Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-7-Ո-14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.20/15(955) Հոդ.219
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.02.2013
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-7-Ո-14
 2013 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱԼՎԱՐԴ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի, Մ. Մակյանի,

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2013 թվականի փետրվարի 28-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հունանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 30.01.2013թ. թիվ N-Կ-2-3/2013թ. որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Հունանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի 17.01.2013թ. թիվ 01/13-Է գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

 «Դատարանի կողմից 01.01.2012-19.10.2012թթ. միջև ընկած ժամանակահատվածում կայացվել են թվով 6 ինքնաբացարկի որոշումներ՝ բոլորը կողմերի միջնորդությամբ: Ընդ որում, բոլոր որոշումներում հիմք է ընդունվել ընդամենը այն, որ չնայած ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, սակայն եղած կասկածները փարատելու համար ինքնաբացարկի միջնորդությունը պետք է բավարարել:

1) Դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/2738/02/09 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 10.11.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 16.03.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 23.03.2012թ.:

 2) Թիվ ԵԱՔԴ/1530/02/10 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 09.09.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 13.04.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 16.04.2012թ.:

3) Թիվ ԵԱՔԴ/1532/02/10 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 06.09.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 23.03.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 24.03.2012թ.:

4) Թիվ ԵԱՔԴ/1533/02/10 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 09.09.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 27.03.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 30.03.2012թ.:

Վերոնշյալ 3 քաղաքացիական գործերով հայցվորներ են հանդիսացել պատասխանող ընկերության` «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ-ի նախկին աշխատակիցները:

5) Թիվ ԵԱՔԴ/2174/02/11 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 03.11.2011թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 14.09.2012թ., որոշումը կայացվել` 18.09.2012թ.:

6) Թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 29.05.2012թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 20.09.2012թ., որոշումը կայացվել է 27.09.2012թ.:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Դատական իշխանություն իրակացնելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր»:

 ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ`

 1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

 2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.

 3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ(...).

 4) դատավորը գիտի, որ նա անձամբ կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ (...)»:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Դատավորը, որը ինքնաբացարկ է հայտնել, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է բառացի արձանագրման (...)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ: Գործին մասնակցող անձը նման միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքը իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել (...)»:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01Ն որոշման (այսուհետ` Վարքագծի կանոններ) 15-րդ կանոնի համաձայն` «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել, կամ երբ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել: Նման հիմքեր կարող են լինել, մասնավորապես, երբ`

ա) դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ,

բ) դատավորը նախկինում տվյալ գործով եղել է քննիչ, դատախազ, փաստաբան կամ ներկայացուցիչ և պաշտպանել կողմերից մեկի շահերը,

գ) դատավորը տվյալ գործով հանդիսացել է վկա, որի ցուցմունքներն էական նշանակություն են ունեցել գործի հանգամանքները պարզելու համար,

դ) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ազգականները, ընկերներն ու ծանոթները) դատավարության մասնակիցներ են կամ ունեն տնտեսական կամ այլ շահագրգռվածություն վեճի ելքով (...)»:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, արձանագրում է, որ դատավոր Ա. Հունանյանը թիվ ԵԱՔԴ/2738/02/09, թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10, թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով բավարարել է ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները` հիմք ընդունելով այն, որ չնայած ինքնաբացարկի միջնորդությունների հիմքում դրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, սակայն եղած կասկածները փարատելու համար ինքնաբացարկի միջնորդությունները պետք է բավարարել:

Այսպիսով, մեջբերված փաստերը վերլուծելով ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնի պահանջների ներքո՝ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ դատավոր Ա.Հունանյանի կողմից նշված քաղաքացիական գործերով կայացված ինքնաբացարկի որոշումների հիմք են հանդիսացել բացառապես միջնորդությունները ներկայացնողների` դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները: Մինչդեռ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով հստակ ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում է հնարավոր հիմնավորված ինքնաբացարկի որոշում կայացնել:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ դատավոր Ա.Հունանյանի կողմից հայտնած ինքնաբացարկի որոշումները կայացվել են օրենքով դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար հիմք չհանդիսացող հանգամանքի առկայության պարագայում, ինչի արդյունքում դատավորի կողմից չեն պահպանվել ՀՀ դատական օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Վարքագծի կանոններով սահմանված՝ ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները:

Բացի այդ, անդրադառնալով ինքնաբացարկի միջնորդությունների ներկայացման և որոշումների կայացման ժամկետներին` Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ այս դեպքում էլ դատավորի կողմից չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն այն մասին, որ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել:

Այսպես` թիվ ԵԱՔԴ/2738/02/09, թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10, թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից ինքնաբացարկի որոշումները կայացվել են հայցադիմումները վարույթ ընդունելուց հետո գործերը համապատասխանաբար շուրջ 1 տարի 5 ամիս, 1 տարի 7 ամիս, 1 տարի 6 ամիս, 1 տարի 6 ամիս, 10 ամիս և 4 ամիս քննելուց հետո, ընդ որում, ոչ բավարար հիմքով, այն է` միայն միջնորդությունները ներկայացնողների կասկածները փարատելու համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ դա պահանջվում է օրենքով, իսկ օրենքի պահանջը հանգում է նրան, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի, եթե նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով: Մինչդեռ դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, որի արդյունքում դատավոր Ա.Հունանյանի կողմից ոչ միայն չեն պահպանվել ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 91-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով սահմանված՝ ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, այլև դատավորը, փաստորեն, հրաժարվել է քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելուց:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատավոր Ա. Հունանյանի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնի պահանջները, որի արդյունքում թույլ են տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որոնք էլ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ և' վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը, և' նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, որի արդյունքում թույլ են տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, վարքագծի կանոնների կոպիտ խախտում»:

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Հունանյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԵԱՔԴ/2738/02/09, ԵԱՔԴ/1530/02/10, ԵԱՔԴ/1532/02/10, ԵԱՔԴ/1533/02/10, ԵԱՔԴ/2174/02/11 և ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով իմ կողմից ինքնաբացարկի միջնորդությունները հարգելու վերաբերյալ որոշումների առնչությամբ հայտնում եմ հետևյալը.

1. Թիվ ԵԱՔԴ/2738/02/09 քաղաքացիական գործով հայցվորների ներկայացուցիչներ էին հանդիսանում Վլադիմիր և Յուրի Հայրապետյանները: Ընդ որում, Յուրի Հայրապետյանը միաժամանակ խուլ հանդիսացող Վլադիմիր Հայրապետյանի թարգմանիչն էր:

Քանի որ թարգմանիչը չէր կարող միաժամանակ իրականացնել և' ներկայացուցչի, և' թարգմանչի լիազորություններ, դատարանը դատական նիստերում փորձեց նոր թարգմանիչ հրավիրել, որպիսի հանգամանքը հայցվորների ներկայացուցիչները չընդունեցին և հաջորդ դատական նիստերին չէին ներկայանում, և յուրաքանչյուր անգամ դատարանի գրասենյակ էին հանձնում տարբեր բնույթի միջնորդություններ և շարունակում դատական նիստերին չներկայանալ:

Դատարանի դատական նիստին պատշաճ ծանուցված լինելու պայմաններում գործի քննությունը իրենց բացակայությամբ քննելու նախազգուշացումից հետո հայցվորների ներկայացուցիչները ներկայացան 20.03.2012թ. դատական նիստին և ներկայացրին ինքնաբացարկի միջնորդություն` հիմքում մասնավորապես դնելով այն հանգամանքը, որ դատարանը խոչընդոտում է թարգմանության իրականացմանը, ուստի և կասկածի տակ է դնում դատավորի անկողմնակալությունը:

Արդեն իսկ ծանոթ լինելով հայցվորների ներկայացուցիչների` դատական նիստերին չներկայանալու և գործի քննությունը դիտավորյալ ձգձգելու վարքագծին` իմ կողմից ինքնաբացարկի միջնորդությունը հարգվել է:

2. Թիվ ԵԱՔԴ/2174/02/11 քաղաքացիական գործով 14.09.2012թ. նշանակված դատական նիստին հայցվոր Մարինա Պողիկյանի ներկայացուցիչը միջնորդեց նշանակել դատաապրանքագիտական փորձաքննություն, սակայն Դատարանը մերժեց այդ միջնորդությունը` դրա անհրաժեշտությունը չլինելու և գործի քննությունն անհարկի չձգձգելու պատճառաբանությամբ, ընդ որում, Դատարանն ամեն կերպ փորձում էր կողմերին հաշտության համաձայնության բերել:

Դատարանի կողմից հաշտության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հանգամանքը կողմերից Մարինա Պողիկյանի ներկայացուցիչը դիտեց որպես դատավորի կողմից կանխակալ վերաբերմունք և ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, այն բավարարել է` վերը նշված կասկածները փարատելու համար:

3. Թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործով, ըստ հայցի Ելենա Խանգելդյանցի ընդդեմ Անուշավան Հայրապետյանի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, հարկադիր սերվիտուտը վերացնելու, Երևան քաղաքի Դրոյի փող. 4-րդ նրբ. 21 տուն հասցեում 33,5 քմ կողմերին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցված 2,0 քմ աստիճանավանդակի և 2,7 քմ պատշգամբի մասով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանումում պատասխանողի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և համատեղ սեփականության իրավունքով կողմերին պատկանող 33,5 քմ հողատարածքի վրա կառուցած աստիճանավանդակը, պատշգամբը ապամոնտաժելուն հարկադրելու, առաջին և երկրորդ հարկերի` դեպի հայցվորի հողամասը նայող պատուհանները փակելու պահանջների մասին, 20.09.2012թ. հայցվոր Ելենա Խանգելդյանցի ներկայացուցիչ Ս. Շահնազարյանը ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն` նշելով, որ դատավոր Ա. Հունանյանի նախագահությամբ քննվել է նույն կողմերի միջև, նույն առարկայի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/2206/02/08 քաղաքացիական գործը, և հայցվորի պահանջը մերժվել է, այսինքն` դատավոր Ա. Հունանյանն արդեն իսկ սույն հայցապահանջների մասով իր դիրքորոշումը հայտնել է նշված վճռով:

Իմ կողմից ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվել է, քանի որ իրականում 08.07.2009թ. իմ նախագահությամբ քննվել է վերը նշված քաղաքացիական գործով հայցվոր Ելենա Խանգելդյանցի հայցն ընդդեմ Անուշավան Հայրապետյանի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Անուշավան Հայրապետյանի ընդդեմ Ելենա Խանգելդյանցի` հարկադիր սերվիտուտ սահմանելու և անշարժ գույքի սեփականատիրոջ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելու պահանջների մասին, և կայացվել է դատական ակտ, որով մերժվել է հայցվոր Ե. Խանգելդյանցի հայցը, իսկ Ա. Հայրապետյանի հակընդդեմ հայցը` բավարարվել:

Փաստորեն, պետք է կրկին քննեի նույն առարկայի վերաբերյալ, նույն կողմերի միջև քաղաքացիական գործ, որով արդեն իսկ իմ դիրքորոշումը հայտնել էի 08.07.2009թ. թիվ ԵԱՔԴ/2206/02/08 քաղաքացիական գործով կայացված վճռով` մերժելով հայցվորի պահանջը, բավարարելով հայցվորի հակընդդեմ հայցը:

4. Դատարանի գրասենյակ են մուտք եղել Արշակ Մկոյանի, Դավիթ Խաչատրյանի, Վաղինակ Դավթյանի, Արման Սարատիկյանի և Հրաչյա Խաչատրյանի հայցադիմումներն ընդդեմ «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ-ի` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու, ազատման հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով բռնագանձում կատարելու, անօրինական աշխատանքի համար վնասներ բռնագանձելու, աշխատավարձի չվճարված հավելումների, արձակուրդային վճարները բռնագանձելու պահանջների մասին, և կազմվել են 5 քաղաքացիական գործեր:

Վերը նշված քաղաքացիական գործերով հայցվորները հանդիսացել են պատասխանող ընկերության նախկին աշխատակիցներ, նրանց հայցապահանջները` վեճի առարկաները և հիմքերը նույնն են, և հայցապահանջներն ուղղված են նույն պատասխանողի` «Ինտրաքոմ Հայաստան» ՍՊԸ-ի դեմ:

Վերը նշված քաղաքացիական գործերից երկուսով` թիվ ԵԱՔԴ/1529/02/10 և թիվ ԵԱՔԴ/1531/02/10, իմ նախագահությամբ 17.02.2012թ. և 12.03.2012թ. կայացվել են վճիռներ, որոնց համաձայն հայցապահանջները մերժվել են:

Մնացած երեք` ԵԱՔԴ/1530/02/10, ԵԱՔԴ/1532/02/10 և ԵԱՔԴ/1533/02/10 քաղաքացիական գործերով հայցվորների ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել դատական նիստը նախագահող Ա. Հունանյանի դեմ` դրանց հիմքում դնելով այն հանգամանքները, որ վերը նշված հայցապահանջները մերժելու վճիռներով դատավոր Ա. Հունանյանն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է:

Նման պայմաններում դատավոր Ա. Հունանյանս պարտավոր էի հարգել վերը նշված ինքնաբացարկի միջնորդությունները, քանզի վերը նշված քաղաքացիական գործերով բոլոր հայցապահանջները` վեճի առարկաները և հիմքերը նույնն էին, և վեճը լուծելիս տարբեր դիրքորոշում չէի կարող ունենալ, այսինքն` կանխատեսելի կդառնային մյուս քաղաքացիական գործերով կայացվելիք դատական ակտերը:

Եթե նույնիսկ հայցվորների ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն չհայտնեին, ապա ես ինքս իմ նախաձեռնությամբ պարտավոր էի ինքնաբացարկ հայտնելու:

Ինչ վերաբերում է կարգապահական հանձնաժողովի արձանագրած այն մտքին, որ ինքնաբացարկները հարգվել են քաղաքացիական գործերը դատարանի վարույթում 1 տարի 6 ամիս գտնվելուց հետո, ապա հայտնում եմ, որ կողմերի ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդությունները ներկայացրել են նշված քաղաքացիական գործերից երկուսով` թիվ ԵԱՔԴ/1529/02/10 և ԵԱՔԴ/1531/02/10 17.02.2012թ. և 12.03.2012թ. վճիռներ կայացվելուց հետո, այսինքն` ինքնաբացարկի համար հիմքերն առաջանալուց հետո միայն` մեկ ամսվա ընթացքում:

Փաստորեն, վերը նշված նորմերի հիմքով գտնում եմ, որ թիվ ԵԱՔԴ/0322/02/12, ԵԱՔԴ/1530/02/10, ԵԱՔԴ/1532/02/10 և ԵԱՔԴ/1533/02/10 քաղաքացիական գործերով ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու հիմքերը հիմնավոր են եղել, եթե նույնիսկ կողմերի ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնեին, ապա դատավորը պարտավոր էր նշված գործերով ինքնաբացարկ հայտնելու, քանզի դատավորի կողմից կայացված վճիռներով կանխորոշված էր նրա դիրքորոշումը` նույն առարկայի վերաբերյալ, նույն կողմերի միջև քննվելիք քաղաքացիական գործերով, հատկապես` երբ կողմի մոտ համոզմունք էր ստեղծվել, որ դատավորը նույնանման վեճ քննելիս այլ դիրքորոշում չի կարող ունենալ, և, իմ կարծիքով, ինքնաբացարկի միջնորդությունը չհարգելով կխաթարվեր կողմի հավատն արդարադատության նկատմամբ, ինչը դատավորը որևէ բարոյական իրավունք չունի թույլ տալու:

Ինքնաբացարկի վերաբերյալ վերը նշված քաղաքացիական բոլոր գործերով ինքնաբացարկի միջնորդությունները հարգվել են` հաշվի առնելով ինքնաբացարկ հայտնող անձի իրավունքներն ու շահերը, ինքնաբացարկի շարժառիթները, ստեղծված իրավիճակը, մյուս կողմի դիրքորոշումը` դրանով իսկ չխաթարելով կողմի հավատն արդարադատության նկատմամբ:

Գտնում եմ, որ ինքնաբացարկի միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս դատավորի կողմից որևէ կողմի իրավունքներ չեն խախտվել, դատավորի վարքագծի կոպիտ խախտումներ կամ դատավարական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներ թույլ չեն տրվել:

Խնդրում եմ իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել»:

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/2738/02/09 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 10.11.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 16.03.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 23.03.2012թ.:

 2) Թիվ ԵԱՔԴ/1530/02/10 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 09.09.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 13.04.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 16.04.2012թ.:

3) Թիվ ԵԱՔԴ/1532/02/10 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 06.09.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 23.03.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 24.03.2012թ.:

 4) Թիվ ԵԱՔԴ/1533/02/10 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 09.09.2010թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 27.03.2012թ., ինքնաբացարկի որոշումը կայացվել է 30.03.2012թ.:

5) Թիվ ԵԱՔԴ/2174/02/11 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 03.11.2011թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 14.09.2012թ., որոշումը կայացվել` 18.09.2012թ.:

6) Թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործով հայցը վարույթ է ընդունվել 29.05.2012թ., ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել 20.09.2012թ., որոշումը կայացվել է 27.09.2012թ.:

7) Դատավոր Ա. Հունանյանը վերը նշված քաղաքացիական գործերով բավարարել է ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները` ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնողների կասկածները փարատելու պատճառաբանությամբ:

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Հունանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, ուսումնասիրելով դատավորի բացատրությունը, վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնաբացարկը պետք է լինի պատճառաբանված:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլոց, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է այն փաստերին, որոնք վիճարկվում են դատաքննության ընթացքում.

3) դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Անձի հետ արյունակցական կապի մինչև 3-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք. (...)»:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` Վարքագծի կանոններ) 15-րդ կանոնի համաձայն` «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել, կամ երբ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել: Նման հիմքեր կարող են լինել, մասնավորապես, երբ`

ա) դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ,

բ) դատավորը նախկինում տվյալ գործով եղել է քննիչ, դատախազ, փաստաբան կամ ներկայացուցիչ և պաշտպանել կողմերից մեկի շահերը,

գ) դատավորը տվյալ գործով հանդիսացել է վկա, որի ցուցմունքներն էական նշանակություն են ունեցել գործի հանգամանքները պարզելու համար,

դ) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ազգականները, ընկերներն ու ծանոթները) դատավարության մասնակիցներ են կամ ունեն տնտեսական կամ այլ շահագրգռվածություն վեճի ելքով (...)»:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Ընդ որում, ցանկացած դեպքում դատավորի ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

Միաժամանակ Խորհուրդը արձանագրում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածից հետևում է, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն, և այդպիսին կարող է որակվել ցանկացած հանգամանք, որը կարող է ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 20.06.2008թ. թիվ 3-444 (ՎԴ) քաղաքացիական գործով կայացված որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ինքնաբացարկի հիմք և դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանք կարող է հանդիսանալ դատավորի ներքին կողմնակալ վերաբերմունքի հանգեցնող ցանկացած փաստ, որը կարող է ազդել թե՛ դատավորի կողմից գործը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննելու և թե՛ գործի քննության արդյունքում դատավորի մոտ այնպիսի ներքին համոզմունքի ձևավորման վրա, որը չի բխում օրենսդրության նորմերից և գործում հետազոտված փաստերից, այլ հիմնվում է դրանցից դուրս գտնվող այլ հանգամանքի վրա» (տե'ս` Ջոն Սարգսյանն ընդդեմ Էդուարդ և Կարինե Սարգսյանների թիվ 3-444 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշումը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը թիվ ԵԱՔԴ/2738/02/09, թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10, թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով բավարարել է ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները` եղած կասկածները փարատելու պատճառաբանությամբ:

Պյերսակն ընդդեմ Բելգիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած նրան, որ անաչառությունը սովորաբար նշանակում է նախատրամադրվածության և կողմնակալության բացակայություն, այնուամենայնիվ, դրա բացակայությունը կամ էլ առկայությունը կարող է ստուգվել տարբեր ճանապարհներով` համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի: Նշված կոնտեքստում կարելի է տարբերակել սուբյեկտիվ մոտեցումը, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյո՞ք առկա էին բավարար երաշխիքներ` այդ կապակցությամբ առաջացած ցանկացած կասկած բացառելու համար (տե՛ս Պյերսակն ընդդեմ Բելգիայի, 1982 թվականի հոկտեմբերի 1, գանգատ թիվ 8692/79, կետ 30):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 13.03.2009թ. թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ, վերլուծելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Այդ իրավական նորմերի ընդհանրական մոտեցումը դատարանի կամ դատավորի անաչառության կանխավարկածն է, որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա աչառությունն ապացուցված չէ» (տե՛ս Կարինե Հարությունյանի դիմումը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալից հետևում է, որ դատավորը համարվում է անաչառ այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

Մինչդեռ վերը նշված քաղաքացիական գործերով Դատարանի կողմից բավարարվել է ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները ոչ թե դատավորի աչառու լինելու, այլ ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնողների` չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ:

Այսպես` թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և ԵԱՔԴ/2738/02/09 քաղաքացիական գործերով կայացված ինքնաբացարկի որոշումներում Դատարանը նշելով, որ ինքնաբացարկի միջնորդությունների հիմքում դրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը, հաստատել է այն փաստը, որ նշված քաղաքացիական գործերով իր աչառությունն ապացուցված չի եղել:

Իսկ թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով կայացված ինքնաբացարկի որոշումներում Դատարանը նշել է, որ նախկինում կայացված դատական ակտերը հիմք չեն կարող հանդիսանալ դատավորի անկողմնակալությունը կասկածի տակ դնելու հիմքում:

Նմանատիպ հիմքով հայտնած ինքնաբացարկի հարցին անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված Ջոն Սարգսյանն ընդդեմ Էդուարդ և Կարինե Սարգսյանների գործով` հայտնելով հետևյալ դիրքորոշումը. «(...) ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածում նշված հիմքերից քննարկման առարկա կարող է դառնալ միայն օրենսգրքի այն դրույթը, որը նախատեսում է, որ ինքնաբացարկի հիմք կարող է հանդիսանալ այն, որ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Նման դրույթն օրենսդրի կողմից դիտարկվել է ինքնաբացարկի հիմք այն պարզ պատճառաբանությամբ, որ ստորին ատյանում գործի քննությանը որպես դատավոր մասնակցած լինելու դեպքում դատավորը վերադաս դատական ատյանում ըստ էության վերանայում է իր իսկ կայացրած ակտի օրինականությունը: Մինչդեռ զուտ այն հանգամանքը, որ դատավորը մասնակցել է նույն անձանց միջև քննված մեկ այլ քաղաքացիական գործին որպես դատավոր, նրա անաչառության վերաբերյալ կասկածի և ինքնաբացարկը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող (...)»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ա. Հունանյանը, չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ բավարարելով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները, կայացրել է չհիմնավորված ինքնաբացարկի որոշումներ:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ նաև ինքնաբացարկի միջնորդությունների ներկայացման և որոշումների կայացման ժամկետներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը ինքնաբացարկի միջնորդություն կարող է ներկայացնել, իսկ դատավորը ինքնաբացարկ կարող է հայտնել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կապացուցի, իսկ դատավորը կհիմնավորի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել: Ամեն դեպքում միջնորդությունը կարող է ներկայացվել, կամ ինքնաբացարկը կարող է հայտնվել միայն մինչև դատաքննության ավարտը:

Այսպես` թիվ ԵԱՔԴ/2738/02/09, թիվ ԵԱՔԴ/1530/02/10, թիվ ԵԱՔԴ/1532/02/10, թիվ ԵԱՔԴ/1533/02/10, թիվ ԵԱՔԴ/2174/02/11 և թիվ ԵԱՔԴ/0322/02/12 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից ինքնաբացարկի որոշումները կայացվել են հայցադիմումները վարույթ ընդունելուց հետո գործերը համապատասխանաբար շուրջ 1 տարի 5 ամիս, 1 տարի 7 ամիս, 1 տարի 6 ամիս, 1 տարի 6 ամիս, 10 ամիս և 4 ամիս քննելուց հետո, ընդ որում, ոչ բավարար հիմքով, այն է` միայն միջնորդությունները ներկայացնողների կասկածները փարատելու համար:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ա. Հունանյանը, խախտելով ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հունանյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան
Գ. ԲԱԴԻՐՅԱՆ
Մ. Մարտիրոսյան