Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945).1 Հոդ.41.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵՇԴ/0158/01/11

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0158/01/11

 
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան  
                 Դատավորներ` Ա. Դանիելյան  

                  Ա. Հովհաննիսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

 

մասնակցությամբ մեղադրող

Կ. ԱԴԱՄՅԱՆԻ

 

2012 թվականի նոյեմբերի 1-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դանիել Արմենակի Ղասաբողլյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 30-ի որոշման դեմ ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի պաշտպան Ա.Ղասաբողլյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 84102411 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Դանիել Ղասաբողլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Դ.Ղասաբողլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2011 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի դատավճռով Դ.Ղասաբողլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով:

3. Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ա.Ղասաբողլյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

5. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել հետևյալը. «Դեագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվել է պանրի մեծածախ առևտրով` Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղերի բնակիչներից ձեռք է բերել պանիր և արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Նշված ընկերության տնօրեն է հանդիսացել Երազիկ Վարդանյանը, սակայն տնօրենի պարտականությունները փաստացի կատարել է նրա ամուսինը` Դանիել Ղասաբողլյանը: 2008 թվականի ամռանը ընկերությունը գյուղացիներից ձեռք է բերել 60 տոննա պանիր, որից 2 տոննան` Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչներից: «Դեագա» ՍՊԸ-ի կողմից պանիր ձեռք բերելիս տեղում գնման ակտեր չեն կազմվել:

2009 թվականի սեպտեմբերի սկզբներին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության աշխատակիցները «Դեագա» ՍՊԸ-ում կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 2009 թվականի սեպտեմբերի 9-ին կազմվել է թիվ 1004882 ակտը և «Դեագա» ՍՊԸ-ից ՀՀ բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 6.627.200 ՀՀ դրամ: Նշված գումարի վճարումից խուսափելու նպատակով Դ.Ղասաբողլյանը չլրացված գնման ակտեր է տրամադրել Կամո Գրիգորյանին և խնդրել դրանք ստորագրության հանձնել Խաչիկ գյուղի բնակիչներին, ովքեր 2009 թվականի աշնանը ստորագրել են դրանք: Այնուհետև Դ.Ղասաբողլյանի կողմից տրված տվյալներով Ե.Վարդանյանը լրացրել է նշված գնման ակտերն այնպես, իբրև «Դեագա» ՍՊԸ-ն Խաչիկ գյուղի բնակիչներից գնել է 60 տոննա պանիր:

2010 թվականի փետրվարի 19-ին Էրեբունու հարկային տեսչության աշխատակիցներն արձանագրված հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու նպատակով հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան: 2010 թվականի մայիսի 11-ին Դ.Ղասաբողլյանը նույն դատարան է դիմել հակընդդեմ հայցով, որի ընթացքում ՀՀ վարչական դատարան է ներկայացրել կեղծ ապացույց հանդիսացող գնման ակտերն այն մասին, որ 2008 թվականի ամռանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի տարբեր քաղաքացիներից գնել է շուրջ 60 տոննա պանիր (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, 144-147-րդ թերթեր):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը` դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման չեն ենթարկել քրեական գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում սխալ եզրահանգման են եկել Դ.Ղասաբողլյանի մեղավորության վերաբերյալ: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ապացույցներ ձեռք չեն բերվել:

7. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չկայացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների խախտում:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ Դ.Ղասաբողլյանին մեղսագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, հետևաբար այդ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը կազմում է երկու տարի` հանցանքն ավարտված համարվելու պահից սկսած: Տվյալ դեպքում ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքի ավարտման պահ է հանդիսանում գնման ակտերը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու օրը` 2010 թվականի մայիսի 11-ը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով դատական ակտ կայացնելու օրվա դրությամբ` 2012 թվականի հուլիսի 30-ին, ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած է եղել, սակայն Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել դրան:

8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 30-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ պետք է պատասխանել բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հարցին. Վերաքննիչ դատարանը պարտավո՞ր էր արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:

10. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…):

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

11. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Սաղաթելյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) քրեական օրենսդրությամբ, կապված արարքի բնույթից և հանրության համար վտանգավորության աստիճանից, նախատեսված են քրեական պատասխանատվության ենթարկելու տարբեր ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր վտանգավորությունը, և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Վերոգրյալի հիման վրա քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (…)» (տե՛ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի վերլուծությունից բխում է, որ այն նկարագրում է դիտավորյալ հանցագործություն, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 2 տարին, ուստի տվյալ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին, և այն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի, և եթե վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատված կամ կասեցված չի եղել:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Դ.Ղասաբողլյանին մեղսագրվող հանցանքն ավարտվել է 2010 թվականի մայիսի 11-ին` կեղծ գնման ակտերը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու պահից: Քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ Դ.Ղասաբողլյանը նշված արարքը կատարելուց հետո կատարել է նոր հանցանք կամ խուսափել է քննությունից կամ դատից, այսինքն` վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատված կամ կասեցված համարելու հիմքերը բացակայում են:

Հետևաբար Դ.Ղասաբողլյանին մեղսագրվող հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է 2012 թվականի մայիսի 11-ին, և այդ օրվա դրությամբ նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել:

14. Հիմք ընդունելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելու պահին` 2012 թվականի հուլիսի 30-ին, ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցած է եղել:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ այդ հարցին և այն դեպքում, եթե ամբաստանյալը չէր առարկի դրա դեմ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչը չի արել:

15. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա չդարձնելով ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

16. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանին մեղադրանք է առաջադրվել և Առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճիռ է կայացվել ՀՀ վարչական դատարան կեղծ ապացույց ներկայացնելու համար (տե՛ս սույն որոշման 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը): Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի վերլուծությունից հետևում է, որ այն պատասխանատվություն է նախատեսում գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե արդյո՞ք վարչական դատարան կեղծ ապացույց ներկայացնելը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ բողոքաբերի փաստարկներին առ այն, որ ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման չեն ենթարկել քրեական գործում առկա ապացույցները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Դանիել Արմենակի Ղասաբողլյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

   

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան