ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-7-Ո-13
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵՐԱՆԳՈՒԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի, Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի, Մ. Մակյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի |
մասնակցությամբ` դատավոր |
Ա. Մերանգուլյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2013 թվականի փետրվարի 28-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 17.01.2013թ. թիվ N-Կ-2-1/2013թ. որոշմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Մերանգուլյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ Ե-8466 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Երևանի քաղաքացիական դատարանի /նախագահող դատավոր` Ս. Թադևոսյան/ 04.11.2008թ. թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով կայացված վճռով մերժվել է Հրանտ Գրիգորյանի հայցն ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի` կտակը և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Երևանի քաղաքացիական դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը, իր պահանջի հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը, որևէ պատշաճ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորեր այն հանգամանքը, որ 13.08.2001թ. կտակը կազմելու պահին Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
Հայցվոր Հրանտ Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009թ. որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008թ. վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներակայացրել պատասխանող Ռիմա Գրիգորյանը: Հարկ է նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 04.11.2008թ. վճիռը բեկանելուց հետո սույն քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահող դատավոր` Հ. Մարգարյան/ կողմից, որի 04.06.2009թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքով վերջնական դատական ակտ կայացնելը:
ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009թ. որոշմամբ Ռիմա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009թ. որոշումը և օրինական ուժ է տրվել Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008թ. վճռին` նշելով, որ հիմնավոր է Երևանի քաղաքացիական դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը չի ապացուցել գործարքը կնքելու պահին Վարդանուշ Խաչատրյանի կողմից իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու անկարողությունը:
Դատարանի /նախագահող դատավոր` Հ. Մարգարյան/ 20.11.2009թ. որոշմամբ թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսելուց հետո տեղի է ունեցել կազմի փոփոխություն, որի արդյունքում քաղաքացիական գործը վարույթ է ընդունել դատավոր Ա. Մերանգուլյանը, որն էլ 05.03.2010թ. վճռով կարճել է թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործի վարույթը` հիմք ընդունելով այն փաստը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 16.11.2009թ. որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009թ. որոշումը` օրինական ուժ տալով Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008 թվականի վճռին:
Հայցվոր Հրանտ Գրիգորյանը 01.07.2010թ. դիմում է ներակայացրել ՀՀ վճռաբեկ դատարան վերջինիս կողմից 16.10.2009թ. կայացված թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով կայացված որոշումը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու մասին` հիմք ընդունելով «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահոգեբանական փորձաքննության 21.05.2009թ. թիվ 09-2648 եզրակացությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի 18.08.2010թ. որոշմամբ վերադարձվել է թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009թ. որոշման դեմ Հրանտ Գրիգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը չի նշել, թե որոնք են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, ինչպես նաև չի նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված նոր երևան եկած հանգամանքների հիմնավորումները, մինչդեռ նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
Այնուհետև Հրանտ Գրիգորյանը 28.07.2011թ. կրկին հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` Աղավնի Կուրտիկյանի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման` խաբեության ազդեցության տակ, իր գործողությունների իմաստը չհասկացող անձի կողմից կնքված գործարքը` Երևանի Էրեբունու նոտարական գրասենյակում 13.08.2001թ. վավերացված թիվ 1-4829 կտակն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք, նշված կտակի հիման վրա Երևանի 1-ին պետական նոտարական գրասենյակի կողմից 21.03.2002 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 2-1422 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի /նախագահող դատավոր` Ա. Մերանգուլյան/ 15.08.2012թ. թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որով հայցը բավարարվել է: Դատարանը նշել է, որ սույն գործով թեև վեճը նույն անձանց միջև է և նույն առարկայի վերաբերյալ, սակայն այլ հիմքերով, այն է` վկաների ցուցմունքների տարբերությամբ: Բացի այդ, Դատարանը վճռի հիմքում դրել է նաև «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահոգեբանական փորձաքննության 21.05.2009թ. թիվ 09-2648 եզրակացությունը:
Դատարանի 15.08.2012թ. վճռի դեմ պատասխանող Ռիմա Գրիգորյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, այն է` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 15.08.2012թ. թիվ ԵԷԴ/0997/02/11 վճիռը, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու համար պարտադիր պետք է առկա լինի դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ` 1. նույն անձանց միջև, 2. նույն առարկայի մասին, 3. միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ:
Դատարանը թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճռում նշել է, որ սույն գործով թեև վեճը նույն անձանց միջև է և նույն առարկայի վերաբերյալ, սակայն այլ հիմքերով, այն է` վկաների ցուցմունքների տարբերությամբ:
Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Դատարանը թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճռում իրավացիորեն նշել է, որ թիվ ԵԷԴ/0997/02/11 և թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործերով գործին մասնակցող կողմերը և հայցի առարկան նույնն են:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից թիվ ԵԷԴ/0997/02/11 և թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործերով հայցի հիմքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշմանը, ապա մինչ դրան անդրադառնալը, Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ հայցի հիմքի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը իր 27.05.2011թ. թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ` նշելով որ «Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական և իրավական հիմքերի տարբերակիչ հատկանիշները, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները և դրանք հաստատող ապացույցները:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:
Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ»:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով թիվ ԵՔԴ/0636/02/08 և թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործերը, փաստում է, որ նշված քաղաքացիական գործերով որպես հայցի փաստական հիմք է ներկայացվել այն հանգամանքը, որ 13.08.2001թ. կտակը կազմելու պահին Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Նշված քաղաքացիական գործերով հայցի իրավական հիմքը ևս համընկնում է, երկու դեպքում էլ որպես վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմ նշվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը:
Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ երկու գործով ներկայացվել է հայցի նույն իրավական և փաստական հիմքը:
Մինչդեռ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով կայացված ակտում Դատարանը նշել է, որ սույն գործով վեճը ներկայացվել է այլ հիմքերով, այն է` վկաների ցուցմունքների տարբերությամբ: Բացի այդ, Դատարանը հիմք է ընդունել նաև «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահոգեբանական փորձաքննության 21.05.2009թ. թիվ 09-2648 եզրակացությունը:
Այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1) գրավոր և իրեղեն ապացույցներով, 2) փորձագետների եզրակացություններով, 3) վկաների ցուցմունքներով, 4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ վկաների ցուցմունքները և փորձագետի եզրակացությունները հանդիսանում են գործով ձեռք բերված ապացույցներ:
Հայցի հիմքի և ապացույցների հարաբերակցության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը վերոհիշյալ որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Այդ տրամաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են նաև հայցապահանջները հաստատող ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Ապացույցները հիմնավորում են հայցի հիմքը կազմող իրավաբանական փաստերը և ի վերջո հայցվորի պահանջը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքում դրված որոշակի փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցը տվյալ դատավարության շրջանակներում չներկայացնելու պարագայում նույն փաստական հանգամանքների հիման վրա հայց ներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը ներկայացնելը չի կարող որակվել որպես այլ հիմքով հայցի ներկայացում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նույն հիմքերով օրենսդրական եզրույթը ներառում է հայցի փաստական և իրավական հիմքերը, այլ ոչ թե դրանք հիմնավորող ապացույցները»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի, այնպես էլ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով որպես հայցի փաստական հիմք է ներկայացվել այն հանգամանքը, որ 13.08.2001թ. կտակը կազմելու պահին Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ երկու գործերով ներկայացվել է հայցի նույն իրավական և փաստական հիմքը, իսկ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով ընդամենը փոխվել է այդ փաստական հիմքը հիմնավորող ապացույցների կազմը, այն է` վկաների ցուցմունքները և փորձագետի եզրակացությունը:
Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, հայցադիմումի ընդունումը չմերժելով և չկարճելով թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վարույթը, այլ բավարարելով ներկայացված հայցը այն պայմաններում, երբ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքով վեճի վերաբերյալ առկա է թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ա. Մերանգուլյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս իմ կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի պահանջները:
Ներքին համոզմամբ, որն ինձ մոտ ձևավորվել էր քաղաքացիական գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությամբ, գնահատականի եմ արժանացրել նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռներով հաստատված հանգամանքները, այդ թվում նաև` իմ նախագահությամբ կայացված գործի վարույթը կարճելու վերաբերյալ վճիռը:
Վճիռ կայացնելիս անդրադարձ է կատարվել ինչպես վեճի առարկային, հիմքին, այնպես էլ նույն անձանց միջև վեճի առկայությանը: Որպես դատական իշխանություն իրականացնող անձ իմ ներքին համոզմամբ գնահատական տալով նշված բոլոր հանգամանքներին` հանգել եմ հետևության, որ վեճի հիմքը այլ է. այն տարբերվում է նախկինում քննված քաղաքացիական գործի հիմքից նրանով, որ հայցային պահանջի հիմքում դրված է հայցվոր կողմի ներկայացրած փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև երկու վկաների ցուցմունքներով, որից մեկը հանդիսացել է հանգուցյալ կտակարար Վարդանուշ Խաչատրյանին բուժող բժիշկը: Վերոգրյալի հիմնավորմամբ կարևորում եմ, որ վիճարկվող հարցը` միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ խնդիրը վիճահարույց է և ապացույցների, գործի փաստական հանգամանքների գնահատման խնդիր է, հետևաբար դատավորի առաքելության, գործով նախագահողի որոշման հարցն է: Եվ բացի այդ, եթե հայցադիմումն ընդունելու ժամանակ դատավորի մոտ կասկածներ են առաջանում հայցերի նույնության վերաբերյալ, ապա նա պարտավոր է դիմումը վարույթ ընդունել, որովհետև միայն դատական նիստում հայցն ըստ էության քննելիս է հնարավոր վերջնականորեն լուծել այդ հարցը: Տվյալ դեպքում չի հաստատվել հայցերի նույնությունը:
Թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործը` ըստ հայցի Հրանտ Սերյոժայի Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Վասակի Գրիգորյանի, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` Աղավնի Կուրտիկյանի, Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման` խաբեության ազդեցության տակ, իր գործողությունների իմաստը չհասկացող անձի կողմից կնքված գործարքը` Երևանի Էրեբունու նոտարական գրասենյակում 13.08.2001թ. վավերացված թիվ 1-4829 կտակն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք, նշված կտակի հիման վրա Երևանի 1-ին պետական նոտարական գրասենյակի կողմից 21.03.2002 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 2-1422 վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ակնհայտորեն տարբերվում է թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործից` ըստ հայցի Հրանտ Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Գրիգորյանի, Էրեբունու նոտարական տարածքի նոտարական գրասենյակի` կտակը և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տարբերությունը նախ երևում է գործերի պահանջներից (այն է` խաբեության ազդեցության տակ), ինչպես նաև թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործում կան վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` Աղավնի Կուրտիկյան, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակ, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանում:
Նման պայմաններում վերադաս դատարանի` վճիռը մասնակի բեկանելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը գործը քննող եռյակի գնահատման հարց է և հիմք չի կարող հանդիսանալ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար` համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 153 հոդվածի 3-րդ մասի, այն է` դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն:
Միաժամանակ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է կողմի բողոքը` նոր երևան եկած հանգամանքներով վճիռը վերանայելու վերաբերյալ, նշեմ, որ այդ հանգամանքը հիմք չէ առաջին ատյանի դատարանի համար հայցվոր կողմի կողմից փոփոխված վեճի հիմքով հայցային պահանջը վարույթ ընդունելը մերժելու համար` նկատի ունենալով, որ վեճի հիմքը դա փաստական տվյալներն են, որոնցով հայցվորը հիմնավորում է հայցային պահանջները, և որոնց դեմ առարկում է պատասխանողը:
Հայցի հիմքը դա փաստական հանգամանքներն են, որոնցով հայցվորը հիմնավորել է հայցային պահանջը, իսկ պատասխանողը իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները: Թիվ ԵՔԴ0636/02/08 քաղաքացիական գործի քննությամբ հայցվորը չի ներկայացրել փորձաքննության եզրակացությունը, իսկ պատասխանողը չի հայտնել իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, հետևաբար տվյալ դեպքում հայցի հիմքը տարբերվում է նախկինում քննված գործերով հայցի հիմքերից:
Մինչդեռ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով հայցի հիմքը դա նաև փորձաքննության եզրակացությունն էր և 2 վկաների ցուցմունքները. այդ փաստական հանգամանքներով սույն գործը տարբերվում է նախկինում քննված գործերից, ու բացակայում է որևէ դատավարական իրավանորմ` արգելող դատավորին ընդունել գործը վարույթ նման պայմաններում:
Միաժամանակ նշեմ, որ դատարանի կողմից ապահովվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով ամրագրված դատարան դիմելու իրավունքը, ընդ որում կողմերից ոչ մեկին կայացված դատական ակտով չի հասցվել որևէ վնաս, ավելին, վեճը ստացել է իր վերջաբանը, կողմերի մոտ առկա բոլոր ապացույցների դատական քննության առնելու, ապացույցների գնահատական տալու և դատական ստուգման ենթարկելու միջոցով, ինչով լիովին ապահովվել է օրենսդրորեն ամրագրված անձանց դատական պաշտպանության դիմելու իրավունքը:
Գտնում եմ, որ օրենքի այս կամ այն մեկնաբանության վրա հիմնված դատական ակտի կայացումը չի կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում: Այլապես դրանով կարող է կասկածի տակ դրվել դատական իշխանության հեղինակությունը և դատարանի անկախությունը:
Սույն դատական ակտի կայացմամբ չեն սահմանափակվել գործով կողմերի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքները և ազատությունները:
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ կայացված վճիռը չի կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:
Տվյալ գործի քննությամբ իրականացնելով դատական իշխանություն` դատավորի առաքելությամբ գնահատել եմ գործի փաստական հանգամանքները և վճիռ կայացրել հայցը բավարարելու մասին:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ Կարգապահական հանձնաժողովին կարճել իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը` դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում կատարելու բացակայության հիմքով»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով ներկայացված հայցի առարկայի շրջանակներում նույն կողմերի միջև առկա է Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով 04.11.2008թ. վճիռը:
2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.02.2009թ. որոշմամբ բեկանել է Երևան քաղաքացիական դատարանի 04.11.2008թ. վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3) ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009թ. ԵՔԴ/0636/02/08 որոշմամբ բեկանվել Է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.02.2009թ. որոշումը, և օրինական ուժ է տրվել Երևանի քաղաքացիական դատարանի 04.11.2008թ. վճռին:
4) Դատարանի 05.03.2010թ. որոշմամբ կարճվել է թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործի վարույթն` ըստ հայցի Հրանտ Գրիգորյանի ընդդեմ Ռիմա Գրիգորյանի և Երևանի էրեբունի նոտարական տարածքի նոտարական գրասենյակի, կտակն ու ժառանգության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասին:
5) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.08.2010թ. որոշմամբ վերադարձվել է Հրանտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը նոր երևան եկած հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009թ. ԵՔԴ/0636/02/08 որոշումը վերանայելու պահանջի մասին:
6) Դատարանը 15.08.2012թ. թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որով հայցը բավարարվել է: Դատարանը նշել է, որ նշված գործով թեև վեճը նույն անձանց միջև է և նույն առարկայի վերաբերյալ, սակայն այլ հիմքերով, այն է` վկաների ցուցմունքների տարբերությամբ: Բացի այդ, Դատարանը վճռի հիմքում դրել է նաև «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահոգեբանական փորձաքննության 21.05.2009թ. թիվ 09-2648 եզրակացությունը:
7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, այն է` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 15.08.2012թ. թիվ ԵԷԴ/0997/02/11 վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
8) ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2013թ. որոշմամբ վերադարձվել է Հրանտ Գրիգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը:
9) Թիվ ԵԷԴ/0997/02/11 և ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործերով հայցի առարկան կտակը և դրա հիման վրա պատասխանողի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջն է:
10) Թիվ ԵԷԴ/0997/02/11 և ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործերով հայցի փաստական հիմքը կտակի կազմման ժամանակահատվածում կտակարարի ծանր հիվանդությամբ տառապելու հանգամանքն է, որը նրան զրկել է իր գործողությունները ղեկավարելու և դրանց նշանակությունն ու հետևանքները գիտակցելու ընդունակությունից:
11) Թիվ ԵԷԴ/0997/02/11 և ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործերով հայցի իրավական հիմքը ևս համընկնում է, երկու դեպքում էլ որպես վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմ նշվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը:
12) Թիվ ԵԷԴ/0997/02/11 և ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործերով հայցվոր և պատասխանող կողմերը նույնն են:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Վերոգրյալից հետևում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու համար պարտադիր պետք է առկա լինի դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ այնպիսի վեճի վերաբերյալ, որտեղ կողմերը, հայցի առարկան և հայցի հիմքը նույնն են:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵՔԴ/0636/02/08 և թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործերով որպես հայցի առարկա ներկայացվել է երկու պահանջ` անվավեր ճանաչել նոտարական վավերացմամբ կազմված կտակը և ըստ կտակի պատասխանողի անվամբ ձևակերպված ժառանգության իրավունքի վկայականը:
Նշված երկու քաղաքացիական գործերով գործին մասնակցող կողմերը ևս նույնն են: Երկու դեպքում էլ հայցվոր ու պատասխանող կողմերում հանդես են եկել համապատասխանաբար Հրանտ Գրիգորյանը և Ռիմա Գրիգորյանն ու Երևանի Էրեբունի նոտարական տարածքի նոտարական գրասենյակը, իսկ Աղավնի Կուրտիկյանը, Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակը և կադաստրի Էրեբունի տարածքային ստորաբաժանումը թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով հայցվորի կողմից հայցադիմումով ներգրավվել են որպես վեճի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք, այսինքն` այնպիսի դատավարական սուբյեկտներ, որոնք կողմերի միջև ծագած վիճելի իրավահարաբերությունում չունեն ինքնուրույն պահանջ և ըստ էության չեն հանդիսանում այդ վեճի կողմ:
Ինչ վերաբերում է նշված երկու քաղաքացիական գործերով ներկայացված հայցի հիմքերին, ապա երկու դեպքում էլ որպես հայցի փաստական հիմք է ներկայացվել այն հանգամանքը, որ 13.08.2001թ. կտակը կազմելու պահին կտակարար Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք: Նշված քաղաքացիական գործերով հայցի իրավական հիմքը ևս համընկնում է, երկու դեպքում էլ որպես վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմ նշվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 311-րդ հոդվածը:
Մինչդեռ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով կայացված ակտում Դատարանը նշել է, որ նշված գործով վեճը ներկայացվել է այլ հիմքերով, այն է` վկաների ցուցմունքների տարբերությամբ: Բացի այդ, Դատարանը հիմք է ընդունել նաև «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահոգեբանական փորձաքննության 21.05.2009թ. թիվ 09-2648 եզրակացությունը:
Այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
Վերը նշված հոդվածից հետևում է, որ վկաների ցուցմունքները և փորձագետի եզրակացությունները հանդիսանում են գործով ձեռք բերված ապացույցներ:
Հայցի հիմքի և ապացույցների հարաբերակցության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Այդ տրամաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են նաև հայցապահանջները հաստատող ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Ապացույցները հիմնավորում են հայցի հիմքը կազմող իրավաբանական փաստերը և ի վերջո հայցվորի պահանջը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքում դրված որոշակի փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցը տվյալ դատավարության շրջանակներում չներկայացնելու պարագայում նույն փաստական հանգամանքների հիման վրա հայց ներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը ներկայացնելը չի կարող որակվել որպես այլ հիմքով հայցի ներկայացում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նույն հիմքերով օրենսդրական եզրույթը ներառում է հայցի փաստական և իրավական հիմքերը, այլ ոչ թե դրանք հիմնավորող ապացույցները» (տե´ս Վիգեն Ուրուշանյանը ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ սույն վարույթի ընթացքում` չնայած այն հանգամանքին, որ հայցի հիմքի և առարկայի, ինչպես նաև հայցի փաստացի հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցների վերաբերյալ առկա է Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը` Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանն իր բացատրությունում դարձյալ ներկայացրել էր փաստարկ առ այն, որ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով հայցի հիմքը նաև փորձաքննության եզրակացությունն էր և երկու վկաների ցուցմունքները:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի, այնպես էլ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով որպես հայցի փաստական հիմք է ներկայացվել այն հանգամանքը, որ 13.08.2001թ. կտակը կազմելու պահին Վարդանուշ Խաչատրյանը գտնվել է այնպիսի վիճակում, որ ընդունակ չի եղել հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, Խորհուրդն արձանագրում է, որ երկու գործերով ներկայացվել է հայցի նույն իրավական և փաստական հիմքը, իսկ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով ընդամենը փոխվել է այդ փաստական հիմքը հիմնավորող ապացույցների կազմը, այն է` վկաների ցուցմունքները և փորձագետի եզրակացությունը:
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, չկարճելով թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վարույթը, այլ բավարարելով ներկայացված հայցը այն պայմաններում, երբ նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքով վեճի վերաբերյալ առկա է թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:
Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով ըստ էության իրականացվել է Դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, և գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից խախտվել է նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Մասնավորապես իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել Եվրոպական դատարանը` արձանագրելով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ երբ համապատասխան ժամկետն անցնելուց հետո դատարանի կողմից որևէ հարցի տրված լուծումը դարձել է վերջնական, ապա այն այլևս չի կարող կասկածի տակ դրվել (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի, 1999 թվականի հոկտեմբերի 28, գանգատ թիվ 28342/95, կետ 61):
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանը, չկարճելով թիվ ԵԷԴ/0997/02/11 քաղաքացիական գործով վարույթը, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Խորհուրդը, Դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ դատավոր Ա. Մերանգուլյանը նախկինում ևս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, յուրաքանչյուր անգամ, այդ թվում` Արդարադատության խորհրդի 2012 թվականի հուլիսի 24-ի թիվ ԱԽ-14-Ո-18 որոշմամբ, որպես կարգապահական տույժ դատավորի նկատմամբ կիրառելով խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին դիմելը որպես կարգապահական տույժի տեսակ ենթակա է կիրառման այն դեպքում, եթե դատավորի կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ կամ պարբերական խախտման հետևանքով նա այլևս անհամատեղելի է դատավորի պաշտոնի համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Դիմել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Գ. Խանդանյան |