Գլխավոր տեղեկություն
Համար
N 1048-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.02.2013-04.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.10/46(281) Հոդ.842
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2003 թվականի N 1048-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հաշվապահի որակավորման վկայականներն ուժի մեջ են մնում մինչև դրանցում նշված ժամկետը լրանալը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարող են օգտվել սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն անցկացվող հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում քննության մասնակիցները:

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է օրենքներով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման գործընթացը:

(1-ին կետը խմբ. 25.11.04 N 1695-Ն)

2. Հաշվապահների որակավորումն իրականացվում է հաշվապահի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ՝ դիմող) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա:

3. Դիմողների որակավորման քննությունների (այսուհետ՝ քննություն) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ստեղծվում է հաշվապահների որակավորման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

Հանձնաժողովն իր պարտականությունների կատարումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում) հետ, որի վրա դրված է այդ պարտականությունը:

4. Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր՝

ա) ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ

բ) ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

գ) ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ

դ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատում են հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:

Սույն կարգի կիրառման նպատակով մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:

5. Քննությանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է՝

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ձևի դիմում.

բ) կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.

գ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.

դ) երկու լուսանկար՝ 3x4 չափսի.

ե) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը (այսուհետ` տուրքի վճարման անդորրագիր):

6. Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում: Սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նույն ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին: Փաստաթղթերի ներկայացման ժամանակ տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պարտավոր է տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնել մինչև քննության սկիզբը:

7. Քննություններն անցկացվում են պարբերաբար՝ հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամի (այսուհետ` հանձնաժողովի նախագահ) որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 օր առաջ` հանձնաժողովի նախագահի գրությամբ:

8. Դիմողին թույլատրվում է մասնակցել քննության՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող կամ պետական տուրքի վճարման անդորրագիր չներկայացրած, ինչպես նաև մինչև քննության սկիզբը չներկայացած դիմողը համարվում է չներկայացած և չի մասնակցում տվյալ օրվա քննությանը:

9. Քննությունն անցկացվում է 2 փուլով՝ համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարից համակարգչային համապատասխան ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից (1-ին` թեստերի փուլի համար) և խնդիրներից (2-րդ` խնդիրների փուլի համար) կազմված հարցաթերթիկներով` հաշվի առնելով սույն կետով սահմանված համամասնությունները:

Հարցաթերթիկի 1-ին` թեստերի փուլում ներառվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, հաշվապահական հաշվառման ստանդարտներին վերաբերող 35, հաշվային պլանին՝ 10, հարկերին և այլ պարտադիր վճարներին՝ 20, տնտեսական իրավունքին և աուդիտին՝ 10 հարցեր (թեստեր), իսկ 2-րդ` խնդիրների փուլում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների, ֆինանսական վերլուծության և հաշվապահական հաշվառման վերաբերյալ երկուական (ընդամենը՝ 6) խնդիր:

Հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը), ինչպես նաև այն ծրագիրը, որի շրջանակում կազմվելու են հարցաթերթիկում ներառվող խնդիրները, հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով և հրապարակվում գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:

(9-րդ կետը խմբ., փոփ. 16.01.13 N 67-Ն)

10. Հարցաթերթիկները կազմվում են քննության օրը` հանձնաժողովի առնվազն երեք անդամի ներկայությամբ, համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով: Քննության առաջին փուլն անցկացնելու նպատակով համակարգչային ծրագրի միջոցով յուրաքանչյուր դիմորդի համար ձևավորվում է առանձին հարցաթերթիկ` հաշվի առնելով սույն կարգի 9-րդ կետով սահմանված համամասնությունները: Քննության երկրորդ փուլի հարցաթերթիկները ևս ձևավորվում են նույն սկզբունքով, սակայն երեք տարբերակից, որոնցից հանձնաժողովի առնվազն երեք անդամների կողմից պատահական ընտրության սկզբունքով ընտրվում է մեկը, որը տրամադրվում է դիմորդներին:

Համակարգչային ծրագիրն ամփոփում է քննության առաջին փուլի արդյունքները` ըստ յուրաքանչյուր դիմողի վաստակած միավորների քանակի և տոկոսի` յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Դիմողը քննության երկրորդ փուլ է անցնում, եթե առաջին փուլի առաջադրանքների կատարման արդյունքում հավաքել է առնվազն 54 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում` հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից (թեստերից)` առնվազն 14 միավոր, տնտեսական իրավունքի և աուդիտի վերաբերյալ հարցերից (թեստերից)` առնվազն 7 միավոր:

Հանձնաժողովը, քննության առաջին փուլն ավարտվելուց հետո համակարգչային ծրագրի տվյալների հիման վրա, ամփոփում է դիմողների աշխատանքների արդյունքները և, հաշվի առնելով սույն կետի պահանջները, ընդունում է որոշում նրանց երկրորդ փուլ անցնելու հարցի վերաբերյալ և քննության երկրորդ փուլն սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ հրապարակում քննության առաջին փուլի արդյունքները:

(10-րդ կետը խմբ. 16.01.13 N 67-Ն)

11. Քննությունն անցկացվում է դռնբաց:

12. Մինչև քննության սկիզբը հայտարարելը հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը մասնակիցներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները մասնակիցներին բաժանելու ավարտը:

13.  Քննության առաջին և երկրորդ փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում: Քննության առաջին փուլի տևողությունը սահմանվում է մեկ ժամ երեսուն րոպե, իսկ երկրորդ փուլինը` երկու ժամ երեսուն րոպե: Քննության հարցերին պատասխանելու համար սույն կետով սահմանված ժամկետները լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում են սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո դիմողը պարտավոր է քննության թեստերի փուլում ավարտել աշխատանքը, իսկ խնդիրների փուլում` պատասխանները հանձնել հանձնաժողովին: Խնդիրների փուլում դիմողների աշխատանքները ծածկագրվում են հանձնաժողովի սահմանած կարգով: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության խնդիրների փուլի արդյունքների ամփոփումից հետո: Հարցերի պատասխանները թեստերի փուլում նշվում են համակարգչում, իսկ խնդիրների փուլում` հանձնաժողովի կողմից տրամադրված թղթերի վրա:

(13-րդ կետը խմբ. 16.01.13 N 67-Ն)

14. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո`

ա) եռամսյա ժամանակահատվածում անցկացվող քննությունների ընթացքում մասնակցին չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից ու ծածկաթերթիկներից.

բ) չորրորդ ամսվանից սկսած անցկացվող քննությունների ընթացքում մասնակցին թույլատրվում է օգտվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի սահմանած ցանկում ընդգրկված նորմատիվ իրավական ակտերից և (կամ) գրականությունից, սակայն չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից ու ծածկաթերթիկներից:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսի որոշմամբ, մասնակիցը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն):

Քննության ընթացքում մասնակիցը կարող է քննասենյակից դուրս գալ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, ընդ որում, մասնակցի՝ քննասենյակ վերադառնալու և քննությունը շարունակելու պայմանով դուրս գալու դեպքում նրան պետք է ուղեկցի հանձնաժողովի անդամներից մեկը՝ սույն կետի պահանջների խախտումը կանխելու նպատակով:

15. Քննության արդյունքները գնահատվում են 105 միավորի սահմաններում: Ընդ որում` յուրաքանչյուր հարցի (թեստի) ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ խնդիրները հինգ միավորի սահմաններում` 0.1 տասնորդականի ճշտությամբ:

Թեստերի մասով սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:

(15-րդ կետը լրաց. 25.11.04 N 1695-Ն, խմբ., փոփ. 16.01.13 N 67-Ն)

16. Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը`

ա) սույն կարգի 14-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պայմաններով քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 85 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից՝ առնվազն 16 միավոր, տնտեսական իրավունքի ու աուդիտի վերաբերյալ հարցերից՝ առնվազն 8 միավոր, խնդիրներից՝ առնվազն 12 միավոր.

բ) սույն կարգի 14-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմաններով քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 84 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից՝ առնվազն 14 միավոր, տնտեսական իրավունքի ու աուդիտի վերաբերյալ հարցերից՝ առնվազն 7 միավոր, խնդիրներից՝ առնվազն 15 միավոր:

(16-րդ կետը փոփ. 16.01.13 N 67-Ն)

17. Հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա քննությանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում մասնակցին որակավորված համարելու կամ չհամարելու մասին՝ հաշվի առնելով սույն կարգի 16-րդ կետի պահանջները: Մասնակիցները որակավորված են համարվում հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից:

18. Հանձնաժողովի որոշման հիման վրա որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական (այսուհետ` վկայական), որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

Վկայականը տալիս է հանձնաժողովի քարտուղարը՝ որակավորման մասին որոշման ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում:

19. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:

20. Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են հանձնաժողովի անդամների և համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից վկայականը տրվելուց հետո, ապա վերջիններս պարտավոր են դրա մասին գրավոր տեղյակ պահել հանձնաժողովին, որն էլ 10-օրյա ժամկետում կարող է որոշում ընդունել վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին, եթե այդ փաստերը այնպիսին են, որ դրանք դիմում ներկայացնելու ժամանակ հանձնաժողովին հայտնի լինելու դեպքում դիմողին չէր թույլատրվի մասնակցել քննությանը:

21. Քննության արդյունքներով չորակավորված, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած դիմողը քննությանը նորից կարող է մասնակցել սույն կարգով սահմանված պայմաններով:

22. Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 30 օրվա ընթացքում կամ դատական կարգով:

23. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում որակավորված հաշվապահը կարող է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով, և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմել հանձնաժողովին: Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված հաշվապահը դիմումի հետ միասին հանձնաժողովին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը: Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված հաշվապահին է տրվում «Կրկնօրինակ» նշագրմամբ նոր վկայական` սույն կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում:

(23-րդ կետը խմբ. 25.11.04 N 1695-Ն)

24. Համապատասխան ստորաբաժանումը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան, որում լրացվում են դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, դիմումի գրանցման համարը, նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին, հանձնաժողովի համապատասխան որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը, որակավորման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը:

(հավելվածը խմբ., լրաց. 25.11.04 N 1695-Ն, խմբ., փոփ. 16.01.13 N 67-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան