ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՔԴ/0020/11/12 |
Գործ թիվ ԵԱՔԴ/0020/11/12 |
|
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ պաշտպան |
Ս. Ջաղինյանի | |
| ||
2013 թվականի փետրվարի 15-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Սարիբեկ Վարազդատի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Սամվել Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 14110012 քրեական գործը:
2012 թվականի ապրիլի 27-ին Սարիբեկ Հարությունյանը ձերբակալվել է:
2012 թվականի ապրիլի 28-ին Ս.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2. 2012 թվականի մայիսի 2-ին մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանը վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն է հարուցել՝ խնդրելով անթույլատրելի ապացույց ճանաչել վկաներ Զավեն Մելքոնյանի և Սարիբեկ Հարությունյանի միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությունը:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ա.Վարդանյանի 2012 թվականի մայիսի 10-ի որոշմամբ հիշյալ միջնորդությունը մերժվել է:
3. Մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանը քննիչ Ա.Վարդանյանի 2012 թվականի մայիսի 10-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին` խնդրելով վերացնել որոշումը և անթույլատրելի ապացույց ճանաչել վկաներ Զավեն Մելքոնյանի և Սարիբեկ Հարությունյանի միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությունը:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ.Խաչատրյանի 2012 թվականի մայիսի 17-ի որոշմամբ պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը մերժվել է:
4. Պաշտպան Ս.Ջաղինյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ.Խաչատրյանի 2012 թվականի մայիսի 17-ի որոշումը և անթույլատրելի ապացույց ճանաչել վկաներ Զավեն Մելքոնյանի և Սարիբեկ Հարությունյանի միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կատարված առերես հարցաքննության արձանագրությունը:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքը մերժվել է:
5. Պաշտպան Ս.Ջաղինյանն Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ բերել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
2012 թվականի օգոստոսի 21-ի դատական նիստում Վերաքննիչ դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշել է մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանին հեռացնել վարույթից և դատական նիստը շարունակել վերջինիս բացակայության պայմաններում:
Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Ս.Ջաղինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:
6. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ Ս.Ջաղինյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 17-ի դատական նիստի` պարզ թղթային եղանակով կատարված արձանագրությունից երևում է, որ դատավոր Մ.Պետրոսյանի հարցին վերաքննիչ բողոք բերած անձ, պաշտպան Ս.Ջաղինյանը պատասխանել է, որ պաշտպանի կարգավիճակը հաստատող փաստաթուղթն առկա է քրեական գործում, իսկ քրեական գործը գտնվում է քննիչի մոտ (տե՛ս նյութեր, թերթ 69):
Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 21-ի դատական նիստի` ձայնային արձանագրության համաձայն՝ նախագահող դատավոր Մ.Պետրոսյանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-71-րդ հոդվածները, փաստաբան Ս.Ջաղինյանից պահանջում է ներկայացնել փաստաբանի արտոնագիր:
Բողոքաբերը հայտարարում է, որ ինքը Վերաքննիչ դատարանին ներկայացրել է իր անձը հաստատող և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան հանդիսանալը հավաստող վկայականը, և բացի այդ, դատական նիստին ներկա է քննիչը, որի որոշմամբ ինքը ճանաչվել է սույն գործով պաշտպան, և ինչպես նա, այնպես էլ մասնակցող դատախազը դատական նիստում քանիցս հաստատեցին, որ ինքն է հանդիսանում մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպանը, ընդ որում, քննիչը դատական նիստում հայտնեց, որ փաստաբան Ս.Ջաղինյանի` սույն գործով պաշտպան լինելու հանգամանքը հաստատող ապացույցը գտնվում է քրեական գործում:
Բողոքաբերը հայտարարում է նաև, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջը չի բխում օրենքից, քանի որ Վերաքննիչ դատարանը տվյալ գործով քրեական վարույթ իրականացնող մարմին չի հանդիսանում, այլ այդպիսին հանդիսանում է նախաքննության մարմինը:
Նախագահող դատավորը վերստին պահանջում է փաստաբանական գործունեության արտոնագիրը` պատճառաբանելով, որ պահանջվող փաստաթուղթն անհրաժեշտ է` պարզելու համար, թե արդյո՞ք փաստաբան Ս.Ջաղինյանը հանդիսանում է տվյալ գործով պաշտպան:
Փաստաբան Ս.Ջաղինյանը պատասխանում է, որ փաստաբանական արտոնագիրը տվյալ գործով պաշտպան լինելու հանգամանքը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է, իսկ ինչ վերաբերում է սույն գործով պաշտպան լինելու հանգամանքը հաստատող ապացույցին, ապա այն գտնվում է քրեական գործում, և դա հավաստում են դատական նիստին ներկա քննիչը և դատախազը:
Բողոքաբերը հավելում է, որ պահանջելով փաստաբանական գործունեության արտոնագիր ներկայացնել` Վերաքննիչ դատարանն անցնում է իր լիազորությունների սահմանը, քանի որ տվյալ գործով քրեական վարույթ իրականացնող մարմին չի հանդիսանում և նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի:
Բողոքաբերը հայտարարում է, որ ինքը չի ներկայացնելու փաստաբանական գործունեության արտոնագիր` Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պահանջն ապօրինի լինելու պատճառով:
Նախագահող դատավորն առաջարկում է դատախազին կարծիք հայտնել փաստաբան Ս.Ջաղինյանի հայտարարության վերաբերյալ:
Դատախազ Ռ.Խաչատրյանը հայտարարում է, որ ինքը նախկին դատական նիստում ևս հավաստել է, որ փաստաբան Ս.Ջաղինյանը տվյալ քրեական գործով հանդիսանում է պաշտպան, իսկ տվյալ իրավիճակում արտոնագիր չներկայացնելը որպես դատաքննության շարունակելը բացառող հանգամանք դիտել-չդիտելը` դատարանի հայեցողությունն է:
Նախագահող դատավոր Մ.Պետրոսյանը հայտարարում է, որ «(…) նկատի ունենալով այն, որ մեղադրյալ Ս.Հարությունյանի անվամբ բողոք բերած անձ Ս.Ջաղինյանը, որը ներկայացել է որպես վերջինիս շահերի պաշտպան, չներկայացրեց քրեական գործով վարույթին որպես պաշտպան մասնակցելու և պաշտպանի իրավիճակը հաստատելու մասին համապատասխան փաստաթուղթ, ուստի վերաքննիչ դատարանը, տեղում խորհրդակցելով, որոշեց դատական նիստը շարունակել վերջինիս բացակայության պայմաններում` նրան հեռացնելով վարույթից, և ելնելով նրա պաշտպանյալի շահերից` քննել վերաքննիչ բողոքը» (տե՛ս նյութեր, թերթ 76):
8. 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ է մուտքագրվել նույն դատարանի դատավոր Մ.Պետրոսյանին հասցեագրված դիմում, որով մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանը խնդրել է իրեն տրամադրել դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ միասին (տե՛ս նյութեր, թերթ 85):
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Պետրոսյանը հիշյալ դիմումին գրավոր պատասխանել է, որ Ս.Ջաղինյանը թիվ ԵԱՔԴ/0020/11/12 գործին մասնակցող անձ չի հանդիսանում, ուստի դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը և համառոտագրումը նրան չեն կարող տրամադրվել (տե՛ս նյութեր, թերթ 88):
Ս.Ջաղինյանը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին դիմել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին` խնդրելով թույլատրել ծանոթանալ իր բողոքի հիման վրա նախապատրաստված նյութերին, ինչպես նաև տրամադրել դատական նիստերի արձանագրությունների կրիչները: Նույն դիմումի տակ առկա է պաշտպան Ս.Ջաղինյանի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 18-ին կատարված գրառում այն մասին, որ ըստ ներկայացված պահանջի նա վճարել է 2000 ՀՀ դրամ պետական տուրք և ստացել է Վերաքննիչ դատարանի որոշման պատճենը և դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը (տե՛ս նյութեր, թերթ 95):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
9. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է միջազգային և ներպետական օրենսդրության դրույթների կոպիտ խախտումներով: Մասնավորապես, խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված՝ զենքերի հավասարության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված՝ մրցակցության սկզբունքները:
Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով իրեն հեռացրել է վարույթից, իր բողոքի քննությունն իրականացրել է իր բացակայությամբ, ինչպես նաև իրեն չի տրամադրել իր վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները:
10. Վերաքննիչ դատարանի կողմից իրեն վարույթից հեռացնելն անհիմն լինելու վերաբերյալ իր պնդումը բողոք բերած անձը հիմնավորել է նրանով, որ փաստաբանական գործունեության արտոնագիրը չի հանդիսանում կոնկրետ գործով պաշտպան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, բացի այդ, տվյալ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, հետևաբար քրեական վարույթն իրականացնող մարմինն է հանդիսանում նախաքննության մարմինը, այլ ոչ թե դատարանը:
Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ գործի քննության այս փուլում իրեն պաշտպան ճանաչելու լիազորություն Վերաքննիչ դատարանը չի ունեցել, հետևաբար հիմնազուրկ է իր փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջը, ինչպես նաև այդ պատճենը չներկայացնելու հիմքով իրեն վարույթից հեռացնելու մասին նույն դատարանի որոշումը:
Բողոքաբերը նշել է նաև, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով իրեն տրամադրել Վերաքննիչ դատարանի դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները, սակայն Վերաքննիչ դատարանի գրությամբ իր խնդրանքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ինքը գործին մասնակցող անձ չի հանդիսանում:
11. Անդրադառնալով Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի հիմքերին՝ բողոք բերած անձը նշել է, որ վերաքննիչ բողոքում բարձրացրել է այն հարցը, թե սույն գործով նախաքննության մարմինն իրավասու էր արդյոք առերես հարցաքննել երկու վկաների, որոնց ցուցմունքներում հակասություններ չկան, առավել ևս, եթե վկաներից մեկն ընդհանրապես հրաժարվել էր ցուցմունք տալ: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ առերես հարցաքննության ժամանակ իր պաշտպանյալն ունեցել է վկայի և ոչ թե մեղադրյալի կարգավիճակ, իսկ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ ոչ թե վկան, այլ քրեական հանցագործության մեջ մեղադրվող անձն իրավունք ունի հարցաքննել իր դեմ ցուցմունք տվող վկաներին:
12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով բողոքաբերն ըստ էության երկու հարց է բարձրացրել, որոնցից առաջինը վերաբերում է իրեն վարույթից հեռացնելու և իր վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակներն իրեն չտրամադրելուն, երկրորդը՝ նախաքննության մարմնի կողմից կատարված քննչական գործողության՝ առերես հարցաքննության, օրինականությանը և հիմնավորվածությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հարցերից երկրորդին հնարավոր է անդրադառնալ միայն առաջին հարցին պատասխանելուց հետո, ուստի Վճռաբեկ դատարանը քննության է առնում սույն գործով բողոքաբերի կողմից բարձրացված առաջին հարցը:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը թո՞ւյլ է տվել արդյոք մրցակցության սկզբունքի խախտում այն պայմաններում, երբ վարույթից հեռացրել է մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանին, ինչպես նաև հրաժարվել է նրան տրամադրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`
«1. Պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:
(…)
3. Պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե`
1) կասկածյալը կամ մեղադրյալը լուծել են նրա հետ ունեցած համաձայնությունը.
2) նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին.
3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է քրեական գործով վարույթին մասնակցելուց` հաշվի առնելով քրեական դատավարությանը նրա մասնակցությունը բացառող հանգամանքների հայտնաբերումը.
4) քրեական վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ընդունել է կասկածյալի կամ մեղադրյալի հրաժարումը պաշտպանից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն`
«Իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու՝ կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հարցը լուծում է քրեական վարույթն իրականացնող մարմինը»:
Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեադատավարական օրենքը սպառիչ թվարկում է քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը դադարելու հիմքերը, ինչպես նաև հստակ ամրագրում է, որ քրեական գործին պաշտպանի մասնակցությունը կարող է դադարեցվել բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածն ամրագրում է, որ պաշտպանն իր իրավավիճակը հաստատելու նպատակով պարտավոր է վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել իր անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու՝ կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 21-ի դատական նիստի ժամանակ դատավորը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-71-րդ հոդվածները, փաստաբան Ս.Ջաղինյանից պահանջել է ներկայացնել փաստաբանի արտոնագիր: Ի պատասխան դատարանի պահանջին՝ Ս.Ջաղինյանի հայտնել է, որ Վերաքննիչ դատարանին ներկայացրել է իր անձը և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան հանդիսանալը հաստատող փաստաթղթերը, և բացի այդ, դատական նիստին ներկա է քննիչը, ում որոշմամբ ինքը ճանաչվել է սույն գործով պաշտպան: Վերաքննիչ դատարանում բողոքաբերը հայտարարել է նաև, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջը չի բխում օրենքից, քանի որ վերջինս տվյալ գործով քրեական վարույթ իրականացնող մարմին չի հանդիսանում, այլ այդպիսին հանդիսանում է նախաքննության մարմինը: Նախագահող դատավորը վերստին պահանջել է փաստաբանական գործունեության արտոնագիրը` պատճառաբանելով, որ պահանջվող փաստաթուղթն անհրաժեշտ է` պարզելու համար, թե արդյո՞ք փաստաբան Ս.Ջաղինյանը հանդիսանում է տվյալ գործով պաշտպան: Ս.Ջաղինյանը պատասխանել է, որ չի ներկայացնելու փաստաբանական գործունեության արտոնագիր` Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պահանջն ապօրինի լինելու պատճառով:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոք բերած անձ Ս.Ջաղինյանը չի ներկայացրել վարույթին որպես պաշտպան մասնակցելու և պաշտպանի իրավավիճակը հաստատելու մասին համապատասխան փաստաթուղթ, տեղում խորհրդակցելով որոշել է դատական նիստը շարունակել պաշտպանի բացակայությամբ՝ նրան հեռացնելով վարույթից (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս.Հարությունյանի վերաբերյալ գործը նախաքննության փուլում գտնվելու պարագայում վարույթն իրականացնող մարմին է հանդիսանում ոչ թե դատարանը, այլ նախաքննության մարմինը, հետևաբար, դատարանը, տվյալ դեպքում՝ Վերաքննիչ դատարանը իրավասու չէր լուծել պաշտպանին գործով վարույթից հեռացնելու հարցը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանին վարույթից հեռացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական չէ:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն`«Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, (…)»:
Մեջբերված քրեադատավարական դրույթների վերլուծությունից երևում է, որ դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց համապատասխան գրավոր դիմումի առկայության պարագայում նրանց տրամադրել դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները, իսկ դատական ակտի հրապարակումից հետո եռօրյա ժամկետում՝ դատական ակտը:
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը՝ Ս.Ջաղինյանը, դիմել է Վերաքննիչ դատարան՝ խնդրելով իրեն տրամադրել դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ միասին: Վերաքննիչ դատարանի դատավորը Ս.Ջաղինյանի դիմումին գրավոր պատասխանել է, որ նա գործին մասնակցող անձ չի հանդիսանում, ուստի դատական նիստի արձանագրության կրիչի օրինակը և համառոտագրումը նրան չեն կարող տրամադրվել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված վերլուծության, ինչպես նաև սույն որոշման 17-րդ կետում շարադրված եզրահանգման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր գործին մասնակցող անձին՝ Ս.Ջաղինյանին, տրամադրել Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինակը, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները:
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝
«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
(…)
5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: (…):
(…)
7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը: (…)»:
Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման անկյունաքարը, ի թիվս քրեական դատավարության այլ կարևորագույն սկզբունքների, մրցակցության սկզբունքն է:
Մրցակցության սկզբունքը կարող է երաշխավորվել երեք բաղադրատարրերի միաժամանակյա պահպանման դեպքում: Դրանք են`
ա) կողմերի դատավարական իրավահավասարություն` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար,
բ) կողմերի միջև մեղադրանքի և պաշտպանության գործառույթների տարանջատում և դրանց սահմանազատում գործի լուծման գործառույթից,
գ) անկախ և անկողմնակալ դատարանի առկայություն:
Մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը: Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար պետք է ստեղծի գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ՝ դրանով իսկ ապահովելով մրցակցության սկզբունքի կենսագործումը և հասնելով քրեական դատավարության առջև դրված խնդիրների իրագործմանը: (…)» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 13-րդ կետը):
Ա.Ղարիբյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննություններին: (…)» (տե՛ս Ամալյա Սերժիկի Ղարիբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 որոշման 23-րդ կետը):
22. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Ա.Բաբայանի և Ս.Թումանյանի, ինչպես նաև Ա.Ղարիբյանի գործերով կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, և դրանց լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ և 20-րդ կետերում շարադրված եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վարույթից հեռացնելով մեղադրյալ Ս.Հարությունյանի պաշտպան Ս.Ջաղինյանին, ինչպես նաև հրաժարվելով նրան տրամադրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտի, դատական նիստի ձայնային արձանագրության կրիչի և դրա համառոտագրման օրինակները, թույլ է տվել մրցակցության և զենքերի հավասարության սկզբունքների խախտում:
23. Հիմք ընդունելով սույն որոշման 14-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ մրցակցության և համապատասխանաբար նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ զենքերի հավասարության սկզբունքները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
24. Ինչ վերաբերում է բողոքաբերի բարձրացրած երկրորդ հարցին (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրան հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման 23-րդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սարիբեկ Վարազդատի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Օհանյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան |