Գլխավոր տեղեկություն
Համար
N 733-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.19/39(979) Հոդ.715
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 733-Ն

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԹԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԹԵՍՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ժա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության ու հետազոտության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել`

1) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

2) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կատարված խորհրդատվության և հետազոտության աշխատանքների մասին հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի.

3) կալանավորված անձի կամ դատապարտյալի արյան մեջ ՄԻԱՎ վարակի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման նպատակով արյան հետազոտության ուղեգրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 733-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԹԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԹԵՍՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած վարակի (այսուհետ` ՄԻԱՎ վարակ) առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության ու հետազոտության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության խնդիրներն ու նպատակներն են`

1) ՄԻԱՎ վարակի տարածման կանխարգելումը.

2) կալանավորված անձանց և դատապարտյալներին ՄԻԱՎ վարակի մասին տեղեկատվության տրամադրումը.

3) ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերումը, ՄԻԱՎ վարակով հիվանդների արդյունավետ վարման կազմակերպումը և բուժումը.

4) ՄԻԱՎ վարակի կանխարգելման նպատակով անվտանգ վարքագծի ուսուցանումը.

5) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախաթեստային (նախքան հետազոտությունը տրամադրվող խորհրդատվություն) և հետթեստային (հետազոտությունից հետո տրամադրվող խորհրդատվություն) խորհրդատվության անցկացումը.

6) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության անցկացումը:

3. Քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողների կողմից ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունը և հետազոտությունն առաջարկվում է բոլոր այն կալանավորված անձանց և դատապարտյալներին, ովքեր ունեն գանգատներ, ախտանշաններ կամ ախտաբանական վիճակներ, որոնք կարող են պայմանավորված լինել ՄԻԱՎ վարակով, ինչպես նաև` կլինիկական ցուցում ունեցող բոլոր հիվանդությունների և վիճակների դեպքերում:

4. Սույն կարգի իմաստով ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության կլինիկական ցուցում ունեցող հիվանդություններն են ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի ինդիկատորային հիվանդությունները, ինչպես նաև սույն կարգում նշված այլ հիվանդություններ և վիճակներ:

5. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության կլինիկական ցուցում համարվող ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի ինդիկատորային հիվանդություններն են՝

1) արգանդի վզիկի քաղցկեղը.

2) ոչ հոջկինյան լիմֆոման.

3) Կապոշիի սարկոման.

4) տուբերկուլյոզը` թոքային կամ արտաթոքային.

5) ատիպիկ միկոբակտերիոզը` դիսեմինացված կամ արտաթոքային.

6) միկոբակտերիաների այլ կամ չդիֆերենցված տեսակներով հարուցված վարակը` դիսեմինացված կամ արտաթոքային.

7) թոքաբորբը` կրկնվող (12 ամսվա ընթացքում 2 կամ ավելի անգամ).

8) սալմոնելային սեպտիցեմիան` կրկնվող.

9) ցիտոմեգալովիրուսային ռետինիտը.

10) ցիտոմեգալովիրուսով պայմանավորված այլ հիվանդություններ (բացառությամբ լյարդի, փայծաղի, ավշային հանգույցների).

11) հասարակ հերպես վիրուսային վարակը, մեկ ամսվանից ավելի տևող խոցը (խոցեր), բրոնխիտը, թոքաբորբը.

12) հարաճող բազմօջախային լեյկոէնցեֆալոպաթիան.

13) գլխուղեղի տոքսոպլազմոզը.

14) կրիպտոսպորիդիոզային լուծը` ավելի քան մեկ ամիս.

15) իզոսպորիոզը` ավելի քան մեկ ամիս.

16) ատիպիկ դիսեմինացված լեյշմանիոզը.

17) ամերիկյան տրիպանասոմոզի ռեակտիվացումը (մենինգոէնցեֆալիտ կամ միոկարդիտ).

18) պնևմոցիստային թոքաբորբը.

19) կանդիդոզային էզոֆագիտը.

20) կանդիդոզը` շնչափողի, բրոնխների, թոքերի.

21) կրիպտոկոկոզը` արտաթոքային.

22) հիստոպլազմոզը` դիսեմինացված, արտաթոքային.

23) կոկցիդիոիդոմիկոզը` դիսեմինացված, արտաթոքային.

24) պենիցիլիոզը` դիսեմինացված:

6. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության կլինիկական ցուցում համարվող այլ հիվանդություններն ու վիճակներն են՝

1) սեռական ճանապարհով փոխանցվող վարակները.

2) վիրուսային հեպատիտ Բ-ն կամ Ց-ն (սուր կամ քրոնիկ).

3) չարորակ լիմֆոման.

4) ուղիղ աղիքի քաղցկեղը կամ դիսպլազիան.

5) արգանդի վզիկի դիսպլազիան.

6) գոտևորող որքինը.

7) մոնոնուկլեոզանման հիվանդությունը.

8) անբացատրելի լեյկոցիտոպենիան կամ թրոմբոցիտոպենիան` ավելի քան 4 շաբաթ.

9) սեբորեային դերմատիտը, էկզանթեման.

10) ինվազիվ պնևմոկոկային հիվանդությունը.

11) անբացատրելի տենդը.

12) կանդիդեմիան.

13) վիսցերալ լեյշմանիոզը.

14) թոքերի առաջնային քաղցկեղը.

15) լիմֆոցիտային մենինգիտը.

16) բերանի խոռոչի մազավոր լեյկոպլակիան.

17) ծանր կամ ատիպիկ փսորիազը.

18) Գիյեն-Բարրեի համախտանիշը.

19) մոնոնևրիտը.

20) ենթակեղևային դեմենցիան.

21) տարածուն սկլերոզանման հիվանդությունը.

22) պերիֆերիկ նեյրոպաթիան.

23) քաշի անբացատրելի կորուստը.

24) անբացատրելի լիմֆադենոպաթիան.

25) անբացատրելի օրալ կանդիդոզը.

26) անբացատրելի քրոնիկ լուծը.

27) երիկամների անբացատրելի քրոնիկ ախտահարումը.

28) վիրուսային հեպատիտ Ա-ն.

29) արտահիվանդանոցային թոքաբորբը.

30) կանդիդոզը.

31) գլխուղեղի առաջնային ծավալուն ուռուցքը.

32) իդիոպաթիկ, թրոմբոցիտային թրոմբոցիտոպենիկ պուրպուրան.

33) ագրեսիվ իմունասուպրեսիվ բուժում պահանջող վիճակները՝ քաղցկեղ, փոխպատվաստում, աուտոիմուն հիվանդություններ, որոնք պահանջում են իմունասուպրեսիվ բուժում.

34) ներարգանդային տոքսոպլազմային վարակը.

35) լիստերիոզը.

36) հարականջային թքագեղձերի անբացատրելի պերսիստվող մեծացումը.

37) տարածուն միաձուլվող կոնդիլոմաները.

38) անախտանիշ լիմֆոիդ ինտերստիցիալ թոքաբորբը:

7. Հղի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին առաջարկվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության անցկացում` հղիության փաստը հաստատվելուց անմիջապես հետո` երկօրյա ժամկետում:

 

II. ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԹԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԹԵՍՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

8. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն իրականացվում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում՝ պահպանելով խորհրդատվության և հետազոտության տվյալների գաղտնիությունը:

9. Քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն իրականացնում են քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների բժիշկները (այսուհետ` ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատող):

10. ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողի գործառույթներն են`

1) նախաթեստային խորհրդատվության տրամադրումը.

2) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ արյուն վերցնելու գործընթացի կազմակերպումը.

3) հետթեստային խորհրդատվության տրամադրումը.

4) խորհրդատվությունների հաշվառման մատյանի վարումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 733-Ն որոշման N 2 հավելվածի ձևի.

5) կատարված աշխատանքի մասին եռամսյակային հաշվետվությունների կազմումը և ներկայացումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 733 -Ն որոշման N 3 հավելվածի ձևի։

11. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունը բաղկացած է երեք հաջորդական փուլից`

1) նախաթեստային խորհրդատվություն.

2) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն.

3) հետթեստային խորհրդատվություն:

12. Նախաթեստային խորհրդատվությունը տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն անցնող բոլոր կալանավորված անձանց և դատապարտյալներին (այսուհետ` հետազոտվող): Որևէ պատճառով նախաթեստային խորհրդատվությունից հետազոտվողի հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանալ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն չանցկացնելուն:

13. Նախաթեստային խորհրդատվությունը ներառում է`

1) հետազոտվողի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու վտանգի աստիճանի գնահատումը.

2) հետազոտվողին ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն անցնելու անհրաժեշտության, դրա կլինիկական և կանխարգելիչ նշանակության պարզաբանումը.

3) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության ընթացակարգը (ինչպես է կատարվում հետազոտությունը) և հնարավոր պատասխանների (դրական կամ բացասական) նշանակության պարզաբանումը.

4) «պատուհանի շրջանի» (այն ժամանակահատվածն է, երբ ՄԻԱՎ-ով վարակված մարդու օրգանիզմում արտադրված հակամարմինները բավարար չեն արյան լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվելու համար) և կարիքի դեպքում կրկնակի հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին տեղեկացումը.

5) վարակման վտանգի նվազեցման ուղիների վերաբերյալ պարզաբանումը.

6) հետազոտությունից հրաժարվելու իրավունքի մասին տեղեկացումը.

7) հետազոտության փաստի և դրա արդյունքների գաղտնիության պահպանումը.

8) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին տեղեկացված համաձայնություն ստանալը.

9) հետազոտվողի կողմից տրված հարցերին պատասխան տրամադրելը.

10) հետագա գործողությունների պլանավորումը:

14. Բացի սույն կարգի 13-րդ կետում նշված միջոցառումներից` նախաթեստային խորհրդատվությունը հղիների և նրանց համար, ովքեր պլանավորում են երեխա ունենալ, պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝

1) ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման վտանգը, ուղիները և հավանականությունը.

2) մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման միջոցառումները` ներառյալ հակառետրովիրուսային կանխարգելումն ու նորածնի կերակրման հարցերով խորհրդատվությունը.

3) մոր մոտ ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշման նշանակությունը նորածնի համար:

15. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն անցնելուց առաջ ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողը հետազոտվողին պետք է տրամադրի լիարժեք տեղեկատվություն, այն է` նախաթեստային խորհրդատվության ժամանակ հետազոտվողին բացատրվում են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության բոլոր հետևանքները` թե՛ դրական, թե՛ բացասական:

16. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունն անցկացվում է հետազոտվողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում: Առանց համաձայնության ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն կարող է իրականացվել միայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված դեպքերում: Նման դեպքերում հետազոտության վերաբերյալ որոշումը կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

17. Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է հրաժարվել ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողի առաջարկած հետազոտությունից: ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունից հրաժարվելը հիմք չէ բուժաշխատողների կողմից բժշկական օգնության և սպասարկման տրամադրումից հրաժարվելու կամ դրանց որակի նվազեցման կամ գաղտնիության խախտման համար:

18. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունից հրաժարվելու փաստը ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողի կողմից արձանագրվում է կալանավորված անձի կամ դատապարտյալի բժշկական փաստաթղթերում` ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում:

19. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության համար հետազոտվողի երակից վերցվում է 3-5 մլ արյուն, որը լցվում է մանրէազերծված կամ միանվագ օգտագործման անոթի մեջ, որը պահվում է սենյակային ջերմաստիճանում` մինչև 12 ժամ, իսկ սառնարանում՝ 40C-80C ջերմաստիճանի պայմաններում` մեկ օր: Անջատված շիճուկը կարող է պահվել 40C-80C ջերմաստիճանի պայմաններում` առավելագույնը 7 օր:

20. Արագ թեստերով հետազոտությունների համար հնարավոր է օգտագործել մատից վերցված արյուն, որը պահպանման ենթակա չէ:

21. Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության համար հավաքագրված արյան փորձանմուշների հետազոտությունը պայմանագրային հիմունքներով իրականացվում է տվյալ մարզի տարածքում գործող ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն կատարող լաբորատորիաներում` բացառությամբ այն դեպքերի, երբ մարզի տարածքում նման հետազոտություն իրականացնող լաբորատորիան բացակայում է: Նման դեպքում արյան փորձանմուշները հետազոտության համար ուղարկվում են «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

22. Երևան քաղաքում տեղակայված քրեակատարողական հիմնարկների տարածքում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության համար հավաքագրված արյան փորձանմուշների հետազոտությունն իրականացվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:

23. Արյան (շիճուկ) փորձանմուշները լաբորատորիա կամ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ուղարկվում ուղեգրով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 733 -Ն որոշման N 4 հավելվածի ձևի:

24. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն կատարող լաբորատորիա կամ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն արյան (շիճուկ) տեղափոխման գործընթացը կազմակերպում և վերահսկում է այն քրեակատարողական հիմնարկի պետը, որտեղ կատարվել է արյան նմուշառումը:

25. Արյան (շիճուկ) փորձանմուշները ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն կատարող լաբորատորիա են տեղափոխվում կափարիչներով փակվող, ախտահանման ենթարկվող սառնարան-պայուսակներով (40C-80C ջերմաստիճան):

26. Արյան (շիճուկ) փորձանմուշները պետք է տեղափոխվեն ռետինե խցանով հերմետիկ փակված և պոլիէթիլենային թաղանթով փաթաթված անոթներով ու սրվակներով: Խստիվ արգելվում է փորձանմուշների համար լրացված ուղեգրերը դնել տեղափոխման համար նախատեսված տարողությունների մեջ:

27. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության արդյունքները տրամադրվում են անմիջականորեն ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողին:

28. Հետթեստային խորհրդատվությունը տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն անցած բոլոր անձանց:

29. Հետթեստային խորհրդատվությունը պետք է անցկացնի ՄԻԱՎ վարակի հարցերով այն բուժաշխատողը, ով առաջարկել է անցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և հետթեստային խորհրդատվություն` բացառությամբ այն դեպքերի, երբ նրա մասնակցությունը հետազոտությանը հնարավոր չէ ապահովել (գործուղում, արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն, աշխատանքից ազատված լինելը): Հետթեստային խորհրդատվության բովանդակությունը կախված է հետազոտության դրական կամ բացասական արդյունքից:

30. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության բացասական արդյունքի դեպքում տրամադրվող հետթեստային խորհրդատվության ժամանակ ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողը՝

1) հետազոտողին հայտնում է հետազոտության արդյունքը.

2) հավաստիանում է, որ հետազոտվողը հասկանում է ստացված պատասխանի նշանակությունը.

3) հետազոտվողին կրկին տեղեկացնում է «պատուհանի շրջանի» գոյության մասին և առաջարկում անցնել կրկնակի հետազոտություն` կախված հնարավոր վարակման ժամկետներից.

4) հետազոտվողին տրամադրում է տեղեկություններ ՄԻԱՎ վարակի կանխարգելման ուղիների և վարակից պաշտպանվելու միջոցների ու անվտանգ վարքագծի մասին:

31. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքի դեպքում տրամադրվող հետթեստային խորհրդատվության ժամանակ ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողը`

1) հասկանալի ձևով բացատրում է հետազոտության դրական արդյունքի նշանակությունը և այդ լուրն ընկալելու համար նրան տալիս է ժամանակ.

2) հավաստիանում է, որ հետազոտվողը հասկանում է, թե ինչ է հետազոտության դրական արդյունքը.

3) օգնում է հաղթահարելու հետազոտության արդյունքով պայմանավորված սթրեսը.

4) բացատրում է հետագա դիսպանսերային հսկողության կարգը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բուժման, խնամքի և աջակցության առկա հնարավորություններին.

5) տրամադրում է հիմնական տեղեկություններ ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման ուղիների և միջոցների մասին, ծանոթացնում դրանց օգտագործման կանոններին.

6) տրամադրում է հիմնական տեղեկություններ առողջության պահպանմանն ուղղված այլ միջոցների մասին (օրինակ` լիարժեք սնունդ, ֆիզիկական ակտիվություն, սթրեսի հաղթահարում, օրգանիզմի համար վնասակար սովորություններից հրաժարում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և այլն).

7) քննարկում է հետազոտության արդյունքն այլ մարդկանց հայտնելու հնարավորությունները` ու՞մ, ե՞րբ և ինչպե՞ս.

8) կալանավորված անձանց և դատապարտյալների զուգընկերներին ու երեխաներին առաջարկում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատվություն.

9) գնահատում է կալանավորված անձի կամ դատապարտյալի ինքնավնասում կամ ինքնասպանություն կատարելու վտանգը և քննարկում հետազոտվողի հետ նրա ֆիզիկական անվտանգության ապահովման հնարավոր քայլերը.

10) բացատրում է ՄԻԱՎ-ով վարակված անձի` օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները.

11) տրամադրում է տեղեկություններ ՄԻԱՎ վարակի բուժում, խնամք և աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասին.

12) պատասխանում է հետազոտվողի հարցերին.

13) պլանավորում է հետագա գործողությունները:

32. ՄԻԱՎ վարակի նկատմամբ հետազոտության դրական արդյունքի դեպքում հղիների հետթեստային խորհրդատվության ընթացքում անհրաժեշտ է քննարկել նաև հետևյալ հարցերը՝

1) ծննդաբերության պլանավորում.

2) հակառետրովիրուսային դեղերի կիրառում` հղի կնոջ մոտ ՄԻԱՎ վարակով պայմանավորված ցուցումների առկայության դեպքում և մորից երեխային վարակի փոխանցման կանխման նպատակով.

3) ՄԻԱՎ-ով վարակված հղի կնոջ սննդակարգը, նորածնի կերակրման այլընտրանքային տարբերակները.

4) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նորածնի հետազոտություն, հակառետրովիրուսային դեղերի կիրառում և նրա հետագա դիսպանսերային հսկողության կարգը.

5) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ զուգընկերոջ հետազոտության հետ կապված հարցերը:

33. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության պարբերականությունը կախված է անձի` վարակման վտանգի ենթարկվելու աստիճանից, որը գնահատվում է ՄԻԱՎ վարակի հարցերով բուժաշխատողի կողմից: Կրկնակի հետազոտությունն անկացվում է նվազագույնը 6-12 ամիսը մեկ անգամ, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կրկնակի հետազոտություն և խորհրդատվություն առաջարկվում է բոլոր այն դեպքերում, երբ կասկածներ կան նախկինում անցած հետազոտության կամ դրա արդյունքների հավաստիության վերաբերյալ:

34. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունը չի փոխարինում վարակի կանխարգելման միջոցառումներին:

35. ՄԻԱՎ վարակի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 733-Ն որոշման

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հերթական համարը

Ազգանունը, անունը, հայրանունը

Սեռը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ծածկագիրն ըստ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության
անցկացման հաշվետվության ձևի

Քաղաքացիությունը

Նախաթեստային խորհրդատվության անցկացման օրը, ամիսը, տարեթիվը

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու օրը ամիսը, տարեթիվը

Հետթեստային խորհրդատվության օրը, ամիսը, տարեթիվը

Այլ նշումներ

 

 

 

                 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 733-Ն որոշման

 

 Ձև

 _____________________________________________________________

(քրեակատարողական հիմնարկի անվանումը)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կատարված խորհրդատվության ԵՎ հետազոտության աշխատանքների մասին

 

 _____________ եռամսյակ 20 թ.

Ծածկագիրը

Հետազոտված կալանավորված անձանց և դատապարտյալների խումբը

Անցկացված խորհրդատվությունները

ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտվածների թիվը

նախաթեստային խորհրդատվություն

հետթեստային խորհրդատվություն

իգական

արական

1

2

3

4

5

6

101.

Սեռական հարաբերություն ունեցածներ, այդ թվում՝

       

101.1.

ՄԻԱՎ վարակ ունեցողի կամ շճադրականի հետ

       

101.2.

ՄԻԱՎ-ով վարակվածության վերաբերյալ հստակ տվյալներ չունեցող անձի հետ

       

102.

Թմրամիջոցների ներարկային օգտագործողներ

       

103.

Համասեռամոլներ և բիսեքսուալներ

       

104.

Սեռավարակներ ունեցողներ

       

105.

Կոմերցիոն սեռական ծառայություն տրամադրողներ

       

106.

Միգրանտներ

       

109.

Հղիներ, այդ թվում՝

       

109.1.

 15 – 24 տարեկան

       

109-Ա.

Հղիության ընդհատման համար դիմած կանայք

       

110.

Արյան կամ օրգանի ռեցիպիենտներ

       

111.

Զինծառայողներ

       

113.

Կլինիկական ցուցումներով հետազոտված մեծահասակներ, այդ թվում՝

       

113.1.

 Տուբերկուլյոզով հիվանդներ

       

113.2.

 Հեպատիտ Ց-ով հիվանդներ

       

113.3.

 Հեպատիտ Բ-ով հիվանդներ

       

113.4.

 Այլ կլինիկական ցուցումներով հետազոտված
 մեծահասակներ

       

115.

ՄԻԱՎ վարակով հիվանդի կամ ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական անձի հետ ոչ մասնագիտական շփում ունեցածներ

       

117.

Այլ

       

Պետ

_____________ _______________
   (ստորագրությունը)  (ազգանունը, անունը)
     

Կատարող

_____________ _______________
   (ստորագրությունը)  (ազգանունը, անունը)

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 733-Ն որոշման

 

Ձև

 

ու ղ ե գ Ի Ր

 

կալանավորված անձի կամ դատապարտյալի արյան մեջ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ նկատմամբ հակամարմինների հայտնաբերման նպատակով արյան հետազոտության

 

Քրեակատարողական հիմնարկի անվանումը

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Սեռը

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

Ծածկագիրը

Արյուն վերցնելու օրը

Կլինիկական ախտորոշումը

Հետազոտության պատասխանը

               
               
               
               
               

Քրեակատարողական հիմնարկի պետ

_____________ _______________
   (ստորագրությունը)  (ազգանունը, անունը)

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան