Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.28/12(952) Հոդ.142
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 152-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1932-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը և 48-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը սահմանելու մասին» N 1932-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 25

Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 152-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ ստորերկրյա ջրերի) արդյունահանման հետ կապված հարաբերությունները:

2. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում իրենց սեփական կարիքների բավարարման նպատակով ստորերկրյա ջրերի արդյունահանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 22-րդ հոդվածով:

3. Իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց սեփական հողամասերի սահմաններում, շահույթ ստանալու նպատակ չհետապնդելով, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են անժամկետ իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` երկրի մակերևույթից մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` երկրի մակերևույթից մինչև 5 մետր խորությամբ` առանց հորատապայթեցման աշխատանքների իրականացման:

4. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում իրենց սեփական կարիքների բավարարման նպատակով` սույն կարգի 3-րդ կետում նշված աշխատանքների իրականացման համար օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն չեն պահանջվում, և իրավաբանական անձինք ու քաղաքացիներն ազատվում են ընդերքօգտագործման հետ կապված վճարներից:

5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրավունք ունեն իրականացնելու այն իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա մասին գրավոր տեղեկացրել են լիազոր մարմնին` նշելով օգտակար հանածոյի անվանումը, դրա արդյունահանման նպատակը և ծավալները:

6. Գրությանը կից ներկայացվում են հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը:

7. Լիազոր մարմինը գրությունը գրանցելուց հետո դրա մասին օրենքով սահմանված կարգով` 3-օրյա ժամկետում ծանուցում է դիմող իրավաբանական անձանց և քաղաքացիներին:

8. Իրավաբանական անձինք և քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններում պարտավոր են, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան, պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով խախտված հողերը բերել անվտանգ վիճակի, ինչպես նաև` դրանք դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար պիտանի:

9. Իրավաբանական անձինք և քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններից արդյունահանված` պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոները, որոնք օգտագործման համար պիտանի չեն, պետք է տեղադրեն և պահեն (կուտակեն) պետական կառավարման տարածքային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առանձնացված տարածքներում՝ հետագայում խախտված հողերի վերականգնման համար օգտագործելու նպատակով:

10. Իրավաբանական անձինք և քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի սահմաններում` պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում ծագած վեճերը լուծում են օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան