ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2013 թվականի N 411-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1189-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը բանկային (արտաբյուջետային) հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1189-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը» բառերով.
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետարանի ստորաբաժանումում բացել բանկային (արտաբյուջետային) հաշիվ.».
3) 2-րդ կետում և 2-րդ կետի «ա» ենթակետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով, իսկ «կառավարությանն առընթեր ազգային անվտանգության» բառերը` «պետական պահպանության» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ և 4-րդ կետերով.
«3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված բանկային (արտաբյուջետային) հաշվի միջոցները ձևավորվում են`
ա) պետական պահպանության ծառայության կողմից պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցումից.
բ) նվիրաբերություններից:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն բացված բանկային (արտաբյուջետային) հաշվի միջոցները կարող են ուղղվել`
ա) պետական պահպանության ծառայության համար ապրանքների, աշխատանքների, ծառայությունների և կապիտալ միջոցների ձեռքբերմանը.
բ) պետական պահպանության ծառայության զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման և նյութական խրախուսման համար.
գ) պետական պահպանության ծառայության զինծառայողների մասնագիտական վերապատրաստման (որակավորման) համար.
Արտաբյուջետային միջոցները ծախսելու այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 29 Երևան |