Գլխավոր տեղեկություն
Համար
N 716-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.19/39(979) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2013 թվականի N 716-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների արտադրության կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր) տալու կարգը հաստատելու մասին» N 1371-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիչներ արտադրելու համար կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչի վրա ամրագրման ենթակա հեղինակային իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի և հարակից իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի (այսուհետ դրանցից յուրաքանչյուրը նաև` օբյեկտ) իրավատիրոջ հետ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված պահանջներին համապատասխան կնքված պայմանագրի պատճենը:».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այն դեպքում, երբ կրիչների արտադրությունը պայմանավորված է արդեն ամրագրված օբյեկտի (օբյեկտների) վերարտադրությամբ, կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է՝

1) եթե վերարտադրման ենթակա է ամրագրված հնչյունագիր (ֆոնոգրամ)՝ դրա նկատմամբ հարակից իրավունքի իրավատիրոջ (հնչյունագրի առաջին ամրագրող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է հարակից իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը՝ իր ամրագրած հնչյունագիրը վերարտադրելու մասին` համաձայն օրենքի 47-րդ հոդվածի.

2) եթե վերարտադրման ենթակա է ֆիլմ կամ տեսալսողական այլ ստեղծագործություն՝ դրա իրավատիրոջ (առաջին ամրագրման արտադրող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է համապատասխան ֆիլմի կամ տեսալսողական այլ ստեղծագործության նկատմամբ իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը՝ տվյալ ֆիլմը կամ տեսալսողական այլ ստեղծագործությունը վերարտադրելու մասին` համաձայն օրենքի 49-րդ հոդվածի.

3) եթե վերարտադրման ենթակա է հեղինակային իրավունքի ամրագրված այլ օբյեկտ (օրինակ՝ համակարգչային ծրագիր, խաղ)՝ դրա իրավատիրոջ (հեղինակ կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է տվյալ օբյեկտի նկատմամբ հեղինակային իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը՝ հեղինակային իրավունքի ամրագրված այլ օբյեկտը վերարտադրելու և տարածելու մասին` համաձայն օրենքի 35-րդ հոդվածի.

4) եթե վերարտադրման ենթակա է ամրագրված տվյալների բազա կամ դրա էական մաս՝ տվյալների բազայի իրավատիրոջ (տվյալների բազա պատրաստող կամ այլ անձ, որին օրենքով սահմանված կարգով փոխանցվել կամ անցել է հարակից իրավունքը) հետ կնքված թույլտվության պայմանագրի պատճենը՝ տվյալների բազան, կամ համապատասխան դեպքում՝ դրա էական մասը վերարտադրելու և տարածելու մասին` համաձայն օրենքի 59-րդ հոդվածի.

5) եթե սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված կրիչներ արտադրող սուբյեկտը նաև վերարտադրման ենթակա օբյեկտի իրավատերն է, ապա համապատասխան պայմանագրի պատճենի փոխարեն դիմումին կից ներկայացնում է հայտարարագիր այն մասին, որ տվյալ օբյեկտի նկատմամբ օրենքով սահմանված բացառիկ իրավունքը պատկանում է իրեն։».

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ամրագրված օբյեկտների կրիչները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար կրիչներ ներմուծող սուբյեկտը դիմումին կից ներկայացնում է տվյալ կրիչներն արտադրողի կամ այդ կրիչները վաճառողի հետ կնքված պայմանագրի կամ համապատասխան հաշիվ-ապրանքագրի պատճենը։».

4) 7-րդ կետում «այն ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում`» բառերը փոխարինել «այն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում`» բառերով:

2. Մինչև 2012 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, սակայն չդրոշմավորված և չիրացված կրիչների (այսուհետ` չիրացված կրիչներ) քանակությունն արձանագրելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են չիրացված կրիչների գույքագրում` կազմելով համապատասխան արձանագրություն:

3. Չիրացված կրիչների համար հսկիչ դրոշմապիտակներ տրամադրելու համար արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանքը տրվում է գործակալություն ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում են`

1) դիմումատուի հայտարարությունն այն մասին, որ կրիչները տնտեսական շրջանառության մեջ են դրվում առանց համապատասխան իրավատերերի հեղինակային և հարակից իրավունքների խախտման.

2) սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով կատարված գույքագրման արդյունքում կազմված արձանագրության պատճենը:

4. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն դիմումները կարող են ներկայացվել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան