Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1083
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.08/24(964) Հոդ.392
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 ապրիլի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳԻՐ» /ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ/ /ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1 ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Ջրային ոլորտի ծրագիր» /Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր/ /Հայաստանի Հանրապետություն/ ֆինանսական պայմանագրում և դրան կից 2013 թվականի հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 11.03.2013թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա ֆինանսական պայմանագիրը և դրան կից փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Ջրային ոլորտի ծրագիր» /Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր/ /Հայաստանի Հանրապետություն/ ֆինանսական պայմանագիրը /այսուհետ` Պայմանագիր/ ստորագրվել է 2012թ. օգոստոսի 7-ին, իսկ դրան կից փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/` 2013թ. հունվարի 10-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանի կողմից:

Պայմանագրի նախաբանում արձանագրված է, որ Կողմերի միջև 2008թ. փետրվարի 12-29-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ներդրումային բանկի գործունեության կառավարման համար» Շրջանակային համաձայնագիրը շարունակում է ուժի մեջ մնալ սույն Պայմանագրի գործողության ողջ ընթացքում և Ծրագիրը գտնվում է Շրջանակային համաձայնագրի գործողության ոլորտում:

Հարկ է նկատել նաև, որ նշված Շրջանակային համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2008թ. հոկտեմբերի 1-ի թիվ Ն-099-4 որոշմամբ /ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. սեպտեմբերի 12-ի ՍԴՈ-759 որոշում/:

Քննության ենթակա Պայմանագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության 7 մարզերում 17 փոքր քաղաքներ /բնակավայրերի սպառիչ ցանկը կցված է/ սպասարկող` Հայջրմուղկոյուղի ընկերության կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման /կոյուղու/ և ջրի մաքրման ենթակառուցվածքների վերակառուցումն ու արդիականացումը: Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, կվերականգնվեն Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 17 փոքր քաղաքների /մոտ 300 000 բնակիչ ընդգրկող/ ջրամատակարարման, կոյուղու և ջրի մաքրման ենթակառուցվածքները` ներառյալ.

- ջրաբաշխման ցանցի վերականգնում, մասնավորապես, հին խողովակների փոխարինում, նոր պոմպակայանների և բաշխիչ խողովակների տեղադրում,

- աղբյուրների պահպանության ապահովում` սանիտարական գոտիների ստեղծման հետ միասին, հորատանցքերի վերականգնում և փորում,

- Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում ջրամաքրման նոր կայանների ստեղծում և գործող կայանների արդիականացում:

Ծրագրով նախատեսվում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացում` խմելու ջրի մատակարարման տևողությունն զգալիորեն երկարացնելու միջոցով:

Ծրագիրն իրականացվելու է 2012-2015 թվականների ընթացքում:

Սույն Պայմանագրով Ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է վարկ` 6.5 միլիոն եվրոյի չափով:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակները սահմանված են առայժմ միայն ընդհանուր գծերով, քանի որ ներդրումային ծրագիրը և յուրաքանչյուր քաղաքում իրականացվելիք աշխատանքների բնութագրերն առավել մանրամասն կամրագրվեն նախագծային փուլում:

 

2. Խնդրո առարկա Պայմանագիրը բաղկացած է նախաբանից, 12 հոդվածներից, 4 առդիրներից, Ա առդիրի հավելումից, Հավելված 1-ից և պայմանագրի անբաժանելի մաս համարվող փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրից: Համաձայն վերջինիս` համապատասխան փոփոխություններ են կատարվել Պայմանագրի 11-րդ և 12-րդ հոդվածների 11.02 և 12.04 կետերում:

Պայմանագրին համապատասխան` վարկի սպասարկումն իրականացվելու է եվրոյով, իսկ Եվրոպական ներդրումային բանկի /այսուհետ` Բանկ/ կողմից վարկը կհատկացվի առավելագույնը 6 տրանշով: Յուրաքանչյուր տրանշի գումարը նվազագույնը կկազմի 1 միլիոն եվրո, եթե այն չի համարվում վարկի չօգտագործված մաս: Բանկը տրանշի հատկացման նպատակով ուղարկում է հատկացման առաջարկ, որն ընդունվում է Պայմանագրի 1-ին հոդվածի 1.02Գ կետին համապատասխան: Տոկոսադրույքը կարող է լինել ֆիքսված կամ լողացող, ինչն ամրագրվելու է առանձին յուրաքանչյուր տրանշի համար: Հայաստանի Հանրապետությունը /այսուհետ` Փոխառու/ վարկի մարումն իրականացնելու է հավասարաչափ կիսամյակային վճարումներով: Յուրաքանչյուր հատկացված տրանշ ունենալու է մարման իր ժամանակացույցը: Վարկի մարման ժամկետն է 4-25 տարի, իսկ արտոնյալ ժամկետը` 2 ամսից մինչև 7 տարի` կախված տրանշից:

Պայմանագրի նախաբանում սահմանված է, որ Հայջրմուղկոյուղի ընկերությունը /այսուհետ` Օժանդակող/ պարտավորվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ջրամատակարարման, ջրահեռացման և կոյուղաջրերի մաքրման համակարգերի վերակառուցման ծրագիր, ինչն առավել պարզորոշ նկարագրված է Պայմանագրի Ա առդիրում կամ տեխնիկական նկարագրում:

Անհրաժեշտ է առանձնակի ընդգծել, որ ըստ Համաձայնագրի` Պայմանագրի 11-րդ հոդվածի 11.02 կետը վերաշարադրվել է նոր խմբագրությամբ և սահմանվել է, որ Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական միության արդարադատության դատարանի իրավասությանը և Կողմերը ենթարկվում են հիշյալ դատարանի իրավասությանը: Դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր յուրաքանչյուր կողմի համար` առանց սահմանափակումների ու վերապահումների:

Համաձայնագրով հանված է Պայմանագրի 12-րդ հոդվածի 12.04 կետը և այդ կապակցությամբ Պայմանագրի 12-րդ հոդվածի 12.05 և 12.06 կետերը վերահամարակալվել են որպես 12.04 և 12.05 կետեր` անփոփոխ թողնելով դրանց բովանդակությունը:

 

3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- տրամադրել Բանկին` առաջին տրանշի հատկացման սահմանված ամսաթվից առաջ 7-րդ աշխատանքային օրը կամ դրանից շուտ Պայմանագրի 1-ին հոդվածի 1.04 կետի 1.04Ա ենթակետում սահմանված փաստաթղթերը կամ հաստատումները,

- վճարել Բանկին` սահմանված ամսաթվին և հատկացման սահմանված ամսաթվին, Պայմանագրի 1-ին հոդվածի 1.04 կետում նշված պայմաններից որևէ մեկը կատարած չլինելու դեպքում` հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է հետաձգված հատկացման գումարի հիման վրա,

- վճարել Բանկին հետաձգման փոխհատուցում` կանխավճարի հատուցման իրավիճակի կամ Պայմանագրի 10.01 կետով նախատեսված իրավիճակի առաջացման պատճառով Բանկի կողմից ընդունված տրանշը կասեցնելու դեպքում /հոդված 1-ին, կետ 1.06/,

- վճարել կամ ապահովել Պայմանագրի ստորագրման պահից 15 օրվա ընթացքում գնահատման վճարի 50 000 եվրո կատարումը Բանկին,

- վճարել յուրաքանչյուր տրանշի տոկոսները, հետվճարումները և այլ գանձումները եվրոյով, ցանկացած այլ վճարում կատարել Բանկի կողմից սահմանված արժույթով,

- կրել Պայմանագրի 5-րդ հոդվածի 5.04 գ) կետի համաձայն առաջացած վնասների, ծախսերի ու կորուստների հատուցման կապակցությամբ առաջացող պարտավորությունները,

- ապահովագրել Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունը` առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով,

- համաֆինանսավորել Պայմանագրի 9-րդ հոդվածի 9.01 և 9.02 կետերում սահմանված ցանկացած բնույթի պարտադիր վճարները,

- վճարել Բանկին Պայմանագրի 9-րդ հոդվածի 9.03 կետով նախատեսված դեպքերում առաջացող ծախսերը,

- ապահովել, որպեսզի Օժանդակողը Ծրագիրն իրականացնի համաձայն տեխնիկական նկարագրի, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Բանկի հաստատմամբ,

- ապահովել, որպեսզի Օժանդակողն առանց Բանկի գրավոր նախնական համաձայնության չօտարի իր բիզնեսի մի մասը կամ ամբողջը` անկախ այն հանգամանքից, թե դա կատարվում է կամավոր կամ ոչ կամավոր կերպով,

- երաշխավորել Բանկին Պայմանագրի 6-րդ հոդվածի 6.18 կետով սահմանված ընդհանուր երաշխիքները,

- անձամբ տրամադրել կամ ապահովել, որպեսզի Օժանդակողը Բանկին տրամադրի Պայմանագրի 8-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը,

- վճարել բոլոր հարկերը, տուրքերը, վճարներն ու այլ ցանկացած բնույթի պարտադիր վճարներ` ներառյալ պետական տուրքը և գրանցման վճարը, որոնք ծագում են Պայմանագրի կատարումից:

 

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն Պայմանագիրը կոչված է առաջնահերթ ապահովելու ջրային տնտեսության համակարգում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը, պահպանելու և խորացնելու այդ ընթացքում արդեն իսկ ձեռք բերված արդյունքները, զգալիորեն բարելավելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և ծավալները, էականորեն ավելացնելու բնակավայրերում խմելու ջրի մատակարարման տևողությունը, հնարավորինս նվազեցնելու ջրակորուստները, ապահովելու բնակչությանը խմելու ջրի` միջազգային չափանիշներին համապատասխան մատակարարումը, նվազեցնելու ջրային պաշարների աղտոտվածության ներկա մակարդակը:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերում գնալով գերակշիռ մաս են կազմում վարկային կամ դրամաշնորհային միջոցները, ինչպես նաև հաշվի առնելով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 77-րդ հոդվածի` ՀՀ Ազգային ժողովն է իրականացնում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացվող փոխառությունների ու վարկերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է.

ա/ բնակչության լայն զանգվածներին առնչվող յուրաքանչյուր վարկային ծրագիր համացանցի միջոցով մատչելի դարձնել հանրությանը` դրանց իրականացման նկատմամբ ապահովելով նաև հանրային վերահսկողություն,

բ/ վավերացման փուլում նախապես քննության առնել տվյալ ոլորտում արդեն իսկ իրականացված ու իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու փոխառված միջոցների նպատակային օգտագործման վիճակը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Ջրային ոլորտի ծրագիր» /Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր/ /Հայաստանի Հանրապետություն/ ֆինանսական պայմանագրում և դրան կից 2013թ. հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

23 ապրիլի 2013 թ.

ՍԴՈ-1083