Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.20/15(955) Հոդ.212
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2013 թվականի N 203-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 14-րդ և 15-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 12

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

 մարտի 7-ի N 203-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ընդերքօգտագործողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում (այսուհետ` հանքավայր) հանքարդյունահանման պայմանագրում չնշված նոր օգտակար հանածոներ հայտնաբերելու դեպքում 14 օրվա ընթացքում դրա մասին գրությամբ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Գրության մեջ նշվում են նոր հայտնաբերված օգտակար հանածոյի անվանումը, դրա պահուստավորման համար առաջարկվող տեղի, ժամկետի և պայմանների մասին:

4. Ստորերկրյա եղանակով շահագործվող հանքավայրում նոր օգտակար հանածոների հայտնաբերման դեպքում, եթե նոր օգտակար հանածո պարունակող հանքային մարմինը գտնվում է օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված լեռնային փորվածքների անցուղիներում, ապա նոր հայտնաբերված օգտակար հանածոն պահուստավորվում է`

1) ստորերկրյա դատարկություններում (չօգտագործվող հանքախորշերում, հանքուղիներում և այլն).

2) այն դուրս բերելով երկրի մակերևույթ և տեղադրելով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված ժամանակավոր շինություններում կամ արտադրական լցակույտերի համար նախատեսված տեղում` առանձնացնելով արտադրական լցակույտերից:

5. Բաց եղանակով շահագործվող հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոները պահուստավորվում են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված ժամանակավոր շինություններում կամ արտադրական լցակույտերի տեղադրման համար առանձնացված տեղում` դրանք առանձնացնելով և չխառնելով արտադրական լցակույտերին:

6. Եթե նոր հայտնաբերված օգտակար հանածոն ինքնաբռնկվող է (քարածուխ, այրվող թերթաքար և այլն) ապա պահուստավորման ընթացքում պետք է հաշվի առնվի պահպանման համար անհրաժեշտ որոշակի պայմանների առկայությունը` պահպանելով հանքային հումքը փչացումից, կորստից, ինքնահրկիզումից, ջրային էրոզիայից և այլ ռիսկերից:

7. Եթե հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոն թանկարժեք, գունագեղ քարերի, քվարցային և պիեզոօպտիկական հումք է, ապա պահուստավորման ժամանակ պետք է իրականացվեն համապատասխան պաշտպանական միջոցառումներ` բացառելով նաև կողմնակի անձանց մուտքը պահուստավորված հանքային կուտակումների գոտի:

8. Եթե հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոները թունավոր (վտանգավոր) և ռադիոակտիվ են, ապա պահուստավորումը պետք է իրականացվի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված ժամանակավոր շինություններում` բացառելով կողմնակի անձանց մուտքը:

9. Անվտանգությունն ապահովող այլ միջոցառումների ապահովման նպատակով օգտակար հանածոյի պահուստավորման տարածքը պետք է լինի ցանկապատված, և տեղադրվի ցուցանակ ու սահմանվի հսկողություն:

10. Եթե ընդերքօգտագործողը ցանկանում է հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոներն օգտագործել, ապա պետք է այն իրականացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում կատարելով համապատասխան փոփոխություն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան