ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-4-Ո-9
2013 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԻՄԻԶԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2013 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 25.12.2012թ. թիվ N-Կ-2-11/2012թ. որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ս. Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 73/12-Է գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը` ըստ հայցի «Լուսատեխնիկ» ԲԲԸ-ն ընդդեմ Վոլոդյա Դավթյանի, Արամ Ադամյանի, Գագիկ Պողոսյանի՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու և այդ նպատակով շինությունները քանդելու ու տարածքը նախկին տեսքին բերելուն, շինությանը պատճառված վնասների շինվերանորոգման աշխատանքները կատարելուն պարտավորեցնելու, այդ աշխատանքներն ինքնակամ չկատարելու դեպքում պատասխանողներից գումար բռնագանձելու պահանջների մասին:
Հայցադիմումը Դատարան է ներկայացվել 14.07.2010թ., որը նույն օրը մակագրվել է դատավորին: Հայցադիմումը 15.07.2010թ. ընդունվել է Դատարանի վարույթ, և որոշվել է գործը նախապատրաստել դատաքննության:
Դատարանի կողմից միայն 08.12.2010թ. որոշում է կայացվել նախնական դատական նիստ հրավիրելու մասին, որի արդյունքում 23.12.2010թ. հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանի 22.11.2012թ. որոշմամբ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու պատճառաբանությամբ (հարկ է նշել, որ սույն քաղաքացիական գործը մոտ 6 ամիս գտնվել է կասեցված վիճակում /23.09.2011թ. մինչև 14.10.2011թ., 15.12.2011թ. մինչև 17.05.2012թ./` 2 դեպքում էլ կրկնակի շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքով):
Դատարանի 21.12.2012թ. որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
Արդյունքում` թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործի քննությունը տևել է ավելի քան 30 ամիս (2 տարի 6 ամիս):
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1496 -րդ հոդվածի համաձայն՝ գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`
1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.
2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:
««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:
«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն՝ գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթը նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու դատարանի նկատմամբ վստահությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր DH (97) հանձնարարականում ընդգծել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում իրավունքի գերակայության համար»:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քաղաքացիական գործերով ողջամտության ժամկետի հաշվարկման սկզբնակետ է համարում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու պահը: Վարույթի տևողության ողջամտությունը Դատարանի կողմից յուրաքանչյուր դեպքում գնահատվում է ըստ կոնկրետ հանգամանքների, մասնավորապես դատաքննության ողջամտությունը գնահատելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:
Մինչդեռ Դատարանը հրավիրել է նախնական դատական նիստ հայցադիմումը վարույթ ընդունելուց ավելի քան 5 ամիս անց, իսկ գործի քննությունը տևում է ավելի քան 30 ամիս:
Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը, բացի նրանից, որ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործի դատաքննության նախապատրաստումը չի իրականացրել ողջամիտ ժամկետում, այլև, թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործի քննությունն անհարկի ձգձգելով և այն քննելով 30 ամսից ավել ժամանակահատվածում` թույլ է տվել գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման պահանջի էական խախտում:
Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա արդյունավետ և ողջամիտ ժամկետներում չի կազմակերպել իր վարույթում գտնվող դատական գործի քննությունը, որի արդյունքում թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ս. Հովսեփյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Հայցվոր «Լուսատեխնիկ» ԲԲԸ-ն 14.07.2010թ. հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Վոլոդյա Դավթյանի, Արամ Ադամյանի, Գագիկ Պետրոսյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու և այդ նպատակով շինությունները քանդելու ու տարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջների վերաբերյալ:
Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ, 144-րդ և 1495 -րդ հոդվածների համաձայն` 15.07.2010թ. որոշում է կայացրել «Լուսատեխնիկ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Սույն հոդվածի բովանդակությունից բխում է, որ նախնական դատական նիստ կարող է հրավիրվել այն դեպքում, երբ պատասխանողը/ները/ ստացել է /են/ դատարանի կողմից նրանց ուղարկված փաստաթղթերը /հայցադիմում, կից փաստաթղթեր/, և ներկայացվել է հայցադիմումի վերաբերյալ պատասխան, իսկ այդպիսին չստանալու դեպքում` լրացել է պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը:
Տվյալ դեպքում Դատարանը հայցվորին ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, իսկ պատասխանողներին և ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Երևանի քաղաքապետարանին ուղարկել է գրություններ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի մատնանշմամբ, հայցադիմումի պատասխան ներկայացնելու նրանց պարտականությունների վերաբերյալ` ուղարկելով նաև հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Նշված փաստաթղթերը պատասխանողներ Արամ Ադամյանին և Գագիկ Պետրոսյանին հանձնելու փաստը հավաստող հավաստագրերը Դատարան ետ չեն վերադարձվել, սակայն պատասխանող Արամ Ադամյանի կողմից Դատարան է ներկայացվել հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան:
Եվ քանի որ վերը նշված փաստաթղթերը պատասխանող Գագիկ Պետրոսյանին հանձնելու փաստը հավաստող հավաստագիրը Դատարան չէր ստացվել, որի պարագայում Դատարանը զրկված է եղել նախնական դատական նիստ հրավիրելու հնարավորությունից, դատարանի կողմից պատասխանող Գագիկ Պետրոսյանին մեկ անգամ ևս ուղարկվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, սակայն կրկին անգամ նշված փաստաթղթերը Գագիկ Պետրոսյանին հանձնելու փաստը հավաստող հավաստագիրը Դատարան ետ չի վերադարձվել:
Դատարանի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է պատասխանող Գագիկ Պետրոսյանի հեռախոսահամարը. վերջինս հայտնել է, որ նշված երկու դեպքում էլ փաստաթղթերն ինքը ստացել է: Դատարանը, հավաստիանալով, որ պատասխանող Գագիկ Պետրոսյանը ստացել է վերը նշված փաստաթղթերը, այսինքն` զրկված չի եղել հայցադիմումին ծանոթանալու և դրա վերաբերյալ պատասխան ներկայացնելու հնարավորությունից, 08.12.2010թ. որոշում է կայացրել 23.12.2010թ., ժամը 12.00-ին նշանակել նախնական դատական նիստ:
Նշեմ նաև, որ 2010թ. օգոստոսի 9-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 6-ը գտնվել եմ ամենամյա արձակուրդի մեջ:
23.12.2010թ. ժամը 12:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է հայցվորի միջնորդությամբ պատասխանողի կողմից ներկայացված առարկություններին ծանոթանալու պատճառաբանությամբ:
02.02.2011թ. ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցչի դատական նիստին չներկայանալու պատճառով:
28.02.2011թ. ժամը 14:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ` ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության կողմից տրված եզրակացությունը ներկայացնելու հիմքով:
06.04.2011թ. նշանակված դատական նիստը չի կայացել դատավորի ժամանակավոր անաշխատունակության պատճառով:
03.05.2011թ.` ժամը 10:30-ին, դատական նիստով կատարվել է տեղատեսություն, դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 17.05.2011թ.` ժամը 16:00-ին:
17.05.2011թ. ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է պատասխանողների միջնորդությամբ` հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված եզրակացությանը ծանոթանալու համար:
06.06.2011թ. ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է պատասխանողների միջնորդությամբ` հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցապահանջի լրացմանը ծանոթանալու համար:
22.06.2011թ. ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է` պատասխանող Ա. Ադամյանի գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ դիմումի համաձայն:
18.07.2011թ. ժամը 11:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է պատասխանողի միջնորդությամբ` գործուղման մեջ գտնվելու հիմնավորմամբ (դատավոր Ա. Հովսեփյանը 2011 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 5-ը գտնվել է ամենամյա արձակուրդի մեջ):
13.09.2011թ. ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի միջնորդությամբ` իր դիրքորոշումը հայտնելու համար:
20.09.2011թ. ժամը 14:00-ին նշանակված դատական նիստով պատասխանողը ներկայացրել է միջնորդություն` համալիր շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին, որոշման հրապարակումը նշանակվել է 23.09.2011թ.` ժամը 17:30-ին:
23.09.2011թ. ժամը 17:30-ին հրապարակվել է որոշումը` կրկնակի շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու, քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու և փորձաքննության կատարումը «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին հանձնարարելու վերաբերյալ:
Դատարանի 14.10.2011թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, և դատական նիստը նշանակվել է 21.11.2011թ. ժամը 14:00-ին` նկատի ունենալով, որ 14.10.2011թ. «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քաղաքացիական գործը ուղարկվել է ետ` որոշման պահանջներն անկատար վիճակում` նշելով, որ ՀՀ քաղաքաշինության բնագավառում շենքերի տեխնիկական վիճակի, սեյսմակայունության, սեյսմիկ պաշտպանվածության և խոցելիության աստիճանի որոշումը և գնահատումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը չունի նմանատիպ գործունեություն իրականացնելու լիազորություն:
21.11.2011թ. ժամը 14:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ:
05.12.2011թ. ժամը 15:45-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է պատասխանողի միջնորդությամբ` «Հ. Պեպանյան» ԱՁ-ի կողմից փորձաքննություն կատարելու լիցենզիան ներկայացնելու համար:
06.12.2011թ. ժամը 16:15-ին նշանակված դատական նիստով պատասխանողը, ներկայացնելով փորձագետի լիցենզիան, պնդել է միջնորդությունը` համալիր շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին, որոշման հրապարակումը նշանակվել է 15.12.2011թ.:
15.12.2011թ. հրապարակվել է որոշումը` կրկնակի շինարարտեխնիկական փորձաքննություն նշանակելու, քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու և փորձաքննության կատարումը «Հարություն Ավետիքի Պեպանյան» անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարելու վերաբերյալ:
Դատարանի 17.05.2012թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, և դատական նիստը նշանակվել է 19.06.2012թ.:
19.06.2012թ. նշանակված դատական նիստը հայցվորի ներկայացուցչի միջնորդության հիման վրա հետաձգվել և նշանակվել է 03.09.2012թ.` փորձագետ Հ. Պեպանյանին Դատարան հրավիրելու և փորձաքննության եզրակացության հետ կապված պարզաբանումներ տալու նպատակով (դատավոր Ս. Հովսեփյանը 23.07.2012թ. մինչև 18.08.2012թ. ներառյալ գտնվել է ամենամյա արձակուրդի մեջ):
03.09.2012թ. դատական նիստին է ներկայացել փորձագետ Արմեն Պեպանյանը, որն իրավասու չի եղել պատասխանելու մի շարք հարցերին: Դատական նիստը հետաձգվել է, և Դատարան է հրավիրվել փորձագետ Հարություն Պեպանյանը:
28.09.2012թ. դատական նիստը հետաձգվել է Հարություն Պեպանյանի դիմումի հիման վրա: Վերջինս հայտնել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով հրավիրված է Շիրակի մարզի Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման հետ կապված հանձնաժողովի աշխատանքների կատարմանը:
Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 08.11.2012թ.:
Նշված դատական նիստին ներկայացել է փորձագետ Հարություն Պեպանյանը և տվել լրացուցիչ բացատրություններ փորձաքննության վերաբերյալ:
08.11.2012թ. դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 16.11.2012թ.:
16.11.2012թ. դատական նիստին հայցվորի ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է նոր միջնորդություն` կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Դատարանը հայտարարել է որոշման հրապարակում 22.11.2012թ.:
Դատարանի 22.11.2012թ. որոշմամբ նշանակվել է կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
20.12.2012թ. ստացվել է նշված փորձաքննության եզրակացությունը:
Դատարանի 21.12.2012թ. որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, և դատական նիստը նշանակվել է 10.01.2013թ.:
10.01.2013թ. դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանը ներկայացրել է միջնորդություն` փորձագետ Ռ. Բաղդասարյանին Դատարան հրավիրելու համար, միջնորդությունը բավարարվել է, որի արդյունքում դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 17.01.2013թ.»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը, որը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 15.07.2010թ., և որոշվել է գործը նախապատրաստել դատաքննության:
2) Դատարանի կողմից 08.12.2010թ. որոշում է կայացվել նախնական դատական նիստ հրավիրելու մասին, որի արդյունքում 23.12.2010թ. հրավիրվել է նախնական դատական նիստ:
3) Դատարանի 22.11.2012թ. որոշմամբ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու պատճառաբանությամբ ( սույն քաղաքացիական գործը մոտ 6 ամիս գտնվել է կասեցված վիճակում /23.09.2011թ. մինչև 14.10.2011թ., 15.12.2011թ. մինչև 17.05.2012թ./` 2 դեպքում էլ կրկնակի շինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքով):
4) Դատարանի 21.12.2012թ. որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ս. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, ուսումնասիրելով դատավորի բացատրությունը, վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն` գործը դատարանում պետք է քննվի և վճիռ կայացվի ողջամիտ ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1496 -րդ հոդվածի համաձայն՝ գործը դատաքննության նախապատրաստումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն` դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`
1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.
2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:
««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:
«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն՝ գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Էյչն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում նշել է, որ «...Դատարանն անտեղյակ չէ այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են տարբեր գործոնների արդյունքում և երբեմն կարող են ազգային դատարանների կողմից գործերի հետաձգման պատճառ հանդիսանալ: Այդուհանդերձ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է գործերը քննել ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունն ու վստահությունը վերջինիս նկատմամբ» (տե՛ս Էյչն (H.) ընդդեմ Ֆրանսիայի, 1989թ. հոկտեմբերի 24, գանգատ թիվ 10073/82, կետ 58):
ՀՀ վճռաբեկ դատարանը գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից (տե'ս, օրինակ` Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի, Սամսոն Շահվերդյանն ընդդեմ Զոյա Գրիգորյանի և մյուսների թիվ 3-1345(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումները):
Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանը բոլոր դեպքերում գործը պետք է քննի և լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում` խուսափելով գործի անհարկի ձգձգումներից:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 15.07.2010թ., և որոշվել է գործը նախապատրաստել դատաքննության: Դատարանի կողմից միայն 08.12.2010թ. որոշում է կայացվել նախնական դատական նիստ հրավիրելու մասին, որի արդյունքում 23.12.2010թ. հրավիրվել է նախնական դատական նիստ:
Ներկայումս թիվ ԵԱՔԴ/1297/02/10 քաղաքացիական գործը գտնվում է Դատարանի վարույթում, որի արդյունքում` սույն քաղաքացիական գործի քննությունը տևում է ավելի քան 30 ամիս (2 տարի 6 ամիս), որից մոտ 7 ամիս գտնվել է կասեցված վիճակում:
Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատաքննության տևողության ողջամտությանը, նշել է` դատաքննության տևողության ողջամտությունը պետք է գնահատվի` հաշվի առնելով գործի հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, դիմողի և համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը (տե՛ս Հումենն ընդդեմ Լեհաստանի, 1999թ. հոկտեմբերի 15, գանգատ թիվ 26614/95, կետ 60): Կոնվենցիայի անդամ պետությունների խնդիրն է այնպես կազմակերպել իրենց իրավական համակարգը, որ իրենց դատարաններն ապահովեն յուրաքանչյուրի` քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող վեճերով ողջամիտ ժամկետում վերջնական որոշում ստանալու իրավունքը (տե՛ս Ջի. Էյչն (G.H.) ընդդեմ Ավստրիայի, 2000թ. հոկտեմբերի 3, գանգատ թիվ 31266/96, կետ 20):
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ 1997 թվականի հուլիսի 11-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ընդունած DH (97) 336 հռչակագրում ամրագրվել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում մասնավորապես իրավունքի գերակայության համար»:
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ մատնանշված քաղաքացիական գործերի քննությունները անհարկի ձգձգումներից զերծ պահելու և ողջամիտ ժամկետում քննելու կապակցությամբ, որի արդյունքում խախտվել է օրենսդրությամբ և Վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, չպահպանելով իր վարույթում գտնվող գործի քննության ողջամիտ ժամկետները, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի ակնհայտ և կոպիտ, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի պահանջների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Գ. Խանդանյան |