Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1071
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.31/7(947) Հոդ.63
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունվարի 2013 թ. 

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 21.12.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2012 թվականի հունիսի 26-ին:

2. Համաձայնագիրը սահմանում է Ավստրիայի և Հայաստանի միջև զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական պայմանները, որը ֆինանսավորվելու է դրամաշնորհային հիմունքներով և դիտարկվելու է որպես զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակություն: Նշված Համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդումը` զարգացնելով, ընդլայնելով և խորացնելով զարգացմանն ուղղված համագործակցությունը, ինչպես նաև աջակցելու զարգացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ 2002 թվականի ակտում նշված` Ավստրիական զարգացման համագործակցության հիմնական նպատակներին, որոնք են աղքատության կրճատումը, խաղաղության և մարդկանց անվտանգության ապահովումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

 ՀՀ օրենսդրության շրջանակներում աջակցել զարգացմանն ուղղված համագործակցության ընդհանուր ծրագրերին և նախագծերին (հոդվ. 2, կետ 1),

 ընդունել օժանդակության արդյունավետության մասին Փարիզյան հռչակագրի ներքո ստանձնած պարտավորությունները ավստրիական կողմի հետ համագործակցության հիմքում և միջոցներ ձեռնարկել` իրականացնելու սեփականության, համապատասխանեցման, ներդաշնակության, արդյունքների կառավարման և փոխադարձ պատասխանատվության սկզբունքները (հոդվ. 2, կետ 2),

 ջանալ մոբիլիզացնել առավելագույն ռեսուրսներ Համաձայնագրի նպատակով ընդհանուր ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման համար (հոդվ. 2, կետ 3),

 Համաձայնագրի շրջանակներում նախագծերի իրականացումը հեշտացնելու համար ազատել հարկերից, մաքսերից և այլ գանձումներից բոլոր ապրանքները, ներառյալ սարքավորումները և նյութերը, աշխատանքները և ծառայությունները, որոնք տրամադրվել կամ ֆինանսավորվել են ավստրիական կողմից դրամաշնորհային հիմունքներով, ինչպես նաև տրամադրել բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, հաստատումները կամ այլ նմանատիպ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են նախագծերի իրականացման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ներմուծման և վերաարտահանման համար (հոդվ. 5, կետեր ա) և բ)),

 Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված անձանց ապահովել` վիզայի անհապաղ թույլտվություն և բազմակի մուտքի ու ելքի վիզաների անվճար տրամադրում գործունեության ամբողջ ընթացքում, ազատ տեղաշարժ երկրի ներսում, ինչպես նաև ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, երկիր մուտք գործելու և այնտեղից հեռանալու իրավունք, բոլոր անհրաժեշտ թույլտվություններ, ինչպես նաև ներգաղթի սահմանափակումից ազատում և օտարերկրացիների գրանցում Համաձայնագրով սահմանված ժամանակահատվածում, ազատում անհատական եկամտահարկից և Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ կնքված պայմանագրի ներքո ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ մատակարարելու պատասխանատվություն ստանձնած գործատուի` ուղղակիորեն կամ որպես ենթամատակարար, կողմից վճարված վարձատրության նկատմամբ կիրառվող այլ ուղղակի հարկից (հոդվ. 7, կետ 3, ենթակետեր «ա», «բ», «գ», «դ»),

 Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված անձանց ապահովել համարժեք հայրենադարձման հնարավորություն ազգային կամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ինչպես տրամադրվում է դիվանագիտական առաքելության անդամներին, ինչպես նաև ապահովել հնարավորություն ներմուծելու և վերաարտահանելու առանց մաքսատուրքի և նման այլ գանձումների, մասնագիտական սարքավորումներ և ապրանքներ, որոնց կարիքը անձնակազմն ունի` իր ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար (հոդվ. 7, կետ 3, ենթակետեր «ե», «զ»),

 երաշխավորել ավելի քան վեց ամիս տևողությամբ աշխատող անձնակազմի անձնական կարիքների համար ոչ ռեզիդենտային բանկային հաշիվ Հայաստանի Հանրապետությունում բացելու և օգտագործելու իրավունք, ինչպես նաև երաշխավորել, որ նման հաշիվները չենթարկվեն արտարժույթի որևէ վերահսկման կամ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող վճարների, և մնացորդներն ազատորեն փոխարկելի լինեն ցանկացած արժույթի (հոդվ. 7, կետ 4, ենթակետ «ա»),

 երաշխավորել ավելի քան վեց ամիս տևողությամբ աշխատող անձնակազմի ազատումը ներմուծման և արտահանման հարկերից, մաքսավճարներից և այլ տուրքերից, վճարներից և ցանկացած այլ նմանատիպ գանձումից, այդ թվում` ԱԱՀ-ից, անձնական և ընտանիքի օգտագործման համար իրերի` ներառյալ, բայց չսահմանափակված կենցաղային տեխնիկայի, անձնական օգտագործման և փոխադրամիջոցների նկատմամբ (հոդվ. 7, կետ 4, ենթակետ «բ»),

 հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ ջանքերը ավստրիական կողմի հետ միավորելու մտադրության մասին և մասնավորապես հայտարարել, որ ոչ մի առաջարկ, նվեր, վճարում, որևէ տիպի փոխհատուցում կամ նպաստ, որը հանդիսանում է ապօրինի գործողություն կամ կոռուպցիոն գործելակերպ, չի եղել կամ չի լինի ուղղակի կամ անուղղակի խրախուսանք կամ պարգևատրում Համաձայնագրի կատարման համար (հոդվ. 9):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի տնտեսական աճին և անաչառ զարգացմանն աջակցելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի` ԵՄ-ի կառույցներին աստիճանաբար ինտեգրվելու նպատակով քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներ իրականացնելու համար Համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

22 հունվարի 2013 թ.

 ՍԴՈ-1071

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան