Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.19/32(972).1 Հոդ.587.30
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/3932/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3932/05/09

2013 թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Բաբայան

Դատավորներ՝   

Հ. Բեդևյան
 

Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի ապրիլի 05-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Մարգարյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի 22.07.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Մարգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 22.07.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը։

ՀՀ վարչական դատարանի 01.04.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.06.2011 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 01.04.2011 թվականի վճիռը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2012 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.03.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 51-րդ, 139-րդ, 197-րդ և 198-րդ հոդվածները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 14-րդ, 17-րդ և 32-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հայկ Մարգարյանի կողմից ցուցաբերվել է անգործություն: Վերջինս, 13.06.2009 թվականից տեղյակ լինելով մաքսային ձևակերպումների մաքսային հսկողության ապրանքի արտահանման և վրացական կողմի հետ վարվող բանակցությունների ողջ գործընթացին, կարող էր դիմել մաքսային մարմիններին` խնդրելով թույլատրել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքի նկատմամբ կատարել որոշակի գործողություններ: Սակայն նշված ժամանակահատվածում մաքսային մարմնին որևէ դիմում չի ներկայացվել, չի կատարվել որևէ գործողություն ինչպես կենդանի մնացած ճտերի, այնպես էլ շրջապատի անվտանգության ապահովման համար: Հայկ Մարգարյանը, 2003 թվականից կատարելով «Փյունիկ տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) մաքսային գործարքները, քաջատեղյակ է եղել գործող մաքսային օրենսդրությանը և մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ կատարվող գործողությունների սահմանափակ շրջանակին: Հետևաբար նա պարտավոր էր կանխատեսել, որ առանց մաքսային մարմնի թույլտվության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքը` տվյալ դեպքում մեկ օրական ճտերը, բեռնաթափելն առաջացնում է ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Մարգարյանը 13.06.2009 թվականին թիվ C-12792 բեռնամաքսային հայտարարագրով «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպել է 23.500 հատ 940 կգ ընդհանուր քաշով 7.991.401 ՀՀ դրամ մաքսային արժեքով մեկ օրական կենդանի ճտեր, որոնք պետք է արտահանվեին Վրաստանի Հանրապետություն (հատոր 1-ին, գ.թ. 30):

2. Կոմիտեի հետաքննության վարչությունում 16.07.2009 թվականին տրված բացատրությամբ Հայկ Մարգարյանը հայտնել է, որ 18.05.2009 թվականի պայմանագրի համաձայն` Արարատյան տարածաշրջանային մաքսատանը 13.06.2009 թվականի թիվ C-12792 բեռնամաքսային հայտարարագրով ձևակերպել են 23.500 հատ 940 կգ քաշով 7.991.401 ՀՀ դրամ մաքսային արժեքով մեկ օրական ճտեր «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, պատվիրատուն 21.06.2009 թվականին վերջնականապես հրաժարվել է ճտերն ընդունելուց, ինչի արդյունքում դրանք բոլորը սատկել են, սատկած վիճակում ընկերության գործունեության տարածքից տեղափոխվել են աղբանոց, որտեղ բեռնաթափվել և ոչնչացվել են, իսկ 22.06.2009 թվականին դիմել է Կոմիտե թիվ C-12792 բեռնամաքսային հայտարարագիրն անվավեր ճանաչելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 33-35)։

3. Համաձայն 22.06.2009 թվականի տեղեկանքի` «Փյունիկ» ՍՊԸ-ն կուտակված աղբը թափել է Ստեփանավանի աղբակայան (հատոր 1-ին, գ.թ. 37)։

4. Կոմիտեի հետաքննության վարչության պետի 22.07.2009 թվականի որոշմամբ Հայկ Մարգարյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով և տուգանվել 3.995.700 ՀՀ դրամով, մաքսային հսկողության ներքո գտնվող և առանց մաքսային մարմնի թույլտվության բեռնաթափած 23.500 հատ, 940 կգ ընդհանուր քաշով մեկ օրական կենդանի ճտերի մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով (հատոր 1-ին, գ.թ. 6-8)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի սահմաններում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե որ գործողությունները կարող են որակվել որպես մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ոչնչացում և որոնք` բեռնաթափում:

ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները, ըստ մաքսային ռեժիմների, մաքսային հսկողության տակ են գտնվում` «արտահանում` ազատ շրջանառության համար» և «վերաարտահանում» ռեժիմների դեպքում` մաքսային մարմնում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 139.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` արգելվում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը կամ ոչնչացնելը, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը, կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցները փոխելը: Նույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները և տրանսպորտային միջոցները կորցնելու դեպքում անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումն առանց մաքսային մարմնի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով։

ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով։

Համադրելով վերը նշված հոդվածները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է երկու տարբեր զանցակազմեր, որոնք օբյեկտիվ կողմով արտահայտվում են տարբեր գործողությունների կատարմամբ: Մասնավորապես, ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված զանցանքը դրսևորվում է այնպիսի գործողությունների կատարմամբ, որոնք առնչվում են ուղղակիորեն ապրանքին որպես գույքային միավորի և չեն որոշում դրա ճակատագիրը: Նման գործողությունների արդյունքում գույքը շարունակում է գտնվել անձի փաստացի տիրապետման ներքո: Մինչդեռ նույն օրենսգրքի 198-րդ հոդվածում ամրագրված արարքը կատարվում է այնպիսի գործողություններով, որոնցով որոշվում է մաքսային հսկողության ներքո գտնվող գույքի ճակատագիրը: Այլ կերպ ասած` ապրանքները և տրանսպորտային միջոցները դուրս են գալիս անձի փաստացի տիրապետումից: Այդպիսիք են ապրանքների հանձնումն այլ անձի, ապրանքի օտարմանն ուղղված գործարքների կնքումը, դրանք ոչնչացնելը կամ կորցնելը: Նշված գորողություններից ոչնչացումը պետք է դիտել որպես անձի կողմից կատարված գործողության ուղղակի հետևանք: Օրենսդիրը նշված եզրույթի օգտագործմամբ ընդգծել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների ոչնչացման մեջ անձի մասնակցության հանգամանքը: Այլ կերպ` ապրանքի ոչնչացումը պետք է ներառվի անձի դիտավորության մեջ: Հետևաբար այն դեպքերում, երբ ապրանքների ոչնչացումը դիտավորությամբ կատարված արարքի հետևանք չէ կամ այդ արարքը կատարվել է անզգուշությամբ, ապա բացակայում է ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված զանցակազմը:

Տվյալ դեպքում որպես Հայկ Մարգարյանի կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ոչնչացման փաստ Կոմիտեի կողմից գնահատվել է 23.500 հատ 940 կգ ընդհանուր քաշով մեկ օրական ճտերի սատկելու հանգամանքը։ Գնահատելով նշված փաստը վերը նշված մեկնաբանության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 23.500 հատ 940 կգ ընդհանուր քաշով մեկ օրական ճտերը ոչ թե ոչնչացվել են Հայկ Մարգարյանի կողմից, այլ դրանք սատկել են` տեղափոխման, տվյալ ապրանքատեսակի պահպանման համար անհրաժեշտ տեխնոլոգիական կանոնների բացակայության հետևանքով։ Հետևաբար այս դեպքում բացակայում է մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ոչնչացման փաստը:

Թեև Կոմիտեի 22.07.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման մեջ արձանագրվել է, որ Հայկ Մարգարյանի կողմից խախտումը կատարվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ, 198-րդ հոդվածներով, սակայն վերջինս ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով:

 ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերը նշված հոդվածների իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ մաքսային ռեժիմի ներքո ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները ներմուծման պահից մինչև այլ մաքսային ռեժիմով բացթողնման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ, և այդ ժամանակահատվածում առանց մաքսային մարմնի թույլտվության նշված ապրանքները կամ տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելը որակվում է մաքսային կանոնների խախտում, և նման իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով տուգանքի տեսքով (տես՝ Արթուր Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի թիվ ՎԴ/4709/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վերը նշված կանոնակարգումը կիրառելի է նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման հարաբերությունների նկատմամբ` հաշվի առնելով այդ հարաբերությունների առանձնահատկությունները:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Մարգարյանը 13.06.2009 թվականին թիվ C-12792 բեռնամաքսային հայտարարագրով «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպել է 23.500 հատ 940 կգ ընդհանուր քաշով 7.991.401 ՀՀ դրամ մաքսային արժեքով մեկ օրական կենդանի ճտեր, որոնք նույն օրը պետք է արտահանվեին Վրաստանի Հանրապետություն` «Գիորգի և կոմպանիա» ընկերությանը։ Բեռը զննվելուց և բաց թողնվելուց հետո «Իվեկո» 327 ԼԼ 62 պետհամարանիշի ավտոմեքենայով շարժվել է դեպի արտահանման մաքսակետ` Երևան-Բագրատաշեն-Վրաստան մեքենայի երթուղով։ Նշանակման մաքսային կետ չհասած` Ընկերությունը տեղեկացվել է, որ վրացական կողմը ներմուծման հետ կապված ունի որոշակի խնդիրներ, որի հետ կապված չի կարող ընդունել ապրանքը, և ավտոմեքենան ուղարկվել է Ընկերության գործունեության հասցե` Լոռու մարզի Բովաձոր գյուղ, որտեղ էլ ավտոմեքենան գտնվել է 13.06.2009 թվականից մինչև 22.06.2009 թվականն ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածում ավտոմեքենայում բարձված 23.500 հատ ճտերը սատկել են։ 21.06.2009 թվականին վրացական ընկերությունը վերջնականապես հրաժարվել է ապրանքն ընդունելուց։ 21.06.2009 թվականին կազմվել է ակտ այն մասին, որ 23.500 հատ մեկ օրական ճտերը տեղափոխվել են Ստեփանավանի քաղաքային աղբահանման վայր։ 22.06.2009 թվականին կազմվել է տեղեկանք, համաձայն որի «Փյունիկ» ՍՊԸ-ն կուտակված աղբը թափել է Ստեփանավանի աղբակայան։ Նույն օրն Ընկերության լիազոր ներկայացուցիչ Հայկ Մարգարյանը դիմել է Կոմիտե` խնդրելով անվավեր ճանաչել 13.06.2009 թվականի C-12792 բեռնամաքսային հայտարարագիրը։

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն պատճառաբանությունը, որ մեկ օրական ճտերը սատկել են ոչ բնականոն պայմաններում պահպանելու հետևանքով, որպիսի հանգամանքը չէր կարող դիտվել որպես մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքի առանց մաքսային մարմնի թույլտվության ոչնչացում: Նշված հանգամանքը պետք է գնահատվեր որպես ՀՀ մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված բացառություն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ վերլուծությունն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժգ» կետի համաձայն՝ մաքսային հսկողություն է համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանման նպատակով մաքսային մարմինների կողմից իրականացվող միջոցառումների համակարգը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում է մաքսային հսկողություն: Մաքսային հսկողության ենթակա են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

 Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից`

ա) մաքսային նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ստուգմամբ.

բ) մաքսային զննմամբ (ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում, անձի քննում` որպես մաքսային հսկողության առանձնահատուկ ձև).

գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառմամբ.

դ) ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ.

ե) հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգմամբ.

զ) մաքսային պահեստների, ազատ մաքսային պահեստների և ազատ տնտեսական գոտիների, անմաքս առևտրի խանութների, մաքսային հսկողության գոտիների և այլ շինությունների ու տարածքների զննմամբ, որտեղ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ և տրանսպորտային միջոցներ կամ իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք ենթակա են մաքսային հսկողության.

է) մաքսային ապահովումների կիրառմամբ.

ը) օրենքով նախատեսված հսկողության այլ ձևերով.

թ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մաքսային հսկողության իրականացումը նպատակ ունի ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ամրագրված դրույթների պահպանումը, ինչպես նաև պահպանել ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգը:

Համադրելով վերը նշված մեկնաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, ՀՀ մաքսային օրենսգրքի 139-րդ հոդվածի «բ» կետի ուժով ամրագրելով, որ «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով գրանցված ապրանքներն անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման պահը գտնվում են մաքսային հսկողության տակ, միաժամանակ ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանել է արգելք, որով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնաթափումն առանց մաքսային մարմնի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:

Վերոնշյալ հիմնավորմամբ, ինչպես նաև հաշվի առնելով սույն գործով 23.500 հատ մեկ օրական սատկած ճտերի բեռնաթափման վերաբերյալ մաքսային մարմնի թույլտվության բացակայությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայկ Մարգարյանի կողմից խախտվել են ՀՀ մաքսային օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված պահանջները, այն է` վերջինս մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնաթափումը կատարել է առանց մաքսային մարմնի թույլտվության: Հետևաբար վիճարկվող վարչական ակտն իրավաչափ է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել. Հայկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 22.07.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժել:

2. Հայկ Մարգարյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան