ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2013 թվականի N 257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացությունն ապահովված է համարվում միայն բոլոր անդամների համաձայնության, իսկ սույն կարգի 14-րդ և 14.1-ին կետերով սահմանված կարգով մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեում (այսուհետ` կոմիտե) քննարկվելուց հետո՝ կոմիտեի համապատասխան արձանագրության առկայության դեպքում:».
2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Եթե ապահովված չէ միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամների համաձայնությունը` մինչդեռ հողաշինարարական գործի վերաբերյալ դրական կարծիք են ներկայացրել միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը (առնվազն 5 անդամ), ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ամփոփում է և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` կոմիտեի նիստում զեկուցելու համար: Կոմիտեի նիստին պարտադիր հրավիրվում է հանձնաժողովի՝ հողաշինարարական գործի վերաբերյալ բացասական կարծիք ներկայացրած անդամը, որը կոմիտեի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 12-րդ կետում նշված հիմնավորումը:».
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.
«14.1. Կոմիտեում քննարկման արդյունքում ձևավորված որոշումն արձանագրվում է:
Կոմիտեի դրական որոշումը հիմք է հողաշինարարական գործի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և այն սահմանված կարգով ընթացք տալու համար:
14.2. Կոմիտեի նիստի արձանագրությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը հողաշինարարական գործը՝ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կոմիտեի արձանագրության հետ միասին համապատասխան մարզպետի միջոցով փոխանցում է համայնքի ղեկավարին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|