Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.04.2013-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.159
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2009 թվականի N 97-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՎԻՉ (ՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգով հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերի` սույն որոշման պահանջներին համապատասխանեցման ու կնքման ժամկետ` մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 4
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 22-ի N 97-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՎԻՉ (ՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողների կողմից ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման կարգը:

2. Հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) միայն մեկ նպատակով շահագործելիս` ջրօգտագործողն անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակով (այսուհետ` առաջնային խողովակ) արտամղվող հանքային ջրի ծավալը հաշվառում է ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (այսուհետ` առաջնային ջրահաշվիչ)`

1) առաջնային ջրահաշվիչը պետք է տեղադրված լինի առաջնային խողովակի վրա, գազանջատիչից հետո տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` տեխնոլոգիապես հնարավոր այն ամենամոտ հատվածում, որպեսզի հնարավոր լինի չափել առաջնային խողովակով արտամղվող հանքային ջրի ամբողջ ծավալը.

2) գազանջատիչից հետո մինչև առաջնային ջրահաշվիչն ընկած հատվածում պետք է բացառվի առաջնային խողովակին միացված որևէ խողովակի առկայությունը կամ առաջնային խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

3) առաջնային ջրահաշվիչը պետք է տեղադրված լինի առաջնային խողովակի տեսանելի հատվածում և պետք է լինի հասանելի` դրա կնքման և առաջնային խողովակով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար:

3. Հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) միաժամանակ մեկից ավելի նպատակներով շահագործելիս` ջրօգտագործողը սույն կարգի 2-րդ կետում նշված կարգով տեղադրված առաջնային ջրահաշվիչից հետո առաջնային խողովակին միացված հանքային ջրի արդյունահանման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակով (այսուհետ` առանձնացված խողովակ) արտամղվող հանքային ջրի ծավալը հաշվառում է ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (այսուհետ` առանձնացված ջրահաշվիչ)`

1) առանձնացված ջրահաշվիչը պետք է տեղադրված լինի առաջնային ջրահաշվիչից հետո, առաջնային խողովակին միացված յուրաքանչյուր առանձնացված խողովակի վրա, տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` առանձնացված խողովակի միացման տեղին տեխնոլոգիապես հնարավոր ամենամոտ այն հատվածում, որպեսզի հնարավոր լինի չափել առանձնացված խողովակով արտամղվող հանքային ջրի ամբողջ ծավալը.

2) առաջնային ջրահաշվիչից մինչև խողովակների առանձնացման տեղը (հանգույցը) կամ մինչև առաջին առանձնացված խողովակն ընկած հատվածում, կամ առանձնացված խողովակների միջև ընկած հատվածներում պետք է բացառվի առաջնային կամ առանձնացված խողովակին միացված որևէ (առանց համապատասխան ջրահաշվիչի) խողովակի առկայությունը կամ առաջնային կամ առանձնացված խողովակին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

3) խողովակների առանձնացման տեղից (հանգույցից) կամ յուրաքանչյուր առանձնացված խողովակի միացման տեղից մինչև առանձնացված ջրահաշվիչն ընկած հատվածում պետք է բացառվի առաջնային կամ առանձնացված խողովակին միացված որևէ (առանց համապատասխան ջրահաշվիչի) խողովակի առկայությունը, ինչպես նաև առաջնային կամ առանձնացված խողովակներին որևէ խողովակի միացման հնարավորությունը.

4) առանձնացված ջրահաշվիչները պետք է տեղադրված լինեն խողովակների տեսանելի հատվածներում և լինեն հասանելի` դրանց կնքման ու առանձնացված խողովակներով արտամղված ջրի ծավալների արձանագրման համար:

4. Ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի (խողովակների) վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում ջրօգտագործողը գազանջատիչից դուրս եկող յուրաքանչյուր գազի խողովակով արտամղվող ածխաթթու գազի ծավալը հաշվառում է գազաչափով`

1) գազանջատիչից դուրս եկող յուրաքանչյուր գազի խողովակի վրա գազաչափը պետք է տեղադրված լինի գազանջատիչից հետո մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` տեխնոլոգիապես հնարավոր ամենամոտ այն հատվածում, որպեսզի հնարավոր լինի չափել գազ ստանալու յուրաքանչյուր խողովակով արտամղված ածխաթթու գազի ամբողջ ծավալը.

2) գազանջատիչից հետո մինչև գազաչափն ընկած հատվածում պետք է բացառվի գազի խողովակին միացված որևէ խողովակի առկայությունը կամ որևէ խողովակի միացման հնարավորությունը.

3) գազաչափը պետք է տեղադրված լինի խողովակի տեսանելի հատվածում և պետք է լինի հասանելի` դրա կնքման ու գազի խողովակով արտամղվող ածխաթթու գազի ծավալների արձանագրման համար:

5. Եթե հանքային ջրի հորատանցքի (աղբյուրի) տեխնիկական պայմանների ապահովման համար նախատեսված է ջրահեռացում, ապա յուրաքանչյուր ջրահեռացման խողովակի վրա պետք է տեղադրված լինի ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարք (այսուհետ` տեխնիկական ջրահաշվիչ):

6. Տեղադրվող (տեղադրված) առաջնային, առանձնացված և տեխնիկական ջրահաշվիչների և գազաչափերի (այսուհետ` նաև չափման միջոցներ) միացումներն ու չափերը պետք է համապատասխանեն դրանց բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու համար սահմանված պահանջներին: Չափման միջոցները պետք է ունենան օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ, որոնք պետք է վավերացված լինեն ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) պետք է տրված լինի ստուգաչափման մասին վկայական:

7. Տեղադրված չափման միջոցները պետք է պարտադիր կնքված լինեն հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից: Չափման միջոցները հարկային մարմնի կողմից կնքվում են օրենքով սահմանված կարգով գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքում տարածքների կապարակնքման կարգին համապատասխան հաստատված կապարակնիքներով (այդ թվում` համարակալված թիթեղյա, պլաստմասսայե մեկանգամյա օգտագործվող կնիքով), իսկ համապատասխան լիազոր մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով բնօգտագործման փաստացի ծավալները գրանցող սարքերի և սարքավորումների ցուցմունքները փաստելու դեպքում սահմանված ձևի կապարակնիքներով: Կապարակնքելու իրավասությունը տրվում է հարկային և համապատասխան լիազոր մարմնի հրամանով (կարգադրությամբ), և պաշտոնատար անձանց հատկացվում է անհատական կապարակնիք: Անհատական կապարակնիքը տրվում է հարկային և համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի կամ պատասխանատու ստորաբաժանման (անձի) կողմից:

(7-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

8. Կապարակնքումն իրականացվում է չափման միջոց մուտք գործող և դուրս եկող խողովակների, ինչպես նաև չափման միջոցի վրա երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կապարակնիքով կապարադրոշմելու միջոցով` այնպես, որ չափման միջոցն ապամոնտաժելիս` կապարակնիքը խախտվի (պոկվի, վնասվի): Կապարակնքումն իրականացվում է ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի) ներկայությամբ: Ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի)` կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում կազմվում է կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին արձանագրություն, և կապարակնքումն իրականացվում է առանց ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի) ներկայության: Կապարակնքումն ավարտելու պահին հարկային և համապատասխան լիազոր մարմնի պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որտեղ նշում են`

1) կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքման իրավասությունն ստանալու հրամանի (կարգադրության) համարը, ամսաթիվը, կապարակնքման oրը, ժամը, վայրը և կապարակնիքների համարները.

2) ջրահաշվիչը կապարակնքելու դեպքում` դրա առաջնային ջրահաշվիչ կամ առանձնացված ջրահաշվիչ կամ տեխնիկական ջրահաշվիչ հանդիսանալը.

3) առաջնային կամ տեխնիկական ջրահաշվիչ կապարակնքելու դեպքում` դրա հեռավորությունը գազանջատիչից և տեղադրված ջրահաշվիչի բարձրությունը հողի մակերևույթից.

4) առանձնացված ջրահաշվիչը կապարակնքելու դեպքում` հանքային ջրի արդյունահանման նպատակը, ջրահաշվիչի հեռավորությունն առանձնացված խողովակի և առաջնային խողովակի միացման տեղից և տեղադրված ջրահաշվիչի բարձրությունը հողի մակերևույթից.

5) գազաչափը կապարակնքելու դեպքում` տեղադրված գազաչափի հեռավորությունը` ինչպես գազանջատիչից, այնպես էլ` ածխաթթու գազ ստանալու սարքից, տեղադրված գազաչափի բարձրությունը հողի մակերևույթից.

6) կապարակնքվող չափման միջոցի ստուգաչափման մասին վկայականի տվյալներով չափման միջոցի անվանումը, գործարանային համարը, տեսակը, չափման տիրույթը, ճշտության դասը, կարգը (սխալանքը) և արտադրողը.

7) կապարակնքման պահին չափման միջոցի հաշվառքի ցուցիչի տվյալները` համապատասխան չափման միավորներով.

8) ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի) անունը, ազգանունը, պաշտոնը:

(8-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

9. Արձանագրությունն ստորագրվում է կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձանց և ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի) կողմից: Արձանագրությունը կազմվում է երեք oրինակից, որի մեկ oրինակը տրվում է ջրօգտագործողի ղեկավարին (պաշտոնատար անձին), որը պարտավոր է ապահովել կապարակնիքների պահպանությունը: Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, մյուս օրինակը` համապատասխան լիազոր մարմնում: Ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի)` կապարակնքման մասին արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում` նշված արձանագրությունում դրա մասին կատարվում է համապատասխան նշում, և արձանագրության մեկ օրինակը ջրօգտագործողին է ուղարկվում պատվիրված նամակով:

(9-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

10. Սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտմամբ (այդ թվում` չկնքված չափման միջոցներով կամ կապարակնիքների խախտմամբ (կապարադրոշմի վնասելը, ջարդելը կամ պոկելը, մետաղալարի կտրվելը), չափման միջոցի համար սահմանված սխալանքից ավելի շեղում ունեցող հաշվառքի ցուցմունք կամ հաշվեկշիռ ունեցող չափման միջոցով) հանքային ջրի արդյունահանումը (ածխաթթու գազի արտադրությունը) համարվում է վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման կարգի խախտում, ինչպես նաև առաջացնում է պատասխանատվություն` oրենքով սահմանված կարգով:

11. Կապարակնքված չափման միջոցների կապարադրոշմները կարող են պոկվել`

1) չափիչ միջոցի աշխատանքի ճշտության վերաբերյալ ջրօգտագործողի մոտ կամ հարկային կամ համապատասխան լիազոր մարմնում կասկած առաջանալու (այդ թվում` սույն որոշմամբ սահմանված կարգով չափման միջոցների արձանագրված տվյալների արդյունքում կամ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների ժամանակ հաշվառքի ցուցմունքից բխող` չափման միջոցի կասկածելի հաշվեկշռի) դեպքում, նրանց նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով չափման միջոցն ստուգաճշտման ներկայացնելու նպատակով.

2) սույն որոշմամբ սահմանված կարգով հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի կողմից չափման միջոցի տվյալների արձանագրման ժամանակ կապարակնիքի (կապարակնիքների) խախտման արձանագրման դեպքում` հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի նախաձեռնությամբ.

3) ջրօգտագործողի նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով պետական չափագիտական հսկողության համար սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցում չափման միջոցն ստուգաչափման ներկայացնելու նպատակով.

4) ջրօգտագործողի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` վերամիացումների կամ վերանորոգումների, վթարների դեպքերում կամ այլ նպատակներով:

(11-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, երբ կապարադրոշմները նախատեսվում է պոկել հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի նախաձեռնությամբ, ապա ջրօգտագործողին ստուգաճշտման անհրաժեշտության մասին պաշտոնապես ծանուցվելու oրվանից 10-oրյա ժամկետում հարկային և համապատասխան լիազոր մարմնի` կապարակնքում իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից համատեղ պոկվում են կապարադրոշմները, երեք օրինակից կազմելով կապարադրոշմները պոկելու մասին արձանագրություն, որտեղ նշվում են սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկությունները: Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, մեկ օրինակը` համապատասխան լիազոր մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է ջրօգտագործողին: Ջրօգտագործողի բնականոն աշխատանքը չընդհատելու նպատակով հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի կողմից ջրօգտագործողին ժամանակավոր օգտագործման համար տրամադրվում է օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց, իսկ ջրօգտագործողին առաջարկվում է չափման միջոցը ներկայացնել ստուգաճշտման: Երբ ջրօգտագործողի ղեկավարը (պաշտոնատար անձը) հրաժարվում է ստորագրել կապարադրոշմները պոկելու մասին արձանագրությունը կամ` չափման միջոցը ներկայացնել ստուգաճշտման, ապա չափման միջոցն օրենքով սահմանված կարգով վերցվում է հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի կողմից` ստուգաճշտման ներկայացնելու նպատակով, կազմվում է իրերը ժամանակավորապես վերցնելու մասին արձանագրություն` երեք օրինակից, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, մյուս օրինակը` համապատասխան լիազոր մարմնում: Իրերը ժամանակավորապես վերցնելու մասին արձանագրության մեկ օրինակը կապարադրոշմները պոկելու մասին արձանագրության մեկ օրինակի հետ միասին տրվում է ջրօգտագործողի ղեկավարին (պաշտոնատար անձին): Կապարադրոշմները պոկելու կամ իրերը ժամանակավորապես վերցնելու մասին արձանագրությունները ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի) կողմից ստորագրումից հրաժարվելու դեպքում դրա մասին արձանագրություններում կատարվում են համապատասխան նշումներ, և արձանագրության օրինակները ջրօգտագործողին են ուղարկվում պատվիրված նամակով: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից տրված ստուգաճշտման վկայականի հիման վրա հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից համատեղ ջրօգտագործողի տեղադրած չափման միջոցը կապարակնքվում է: Ստուգաճշտման լաբորատորիայի կողմից չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին ծանուցագիր տրված լինելու դեպքում ջրօգտագործողը կապարակնքման համար տեղադրում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող չափման միջոց, որը հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից համատեղ կապարակնքվում է:

(12-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ կապարադրոշմները պետք է պոկվեն ջրօգտագործողի նախաձեռնությամբ, ապա ջրօգտագործողի կողմից հարկային և համապատասխան լիազոր մարմին ներկայացված դիմումների հիման վրա, դրանց ստացմանը հաջորդող տասնօրյա (տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված վերամիացումների կամ վերանորոգումների դեպքում` եռօրյա, իսկ վթարների դեպքում` մեկօրյա) ժամկետում հարկային և համապատասխան լիազոր մարմնի` կապարակնքում իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից համատեղ պոկվում են կապարադրոշմները` դրա մասին երեք օրինակից կազմելով կապարադրոշմները պոկելու մասին արձանագրություն, որտեղ նշվում են սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկությունները: Արձանագրությունը կազմվում է երեք oրինակից, որի մեկ oրինակը տրվում է ջրօգտագործողի ղեկավարին (պաշտոնատար անձին): Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, մյուս օրինակը` համապատասխան լիազոր մարմնում: Արձանագրությունում նշվում է նաև չափման միջոցը կապարակնքման ներկայացնելու վերջնական ժամկետը: Ջրօգտագործողն իր բնականոն աշխատանքը չընդհատելու նպատակով (բացառությամբ տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` վերամիացումների կամ վերանորոգումների դեպքերի և վթարների) տեղադրում է օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող չափման միջոց, որը հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից համատեղ կապարակնքվում է` սույն կարգին համապատասխան: Ջրօգտագործողի կողմից ներկայացված` ստուգաչափում իրականացնող կազմակերպության կամ ստուգաճշտման լաբորատորիայի կողմից տրված ստուգաչափման կամ ստուգաճշտման վկայականների պատճենների կամ տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` վերամիացումները, վերանորոգումներն ավարտելու կամ վթարների վերացման մասին դիմումի հիման վրա հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից համատեղ չափման միջոցը կապարակնքվում է` սույն կարգին համապատասխան: Ստուգաչափման կամ ստուգաճշտման արդյունքում չափման միջոցը հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու (դրա մասին ծանուցագիր տրված լինելու) դեպքում ջրօգտագործողը կապարակնքման համար պարտավոր է ապահովել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող չափման միջոց, որը հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից համատեղ կապարակնքվում է` սույն կարգին համապատասխան:

(13-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

(հավելվածը փոփ. 21.03.13 N 245-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

        

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 22-ի N 97-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողների արդյունահանած ստորերկրյա հանքային ջրի և արտադրված ածխաթթու գազի ծավալների` հաշվիչ (չափիչ) սարքերի տվյալները հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից արձանագրվելու կարգն ու ժամկետները:

(1-ին կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

2. Հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից ստորերկրյա հանքային ջրի և արտադրված ածխաթթու գազի ծավալների` հաշվիչ (չափիչ) սարքերի տվյալները կարող են արձանագրվել յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով` տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, հաշվետու եռամսյակի կտրվածքով` տվյալ եռամսյակի վերջին աշխատանքային օրը, հաշվետու տարվա կտրվածքով` տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը: Հարկային մարմնի կողմից ստորերկրյա հանքային ջրի և արտադրված ածխաթթու գազի ծավալների` հաշվիչ (չափիչ) սարքերի տվյալները կարող են արձանագրվել նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների և չափագրումների ընթացքում: Համապատասխան լիազոր մարմնի կողմից ստորերկրյա հանքային ջրի և արտադրված ածխաթթու գազի ծավալների` հաշվիչ (չափիչ) սարքերի տվյալները կարող են արձանագրվել նաև «Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ժամանակ:

(2-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

3. Հարկային կամ համապատասխան լիազոր մարմինների կողմից սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքերում ու ժամկետներում արձանագրվում են`

1) ջրօգտագործողի կողմից առաջնային, առանձնացված և տեխնիկական խողովակների վրա տեղադրված առաջնային, առանձնացված և տեխնիկական ջրահաշվիչների տվյալները.

2) գազի խողովակի (խողովակների) վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում` տեղադրված գազաչափի (գազաչափերի) տվյալները:

(3-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

4. Ջրօգտագործողը պարտավոր է ապահովել հարկային կամ համապատասխան լիազոր մարմինների պաշտոնատար անձանց անարգել հասանելիությունը (ծառայողական վկայականի առկայության դեպքում) ջրահաշվիչներին և (կամ) գազաչափերին, բոլոր սարքերին, կառուցվածքներին, որոնք տեղադրված են ջրօգտագործողի տարածքում կամ նրա սեփականությունն են: Հարկային կամ համապատասխան լիազոր մարմինների կողմից ջրահաշվիչի և (կամ) գազաչափի տվյալներն արձանագրվում են ջրօգտագործողների աշխատանքային oրերին և ժամերին` առանց խոչընդոտելու նրանց բնականոն աշխատանքը:

(4-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

5. Հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի պաշտոնատար անձը (անձինք) ջրահաշվիչների և գազաչափերի տվյալներն արձանագրում են ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի) հետ համատեղ` երեք օրինակից, հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի սահմանած ձևի ակտով, որտեղ արձանագրվում են`

1) տվյալներն արձանագրող յուրաքանչյուր պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, տվյալների արձանագրման oրը, ժամը, վայրը.

2) առաջնային, առանձնացված և տեխնիկական ջրահաշվիչների կապարակնիքների համարները, վերջին կապարակնքման օրը, ժամը, կապարակնիքների խախտված լինելը կամ չլինելը.

3) տվյալների արձանագրման պահին ջրահաշվիչների կամ գազաչափերի հաշվառքի ցուցիչների տվյալները` համապատասխան չափման միավորներով.

4) ջրօգտագործողի ղեկավարի կամ պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը:

(5-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

6. Համատեղ ակտն ստորագրվում է տվյալներն արձանագրող պաշտոնատար անձի (անձանց) ու ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի) կողմից և կնիքի առկայության դեպքում կնքվում է: Ակտի մեկ oրինակը տրվում է ջրօգտագործողի ղեկավարին (պաշտոնատար անձին): Ջրօգտագործողի ղեկավարի (պաշտոնատար անձի)` տվյալների արձանագրման մասին ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում դրա մասին կատարվում է համապատասխան նշում, և ակտի մեկ օրինակը ջրօգտագործողին է ուղարկվում պատվիրված նամակով: Տվյալները համապատասխան լիազոր մարմնի կողմից ակտում արձանագրվելու դեպքում ակտի մեկ օրինակը պահպանվում է համապատասխան լիազոր մարմնում, իսկ մյուս օրինակը տրամադրվում է հարկային մարմնին: Տվյալները հարկային մարմնի կողմից արձանագրելու դեպքում ակտի մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, իսկ մյուս օրինակն ուղարկվում է համապատասխան լիազոր մարմին:

(6-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

7. Հարկային և համապատասխան լիազոր մարմինների կողմից սույն կարգին համապատասխան կազմված ակտերը ժամանակագրական կարգով կարվում են հարկային և համապատասխան լիազոր մարմնում պահվող` ջրօգտագործողի անձնական գործում: Սույն կարգով նախատեսված տվյալների արձանագրման ժամանակ կապարակնիքների խախտման հայտնաբերման դեպքում հարկային կամ համապատասխան լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է կապարակնիքների խախտման մասին արձանագրություն: Արձանագրության հիման վրա կապարադրոշմները պոկվում են, և ջրահաշվիչը կամ գազաչափը կապարակնքվում է սույն որոշմամբ հաստատված կարգով:

(7-րդ կետը փոփ. 21.03.13 N 245-Ն)

(հավելվածը փոփ. 21.03.13 N 245-Ն)

     

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան