Գլխավոր տեղեկություն
Համար
N 1669-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.01.2013-08.03.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1669-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Երևանի քաղաքապետին Համազգային թատրոնի շենք (այսուհետ` շենք) կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բյուզանդ փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քառ. մետր մակերեսով և 72000.0 հազ. դրամ արժեքով հողամասը (այսուհետ` հողամաս):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցման նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա կառուցվող շենքի կառուցման աշխատանքներն իրականացվելու են «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

1) իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցումից հետո իրականացնել դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցումից հետո հողամասը և շենքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, որից հետո այն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված շենքի կառուցումից հետո ապահովել դրա նկատմամբ գույքային իրավունքի պետական գրանցումը.

3) «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել հողամասի և շենքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Սահմանել որ, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի և շենքի գույքային իրավունքների պետական գրանցման, դրանց նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման, 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման պետական տուրքի և այլ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 11

Երևան