Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.08.15/25(469).1 Հոդ.236.7
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.07.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013305

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հուլիսի 2013 թ.

թիվ 179-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել բանկային գործունեությունը կարգավորող տնտեսական նորմատիվների հաշվարկին մասնակցող տարրերի կազմը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետը լրացնել նոր «թ» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«թ. գրավի առարկայի տնօրինման արդյունքում բանկի սեփականությանն անցած բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքի չափով, այդ բաժնետոմսերը օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո: Ընդ որում, սույն ենթակետում նշված բաժնետոմսերը ենթակա չեն նվազեցման բանկի հիմնական կապիտալից մինչև սույն կետում նշված վեցամսյա ժամկետի ավարտը միայն այն դեպքում, երբ տվյալ բաժնետոմսերի իրական արժեքի վերաբերյալ առկա է անկախ գնահատողի գնահատականը, որը տրվել է սույն ենթակետում նշված բաժնետոմսերը օրենքով սահմանված կարգով բանկի սեփականությունը համարվելու օրվանից առավելագույնը 2 ամիս առաջ, հակառակ դեպքում բաժնետոմսերը նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից բանկի սեփականությունը համարվելու օրվանից:»:

2) Կանոնակարգ 2-ի 34.7-րդ կետում «պարտատոմսեր» բառից հետո լրացնել «կամ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր՝» բառերով:

3) Կանոնակարգ 2-ի 34.10-րդ կետի 1-ին ենթակետը «Այն ակտիվների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ` ռեպո համաձայնագրերի)» բառերով:

4) Կանոնակարգ 2-ի 38.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«38.2. Եթե փոխառուն (անձը) և այլ իրավաբանական անձը փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը և (կամ) Ասիական զարգացման բանկը տիրապետում է (են) փոխառուի (անձի) և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայամասնակցությունների) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի (ունեն) օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները, ապա Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկման իմաստով այդ փոխառուն (անձը) և այլ իրավաբանական անձը չեն համարվում փոխկապակցված:»:

5) Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 44.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«44.1. Եթե բանկը և անձը կապված են միայն այն հիմքով, որ պետությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը և (կամ) Ասիական զարգացման բանկը հանդիսանում է (են) բանկի նշանակալից մասնակից և միևնույն ժամանակ տիրապետում է (են) այդ անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայամասնակցությունների) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի (ունեն) օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել այդ անձի որոշումները, ապա Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկման իմաստով բանկը և այդ անձը չեն համարվում կապված:»:

6) Կանոնակարգ 2-ի 56.1-րդ կետը 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը, բացառությամբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված արտարժութային ակտիվների, որոնք հաշվարկին մասնակցում են՝ հաշվի առնելով հնարավոր կորուստների պահուստի մեծությունը (հաշվեկշռային արժեքով): Սույն մասին համապատասխան` բացառապես բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված (այդ թվում` անհուսալի) արտարժութային ակտիվները արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվում են այն չափով, որքանով կընդգրկվեին օբյեկտիվ չափանիշով դասակարգված լինելու դեպքում: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» կարգի 4.4-րդ կետի համաձայն` բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները, ինչպես նաև առանց հաշվի առնելու առանց ակտիվների դասակարգման լրացուցիչ պահուստին կատարվող հատկացումները:»:

7) Կանոնակարգ 2-ի 56.2-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) Փակ դիրքով (բեք թու բեք) ածանցյալ գործիքները, մասնավորապես՝ արտարժույթի առքի ու վաճառքի միաժամանակ կնքված հակադարձ գործարքները, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին միաժամանակ.

ա. գործարքները կնքվել են նույն ժամկետներով, նույն ծավալներով և միևնույն արժութային զույգերով, ընդ որում՝ գործարքների արժույթներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամը,

բ. գործարքներից առնվազն մեկը կնքվել է Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ,

գ. օպցիոն գործարքի կնքման դեպքում՝ առնվազն օպցիոններից մեկի իրականացման իրավունքը պատկանում է բանկին (բանկը հանդիսանում է օպցիոնի գնորդ):»:

8) Կանոնակարգ 2-ի 56.3-րդ կետում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 5-րդ» բառերով:

9) Կանոնակարգ 2-ի 56.4-րդ կետում «ընդ որում 2010 թվականի օգոստոսի 1-ից առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 1-4 ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները» բառերը փոխարինել «ընդ որում առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն կանոնակարգի 56.2-րդ կետի 1-5 ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները» բառերով:

10) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի աղյուսակ 1-ի 6.7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

11) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի աղյուսակ 1-ի 6.27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

6.27 Պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով վճարման ենթակա գումարներից, հարկային օրենսդրությամբ սահմանված կանխավճարներից ավելի վճարված գումարների գծով

100

-

:

 

12) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 22.1-րդ կետի վերջին պարբերության մեջ «(համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը)» բառերը փոխարինել «(համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժույթը)» բառերով:

13) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 23.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23.1. Ֆինանսական գրավով ապահովված ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե՝

1) որպես ֆինանսական գրավ հանդես է գալիս տվյալ բանկում պահվող (ներառյալ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկին, Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները կամ ռուբլին, կամ

2) բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ՝

ա. Ապահովվածությունը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,

բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,

գ. փոխառուն (պարտապանը) դասվում է սույն հավելվածի 27-րդ կետով սահմանվող շուկայի հիմնական մասնակիցների շարքին:»:

14) Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 26-րդ կետը լրացնել 26.1.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«26.1.1. Տվյալ բանկում պահվող (ներառյալ տվյալ բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող)՝ բանկային ոսկի, Հայաստանի Հանրապետության դրամ, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներ, ռուբլի, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներ (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում):»:

15) Կանոնակարգ 2-ի Հավելված 4-ի 6.3-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը, բացառությամբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված արտարժութային ակտիվների, որոնք հաշվարկին մասնակցում են՝ հաշվի առնելով հնարավոր կորուստների պահուստի մեծությունը (հաշվեկշռային արժեքով): Սույն մասին համապատասխան` բացառապես բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված արտարժութային ակտիվները արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվում են այն չափով, որքանով կընդգրկվեին օբյեկտիվ չափանիշով դասակարգված լինելու դեպքում: Արտարժութային դիրքի հաշվարկում արտարժութային ակտիվներն ընդգրկվում են առանց հաշվի առնելու այդ ակտիվների գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին հավանություն տալու մասին» կարգի 4.4-րդ կետի համաձայն` բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները, ինչպես նաև առանց հաշվի առնելու առանց ակտիվների դասակարգման լրացուցիչ պահուստին կատարվող հատկացումները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցերորդ ամսվան հաջորդող ամսվա 1-ին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 15-րդ ենթակետերի համաձայն արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվող ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված արտարժութային ակտիվների արժեքից հնարավոր կորուստների պահուստի մեծությունը 2013 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2014 թվականի մայիսի 18-ը նվազեցվում է 30%-ով, 2014 թվականի մայիսի 19-ից մինչև օգոստոսի 24-ը՝ 60%-ով, իսկ 2014 թվականի օգոստոսի 25-ից՝ ամբողջությամբ:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հուլիսի 25

Երևան