Գլխավոր տեղեկություն
Համար
N 1675-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.01.2013-24.10.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.18/4(944) Հոդ.16
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1675-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 286.120.06170, ՀՎՀՀ՝ 02583087, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան) (այսուհետ՝ գնորդ) օտարելու համար կնքել առուվաճառքի նախնական պայմանագիր` սույն որոշման 6-րդ կետով նախատեսված աճուրդը չկայանալու դեպքում հիմնական պայմանագիր կնքելու պայմանով:

2. Սահմանել՝

1) գույքի գնահատված արժեքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ` 20692373 հազ. դրամ.

2) որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը, հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը ներառյալ, հիմնական պայմանագրում նախատեսվում է դրա ստորագրմանը նախորդող օրվա դրությամբ՝ 51270840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամին հավասար մեծություն, ներառյալ գնի կազմում ոչ դրամական միջոցներով վճարվող մասի՝ վաճառող կողմի նկատմամբ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը.

3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 0,3928 հեկտար բաժնային մասը` 235680 հազ. դրամ կադաստրային արժեքով.

4) որ գույքը շարունակվում է անհատույց օգտագործվել վաճառողի կողմից և գնորդին հանձնման-ընդունման ակտով հանձնվում է առուվաճառքի նախնական պայմանագրի ստորագրման ամսաթվից երեք տարի հետո նույն ամսաթվին, այն զբաղեցնող պետական հիմնարկներից և վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած վարձակալներից ազատված վիճակում.

5) որ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը 2013 թվականի մայիսի 15-ի դրությամբ որևէ պատճառով, ներառյալ՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված աճուրդը կայանալու արդյունքում նոր գնորդի հետ պայմանագիր կնքելու պատճառով, չկնքելու դեպքում «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվել է անմիջապես օտարել Հայաստանի Հանրապետությանը, և Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է անվանական արժեքով գնել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0.5081 հեկտար հողամասի սեփականատեր «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության բոլոր թողարկված և լրիվ վճարված բաժնետոմսերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` նախնական պայմանագրում նախատեսել, որ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված աճուրդը չկայանալու դեպքում հողամասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման 825 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը վճարելուց հետո գնորդի հետ կնքվում է առուվաճառքի հիմնական պայմանագիր՝ դրանում, մասնավորապես, որպես հիմնական պայմաններ նախատեսելով հետևյալը՝

1) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է փոխանցվում առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից, և գույքը համարվում է վաճառողի մոտ գրավադրված՝ մինչև գնորդի կողմից գնի լրիվ վճարումը.

2) գույքը գնորդին հանձնման-ընդունման ակտով ենթակա է հանձնման՝ առուվաճառքի պայմանագրի ստորագրման ամսաթվից երեք տարի հետո նույն ամսաթվին, այն զբաղեցնող պետական հիմնարկներից և վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած վարձակալներից ազատված վիճակում: Հանձնման կետանցի դեպքում գնորդի օգտին հաշվարկվում է օրական 5 մլն դրամ տույժ, և գնորդն իրավունք կունենա մինչև փաստացի հանձնումը հետաձգելու գնի մնացորդի վճարումը՝ հանձնումից հետո պահելով հաշվարկված տույժը.

3) գույքի վաճառքի գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագրի ստորագրման օրվանից մեկշաբաթյա ժամկետում պետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 916-Ա որոշմամբ օտարված` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0.5081 հեկտար հողամասի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը` դրանց անվանական արժեքով, պայմանով, որ ընկերությունը շարունակի լինել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող՝ 0.5081 հեկտար հողամասի սեփականատեր, և ընկերության գրանցված ու դրամական միջոցներով լրիվ վճարված կանոնադրական կապիտալի չափը կազմի 27,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ: Ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը պետությանը փոխանցվելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 916-Ա որոշմամբ «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության համար նախատեսված ֆինանսավորման պարտավորությունները կդադարեն, և «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությունը պատասխանատու չի լինի «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության ստանձնած որևէ պարտավորության կատարման համար.

4) գնից 7,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը գնորդի կողմից պետք է վճարվի գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրման օրվանից երկու տարի հետո նույն ամսաթվին, իսկ գնի մնացորդը գնորդը պետք է վճարի գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրման օրվանից երեք տարի հետո նույն ամսաթվին՝ գույքի հանձնում-ընդունումից հետո 10-օրյա ժամկետում.

5) գնորդը պարտավորվում է՝

ա. գույքի հանձնում-ընդունումից և անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես հյուրանոցային և նմանատիպ գործունեության նպատակով,

բ. գույքի հանձնում-ընդունումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր,

գ. գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.

6) վաճառողը պարտավորվում է գույքի հանձնումը գերազանցող ժամկետով վարձակալության պայմանագրերով վարձակալների կողմից վարձակալության ժամկետի ավարտին վարձակալների կողմից գույքի փաստացի չազատման դեպքում փոխհատուցել այդ վարձակալներից տարածքի ազատմանն ուղղված՝ գնորդի բոլոր ծախսերը.

7) Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 789.4 քառ. մետր մակերեսով տարածքն օգտագործող «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվում է վարձակալության պայմանագրի հիմքով օգտագործումը՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 8-ը: Վաճառողը պարտավորվում է աջակցել և օժանդակել (իրականացնելով օրենքով նախատեսված՝ իրենից կախված անհրաժեշտ և բավարար գործողություններ) գնորդին՝ Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող և գույքի հետ միասին ճարտարապետական ամբողջություն կազմող այն ենթամասերն ու հատվածները և շենքով զբաղեցված հողամասի համապատասխան բաժնեմասերը գնորդի հաշվին և վերջինիս համար ընդունելի ողջամիտ արժեքով ձեռք բերելու հարցում, որոնք սույն որոշման ընդունման ամսաթվի դրությամբ պատկանում են երրորդ անձանց և հայտնի են՝ որպես «Արարատ» ռեստորան, որը զբաղեցնում է 856 քառ. մետր մակերեսով տարածք, «Նոյան տապան» գրախանութ, որն զբաղեցնում է 418 քառ. մետր մակերեսով տարածք, և «Անի» գրատուն, որն զբաղեցնում է 150.2 քառ. մետր մակերեսով տարածք.

8) պայմանագրի՝ դրամով գինը ենթակա է փոփոխության այնպես, որ գնի՝ դրամով վճարումների հանրագումարը, ըստ վճարման օրերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքների, կազմի 51,270,840 ԱՄՆ-ի դոլար.

9) պայմանագրի նոտարական վավերացման ու դրանից ծագող իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին:

4. Հիմնական պայմանագրով գնորդը պարտավոր է հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, վաճառքի գնի դրամական միջոցներով վճարվող մասից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկը (հաշվարկված վաճառքի գնի ոչ դրամական միջոցներով վճարվող մասի նկատմամբ 16,67 տոկոս դրույքաչափով), մնացած գումարի 70 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի համայնքի ֆոնդային բյուջե:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի գնի հնարավոր ավելի բարձր արժեքի բացահայտման նպատակով կազմակերպել գույքի օտարման դասական աճուրդ:

6. Սահմանել՝

1) գույքի աճուրդի մեկնարկային գինը 51270840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

2) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի 0,3928 հեկտար բաժնային մասը` 235680 հազ. դրամ կադաստրային արժեքով.

3) որ աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի առնվազն 27,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 825456 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գումարի վճարումն աճուրդի հաղթողի կողմից պետք է կատարվի աճուրդի արդյունքներն ամփոփելուց հետո տասն օրվա ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) աճուրդի հաղթողի կողմից սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետում նշված վճարումների կատարումից հետո գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. գույքն աճուրդի հաղթողին ընդունման-հանձնման ակտով ենթակա է հանձնման՝ առուվաճառքի պայմանագրի ստորագրման ամսաթվից երեք տարի հետո նույն ամսաթվին, այն զբաղեցնող պետական հիմնարկներից և վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած վարձակալներից ազատված վիճակում,

բ. գնորդը պարտավորվում է գույքի հանձնում-ընդունումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր,

գ. գնորդը պարտավորվում է գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ,

դ. Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող՝ 789.4 քառ. մետր մակերեսով տարածքի օգտագործող «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվում է վարձակալության պայմանագրի հիմքով օգտագործումը՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 8-ը,

ե. աճուրդի հաղթողը պարտավորվում է գնի մնացորդը վճարել պայմանագրի կնքումից հետո երեք տարվա ընթացքում՝ տարեկան հավասարաչափ բաժիններով,

զ. պայմանագրի նոտարական վավերացման ու դրանից ծագող իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը կատարվում են աճուրդի հաղթողի հաշվին:

8. Աճուրդի հաղթողը պարտավոր է հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին, գույքի վաճառքի գնի 70 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի համայնքի ֆոնդային բյուջե:

9. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված աճուրդի հաղթողի հետ գույքի օտարման պայմանագիրը պետք է կնքվի մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:

10. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված աճուրդը չկայանալու կամ աճուրդի հաղթողի հետ պայմանագիրը մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը չկնքվելու դեպքում գույքը և հողամասի բաժնեմասերը՝ սույն որոշման մեջ նշված պայմաններով, հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքմամբ կվաճառվեն «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 14

Երևան