Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1075
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.146
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.02.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 փետրվարի 2013 թ.

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 554-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ Ա. Վարդևանյանի, Ս. Յուզբաշյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի,

սահմանադրական դատարանի նիստին հրավիրված` Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 05.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, ԵՊՀ ռեկտորի պարզաբանումները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշումն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից` 2012թ. մայիսի 10-ին և ուժի մեջ է մտել 2012թ. մայիսի 17-ին:

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012/2013 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» վերտառությամբ որոշումն ընդունվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի` «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները» վերտառությամբ 28-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի: Բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում»:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները» վերտառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է. «Պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով ... օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր)»:

Որոշման 1-ին կետով ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների` բակալավրիատի ծրագրով 2012/2013 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ տեղերը` համաձայն նույն որոշման բաղկացուցիչ մաս հանդիսացող թիվ թիվ 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

Որոշման` «2012/2013 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերը» վերտառությամբ թիվ 2 հավելվածի` «Երևանի պետական համալսարան» վերտառությամբ 1-ին կետով ըստ մասնագիտությունների սահմանվել են, ի թիվս այլնի, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերը, որոնք չեն ներառում «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները:

 

2. Դիմողը` վկայակոչելով մի շարք երկրների սահմանադրությունների` բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունքն ամրագրող համապատասխան դրույթները, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին 1966 թվականի միջազգային դաշնագրի և Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային վճիռներ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1998թ. թիվ R (98) 3 և CM/Rec (2007) 6 հանձնարարականները, գտնում է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշմամբ հաստատված` Երևանի պետական համալսարանում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերում «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները չներառելը հակասում է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածին:

Ի հիմնավորումն իր դիրքորոշման` դիմողը ներկայացնում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասության դրույթների վերաբերյալ սեփական մեկնաբանությունը և գտնում է, որ նշված նախադասությունում` «կարող է» եզրույթի սահմանումով օրենքն ուսումնական հաստատությանը հայեցողական իրավասություն է տվել ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ` միաժամանակ սահմանելով անվճար ուսուցման տեղերի պարտադիր չափ:

 

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ քննության առարկա` ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան, չի հանգեցնում ՀՀ Սահմանադրության և այլ միջազգային նորմերի խախտման:

Ի հիմնավորումն իր դիրքորոշման` պատասխանողը դիմողի մատնանշած միջազգային իրավական փաստաթղթերի համապատասխան դրույթների վերլուծության հիման վրա արձանագրում է, որ միջազգային իրավական գրեթե ոչ մի փաստաթուղթ պետությանն անվերապահորեն չի պարտադրում անվճար բարձրագույն կրթության իրավունքը նախատեսել որպես բացարձակ, սահմանափակումների չենթարկվող իրավունք:

Հղում կատարելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և ընդգծելով նշված մասի այն դրույթը, համաձայն որի` պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պատասխանողը ողջամիտ է համարում գործադիր իշխանությանն անվճար ուսումնառության տեղեր սահմանելու կամ, որոշ դեպքերում, դրանց թիվը սահմանափակելու իրավասության տրամադրումը, հիմք ընդունելով կոնկրետ բնագավառներում բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստմամբ պայմանավորված պետության պահանջմունքը, որը ձևավորվում է յուրաքանչյուր տարվա կտրվածքով` ըստ մասնագիտությունների:

Անդրադառնալով դիմողի վկայակոչած` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասության դրույթին` պատասխանողը գտնում է, որ հոդվածի նշված մասի 1-ին նախադասությամբ պետական պատվերի ամրագրումը բխում է Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասության դրույթներից և չի առնչվում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասությանը:

 

4. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը վիճարկում է ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշման թիվ 2 հավելվածում, իր կարծիքով, առկա իրավական բացը, որը, ըստ դիմողի, դրսևորվում է նրանում, որ որոշման թիվ 2 հավելվածի 1-ին կետում բացակայում է «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների վերաբերյալ նշումը:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով իրեն որպես իրավական պետություն` ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով հստակ նախատեսում և երաշխավորում է կրթության իրավունքը: Սահմանադրության այս հոդվածը, վերարտադրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի դրույթները և սահմանելով կրթության իրավունքը, միաժամանակ մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացման դեպքերի և կարգի սահմանումը թողնում է օրենսդիր մարմնի հայեցողությանը: Ընդ որում, վերը նշված միջազգային իրավական ակտերի համապատասխան դրույթները չեն նախատեսում պարտադիր կարգով ստեղծելու անվճար բարձրագույն կրթության համակարգ: Իսկ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը սահմանում է հետևյալ իրավակարգավորումը. «Սույն դաշնագրին մասնակցող պետությունները գտնում են, որ այդ իրավունքի լրիվ իրականացման համար ... բարձրագույն կրթությունը պետք է կազմակերպվի հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիման վրա բոլոր անհրաժեշտ միջոցների ձեռնարկման և, մասնավորապես, աստիճանաբար անվճար կրթություն մտցնելու ուղիով»:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրելով մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը` սահմանադիրը միևնույն ժամանակ դիտարկվող իրավունքի իրացումը երաշխավորելու համար նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանել է պետության պարտականության բնույթը` ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին: Ընդ որում, նույն երկրորդ նախադասությամբ սահմանադիրը պետության դիտարկվող պարտականության իրականացման դեպքերի և կարգի սահմանումը վերապահել է օրենսդրին` դրանով իսկ կանխատեսելով օրենքի միջոցով մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի սահմանափակման հնարավորությունը, քանի որ իրավական ակտի շարադրանքի տեսանկյունից ակնհայտ է, որ օրենսդրին ֆինանսավորման կոնկրետ դեպքերը սահմանելու իրավասություն վերապահելով` սահմանադիրը հնարավոր է համարել բացառելու ֆինանսավորման մյուս բոլոր հնարավոր դեպքերը, այլապես սահմանադիրը Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությամբ օրենսդրին կվերապահեր միայն ֆինանսավորման կարգը, այլ ոչ թե ֆինանսավորման դեպքերը և կարգը սահմանելու իրավասություն: Միաժամանակ, Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանադիրը չի բացառում, որպեսզի օրենսդիրը հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց ընդլայնի ֆինանսավորման դեպքերի շրջանակը: Վերոգրյալը թույլ է տալիս պնդել, որ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններով ամրագրված դրույթները գտնվում են միմյանց հետ տրամաբանական փոխկապվածության մեջ. Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի մեկուսի, երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթից կտրված վերլուծության դեպքում ստեղծվում է այն թյուր կարծիքը, որ պետությունը բոլոր դեպքերում և ցանկացած մասնագիտության համար պարտավոր է երաշխավորել մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը: Իրականում դա այդպես չէ, քանի որ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթի համատեքստում դիտարկելու և ըստ այդմ` վերլուծելու դեպքում է միայն հնարավոր դառնում պարզելու մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն է` պետությունը չի կարող ունենալ այնպիսի սահմանադրական պարտականություն, որ պարտավոր լինի երաշխավորել առանց բացառության բոլոր ու ցանկացած մասնագիտության գծով մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածը կրթության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է, սակայն, իրավունքների իրացման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրության հենց տվյալ հոդվածն է նախատեսում բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացման կարգի, ինչպես նաև պետության կողմից իրականացվելիք ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերելու դեպքերի ու կարգի սահմանումն օրենսդրին վերապահելը:

 Անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքին է առնչվում նաև ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 8-րդ կետը, որը որպես պետության խնդիր է դիտարկում անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացմանը նպաստելը: Այս կետի դրույթը հանդիսանում է նորմ-խնդիր, որն էլ ենթադրում է պետության նպատակային քաղաքականություն, և որի իրացումը պահանջում է որոշակի ժամանակահատված` հաշվի առնելով նաև պետության ֆինանսական հնարավորությունները, քանի որ անվճար տեղեր սահմանելիս պետությունը պարտավորվում է ֆինանսավորել ուսումնական հաստատության տվյալ տեղերում սովորողների ուսումնառությունը:

Ընդ որում, հարկ է նշել, որ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը ևս անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն ապահովելու` պետության պարտականությունը չի դիտարկում որպես ամբողջ ծավալով անվերապահորեն կատարման ենթակա պարտականություն, քանի որ նախատեսում է աստիճանաբար անվճար կրթություն մտցնելու պարտականություն, ինչը ևս նշված պարտականության կատարման համար ենթադրում է որոշակի ժամանակ և համապատասխան ֆինանսական հնարավորություններ:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի և 48-րդ հոդվածի 8-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող անսահմանափակ թվով մասնագիտությունների վրա:

 

6. Անդրադառնալով Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված և օրենքով սահմանման ենթակա` բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պետության պարտականության կատարման դեպքերին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ դեպքերը սահմանված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես, նշված օրենքի` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները» վերտառությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են ... պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում ... մասնագետների պատրաստմանն աջակցելը»: Սահմանադրական դատարանը, վերլուծելով դիտարկվող դրույթը, արձանագրում է, որ նշված դրույթում «պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում» բառակապակցությունը նշանակում է աջակցություն ցուցաբերելուց առաջ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները որոշելու` պետության պարտականության իրականացում: Իսկ նույն դրույթում «մասնագետների պատրաստմանն աջակցելը» բառակապակցությունը ներառում է նաև Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` անվճար բարձրագույն կրթության իրավունքը երաշխավորելու համար պետության կողմից ցուցաբերվելիք ֆինանսական աջակցությունը: Այսինքն` Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց առաջ պետությունը պարտավոր է, նախևառաջ, որոշել իր համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ տրամաբանական փոխկապվածության մեջ է գտնվում նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, որը սահմանում է` «Պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով ... պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի դիտարկվող դրույթում «պետության պահանջներին համապատասխան» բառակապակցությունը ներառվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված` պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները կամ որ նույնն է` կրթության բնագավառում իր պահանջները որոշելու պարտականության բովանդակային ծավալում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված և օրենքով սահմանման ենթակա` բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պետության պարտականության կատարման դեպքերը հենց պետության կողմից իր համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները կամ որ նույնն է` կրթության բնագավառում իր պահանջները որոշելն է` նախատեսված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասի 5-րդ կետով: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 39-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն ապահովելու նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու` պետության պարտականությունը սահմանափակված է պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող կրթական բնագավառներով կամ կրթության բնագավառում պետության պահանջներով կամ որ նույնն է` իր համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով, ինչը չի բացառում այլ մասնագիտությունների համար, ինչպես նաև ցանկացած մասնագիտության համար, անկախ դրա` պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնելու հանգամանքից, ևս ֆինանսավորելու` պետության իրավական հնարավորությունները:

Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշման թիվ 2 հավելվածում առկա իրավական բացի վերաբերյալ դիմողի փաստարկները:

 

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողն ի հիմնավորումն իր դիրքորոշման` ներկայացնում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների վերաբերյալ սեփական մեկնաբանությունը, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում համադրված ուսումնասիրել «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն և 10.10.2012թ. թիվ 1323-Ն որոշումների դրույթները և ուսումնասիրության արդյունքների հիման վրա բացահայտել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված` «պետական պատվեր» բառակապակցության բովանդակությունը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես` 3, 5, 6, 17 և 21-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն և 10.10.2012թ. թիվ 1323-Ն որոշումների ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանը գտնում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված` «պետական պատվեր» բառակապակցությունը ենթադրում է բուհերին ըստ մասնագիտությունների անվճար տեղերի հատկացում` նշված տեղերում պետական բյուջեի միջոցների հաշվին ուսանողական նպաստի միջոցով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ` ելնելով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառների կամ որ նույնն է` կրթության բնագավառում պետության պահանջների առկայությունից և բացառապես դրա հիման վրա մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթության իրավունքի երաշխավորման նպատակից: Դրա հետ մեկտեղ, պետությունը պարտավորվում է ոչ պետական պատվերի շրջանակներում բարձրագույն կրթություն ստացողներին աջակցություն` մի շարք չափորոշիչներից ելնելով:

Մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի), Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան»:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն. «Պետությունը սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար»:

ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն` «Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`

ա) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.

բ) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում»:

Վերոգրյալի հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը մրցութային հիմունքներով անվճար (ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) բարձրագույն կրթության իրավունքը երաշխավորել է 3 խումբ սուբյեկտների համար.

- ընդունելության քննությունների արդյունքներով տվյալ գնահատման համակարգում ամենաբարձր գնահատականներ ստացած ուսանողներ («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ),

- մեկ ուսումնական տարվա կտրվածքով ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետ, 4-րդ կետ/,

- սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներ` անկախ ուսումնառության համակարգից` անվճար, վճարովի, վճարովի` առանց տարկետման իրավունքի, որոնց մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով, որը սահմանում է ՀՀ կառավարությունը միայն սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերություն, 6-րդ հոդվածի 4-րդ մաս):

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված` պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ապա «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության դրույթների վերլուծության հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք ներառվում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության և 6-րդ հոդվածի 4-րդ մասում նշված` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների շրջանակում: Այսինքն` դրանք «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում նշված սուբյեկտներից տարբերվող նոր սուբյեկտներ չեն: Մասնավորապես, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության դրույթների համաձայն. «Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը: Փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Միաժամանակ, սոցիալապես անապահով ուսանողների համար (առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներ և նրանց թվին պատկանող անձինք` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներ` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի, օրենսդիրը ևս երաշխավորել է անվճար (ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) բարձրագույն կրթության իրավունք, ինչը, սակայն, պայմանավորված չէ մրցույթի արդյունքներով («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «բ» ենթակետ):

Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցության մյուս ձևերին, որոնք կարող են սահմանվել ոչ միայն պետության, այլ նաև բուհի կողմից` իրենց ֆինանսական միջոցների շրջանակներում, ինչպիսիք են` կրթաթոշակը, ուսանողական նպաստի միջոցով ուսման վարձի մասնակի փոխհատուցումը, ինչպես նաև կրթական դրամաշնորհը, ուսանողական վարկը, ապա դրանք որևէ առնչություն չունեն «պետական պատվեր» հասկացության շրջանակներում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթության իրավունքի ապահովման նպատակի հետ:

 

8. Հաշվի առնելով դիմողի փաստարկները` սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ուսանողական նպաստի միջոցով ուսման վարձի մասնակի փոխհատուցման վերաբերյալ սահմանված իրավակարգավորումներին:

Այսպես. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է. «Բարձրագույն ուսումնական հաստատությունն վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նշված դրույթներում օրենսդիրը չի բացահայտում փոխհատուցման եղանակը` լրիվ, թե` մասնակի: Այդ եղանակը բացահայտված է ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում, որը սահմանում է հետևյալ իրավակարգավորումը. ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատությունը, վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին` ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին ուսման վճարը ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է`

ա) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.

բ) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.

գ) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

դ) վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

ե) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին.

զ) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.

է) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.

ը) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` բուհի հայեցողությամբ.

թ) բուհի հայեցողությամբ` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին»:

Ինչ վերաբերում է պետության կողմից ուսման վճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցելու դեպքերին և կարգին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշումը չի սահմանում այդ դեպքերը և կարգը: Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1323-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի սեպտեմբերի 1-ից, լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված կարգում, որոնք ներառում են նաև պետության կողմից ուսման վճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցելու դեպքերը և կարգը: Մասնավորապես, ՀՀ կառավարության 10.10.2012 թվականի թիվ 1323-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված է ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշման հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով. «Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով»:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն և 10.10.2012թ. թիվ 1323-Ն որոշումների ուսումնասիրության հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն պետության կողմից ուսման վճարն ուսանողական նպաստի ձևով փոխհատուցելու վերաբերյալ իրավակարգավորումների, որոնց շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են թե լրիվ և թե մասնակի փոխհատուցման դեպքերը և կարգը, բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսման վճարն ուսանողական նպաստի ձևով փոխհատուցելու վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են միայն մասնակի փոխհատուցման դեպքերը և կարգը, ինչն էլ դիմողի մոտ ձևավորել է թյուր կարծիք, որ քննության առարկա որոշման մեջ առկա է օրենսդրական բաց:

Վերոգրյալի կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, նախ` քննության առարկա որոշման խնդիրը չէ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսման վճարն ուսանողական նպաստի ձևով լրիվ փոխհատուցելու (անվճար տեղեր սահմանելու) վերաբերյալ իրավակարգավորումներ, երկրորդ` նշված խնդիրը վերապահված է ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմանը, որի սահմանադրականության հարցի որոշումը դուրս է սույն գործով քննության առարկայի շրջանակներից, երրորդ` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության երկրորդ նախադասությամբ սահմանված` «Բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում կարող է ձևավորել ուսանողական համակազմի անվճար և վճարովի չափաքանակներ` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տասը տոկոսի սահմաններում» դրույթը վերաբերում է նրան, որ բարձրագույն ուսումնական հաստատությունը, ելնելով Սահմանադրության 39-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իր ինքնավարությունից, ունի պետության կողմից իրեն հատկացված ընդհանուր տեղերի տասը տոկոսի շրջանակներում անվճար տեղեր նախատեսելու հայեցողական ազատություն, ինչը որևէ կապ չունի պետության կողմից ըստ մասնագիտությունների և ըստ բուհերի սահմանված` անվճար ուսուցման տեղերի կամ պետական պատվերի հետ, որտեղ բուհը որևէ հայեցողական լիազորություն չունի, և դա իրավակիրառողի մոտ չպետք է շփոթ առաջացնի: Այսինքն` անվճար բարձրագույն կրթության զարգացմանը նպաստելու համար նախատեսված են զուգահեռաբար գործող, միաժամանակ և՛ պետության, և՛ բուհի կողմից իրականացվող տարբեր ձևեր և եղանակներ: Պետությունը, բուհից անկախ, և հակառակը` բուհը պետությունից անկախ, յուրաքանչյուրն օժտված են անվճար տեղեր սահմանելու իրավասությամբ, որտեղ պետությունն օրենքով նախատեսված դեպքերի առկայության պարագայում ունի մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն կրթության իրավունքը երաշխավորելու սահմանադրական պարտականություն, իսկ բուհը` հայեցողական ազատություն: Պետության պարտավորությունը չի սահմանափակվում միայն անհրաժեշտ մասնագետների պատրաստման պետական պատվերով: Այն ներառում է նաև մասնագիտական ազատ կողմնորոշման շրջանակներում պետական աջակցությունը, ինչը, մասնավորապես, նախատեսված է նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով:

Այլ խնդիր է, որ, մի կողմից, ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշումը չի ապահովում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված` բուհերի հայեցողական լիազորության վերաբերյալ դրույթի համարժեք իրացումը, ինչի վրա սահմանադրական դատարանը հարկ է համարում հրավիրել ՀՀ կառավարության ուշադրությունը: Մյուս կողմից` դիմողի արդարացի մտահոգությունը պայմանավորվել է նաև նրանով, որ ՀՀ կառավարության 27.07.2006թ. թիվ 1183-Ն որոշմամբ լիարժեք չեն իրացվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: Վերջինս հաղթահարվել է կառավարության 10.10.2012թ. թիվ 1323-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտնելու 2013թ. սեպտեմբերի 1-ից: Այս որոշման գործողությունը, ինչպես նաև ուսանողների ուսուցման վճարի վարկավորման նոր ներդրվող համակարգն անհրաժեշտ նախադրյալներ կապահովեն, որպեսզի յուրաքանչյուր ուսանող, անկախ սոցիալական վիճակից, իր ցանկացած մասնագիտության գծով անհրաժեշտ առաջադիմություն ապահովելու դեպքում չի զրկվի մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

22 փետրվարի 2013 թ.

ՍԴՈ-1075