում կատարված պայմանագրեր:

(80-րդ կետը խմբ., փոփ. 20.09.12 N 1259-Ն)

81. Մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե`

ա. մինչև երեք հարյուր հիսուն միլիոն դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում, դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից,

բ. երեք հարյուր հիսուն միլիոն դրամից մինչև մեկ միլիարդ դրամ նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում, դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի երեսուն տոկոսից,

գ. մեկ միլիարդ դրամից ավելի նախահաշվային արժեք ունեցող գնումների դեպքում, դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, որից առնվազն մեկ պայմանագրի շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից.

2) առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը` որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (կամ պայմանագրերի) պատճենը, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի (կամ պայմանագրերի) կողմերի հաստատած` պայմանագրի (կամ պայմանագրերի) սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի (կամ պայմանագրերի) կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը: Ընդ որում, համակարգչային և կենցաղային տեխնիկայի ձեռքբերման դեպքում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը մինչև պայմանագրի կնքումը ներկայացնում է գնման առարկայի իսկությունը (մատակարարված կամ մատակարարվելիք) հավաստող՝ արտադրողի կողմից տրամադրված վկայականի բնօրինակը և պատճենը.

3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(81-րդ կետը խմբ., փոփ., լրաց.  20.09.12 N 1259-Ն, խմբ., լրաց. 18.04.13 N 372-Ն, փոփ. 05.09.13 N 950-Ն)

82. Մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.

2) եթե հրավերով «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ ներկայացնում է այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ: Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(82-րդ կետը փոփ. 20.09.12 N 1259-Ն)

83. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը պետք է որակավորման չափանիշները հիմնավորող փաստաթղթերով ներկայացնի ֆինանսական վիճակի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր: Ֆինանսական փաստաթղթերի գնահատման կարգը և ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

Եթե գնումն իրականացվում է օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում, ապա ֆինանսական վիճակի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ ժամանակահատվածում գնում կատարելու համար մասնակցի կողմից ներկայացված գնային առաջարկի համար.

2) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(83-րդ կետը խմբ. 20.09.12 N 1259-Ն, 18.04.13 N 372-Ն)

84. Մասնակիցների` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին.

2) եթե հրավերով «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա`

ա. հրավերով պահանջվում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է պայմանագրի կատարման համար մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տվյալները` հետևյալ ձևով՝

 

Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների

անունը, ազգանունը

որակավո-
րումը

աշխատանքային փորձը

գործատուն և
նրա հետ կապ հաստատելու տվյալները

ժամանա-կահատվածը

գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը

1

2

3

4

5

1.

       

2.

       

..

       

բ. աշխատանքային ռեսուրսների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է առաջադրված աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունների` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճենները.

3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:

(84-րդ կետը փոփ. 20.09.12 N 1259-Ն)

85. Գործարքները համարվում են համանման (նմանատիպ), եթե դրանք դասվում են գնման կամ նախաորակավորման հայտարարությամբ կամ հրավերով նախատեսված` համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբերում: Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության: Շինարարական ծրագրերի դեպքում տնտեսական գործունեության նույն խմբերը սահմանվում են` հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները` ըստ ոլորտների: Հրավերով սահմանված՝ համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները տարաբնույթ (երկակի) մեկնաբանելու հնարավորության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:

(85-րդ կետը լրաց. 05.09.13 N 950-Ն)

86. Մասնակիցը, իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:

87. Գնումների համակարգողը և (կամ) գնահատող հանձնաժողովը կարող են ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում, համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա`

1) գնման գործընթացներին տվյալ մասնակցի մասնակցությունը դադարեցվում է, այդ թվում՝ այդ մասնակցի հետ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում կնքված բոլոր պայմանագրերը պատվիրատուների կողմից միակողմանիորեն լուծվում են.

2) մասնակցի տվյալները գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթաց նախաձեռնելու նպատակով ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում.

3) ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

88. Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն մասնակցից պահանջվող փաստաթղթեր (տեղեկություններ) ներկայացնելու համար տրամադրվող ժամկետը չի կարող պակաս լինել հինգ աշխատանքային օրվանից:

88.1. Սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով և 33-րդ հոդվածով նախատեսված կարգով:

(88.1-ին կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

Նախաորակավորման ընթացակարգի կիրարկման կարգը

 

89. Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման ընթացակարգ, եթե գնումը կատարվում է`

1) մրցակցային երկխոսության ընթացակարգով.

2) սահմանափակ ընթացակարգով.

3) բանակցային ընթացակարգով` գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով.

4) խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով կազմակերպվող բաց կամ սահմանափակ ընթացակարգերով.

5) շրջանակային համաձայնագրերով` եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:

(89-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

90. Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պայմաններով և դրանց կիրարկման հետևյալ կարգով՝

1) նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում են մասնակցի մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող հետևյալ պահանջները`

ա. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնակցության իրավունքի պահանջներին,

բ. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները,

գ. սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կամ այն դեպքում, երբ գնման գործընթացը կազմակերպվում է շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգի կիրառմամբ և գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, ապա մասնակիցը պետք է բավարարի նաև պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները: Ընդ որում, այդ պահանջների սպառիչ թվարկումը, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դրանց վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը սահմանվում են նախաորակավորման հայտարարությամբ.

2) մասնակիցը հայտը ներկայացնում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով: Նախաորակավորման հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

ա. նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում,

բ. մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` նախաորակավորման հայտարարությամբ սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին՝ հայտարարությանը կցելով սույն կարգի համաձայն պահանջվող տեղեկությունները,

գ. սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում կամ այն դեպքում, երբ գնման գործընթացը կազմակերպվում է շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգի կիրառմամբ և գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, ապա` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող` նախաորակավորման հայտարարությամբ նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները),

դ. համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով.

3) նախաորակավորման հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.

4) մասնակցի նախաորակավորման հայտը գնահատվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով.

5) (ենթակետն ուժը կորցրել է 20.09.12 N 1259-Ն)

6) գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները, որոնց օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով տրամադրվում է նաև հրավերը:

(90-րդ կետը փոփ., խմբ. 20.09.12 N 1259-Ն, լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

Բանակցային ընթացակարգի կիրարկման կարգը

 

91. Եթե կազմակերպվում է բանակցային ընթացակարգ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, ապա`

1) նախաորակավորման ընթացակարգ չի կազմակերպվում.

2) մասնակիցների, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորումը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. եթե մասնակիցը հայտով ներկայացրել է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցը կարող է համարվել որակավորված,

բ. հայտարարությունից բացի, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով այլ փաստաթղթեր մասնակցից կարող են չպահանջվել.

3) գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում՝ մասնակիցը պետք է բավարարի պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները.

4) մասնակիցը`

ա. հայտի ապահովում չի ներկայացնում,

բ. պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա, ընդ որում, գնումն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կատարվելու դեպքում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, եթե գնումն իրականացվում է կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դեպքում,

5) մասնակցի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում,

բ. գրավոր հայտարարություն` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին,

գ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, հրավերով նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները),

դ. համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով,

ե. գնային առաջարկ.

6) հայտը գնումների համակարգողին է ներկայացվում հրավերով սահմանված կարգով` մասնակցի կողմից հաստատված գրությամբ: Հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.

7) գնումների համակարգողը, գնահատող հանձնաժողովի որոշմամբ, հրավերին համապատասխանող գնահատված հայտ ներկայացրած մասնակցին հրավիրում է բանակցությունների: Բանակցությունները կարող են հանգեցնել մասնակցի հայտի փոփոխմանը, սակայն, ոչ հայտով ներկայացված գնի ավելացմանը կամ հրավերի պայմանների փոփոխությանը: Բանակցությունների արդյունքները հաստատվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ և այդ որոշման հիման վրա կնքվում է պայմանագիր:

(91-րդ կետը փոփ., խմբ. 18.04.13 N 372-Ն)

92. Սույն կարգի 91-րդ կետով նախատեսված պայմանները պարտադիր չեն, եթե գնումը կատարվում է օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա:

(92-րդ կետը փոփ. 18.04.13 N 372-Ն, 05.09.13 N 950-Ն)

93. Գնումն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հիման վրա կատարվելու դեպքում, եթե գնումը չի կատարվում շրջանակային համաձայնագրերի հիման վրա և կնքվելիք պայմանագրի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա`

1) գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, և գործարքը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա.

2) գնումների համակարգողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող եղանակով, ապահովում է պայմանագրի կնքումը:

(93-րդ կետը փոփ., լրաց. 18.04.13 N 372-Ն, փոփ. 05.09.13 N 950-Ն)

94. Եթե կազմակերպվում է բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, ապա`

1) սույն կարգի համաձայն կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ.

2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով նախաորակավորված բոլոր մասնակիցներին նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին միաժամանակ տրամադրում է (ուղարկում) նաև հրավեր:

(94-րդ կետը խմբ. 20.09.12 N 1259-Ն)

95. Աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման նպատակով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում`

1) հրավերով գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալելու պայմանագրի առարկան.

2) հայտերը ներկայացվում են երկու փուլով.

3) առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.

4) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, կարող է ներառել մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ` ոչ գնային (տեխնիկական) առաջարկը: Մասնակիցն իր տեխնիկական առաջարկի հիմնավորման նպատակով առաջին փուլի հայտով կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.

5) մասնակիցը տեխնիկական առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ՝ մինչև առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը տեխնիկական առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.

6) տեխնիկական առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.

7) ոչ ուշ, քան տեխնիկական առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.

8) բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`

ա. գնման առարկայի բնութագրերը, որոնք պետք է համապատասխանեն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին,

բ. մասնակիցների որակավորման չափանիշները,

գ. գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն,

դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում մասնակիցներին ներկայացվող` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների սպառիչ թվարկումը, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը.

9) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`

ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

բ. գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.

10) երկրորդ փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրից, որը հաշվարկվում է երկրորդ փուլի հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.

11) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն կազմված ծրարով.

12) երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

ա. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,

բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,

գ. հայտի ապահովում` մեկ բնօրինակ,

դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, երկրորդ փուլի հրավերը նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները).

13) երկրորդ փուլի հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.

14) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են.

15) ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն կնքվում է պայմանագիր:

(95-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 20.09.12 N 1259-Ն)

96. Արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում`

1) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է տասն օրացուցային օր, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից.

2) հրավերը կազմվում է օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`

ա. գնման առարկայի բնութագրերը պետք է համապատասխանեն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին,

բ. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված` սույն կարգով ներկայացված պահանջներին.

3) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրից, որը հաշվարկվում է հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.

4) հայտերը ներկայացվում են օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն կազմված ծրարով.

5) հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

ա. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,

բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,

գ. հայտի ապահովում` մեկ բնօրինակ,

դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում գնման վերանայված հայտով նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները).

6) հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.

7) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են.

8) հայտերի գնահատման արդյունքները հրապարակվում են գնահատող հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ընտրված մասնակցին (մասնակիցներին) որոշելու համար բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` գնային առաջարկների նվազեցման նպատակով.

9) հայտերի գնահատման արդյունքների հրապարակման նիստ կազմակերպելու մասին ծանուցումը, գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով նիստի անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում.

10) միաժամանակյա բանակցություններում ներգրավվում են միայն բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները: Բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են.

11) բանակցություններում ներգրավված յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնի առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը: Բանակցությունների վարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահի դրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը համարվում է ընտրված մասնակից, որի հետ օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն կնքվում է պայմանագիր:

(96-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 20.09.12 N 1259-Ն)

 

Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի կիրարկման կարգը

 

97. Գնման առարկան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառվելու`

1) օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Գնումների աջակցման կենտրոնին է տրամադրում տվյալ շրջանակային համաձայնագիրը կնքելու նպատակով մասնակիցներին ներկայացվող մասնակցության իրավունքի և որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները, դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի ցանկը և վավերապայմանները, ինչպես նաև մասնակցության իրավունքի և որակավորման գնահատման կարգը.

2) օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում օրենքով նախատեսված Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը`

ա. հաստատում է գնումների հայտարարության և հրավերի տեքստերը,

բ. նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար,

գ. գնումների հայտարարության և հրավերի տեքստերը ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

98. Հրավերը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում նշված սահմանման:

99. Գնումների հայտարարության և հրավերի տեքստերն ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դրանք տեղադրում է` հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` միաժամանակ հեռուստատեսությամբ և ռադիոյով ապահովելով գնումների հայտարարության վերաբերյալ հիմնական տեղեկությունների հեռարձակումը:

100. Քարտուղարը`

1) ապահովում է գնումների հայտարարության հրապարակումը առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում`

ա. www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում տվյալ հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում,

բ. յուրաքանչյուր ամսվա տասներորդ աշխատանքային օրվա ընթացքում.

2) կարող է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները (գնումների հայտարարությունը)՝

ա. հրապարակել նաև զանգվածային լրատվության, այդ թվում էլեկտրոնային այլ միջոցներով,

բ. սեփական նախաձեռնությամբ տրամադրել (ուղարկել) գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:

101. Գնումների հայտարարության և հրավերի հրապարակումից հետո, գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը, որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, Գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում գրանցման հայտ, որը ներառում է`

1) գրավոր դիմում` հասցեագրված Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարին.

2) մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին.

3) հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր.

4) հայտի ապահովում` տուժանքի ձևով, որի չափը կկազմի հայտով (գնային առաջարկով) առաջարկվող գնի առնվազն երկու տոկոսը, սակայն ոչ պակաս, քան գնումների բազային միավորը:

(101-րդ կետը խմբ. 05.09.13 N 950-Ն)

102. Գրանցման հայտը գնահատում է քարտուղարը` հրավերով սահմանված կարգով:

103. Գրանցման հայտը գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրավերով սահմանված չափանիշներին`

1) համապատասխանող մասնակցի հետ Գնումների աջակցման կենտրոնը կնքում է շրջանակային համաձայնագիր և մասնակիցը գրանցվում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում: Գնումների աջակցման կենտրոնը գրանցված մասնակցին է տրամադրում էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով պետք է ապահովվի շրջանակային համաձայնագրով նախատեսված տեղեկությունների շրջանառումը.

2) չհամապատասխանող մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին Գնումների աջակցման կենտրոնը ծանուցում է գրանցման հայտ ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:

104. Մերժման համար հիմք հանդիսացած անհամապատասխանությունները շտկելու մտադրության դեպքում, մասնակիցը գրանցման հայտ է ներկայացնում Գնումների աջակցման կենտրոն` սկզբնական գրանցումը մերժելու ծանուցման օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում: Կրկին ներկայացված գրանցման հայտը քարտուղարի կողմից գնահատվում է՝ դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում`

1) կարող են ներկայացվել միայն այն փաստաթղթերը, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ.

2) մասնակիցը ներկայացնում է հայտարարություն` օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի ու հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցումը մերժելու պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին:

105. Կրկին ներկայացված գրանցման հայտը հրավերի պահանջներին`

1) համապատասխանող գնահատվելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ մասնակցի հետ կնքում է շրջանակային համաձայնագիր և մասնակիցը գրանցվում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.

2) չհամապատասխանող գնահատվելու դեպքում մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին, երկու աշխատանքային օրվա ընթացքում, Գնումների աջակցման կենտրոնը ծանուցում է գրանցման դիմում ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:

106. Սահմանված ժամկետում կրկին գրանցման հայտ չներկայացվելու կամ ներկայացված հայտը հրավերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, տվյալ մասնակցի գրանցման գործընթացը դադարեցվում է: Մասնակիցը կարող է սույն կարգի համաձայն գրանցման նոր հայտ ներկայացնել:

107. Շրջանակային համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Գնումների աջակցման կենտրոնը էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի վերաբերյալ տվյալները և կնքված շրջանակային համաձայնագրի օրինակը:

108. Շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի տվյալները ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դրանք և կնքված շրջանակային համաձայնագիրը տեղադրում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` մասնակցին գրանցելով շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակում:

109. Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ`

1) շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ.

2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված յոթ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման, որոնց դեպքում հայտը կարող է ներկայացվել ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված մեկ աշխատանքային օրվա ընթացքում և.

3) մասնակիցը կարող է դադարեցնել շրջանակային համաձայնագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով Գնումների աջակցման կենտրոնին: Համաձայնագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում համաձայնագրի հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Շրջանակային համաձայնագիրը դադարում է, դրա վերաբերյալ դիմումը գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում`

ա. Գնումների աջակցման կենտրոնը գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,

բ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մասնակցի մասին տվյալները հեռացնում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակից.

4) մասնակիցը պարտավոր է շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո, օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և (կամ) հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների փոփոխության (վատթարացման) դեպքում, Գնումների աջակցման կենտրոն ներկայացնել շրջանակային համաձայնագիրը դադարեցնելու մասին դիմում: Սույն ենթակետի պահանջները չկատարելու, ինչպես նաև պայմանագրի կնքման առաջարկ ստանալու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում`

ա. մասնակիցը պարտավոր է Գնումների աջակցման կենտրոնի համապատասխան ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս վճարել հայտի ապահովման չափով գումար, և՝

բ. մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է:

(109-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110. Շրջանակային համաձայնագրերի միջոցով էլեկտրոնային եղանակով գնում կատարելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» N 1916-Ն որոշմամբ սահմանված պահանջները, իսկ փաստաթղթային ձևով գնում կատարելու դեպքում կիրառվում են հետևյալ պայմանները`

1) հայտը ներառում է շրջանակային համաձայնագիր կնքած անձի կողմից հաստատված`

ա. գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմումը,

բ. գնային առաջարկը.

2) հայտը ներկայացվում է փակ` սոսնձված ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`

ա. «Գնային առաջարկ» բառերը,

բ. ընթացակարգի ծածկագիրը,

գ. «Չբացել մինչև գնային առաջարկների բացման նիստը» բառերը,

դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը,

ե. պատվիրատուի անվանումը (անունը), գտնվելու վայրը.

3) հայտերի բացման նիստում, որը պետք է համընկնի հրավերով սահմանված հայտերը ներկայացնելու վերջնաժամկետին, գնումները համակարգողը տեղեկատվություն է հաղորդում հայտերի գրանցամատյանում կատարված գրառումների մասին, որից հետո հանձնաժողովը`

ա. գնահատում է հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացվելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված ծրարները: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում գնահատող հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Քարտուղարը նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում մերժված հայտերը և նիստի արձանագրության պատճենը տրամադրում է մերժված հայտերը ներկայացրած մասնակիցներին,

բ. հրապարակում է բացված հայտերով ներկայացված գները` հիմք ընդունելով տառերով գրվածը: Պահանջի դեպքում հրապարակված գնային առաջարկների պատճեններն անհապաղ տրամադրվում են նման պահանջ ներկայացրած մասնակցին.

4) հայտերի բացման նիստում հանձնաժողովի կողմից որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդական տեղերն զբաղեցրած մասնակիցները: Ընտրված մասնակիցը (առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը) որոշվում է հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Ընդ որում, ավիատոմսերի գնման դեպքում, եթե ընտրված մասնակցի գնային առաջարկն ավելի բարձր է պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի գներից, ապա պատվիրատուն այդ ավիատոմսերը կարող է ձեռք բերել համապատասխան պաշտոնական կայքից.

5) եթե հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնումների, ապա՝

ա. առաջին և հաջորդաբար տեղերն զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում՝ առաջարկված գների նվազեցման նպատակով, ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները),

բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված բոլոր մասնակիցներին էլեկտրոնային եղանակով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,

գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ աշխատանքային օրը,

դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,

ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ մասնակիցների ներկայացրած գների, որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդաբար տեղերն զբաղեցրած մասնակիցները.

6) հայտերի բացման նիստի ավարտից հետ հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Արձանագրությունը պարունակում է`

ա. տեղեկություն հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին,

բ. հայտեր ներկայացրած և չներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և գտնվելու վայրերի հասցեները,

գ. տվյալներ` ծրարները կազմելու և ներկայացնելու` սահմանված կարգի պահանջներին համապատասխանության մասին,

դ. տվյալներ բացված յուրաքանչյուր հայտում պահանջվող փաստաթղթերի առկայության մասին,

ե. տվյալներ յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` սահմանված պայմաններին համապատասխան կազմած լինելու մասին,

զ. յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը,

է. տեղեկատվություն բանակցությունների վարման մասին,

ը. նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.

7) սույն կարգի համաձայն և օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր: Եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց կամ զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից, ապա պատվիրատուն պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում երկրորդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղն զբաղեցրած մասնակցին: Պայմանագրի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով` տվյալ գնման ընթացակարգի հրավերով սահմանված փոխարժեքով` անկախ գնային առաջարկն արտարժույթով ներկայացված լինելու հանգամանքից: Ընդ որում, ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում անգործության ժամկետ կարող է չսահմանվել, ինչպես նաև բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման և այն դեպքերի, երբ պատվիրատուի հետ պայմանագիր կնքող անձը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման ժամկետը պետք է սահմանվի առնվազն երեսուն աշխատանքային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագիր կնքելու օրվանից.

8) պայմանագրի կնքմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ` www.gոսmոer.am հասցեով ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով կնքված գնման պայմանագրի մասին հայտարարությունը հրապարակելու համար: Եթե գնումը պետության համար առաջացնում է պարտավորություններ, ապա հայտարարությունը միաժամանակ հանդիսանում է օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվությունը: Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա. գնման ֆինանսավորման աղբյուրը` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման,

բ. հրավեր ուղարկելու ամսաթիվը,

գ. հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները),

դ. յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` առանց ավելացված արժեքի հարկի և ավելացված արժեքի հարկի գումարը,

ե. տվյալներ մերժված հայտերի մասին,

զ. գնման պայմանագրի կնքման ամսաթիվը, համարը, գինը, կատարման վերջնաժամկետը, կանխավճար նախատեսված լինելու դեպքում` կանխավճարի չափը,

է. գնման առարկայի անվանումը և քանակը,

ը. մատակարարի (կապալառուի, կատարողի) բանկային և հարկ վճարողի հաշվարկային հաշիվները:

(110-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 20.09.12 N 1259-Ն, լրաց., խմբ. 18.04.13 N 372-Ն, 05.09.13 N 950-Ն)

 

Շրջանակային համաձայնագրերի միջոցով պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնում կատարելու ընթացակարգի կիրարկման կարգը

(վերնագիրը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

110.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված գնման առարկաների դեպքում, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք, ապա պատվիրատուի ղեկավարը`

1) հաստատում է նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.

2) նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար.

3) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.13 N 372-Ն)

(110.1-ին կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 18.04.13 N 372-Ն)

110.2. Հրավերը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում նշված սահմանման:

(110.2-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.3. Պատվիրատուն նախաորակավորման մասին հայտարարության տեքստը հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում՝ դրա հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(110.3-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն, խմբ. 18.04.13 N 372-Ն)

110.4. Սույն կարգով սահմանված կարգով կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ:

(110.4-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.5. Քարտուղարը`

1) ապահովում է նախաորակավորման հայտարարության հրապարակումն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում`

ա. www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում տվյալ հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում,

բ. յուրաքանչյուր ամսվա տասներորդ աշխատանքային օրվա ընթացքում.

2) կարող է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ հնարավոր մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով նախաորակավորման հայտարարությունը՝

ա. հրապարակելով նաև զանգվածային լրատվության, այդ թվում` այլ էլեկտրոնային միջոցներով,

բ. սեփական նախաձեռնությամբ տրամադրելով (ուղարկելով) գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:

(110.5-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.6. Նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրումից հետո գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը, որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, պատվիրատուին է ներկայացնում գրանցման հայտ, որը ներառում է`

1) գրավոր դիմում` հասցեագրված պատվիրատուի ղեկավարին.

2) հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր.

 3) հայտի ապահովում` տուժանքի ձևով, որի չափը հավասար է գնումների բազային միավորին։

(110.6-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.7. Գրանցման հայտը գնահատում է քարտուղարը` հրավերով սահմանված կարգով:

(110.7-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.8. Գրանցման հայտը պատվիրատուին տրամադրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրավերով սահմանված չափանիշներին`

1) համապատասխանող մասնակցի հետ պատվիրատուն կնքում է շրջանակային համաձայնագիր, և մասնակիցը գրանցվում է պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.

2) չհամապատասխանող մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին պատվիրատուն ծանուցում է գրանցման հայտ ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:

(110.8-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.9. Մերժման համար հիմք հանդիսացած անհամապատասխանությունները շտկելու մտադրության դեպքում մասնակիցը գրանցման հայտ է ներկայացնում պատվիրատուին` սկզբնական գրանցումը մերժելու ծանուցման օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում: Կրկին ներկայացված գրանցման հայտը քարտուղարի կողմից գնահատվում է դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում`

 1) կարող են ներկայացվել միայն այն փաստաթղթերը, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ.

2) մասնակիցը ներկայացնում է հայտարարություն` օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի ու հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցումը մերժելու պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին:

(110.9-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.10. Կրկին ներկայացված գրանցման հայտը հրավերի պահանջները`

1) համապատասխանող գնահատվելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ մասնակցի հետ կնքում է շրջանակային համաձայնագիր, և մասնակիցը գրանցվում է պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.

2) չհամապատասխանող գնահատվելու դեպքում մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է գրանցման դիմում ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:

(110.10-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.11. Սահմանված ժամկետում կրկին գրանցման հայտ չներկայացվելու կամ ներկայացված հայտը հրավերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում տվյալ մասնակցի գրանցման գործընթացը դադարեցվում է: Մասնակիցը կարող է սույն կարգի համաձայն գրանցման նոր հայտ ներկայացնել:

(110.11-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.12. Պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի վերաբերյալ տվյալները և կնքված շրջանակային համաձայնագրի օրինակը:

(110.12-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.13. Պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ`

1) պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի կողմից հայտը ներկայացնելը պարտադիր չէ.

 2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված յոթ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման, որոնց դեպքում հայտը կարող է ներկայացվել ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից հաշված մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

3) մասնակիցը կարող է դադարեցնել պատվիրատուի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով պատվիրատուին: Համաձայնագրի դադարեցումն ավտոմատ կերպով չի դադարեցնում համաձայնագրի հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Շրջանակային համաձայնագիրը դադարում է դրա վերաբերյալ դիմումը պատվիրատուին տրամադրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Այդ ընթացում պատվիրատուն գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

4) մասնակիցը պարտավոր է շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և (կամ) հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների փոփոխության (վատթարացման) դեպքում պատվիրատուին ներկայացնել շրջանակային համաձայնագիրը դադարեցնելու մասին դիմում: Սույն ենթակետի պահանջները չկատարելու, ինչպես նաև պայմանագրի կնքման առաջարկ ստանալու, սակայն պայմանագիր չկնքելու դեպքում`

ա. մասնակիցը պարտավոր է պատվիրատուի համապատասխան ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացում վերջինիս վճարել հայտի ապահովման չափով գումար, և՝

բ. մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է:

(110.13-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն, 18.04.13 N 372-Ն)

110.14. Պատվիրատուի հետ շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգով սահմանված պայմանները` հաշվի առնելով, որ էլեկտրոնային ծանուցումների փոխարեն պատվիրատուն ծանուցում է թղթային տարբերակով:

(110.14-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

110.15. Սույն կարգի համաձայն և օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերով և 33-րդ հոդվածով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր: Պայմանագրի գինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով` տվյալ գնման ընթացակարգի հրավերով սահմանված փոխարժեքով` անկախ գնային առաջարկն արտարժույթով ներկայացված լինելու հանգամանքից: Ընդ որում, ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում անգործության ժամկետ կարող է չսահմանվել, ինչպես նաև բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման և այն դեպքերի, երբ պատվիրատուի հետ պայմանագիր կնքող անձը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման ժամկետը պետք է սահմանվի առնվազն երեսուն աշխատանքային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրի կնքման օրվանից: 

(110.15-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

Պարզեցված ընթացակարգի կիրարկման կարգը

 

111. Պարզեցված ընթացակարգով գնում կատարելու դեպքում կիրառվում են օրենքի 9-րդ և 24-37-րդ հոդվածներով և սույն կարգով նախատեսված պայմանները՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

1) նախաորակավորման ընթացակարգ չի կազմակերպվում.

2) հրավերը կազմվում է օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`

ա. գնման առարկայի բնութագրերը պետք է համապատասխանեն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին,

բ. մասնակիցը պետք է բավարարի օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված` սույն կարգով ներկայացված պահանջները.

3) հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների մասին հայտարարության հրապարակման օրվանից.

4) հայտերը ներկայացվում են օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն կազմված ծրարով.

5) հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

ա. գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմում,

բ. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,

գ. գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,

դ. հայտի ապահովում` մեկ բնօրինակով,

ե. (ենթակետն ուժը կորցրել է 20.09.12 N 1259-Ն)

6) հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.

7) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը.

8) ընթացակարգի հաղթողը` ընտրված մասնակիցը, որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր.

9) (ենթակետն ուժը կորցրել է 20.09.12 N 1259-Ն)

(111-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 18.04.13 N 372-Ն)

 

Մրցակցային երկխոսության ընթացակարգի կիրարկման կարգը

 

112. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա մրցակցային երկխոսության ընթացակարգ կազմակերպվում է՝ հաշվի առնելով, որ`

1) կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ.

2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը էլեկտրոնային եղանակով նախաորակավորված բոլոր մասնակիցներին միաժամանակ տրամադրում (ուղարկում) է հրավեր.

3) հրավերով, գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի նախնական տարբերակը.

4) հայտերը ներկայացվում են երկու փուլով.

5) առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասնհինգ օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.

6) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, ներառում է մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ առաջարկը (նկարագրերի առաջարկ): Մասնակիցը, նկարագրերի առաջարկի հիմնավորման նպատակով առաջին փուլի հայտով կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.

7) մասնակիցը, նկարագրերի առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ, մինչև առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը նկարագրերի առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.

8) նկարագրերի առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.

9) ոչ ուշ, քան նկարագրերի առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը, գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Նկարագրերի առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.

10) բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`

ա. գնման առարկայի կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) վերջնական նկարագրերը, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան,

բ. մասնակիցների որակավորման չափանիշների գնահատման` օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սույն կարգով ներկայացված պահանջները,

գ. գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն.

11) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`

ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

բ. գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.

12) երկրորդ փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի քսան օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է վերջնական հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.

13) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն կազմված ծրարով: Ընդ որում, գնային առաջարկը, որը պետք է դրվի նշված ծրարում, ներկայացվում է փակ` սոսնձված ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`

ա. «Գնային առաջարկ» բառերը,

բ. ընթացակարգի ծածկագիրը,

գ. «Չբացել մինչև գնային առաջարկների նիստը» բառերը,

դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը.

14) երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`

ա. գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմում,

բ. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,

գ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,

դ. տեխնիկական առաջարկ` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,

ե. հայտի ապահովում` մեկ բնօրինակ.

15) մասնակցի տեխնիկական առաջարկը պետք է հնարավորինս համապատասխանի օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին.

16) հայտերը բացվում են օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`

ա. հրավերին համապատասխանող գնային առաջարկներ պարունակող ծրարները չեն բացվում, դրանք դրվում են առանձին ծրարի (տուփի) մեջ, որը սոսնձվում և փակվում է,

բ. տուփի վրա ստորագրում են գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը, որն այն վերցնում է ի պահ և ապահովում է դրա առանձնացված պահպանումը` հատուկ պահոցում,

գ. արգելվում են տուփի կամ դրա մեջ դրված ծրարների բացումը կամ որևէ այլ կերպ մասնակիցների գնային առաջարկների հետ ծանոթանալուն ուղղված գործողությունները.

17) հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`

 

Գնահատման չափանիշը

Նվազագույն միավորը

Առավելագույն միավորը

1

2

3

Մասնագիտական փորձառություն

Առկա է կամ բացակայում է

Տեխնիկական միջոցներ

Ֆինանսական միջոցներ

Աշխատանքային ռեսուրսներ

15

25

Տեխնիկական առաջարկ

55

75

Ընդամենը

70

100

 

ա. «Մասնագիտական փորձառություն», «Տեխնիկական միջոցներ» և «Ֆինանսական միջոցներ» չափանիշների մասով մասնակցի որակավորումը գնահատվում է «Առկա է», եթե մասնակիցը համապատասխանում է այդ չափանիշների մասով սույն կարգի համաձայն հրավերով նախատեսված նվազագույն պահանջներին,

բ. «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշի մասով հրավերի պահանջներին առավելագույնս համապատասխանող մասնակցի որակավորումը գնահատվում է «25» միավոր` լավագույն առաջարկ: Լավագույն առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր մասնակիցների որակավորումները,

գ. լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է «Տեխնիկական առաջարկ» չափանիշի գնահատման մասով նախատեսված առավելագույն` «75» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները.

18) հրավերի նվազագույն պահանջները չբավարարող հայտերը համարվում են տեխնիկապես անբավարար, և դրանք ներկայացրած մասնակիցները զրկվում են գնման գործընթացին հետագա մասնակցության հնարավորությունից.

19) հայտերի գնահատման արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներն ստորագրում են արձանագրություն: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին: Ծանուցմամբ նաև նշանակվում են գնային առաջարկների բացման նիստի օրը, վայրը և ժամը, բայց ոչ շուտ, քան ծանուցում ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

20) գնային առաջարկների բացման նիստին կարող են ներկա գտնվել բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները.

21) գնային առաջարկների բացման նիստում գնահատող հանձնաժողովի քարտուղարը`

ա. հրապարակում է մասնակիցների որակավորման չափանիշների և տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները` համաձայն գնահատման արձանագրության,

բ. բացում է բավարար գնահատված մասնակիցների գնային առաջարկներ պարունակող ծրարները և հայտարարում յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը` ընդհանուր գումարով՝ հիմք ընդունելով տառերով գրվածը.

22) գնային առաջարկների բացման նիստն արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ` էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին.

23) մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`

ա. որակավորված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`

 

ԳՄ= ՆԳ X 100/ԳԳ,

 

որտեղ`

ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,

ՆԳ-ն նվազագույն գինն է,

ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է,

բ. տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՄԳ = (ԳՄ X 0.7/100) + (ՏԱ X 0.3/100),

 

որտեղ`

ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,

ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,

ՏԱ-ն մասնակցի որակավորման հատկանիշներին և տեխնիկական առաջարկին տրված միավորն է.

24) ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է.

25) եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում 2-րդ, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` 3-րդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում մրցույթը հայտարարվում է չկայացած.

26) օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր:

(112-րդ կետը փոփ., խմբ. 20.09.12 N 1259-Ն, 18.04.13 N 372-Ն)

 

 

Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառումը

 

113. Պատվիրատուի ղեկավարն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազոր մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որի ձևը, ինչպես նաև այն դեպքերը, երբ պայմանագրի պատճենը հաշվետվության անբաժան մասն է, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

114. (կետն ուժը կորցրել է 18.04.13 N 372-Ն)

115. (կետն ուժը կորցրել է 18.04.13 N 372-Ն)

116. (կետն ուժը կորցրել է 18.04.13 N 372-Ն)

117. (կետն ուժը կորցրել է 18.04.13 N 372-Ն)

118. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն չներկայացնելը հանգեցնում է տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև հաշվետվությունը ներկայացնելը:

(118-րդ կետը խմբ. 18.04.13 N 372-Ն)

119. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պատվիրատուն պայմանագիր կնքելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժին (այսուհետ` ՏԳԲ) է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ՝ քաղվածք), որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

 

VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

120. Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

121. Արձանագրությունն ստորագրվում է, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում, բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների, գնման պայմանագիր կնքած անձը ներկայացնում է այդ ապրանքների ձեռքբերումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթի բնօրինակը և պատճենը: Սակայն եթե այդ ապրանքի ձեռքբերման գործընթացում առկա են մի քանի միջնորդ կազմակերպություններ, ապա նախորդ միջնորդ կազմակերպությունների կողմից դրա ձեռքբերման կամ ներմուծման վերաբերյալ փաստաթուղթ չի կարող պահանջվել: Հակառակ դեպքում պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, արձանագրություն չի ստորագրվում և պատվիրատուն`

1) հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար պայմանագրով նախատեսված միջոցները.

2) կատարողի նկատմամբ կիրառում է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

(121-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

122. Շինարարական աշխատանքների գնման դեպքում կիրառվում են նաև հետևյալ պայմանները`

1) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.

2) կապալառուի կողմից շինարարության ավարտի մասին տեղեկություն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.

3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման համապատասխան ստեղծված հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.

 4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումն ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`

ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրություն,

բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրություն չի ստորագրվում.

5) մինչև սույն կարգով նախատեսված պայմանագրի կատարման արդյունքը ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստորագրելը՝ պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի 5 տոկոսից:

(122-րդ կետը փոփ. 20.09.12 N 1259-Ն)

 

IX. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

123. Գնման դիմաց վճարում կատարելու նպատակով` արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ՝ վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը ներկայացնում է ՏԳԲ, եթե պատվիրատուն սպասարկվում է ՏԳԲ-ի կողմից: Հակառակ դեպքում գնման դիմաց վճարում կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով:

(123-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

124. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`

1) կանխավճարը հատկացնելու համար ՏԳԲ է ներկայացվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:

125. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՏԳԲ-ն տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:

126. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ձևով գնում կատարվելու դեպքում գործարքի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են տվյալ գործարքի հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:

127. ՏԳԲ-ն սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:

 

X. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

128. Բողոքարկման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմում իրավասու մարմնի կողմից ներկայացված թեկնածուն ընդգրկվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատվելուց հետո, եթե վերջինս ունի բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական գործունեության փորձ: Գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` թեստավորման միջոցով: Թեստը կազմվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից:

(128-րդ կետը լրաց. 20.09.12 N 1259-Ն)

129. Թեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած կարգով: Թեստավորումն անցկացվում է թեկնածությունը ներկայացվելու դիմումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Թեստավորման օրվա, ժամի և վայրի մասին թեկնածուն ծանուցվում է թեստավորումից առնվազն քառասունութ ժամ առաջ:

130. Թեստավորման արդյունքները հրապարակվում են թեստն անցկացնելու օրը: Թեստավորման արդյունքները հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում թեստավորումը հաջողությամբ հանձնած թեկնածուի մասին տվյալները ներառվում են խորհրդի անդամների ցուցակում:

131. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձատրման ենթակա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ և տվյալ բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետ (մասնագետ) վարձատրվում է սույն կետով նախատեսված վարձատրմանն ուղղվող գումարի մեկ երրորդի չափով:

132. Հանձնաժողովի անդամների վարձատրությանն ուղղվում է տվյալ բողոքի քննության համար վճարված` օրենքով նախատեսված բողոքարկման վճարի մինչև վաթսուն տոկոսը:

133. Բողոքարկման վճարի չափը կազմում է երեսուն հազար դրամ:

134. Եթե վարձատրվում է հանձնաժողովի մեկ անդամ կամ փորձագետ, ապա վերջինիս հատկացվում է վարձատրությանն ուղղվող գումարի մեկ երրորդը: Գումարները հատկացվում են տվյալ բողոքի վերաբերյալ որոշման ընդունման օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում` անկանխիկ:

 

XI. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԱՀԱԶԱՆԳՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

135. Գնումների աջակցման կենտրոնի թեժ գծով կարող է տրամադրվել միայն հակիրճ խորհրդատվություն:

(135-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

136. Յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ պատվիրատուի և (կամ) գնահատող հանձնաժողովի գործողությունների հետևանքով խախտվել են իր իրավունքները, կամ կրել է, կամ կարող է կրել վնասներ, իրավունք ունի ահազանգելու գնումների աջակցման կենտրոնի թեժ գծին:

(136-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

137. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման վերաբերյալ գնումների աջակցման կենտրոնի թեժ գծին ահազանգ ստանալու դեպքում`

1) գնումների աջակցման կենտրոնն ստացված ահազանգի վերաբերյալ կազմում է արձանագրություն, եթե առկա են հետևյալ տեղեկությունները`

ա. պատվիրատուի անվանումը,

բ. գնման ընթացակարգի ծածկագիրը և (կամ) առարկան,

գ. գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման առարկան:

Արձանագրությունը ներառում է նաև ահազանգողի անունը (անվանումը), եթե այն հայտնի է.

2) գնումների աջակցման կենտրոնի պետի հանձնարարականով գնումների աջակցման կենտրոնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ գնումների աջակցման կենտրոնի պետի կողմից լիազորված գնումների աջակցման կենտրոնի այլ պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հեռախոսակապ է հաստատում տվյալ ընթացակարգի գնումների համակարգողի, իսկ անհնարինության դեպքում` պատվիրատուի ղեկավարի և (կամ) աշխատակազմի ղեկավարի հետ և վերջինիս տեղեկացնում է ստացված ահազանգի վերաբերյալ: Գնումների աջակցման կենտրոնն ստացված ահազանգի վերաբերյալ ծանուցում է նաև էլեկտրոնային փոստով` պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային հասցեի առկայության դեպքում.

3) պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնումների աջակցման կենտրոնին է տրամադրում ընթացակարգին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ստացված ահազանգի վերաբերյալ պատվիրատուի գրավոր կարծիքը.

4) եթե պատվիրատուի կողմից ընդունվում է կատարված խախտումը, և պատվիրատուն համաձայնում է անմիջապես վերացնել արձանագրված խախտումը, ապա արձանագրված խախտման և դրա վերացման մասին տեղեկատվությունը պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տրամադրում է գնումների աջակցման կենտրոնին.

5) եթե պատվիրատուն գտնում է, որ ահազանգված խախտումն առկա չէ,
ապա`

ա. մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում հավաստում խախտման բացակայության մասին, ինչպես նաև` տվյալ գնման ընթացակարգին վերաբերող բոլոր փաստաթղթերը.

բ. պահանջվող տեղեկատվությունն ստանալուց հետո գնումների աջակցման կենտրոնում հրավիրվում է քննարկում, որին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը.

գ. հրավիրված քննարկման վերաբերյալ կազմվում է արձանագրություն.

դ. քննարկման արդյունքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում արձանագրվելու դեպքում, գնումների աջակցման կենտրոնի պետի հանձնարարականով, գնումների աջակցման կենտրոնը բողոքարկման գործընթաց է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում.

ե. գնումների աջակցման կենտրոնի կողմից բողոքարկման խորհուրդ բողոքը ներկայացվում է գրավոր` գնումների աջակցման կենտրոնի պետի կողմից, որում ներառվում են պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը, բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան, գնումների աջակցման կենտրոնի կողմից արձանագրված խախտման առարկան և պահանջը, ահազանգող անձի պահանջը (եթե նման պահանջ առկա է), բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները, այլ անհրաժեշտ տեղեկություններ.

6) գնումների աջակցման կենտրոնի կողմից բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքը քննվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գնումների բողոքարկման խորհրդի գործունեության կարգով սահմանված ընթացակարգով:

(137-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

138. Լիազոր մարմնի և գնումների աջակցման կենտրոնի կողմից գնումների բողոքարկման խորհրդում բողոքարկման գործընթաց նախաձեռնվելու դեպքում բողոքարկման համար վճար չի կատարվում:

(138-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

139. Բողոքի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում գնումների բողոքարկման խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը:

(139-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

XII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

140. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումն իրավապարտադիր է և ենթակա է անվերապահ կատարման, եթե այն չի փոփոխվել կամ դատական կարգով անվավեր ճանաչվել:

(140-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

141. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման մասին տեղեկատվությունն այդ որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր ներկայացնում է գնումների աջակցման կենտրոն, որը գնումների աջակցման կենտրոնում հաշվառվում է:

(141-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

142. Գնումների աջակցման կենտրոնում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման վերաբերյալ հաշվառումն իրականացնում է տվյալ բողոքի պատասխանատուն (քարտուղարը)` այն գրանցելով էլեկտրոնային միասնական մատյանում:

(142-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

143. Հաշվառվում են հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.

3) արձանագրված խախտման առարկան և պահանջը.

4) բողոք բերող կամ ահազանգող անձի պահանջը (եթե նման պահանջ առկա է).

5) բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման համառոտ նկարագիրը.

6) պատվիրատուի կողմից բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները կատարվելու կամ չկատարվելու մասին տեղեկատվությունը:

(143-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

144. Բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները պատվիրատուի կողմից չկատարվելու դեպքում` գնումների աջակցման կենտրոնը դրա մասին հայտնի դառնալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է`

1) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք է.

2) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք չէ:

Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պատվիրատուի և (կամ) պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից նշված պարզաբանումը գնումների աջակցման կենտրոնին է տրամադրվում դրա մասին դիմումն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում` մանրամասն նշելով դրա չկատարման հանգամանքների, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց մասին տեղեկատվությունը, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով չի կատարվել գնումների բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումը:

Եթե տրամադրված պարզաբանման արդյունքում պարզվում է, որ գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չի կատարվել պատվիրատուի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, ապա գնումների աջակցման կենտրոնը նման տեղեկատվությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

(144-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

145. Սույն կարգի 144-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում` բողոքարկման խորհրդի կողմից ընդունված, սակայն չկատարված որոշումների մասին «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը:

(145-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

146. Բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացրած անձի կողմից բողոքի քննության ընթացքում բողոքը հետ վերցվելու դեպքում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել եզրակացություն` բողոքի քննման համար նախատեսված ժամկետներում:

(146-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

147. Գնումների բողոքարկման խորհրդի կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ որոշում ընդունվելու դեպքում` գնումների աջակցման կենտրոնը դրա մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Նման դեպքերում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է հրաժարվել բողոքարկման խորհրդի անունից դատարանում հանդես գալուց:

(147-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

XIII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

148. Լիազոր մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու նպատակով գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու դեպքում լիազորված մարմինը դիմում է գնումների աջակցման կենտրոնին` առաջարկելով ուսումնասիրել ներկայացված նյութերը և հիմքերի առկայության դեպքում կազմակերպել բողոքարկման գործընթաց:

Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար չկան բավարար հիմքեր, ապա գնումների աջակցման կենտրոնը` լիազորված մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ կազմում է եզրակացություն և ներկայացնում լիազորված մարմին:

Լիազորված մարմինը քննարկում է գնումների աջակցման կենտրոնի կողմից ներկայացված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ տրամադրված եզրակացությունը, համաձայնության դեպքում`

1) դադարեցնում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու նպատակով նախաձեռնած գործընթացը և տեղեկացնում դիմող պատվիրատուին.

2) հակառակ դեպքում գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում լիազորված մարմնի առարկությունները և պահանջում նախաձեռնել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու ընթացակարգը:

(148-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

149. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշման հիման վրա մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է`

1) 6 ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.

2) 6 ամսվանից մինչև մեկ տարի ժամկետով`

ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է,

բ. եթե օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ ընդունվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,

գ. եթե որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավելի հրաժարվել է պայմանագիր կնքելուց.

3) մեկ տարվանից մինչև մեկ տարի 6 ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի հնգապատիկը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.

4) մեկ տարի 6 ամսվանից մինչև 3 տարի ժամկետով, եթե մասնակցի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար.

5) 3 տարի ժամկետով`

ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը կամ սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը չի վերականգնվել մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը,

բ. եթե գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:

(149-րդ կետը լրաց. 18.04.13 N 372-Ն)

 

(հավելվածը  լրաց. 28.07.11 N 1057-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.09.12 N 1259-Ն, փոփ. 10.01.13 N 14-Ն, լրաց., խմբ., փոփ. 18.04.13 N 372-Ն, 05.09.13 N 950-Ն )

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 10-ի N 168-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

 հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է:

2. Կենտրոնի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Կենտրոնն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

5. Կենտրոնն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից: Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ: Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կենտրոնը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կենտրոնի պարտավորությունների համար:

6. Կենտրոնն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

7. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ և եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:

8. Կենտրոնի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` ԳԱԿ.

3) ռուսերեն լրիվ` Центр содействия закупок» государственная некоммерческая организация.

4) ռուսերեն կրճատ` ЦСЗ.

5) անգլերեն լրիվ` «Procurement sսppօrt center» non cօmmercial state organization.

6) անգլերեն կրճատ` PSC:

9. Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 54բ:

 

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Կենտրոնի հիմնական գործունեության առարկան և նպատակը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված`

1) գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է,

2) լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է:

11. Կենտրոնը, վճարովի հիմունքներով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում ու շարունակական վերապատրաստում.

2) գնումների բնագավառում մասնագիտական՝ ներառյալ իրավական խորհրդատվություն.

3) հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Հայսատանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն.

4) գնումների ընթացակարգերի կազմակերպում:

 

III. ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Կենտրոնը`

1) իրականացնում է գնումները համակարգողների մասնագիտական ուսուցումն ու շարունակական վերապատրաստումը.

2) տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն` պատվիրատուներին անվճար, իսկ մասնակիցներին և այլ անձանց` վճարովի.

3) գնահատում է մասնակիցների` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կնքում է շրջանակային համաձայնագրեր, կազմում և տեղեկագրում հրապարակում է`

ա. շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակը,

բ. գնումների նախաորակավորված հնարավոր մասնակիցների ցուցակը.

4) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.

5) կազմում և հրապարակում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային տեղեկատուներ, վերլուծում է գնումների մասին տվյալները և ներկայացնում եզրակացություններ.

6) ընտրանքային կարգով գնահատում է պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից: Գնահատման արդյունքները ներկայացվում են պատվիրատուներին և լիազորված մարմին.

7) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքման նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը.

8) հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհրդի քարտուղարություն`

ա. կազմակերպում է խորհրդի աշխատանքները,

բ. գնահատում է ստացված բողոքների (դիմումների) ամբողջականությունը և խորհուրդ է ներկայացնում եզրակացություն յուրաքանչյուր բողոքի վերաբերյալ,

գ. հրապարակում է խորհրդի որոշումները.

9) աջակցում է լիազոր մարմնին` գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման հարցում.

10) իրականացնում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Գնումների աջակցման կենտրոնի լիազորությունները սահմանվում են վերջինիս և լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրով:

 

IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Կենտրոնի հիմնադիրն ունի կենտրոնի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

15. Հիմնադրի լիազորություններն են`

1) կենտրոնի հիմնադրումը.

2) կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) կենտրոնի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

5) կենտրոնի կառավարման համակարգի սահմանումը.

6) կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.

7) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

16. Լիազորված պետական մարմինն իրականացնում է կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

2) կենտրոնի կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

3) կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

4) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

6) կենտրոնի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ստեղծումը.

7) կենտրոնի տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

 

V. ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Կենտրոնի սեփականությունը կարող է համալրվել հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով:

19. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

20. Հիմնադիրը կենտրոնին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:

21. Կենտրոնին հանձնված գույքի պահպանման հոգսը կրում է կենտրոնը:

22. Կենտրոնի սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

 

VI. ԿԵՆՏՐՈՆԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը: Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

24. Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

25. Հիմնադրի կողմից գույքը կենտրոնին ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

26. Հիմնադրի կողմից կենտրոնին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ կենտրոնի իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

 

VII. ԿԵՆՏՐՈՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Կենտրոնի եկամուտների աղբյուրներն են`

1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կնքված պայմանագրով նախատեսված լիազորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող վճարը.

2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` կենտրոնին փոխանցվող վճարները.

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ։

28. Կենտրոնի` սույն կանոնադրության 27-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված աղբյուրներից ստացված միջոցները (ոչ բյուջետային միջոցներ) հանդիսանում են կենտրոնի սեփական միջոցները:

29. Սույն կանոնադրության 27-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարի հաշվարկման և (կամ) հատկացման ժամանակ այդ վճարից կենտրոնի սեփական միջոցները չեն նվազեցվում:

30. Սույն կանոնադրության 11-րդ կետով սահմանված ձեռնարկատիրական գործունեությանը համապատասխան մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը սահմանվում է այդ ծառայությունների մատուցման պայմանագրով:

31. Սույն կանոնադրությամբ նախատեսված ոչ բյուջետային միջոցների`

1) համապատասխան մասն ուղղվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանձնաժողովի անդամների և տվյալ բողոքի քննության շրջանակում ներգրավվող փորձագետների (մասնագետների) վարձատրությանը, եթե վերջիններս վարձատրվում են,

2) և սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցների տարբերությունն ուղղվում է`

ա. էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկմանը և զարգացմանը` 50 տոկոսի չափով,

բ. կենտրոնի աշխատողների ֆինանսական խրախուսմանը` 30 տոկոսի չափով,

գ. կենտրոնի աշխատողների վերապատրաստմանը` 10 տոկոսի չափով,

դ. կենտրոնի կարողությունների զարգացմանը` 10 տոկոսի չափով:

32. Կենտրոնի գործունեությունը, ներառյալ կենտրոնի խնդիրների իրականացման հետ կապված աշխատանքները, լիազորված մարմնի ներքին աուդիտի կողմից ենթարկվում են աուդիտի` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

33. Կենտրոնի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

34. Կենտրոնը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:

 

VIII. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

35. Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` կենտրոնի պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

36. Կենտրոնի պետն օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության և կենտրոնի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

37. Կենտրոնի պետի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

38. Կենտրոնի պետի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

39. Կենտրոնի պետը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:

40. Կենտրոնի պետի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

41. Կենտրոնի պետը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

42. Կենտրոնի պետի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

43. Կենտրոնի պետը կարող է ունենալ տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կենտրոնի պետը: Տեղակալը փոխարինում է կենտրոնի պետին` նրա հանձնարարությամբ:

 

IX. ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

44. Կենտրոնի պետը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ու հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը` այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ, այդ թվում՝ իր և կենտրոնի աշխատողների գործուղումների վերաբերյալ, աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

7) սահմանում է կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) հաստատում է կենտրոնի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին.

9) նշանակում է կենտրոնի ներկայացուցչությունների ու մասնաճյուղերի ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.

10) օրենքով և կենտրոնի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) հաստատում է կենտրոնի տարեկան եկամուտների և ծախսերի ֆինանսական նախահաշիվը.

12) հաստատում է կենտրոնի աշխատողների հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը: Ընդ որում, կենտրոնի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են ոչ պակաս, քան Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների համակարգում գործող ծրագրեր իրականացնող բոլոր պետական հիմնարկների համապատասխան աշխատողների միջինացված պաշտոնային դրույքաչափերը.

13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

 

X. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

45. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

46. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

47. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

48. Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

49. Կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

50. Կենտրոնի լուծարման դեպքում կենտրոնի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 10-ի N 168-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԳՄԱ)

 

1. ԳՄԱ-ն կազմված է թվային դասակարգիչներից:

2. Հիմնական անվանացանկն ունի ծառի կառուցվածք և կազմված է մինչև ութ նիշ ունեցող ծածկագրերից, որոնք կապված են պայմանագրի առարկան հանդիսացող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը նկարագրող բառերի հետ: Թվային ծածկագիրը բաղկացած է 8 նիշից և բաժանված է հետևյալ կերպ`

1) առաջին երկու նիշերը ցույց են տալիս բաժինը (XX000000).

2) երրորդ նիշը ցույց է տալիս խումբը (XXX00000).

3) չորրորդ նիշը` դասը (XXXX0000).

4) հինգերորդ նիշը` դասակարգիչը (XXXXX000):

3. Վերջին երեք նիշերից յուրաքանչյուրը դասին պատկանող գնման առարկաների նկարագիրն ավելի է հստակեցնում:

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ

 

03000000

Գյուղատնտեսական, ֆերմերային տնտեսության, ձկնորսության, անտառային տնտեսության և դրանց հետ կապված արտադրանք

09000000

Նավթամթերք, վառելիք, էլեկտրականություն և էներգիայի այլ աղբյուրներ

14000000

Հանքարդյունաբերությանը վերաբերող արտադրանք, հիմնական մետաղներ և հարակից արտադրանք

15000000

Սննդամթերք, ըմպելիք, ծխախոտ և հարակից արտադրանք

16000000

Գյուղատնտեսական սարքավորումներ

18000000

Հագուստ, կոշկեղեն, ուղեբեռի հետ կապված առարկաներ և պարագաներ

19000000

Կաշի և կտորներ, պլաստմասսայե և կաուչուկից առարկաներ

22000000

Տպագիր նյութեր և հարակից արտադրանք

24000000

Քիմիական արտադրանք

30000000

Գրասենյակային և համակարգչային մեքենաներ, սարքավորումներ և նյութեր` բացառությամբ կահույքի և ծրագրային ապահովման

31000000

Էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ, սարքեր և սպառման առարկաներ, լուսավորություն

32000000

Ռադիո, հեռուստացուցային, հաղորդակցության, հեռահաղորդակցության և հարակից սարքեր

33000000

Բժշկական սարքեր, դեղեր և անձնական հիգիենայի պարագաներ

34000000

Տրանսպորտային սարքեր և օժանդակ տրանսպորտային ապրանքներ

35000000

Անվտանգության, հակահրդեհային, ոստիկանական և պաշտպանական սարքեր

37000000

Երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, խաղեր, խաղալիքներ, ձեռքի աշխատանքներ, կերպարվեստի նյութեր և պարագաներ

38000000

Լաբորատորիայի, օպտիկական և ճշգրիտ սարքեր (բացառությամբ ապակյա իրերի)

39000000

Կահույք (ներառյալ գրասենյակային կահույքը), կահավորանք, կենցաղային տեխնիկա (բացառությամբ` լուսավորության) և մաքրման համար նախատեսված արտադրանք

41000000

Հավաքած և զտված ջուր

42000000

Արդյունաբերական սարքավորումներ

43000000

Հանքարդյունաբերության, քարի արդյունահանման, շինարարական սարքեր

44000000

Շինարարական կառույցներ և նյութեր, շինարարության օժանդակ արտադրանք (բացառությամբ էլեկտրական սարքավորումների)

45000000

Շինարարական աշխատանքներ

48000000

Համակարգչային ծրագրային փաթեթներ և տեղեկատվական համակարգեր

50000000

Վերանորոգման և պահպանման ծառայություններ

51000000

Տեղադրման ծառայություններ (բացառությամբ ծրագրային փաթեթների)

55000000

Հյուրանոցային, ռեստորանային և մանրածախ առևտրի ծառայություններ

60000000

Փոխադրման ծառայություններ (բացառությամբ թափոնների փոխադրման)

63000000

Փոխադրման օժանդակ ծառայություններ, զբոսաշրջային գործակալությունների ծառայություններ

64000000

Փոստային և հեռահաղորդակցման ծառայություններ

65000000

Կոմունալ ծառայություններ

66000000

Ֆինանսական և ապահովագրական ծառայություններ

70000000

Անշարժ գույքի հետ կապված ծառայություններ

71000000

Ճարտարապետական, շինարարական, ինժեներական և տեսչական ծառայություններ

72000000

ՏՏ-ի ծառայություններ, խորհրդատվություն, ծրագրային փաթեթների մշակում, համացանց և օժանդակություն

73000000

Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ

75000000

Վարչական, պաշտպանության և սոցիալական անվտանգության ծառայություններ

76000000

Նավթի և գազի արդյունաբերությանն առնչվող ծառայություններ

77000000

Գյուղատնտեսական, անտառային տնտեսության, այգեգործական, ջրային կուլտուրաների և մեղվապահության ծառայություններ

79000000

Գործարարության հետ կապված ծառայություններ, իրավաբանություն, շուկայաբանություն, խորհրդատվություն, աշխատողների համալրում, տպագրություն և անվտանգություն

80000000

Կրթական և վերապատրաստման ծառայություններ

85000000

Առողջապահության ոլորտում իրականացվող և սոցիալական ծառայություններ

90000000

Կոյուղու հետ կապված, թափոնների, մաքրման և բնապահպանական ծառայություններ

92000000

Ժամանցի, մշակութային և սպորտային ծառայություններ

98000000

Այլ համայնքային, սոցիալական և անհատական ծառայություններ

99000000

Գնում չհանդիսացող ծախսեր

(հավելվածը լրաց. 05.09.13 N 950-Ն)