Գլխավոր տեղեկություն
Համար
N 780-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.01.2013-07.03.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.670
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2024

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2003 թվականի N 780-Ն

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 31.05.12 N 684-Ն, խմբ. 06.12.12 N 1592-Ն)

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները ներառում են`

1) բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները.

2) ախտաբանական վիճակները, որոնց դեպքում 2 տարի դիտման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը.

3) ախտաբանական վիճակները, որոնց դեպքում 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը:

(1-ին կետը խմբ. 31.05.12 N 684-Ն, խմբ. 06.12.12 N 1592-Ն)

1.1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները, հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում սահմանվում է անժամկետ հաշմանդամություն` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

(1.1-ին կետը լրաց. 06.12.12 N 1592-Ն)

1.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող չափորոշիչների կիրարկման` հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների և ախտաբանական վիճակների վերաբերյալ մեթոդական ուղեցույց` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ:

(1.2-րդ կետը լրաց. 06.12.12 N 1592-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հուլիսի 1
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 13-ի N 780-Ն որոշման

 

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

I. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

ա) հաշմանդամություն՝ հիվանդություններով, վնասվածքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության.

բ) առողջություն՝ անձի ֆիզիկական, հոգեկան և սոցիալական լիակատար բարեկեցիկ վիճակ (այլ ոչ միայն հիվանդության և ֆիզիկական արատների բացակայություն).

գ) առողջության խաթարում՝ անձի օրգանիզմի հոգեբանական, ֆիզիոլոգիական, անատոմիական կառուցվածքի և (կամ) ֆունկցիայի անոմալիայի, խանգարման, կորստի հետ կապված ֆիզիկական, հոգեկան, ֆիզիոլոգիական անբարեկեցություն.

դ) կենսագործունեություն՝ անձի ինքնասպասարկման ապահովման ունակություն, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառության և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողություն.

ե) կենսագործունեության սահմանափակման աստիճան՝ անձի գործունեության նորմալ կարողություններից կամ հնարավորություններից շեղման աստիճան.

զ) սոցիալական անբավարարություն՝ առողջության խաթարման սոցիալական հետևանք, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության կամ օգնության անհրաժեշտության.

է) սոցիալական օժանդակություն՝ կարճաժամկետ բնույթի միանգամյա կամ էպիզոդիկ միջոցառում՝ սոցիալական անբավարարության հատկանիշների բացակայությամբ.

ը) սոցիալական օգնություն՝ սոցիալական անբավարարության վերացմանը կամ նվազեցմանը նպաստող պարբերական և (կամ) կանոնավոր միջոցառումներ.

թ) հաշմանդամի վերականգնում՝ բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ՝ ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցմանը: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը և նյութական անկախությունը.

ժ) վերականգնողական կարողություն՝ անձի կենսաբանական, հոգեֆիզիոլոգիական և անհատական հատկանիշների, ինչպես նաև սոցիալ-միջավայրային գործոնների համալիր, որը հնարավորություն է տալիս այս կամ այն չափով փոխհատուցել նրա կենսագործունեության սահմանափակումները և իրականացնել պահեստային (պոտենցիալ) հնարավորությունները.

ժա) վերականգնողական կանխատեսում՝ վերականգնողական կարողության իրականացման ենթադրվող հնարավորություն.

ժբ) աշխատանքային, կենցաղային և հասարակական գործունեության հատուկ ստեղծված պայմաններ՝ առանձնահատուկ սանիտարահիգիենիկ, կազմակերպչական, տեխնիկական, տեխնոլոգիական, իրավական, տնտեսական, միկրոսոցիալական գործոններ, որոնք հաշամանդամին հնարավորություն են տալիս իրականացնել աշխատանքային, կենցաղային և հասարակական գործունեություն՝ նրա վերականգնողական անհատական ծրագրին և կարողությանը համապատասխան.

ժգ) մասնագիտություն՝ կրթության, ուսումնառության, հատուկ վերապատրաստման, աշխատանքային փորձի ճանապարհով ստացած հատուկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների համալիրը տիրապետող անձի աշխատանքային գործունեության (զբաղմունքի) տեսակ, գիտելիքների և աշխատանքի որոշակի բնագավառ: Հիմնական մասնագիտությունը համարվում է առավել բարձր որակավորմամբ կամ ավելի երկար ժամանակ կատարվող աշխատանքը.

ժդ) որակավորում՝ կարգով, դասով, կոչումով և այլ որակավորման չափանիշներով որոշվող որոշակի մասնագիտությամբ, արհեստով կամ պաշտոնում պատրաստվածության մակարդակ, վարպետության, աշխատանք կատարելու պիտանելության աստիճան:

 

II. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ

 

2. Անձի օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարումները դասակարգվում են՝

ա) հոգեկան ֆունկցիաների խանգարում՝ ընկալման, հիշողության, մտածողության, ինտելեկտի, բարձրագույն կեղևային ֆունկցիաների, հույզերի, կամքի, գիտակցության և առույգության, վարքի, հոգեշարժական ֆունկցիաների խանգարումներ.

բ) լեզվական և խոսքի խանգարումներ՝ հոգեկան խանգարումներով չպայմանավորված գրավոր և բանավոր, բերանացի ու ոչ բերանացի խոսքի խանգարումներ, ձայնագոյացման և խոսքի ձևի խանգարումներ՝ կակազում, դիզարթրիա և այլն.

գ) զգայական ֆունկցիաների խանգարում՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի, վեստիբուլյար ֆունկցիաների, հպման, ցավային, ջերմային ու այլ տեսակի զգացողությունների խանգարումներ և ցավային համախտանիշ.

դ) հենաշարժական ֆունկցիաների խանգարումներ՝ գլխի, մարմնի, վերջույթների շարժողական ֆունկցիաների, կանգուն կեցվածքի, շարժումների կոորդինացիայի խանգարումներ.

ե) ընդերային և նյութափոխանակության խանգարումներ՝ սնուցման խանգարում (արյան շրջանառության, շնչառության, մարսողության, արտազատման, արյունաստեղծման, էներգիայի և նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի, իմունիտետի խանգարումներ).

զ) ձևախեղումներ՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին ձևախեղում, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ՝ գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն։

(2-րդ կետը փոփ. 06.07.07 N 766-Ն)

 

III. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

3. Կենսագործունեության հիմնական տեսակները դասակարգվում են՝

ա) ինքնասպասարկման ապահովման ունակություն՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքներն ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն.

բ) ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության իրականացման շրջանակներում տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, տեղաշարժվելու, մարմնի հավասարակշռությունը պահելու կարողություն.

գ) ուսումնառության կարողություն՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների և ունակությունների տիրապետման կարողություն.

դ) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեության իրականացման կարողություն.

ե) կողմնորոշվելու կարողություն՝ ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն.

զ) հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման և փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու ունակություն.

է) սեփական վարքը հսկելու կարողություն՝ բարոյաէթիկական և սոցիալ-իրավական նորմերից ելնելով ինքնաճանաչման և համապատասխան վարքի դրսևորման կարողություն.

ը) խաղալու կարողություն՝ խաղի ընդունակություն, որի շնորհիվ ի հայտ է գալիս արտաքին աշխարհի հետ երեխայի հաղորդակցվելու կարիքը, ձևավորվում և զարգանում են ինտելեկտուալ, ֆիզիկական, բարոյական ու կամային հատկանիշներ, աշխատանքային և այլ ունակությունների տարրեր (տարիքային նորմերին համապատասխան):

 

IV. ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

4. Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է առավելապես խանգարման չորս աստիճան՝

1-ին աստիճան՝ ֆունկցիայի աննշան խանգարումներ,

2-րդ աստիճան՝ ֆունկցիայի չափավոր խանգարումներ,

3-րդ աստիճան՝ ֆունկցիայի արտահայտված խանգարումներ,

4-րդ աստիճան՝ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ։

 

V. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

5. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն.

3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն։

6. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ.

2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ.

3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:

(6-րդ կետը փոփ. 18.08.05 N 1304-Ն)

7. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն.

2-րդ աստիճան՝ միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.

3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն:

8. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործման պայմաններում կողմնորոշվելու կարողություն.

2-րդ աստիճան՝ այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն.

3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն:

9. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ հաղորդակցվելու կարողություն.

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների և այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն.

3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն:

10. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության ժամանակավոր, պարբերական նվազում.

2-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու կարողության մշտական մասնակի նվազում, որը պայմանավորում է կողմնակի անձանց կողմից օգնության անհրաժեշտությունը.

3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու լիովին անկարողություն և կողմնակի հսկողության անհրաժեշտություն:

11. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն, սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն.

2-րդ աստիճան՝ հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն.

3-րդ աստիճան՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:

12. Խաղալու կարողության սահմանափակում՝ տարիքային նորմերին համապատասխան:

13. Կենսագործունեության առանձին տեսակների սահմանափակումների աստիճանը կարող է մեծանալ օրգանիզմի տարբեր ֆունկցիաների խանգարմանը զուգահեռ, եթե դրանք մեկը մյուսին ծանրացնում կամ խորացնում են, հատկապես, իրենց փոխհատուցման անհնարինության դեպքում։

(13-րդ կետը լրաց. 06.12.12 N 1592-Ն)

14. Անբարենպաստ կամ կասկածելի (անբարենպաստ հակումով) կլինիկական և վերականգնողական կանխատեսումների առկայությունը (անգամ օրգանիզմի ժամանակավոր պահպանված ֆունկցիաների ու կենսագործունեության վիճակի դեպքում) հիմք է հանդիսանում հաշմանդամության որոշման կամ դրա ծանրության աստիճանի գնահատման փոփոխման համար:

 

VI. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

 

15. Կենսագործունեության հիմնական տեսակները երեխաների մոտ դասակարգվում են՝

ա) ինքնասպասարկման ապահովման ունակություն՝ հիմնական ֆիզիոլոգիական պահանջմունքները (սննդի ընդունման, ֆիզիոլոգիական արտաթորման, հագնվելու, հանվելու) ինքնուրույն բավարարելու, ամենօրյա կենցաղային գործունեություն և անձնական հիգիենա իրականացնելու ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).

բ) տեղաշարժվելու կարողություն՝ տարածության մեջ ինքնուրույն տեղափոխվելու, խոչընդոտները հաղթահարելու, մարմնի հավասարակշռությունը պահպանելու կարողություն խաղի, կենցաղային գործունեության շրջանակներում (տարիքային նորմերին համապատասխան).

գ) ուսումնառության կարողություն՝ գիտելիքների ընկալման և վերարտադրության, սոցիալական, մշակութային, կենցաղային հմտությունների տիրապետման, հանրա-կրթական և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման կարողություն՝ հետագայում աշխատանքային գործունեությանը մասնակցելու համար (տարիքային նորմերին համապատասխան).

դ) խաղալու կարողություն՝ խաղի ընդունակություն, որի շնորհիվ դրսևորվում է երեխայի՝ աշխարհի հետ շփվելու պահանջը, զարգանում և ձևավորվում են երեխայի անձի մտավոր, կամային ու բարոյական արժանիքները, աշխատանքային հմտության տարրերը (տարիքային նորմերին համապատասխան).

ե) կողմնորոշվելու կարողություն՝ ժամանակի և տարածության մեջ կողմնորոշվելու, շրջակա աշխարհի առարկաների և երևույթների արտացոլման կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

զ) հաղորդակցվելու կարողություն՝ տեղեկատվության ընկալման, վերամշակման ու փոխանցման միջոցով մարդկանց միջև կապ հաստատելու և զարգացնելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

է) սեփական վարքը հսկելու կարողություն՝ ինքնաճանաչման, սոցիալ-իրավական և բարոյաէթիկական նորմերից ելնելով՝ համապատասխան վարքի դրսևորման կարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

 

VII. ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՄՈՏ

 

16. Երեխաների մոտ կենսագործունեության սահմանափակման գնահատման հիմք են հանդիսանում՝

ա) կենսագործունեության սահմանափակման հանգեցնող օրգանիզմի ֆունկցիաների խանգարման ձևի և աստիճանի որոշումը,

բ) կենսագործունեության սահմանափակման աստիճանի և տեսակի որոշումը,

գ) վերականգնողական ներուժի և կանխատեսման որոշումը:

17. Կենսագործունեությունը սահմանափակող ֆունկցիաների հիմնական խանգարումներն են՝

ա) հոգեկան ֆունկցիաների խանգարում՝ ընկալման, ուշադրության, հիշողության, մտածելակերպի, խոսքի, հույզերի, կամքի, գիտակցության խանգարումներ.

բ) զգայական ֆունկցիաների խանգարում՝ տեսողության, լսողության, հոտառության, շոշափելիքի և այլ խանգարումներ.

գ) հենաշարժական ֆունկցիաների խանգարում.

դ) արյան շրջանառության, շնչառական, մարսողական, արտաթորման, էներգիայի և նյութափոխանակության, ներքին սեկրեցիայի և այլ ֆունկցիաների խանգարումներ.

ե) ձևախեղումներ` դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին ձևախեղում, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ` գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն:

(17-րդ կետը լրաց. 06.07.07 N 766-Ն)

 

VIII. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

 

18. Օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները բնութագրող տարբեր որակական և քանակական ցուցանիշների համալիր գնահատումը նախատեսում է խանգարումների չորս աստիճան՝

1-ին աստիճան՝ ֆունկցիայի աննշան խանգարումներ,

2-րդ աստիճան՝ ֆունկցիայի չափավոր խանգարումներ,

3-րդ աստիճան՝ ֆունկցիայի արտահայտված խանգարումներ,

4-րդ աստիճան՝ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ։

 

IX. Երեխաների մոտ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

(վերնագիրը լրաց. 31.05.12 N 684-Ն)

 

19. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ ինքնասպասարկման ապահովման ունակություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան):

20. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն՝ ընդհատումներով, տարածության կրճատմամբ, ավելի երկարատև ժամանակի ծախսումով (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիարժեք կախվածություն (տարիքային նորմերին համապատասխան):

21. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ ընդհանուր տիպի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պահպանման պայմաններում (տարիքային նորմերին համապատասխան) և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ, այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն.

2-րդ աստիճան՝ միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով տնային պայմաններում ուսումնառության կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

22. Խաղալու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ խաղին ինքնուրույն մասնակցության դժվարություններ՝ ավելի երկարատև ժամանակի ծախսում՝ ընդհատումներով, ծավալի կրճատմամբ (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ խաղալու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան):

23. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ կողմնորոշվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ այլ անձանց օգնությամբ կողմնորոշվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

24. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ հաղորդակցվելու կարողություն.

2-րդ աստիճան՝ օժանդակ միջոցների և (կամ) այլ անձանց օգնությամբ հաղորդակցվելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

25. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝

1-ին աստիճան՝ սեփական վարքն ինքնուրույն հսկելու կարողության մասնակի նվազում (տարիքային նորմերին համապատասխան).

2-րդ աստիճան՝ միայն կողմնակի անձանց օգնությամբ սեփական վարքը մասնակի կամ լիովին հսկելու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան).

3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու անկարողություն (տարիքային նորմերին համապատասխան)։

 

X. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

26. Հաշմանդամության 1-ին խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն, խիստ արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որը հանգեցնում է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝

ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն,

տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն,

կողմնորոշվելու 3-րդ աստիճանի կարողություն,

հաղորդակցվելու 3-րդ աստիճանի կարողություն,

սեփական վարքը հսկելու 3-րդ աստիճանի կարողություն։

27. Հաշմանդամության 2-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝

ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն,

տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն,

աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,

ուսումնառության 3-րդ և 2-րդ աստիճանների կարողություն,

կողմնորոշվելու 2-րդ աստիճանի կարողություն,

հաղորդակցվելու 2-րդ աստիճանի կարողություն,

սեփական վարքը հսկելու 2-րդ աստիճանի կարողություն։

Ուսումնառության 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են հաշմանդամության 2-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակման զուգակցման դեպքում՝ բացառությամբ սովորողների, որոնց մոտ ուսումնառության միայն 2-րդ և 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները կարող են պայմանավորել հաշմանդամության 2-րդ խմբի որոշման անհրաժեշտությունը:

28. Հաշմանդամության 3-րդ խմբի որոշման չափանիշը սոցիալական պաշտպանություն կամ օգնություն պահանջող սոցիալական անբավարարությունն է, որը հետևանք է հիվանդություններով, վնասվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումով առողջության խաթարման, որոնք հանգեցնում են կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի սահմանափակման կամ դրանց զուգորդման՝

ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն,

տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն,

աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն,

ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն,

կողմնորոշվելու 1-ին աստիճանի կարողություն,

հաղորդակցվելու 1-ին աստիճանի կարողություն,

սեփական վարքը հսկելու 1-ին աստիճանի կարողություն։

Հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:

(28-րդ կետը փոփ. 18.08.05 N 1304-Ն)

29. Մինչև 18 տարեկան անձանց «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափանիշ են հիվանդություններով, վնասվածքների հետևանքով, արատներով կամ զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավոր կամ արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք հանգեցնում են կենսագործունեության որևէ տեսակի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի սահմանափակումների (տարիքային նորմերին համապատասխան):

(29-րդ կետը խմբ. 31.05.12 N 684-Ն)

 

XI. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

30. Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև 18 տարին լրանալը և անժամկետ:

1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

(30-րդ կետը խմբ. 18.08.05 N 1304-Ն)

31. Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց.

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետևանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման.

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում,  իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների).

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

(31-րդ կետը լրաց. 18.08.05 N 1304-Ն, 31.05.12 N 684-Ն)

32. Հաշմանդամ երեխա» կարգավիճակ մինչև 18 տարին լրանալը ժամկետով սահմանվում է օրգանիզմի օրգանների և օրգան-համակարգերի կայուն անդառնալի կառուցվածքային փոփոխություններով ու խանգարումներով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության մշտական սահմանափակման դեպքում, ինչպես նաև մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում նշված ախտաբանական վիճակների:

(32-րդ կետը խմբ. 18.08.05 N 1304-Ն, փոփ., լրաց. 06.07.07 N 766-Ն, լրաց. 31.05.12 N 684-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 18.08.05 N 1304-Ն, փոփ., լրաց. 06.07.07 N 766-Ն, փոփ., լրաց., խմբ. 31.05.12 N 684-Ն, լրաց. 06.12.12 N 1592-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

 հունիսի 13-ի N 780-Ն որոշման

 

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ 2 ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ
(վերնագիրը խմբ. 06.12.12 N 1592-Ն)

I. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով:

2. Սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA:

3. Թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ:

4. Շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով`

1) պրոլիֆերատիվ անգիոպաթիա.

2) երիկամային անբավարարություն` 3-րդ փուլ (տերմինալ փուլ).

3) սրտային անբավարարություն` 3-րդ փուլ.

4) ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա` չորրորդ փուլ (նեկրոտիկ ստադիա).

5) երրորդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ:

5. Չարորակ նորագոյացություններ արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով:

6. Պատվաստված օրգաններ:

7. Ստամոքսի լրիվ հեռացում:

8. Մեկ թոքի բացակայություն:

 

II. ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված սակավամտություն:

10. Ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, մոնոպլեգիա):

11. Գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ:

 

III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ

 

12. Բուժման չենթարկվող միզային, կղանքային խուղակներ և ստոմաներ:

13. Կոկորդի հեռացում:

 

IV. ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

 

14. Երկու աչքի տեսողության սրության զգալի իջեցում` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով մինչև 0,03 կամ երկու աչքի կայուն և անվերադարձ փոփոխությունների հետևանքով տեսադաշտի (ծայրամասային ֆիքսման կետից) մինչև 10օ-ի նեղացում:

(հավելվածը լրաց. 31.05.12 N 684-Ն, խմբ. 06.12.12 N 1592-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

 հունիսի 13-ի N 780-Ն որոշման

 

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ 4 ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ
(վերնագիրը խմբ. 06.12.12 N 1592-Ն)

 

I. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ:

2. Լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով:

3. Երիկամների խրոնիկ հիվանդություններ խրոնիկ երիկամային 3-րդ աստիճանի անբավարարությամբ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում:

 

II. ՆՅԱՐԴԱՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական արտահայտված կայուն խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ):

5. Գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ, սակավամտություն):

 6. Գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումների մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումերով, պրոգրեսիվող փսիխոզով, թուլամտություն:

7. Ժառանգական նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ (Դյուշենի կեղծ հիպերտրոֆիկ մկանային դիստրոֆիա, Վերդինգ-Հոֆֆմանի ողնաշարային ամիոտրոֆիա), պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ ցողունային, շարժողական ֆունկցիաների խանգարումով, մկանների ատրոֆիայով:

8. Ողնուղեղի անոթային և վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներով:

9. Պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն և տրոֆիկ խանգարումներով:

 

III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՁԵՎԱԽԵՂՈՒՄՆԵՐ

 

10. Դաստակի չորս մատների անկիլոզ կամ խիստ արտահայտված կոնտրակտուրա ֆունկցիոնալ անհարմար դիրքում, շարժողական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:

11. Արմնկային, սրունք-թաթային հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրա կամ անկիլոզ, ծայրանդամի և ոտնաթաթի արատավոր դիրքում հենաշարժական ֆունկցիայի կայուն խանգարում, որը հանգեցնում է որևէ աստիճանի կենսագործունեության սահմանափակման:

(հավելվածը լրաց. 31.05.12 N 684-Ն, խմբ. 06.12.12 N 1592-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան