ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0177/02/11 2012 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0177/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ` Գ. Մատինյան |
|
Ա. Թումանյան |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գոլդուեյ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Վալտի Մոթորս» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն)` բաց թողնված օգուտը հատուցելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 167.081.882 ՀՀ դրամ` որպես 01.01.2010 թվականից մինչ 01.06.2011 թվականն ընկած ժամանակահատվածում բաց թողնված օգուտ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.02.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 10.10.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ և 409-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 149.8-րդ, 219-րդ և 220-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, սխալ է մեկնաբանել վնասի ինստիտուտը:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ 05.11.2009 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի թիվ 289 պայմանագիրը, որով Կազմակերպությունը պարտավորվել է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը հանձնել թվով 35 հատ «SKODA» մակնիշի «Octavia tour» 1.4 մոդելի ավտոմեքենա:
Կազմակերպության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 1-ը Ընկերությունը կրել է 167.081.882 (հարյուր վաթսունյոթ միլիոն ութսունմեկ հազար ութ հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ վնաս (բաց թողնված օգուտ):
2010 թվականի ընթացքում ընդհանուր 19 տաքսիների շահագործմամբ Ընկերության ավտոտրանսպորտային գործունեությունից (տաքսի ծառայություն) ստացած հասույթը կազմել է 131.815.521 ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև գործի նյութերում առկա ձայնագրման կրիչը, որում հստակ արտացոլված են Taxi-2008 (2010) համակարգչային ծրագրի տվյալները, որտեղ ֆիքսված են Ընկերության` միայն քաղաքային հեռախոսահամարներով պատվիրված և չկատարված պատվերները, մինչդեռ հայցվորի ծառայություններից օգտվել են նաև բջջային հեռախոսազանգերով տաքսի պատվիրելով, որոնց մի մասը հնարավոր չի եղել կատարել մեքենաների սակավաթվության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1.Կողմերի միջև 05.11.2009 թվականին կնքված թիվ 289 առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավորվել է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Ընկերությանը հանձնել 35 հատ «SKODA» մակնիշի «Octavia tour 1.4» մոդելի ավտոմեքենաներ (հատոր 1-ին, գ.թ. 5)։
2. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 08.12.2010 թվականի թիվ ԵՇԴ/0620/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ Կազմակերպության կողմից Ընկերությանը չի հանձնվել 17 ավտոմեքենա կամ չի վերադարձվել դրանց արժեքը (հատոր 1-ին, գ.թ. 79):
3. Ընկերությունն իր կողմից մատուցվող տաքսի ծառայությունների ընթացքում Taxi-2008 ծրագրի օգտագործման համար կնքել է 15.01.2008 թվականի «հեղինակային օբյեկտի վերաբերյալ պայմանագիր» (հատոր 1-ին, գ.թ.22):
4. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի Կենտրոն հարկային տեսչության 19.05.2011 թվականի թիվ ՏՎ-2696 գրության համաձայն՝ Ընկերությունը 2010 թվականին ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվելու ընթացքում շահագործել է ամսական միջինը 19 մեքենա (հատոր 1-ին, գ.թ. 20)։
5. 2010 թվականի ընթացքում 19 տաքսիների շահագործմամբ ավտոտրանսպորտային գործունեությունից (տաքսի ծառայություն) ստացած հասույթը կազմել է 131.815.521 (հարյուր երեսունմեկ միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, հիմք` տեսաձայնագրման կրիչը (տեսաձայնագրման կրիչում հստակ արտացոլված են Taxi-2008(2010) համակարգչային ծրագրի տվյալները), (հատոր 1-ին, գ.թ.69):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը բողոքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին`
* Բաց թողնված օգուտի ընդհանուր իրավական կարգավորմանը
* Բաց թողնված օգուտի հաշվարկման առանձնահատկություններին
4.1 Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ընդհանուր կանոնները.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է բաց թողնված օգուտի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների մեկնաբանությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ բաց թողնված օգուտն այն եկամուտն է, որը սեփականատերը քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում կստանար, եթե չխախտվեր նրա իրավունքը: Բաց թողնված օգուտի առկայությունը, այսինքն՝ անձի իրավունքի չխախտման պարագայում եկամտի ստացման իրական հնարավորությունը որոշելը յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները: Մասնավորապես, բաց թողնված օգուտի առկայությունը որոշելու համար նախ և առաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը, կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունը այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (տես` Ջուլիետա Պետրոսյանը, Կարեն Դավթյանը և Արման Դավթյանն ընդդեմ Թևոս Սաֆարյանի` պատճառված վնասների հատուցման պահանջի մասին թիվ 3-691(ՎԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը): Այդպիսին կարող է լինել նաև ընկերության և երրորդ անձանց միջև ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրերը, նրանց միջև կնքված նախնական պայմանագրերը, մտադրությունների վերաբերյալ արձանագրությունները, գրագրությունը պայմանագիր կնքելու վերաբերյալ և այլ պայմանավորվածություններ (տես «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵՔԴ/0086/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը կամ «Էքսոլթ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի՝ բաց թողնված օգուտը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵՔԴ/0036/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բարձրացված իրավական հարցադրումներին պետք է պատասխանել վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` նպատակ ունենալով զարգացնել դրանցում արտահայտված կանոնակարգումները:
4.2. Բաց թողնված օգուտի սահմանադրաիրավական և կոնվենցիոն հիմքերը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված օգուտի հատուցման կանոնները դատարանները պետք է կիրառեն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների պահպանմամբ:
ՀՀ Սահմանադրության 33.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:
Վերոնշյալ սահմանադրական իրավունքը ենթադրում է ոչ միայն պետության կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընձեռում, այլև ձեռնարկատիրության և ձեռնարկատիրական գործունեության համար համապատասխան միջավայրի ձևավորում` այդ թվում գործարարությամբ զբաղվող անձանց համար խախտված իրավունքների վերականգնման երաշխիքների ստեղծում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարարության ոլորտում բաց թողնված օգուտի որոշման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մի կարևոր առանձնահատկություն` գործարարական գործունեությունը անձի շահույթ ստանալուն ուղղված գործունեություն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդված), ուստի գործարարության ոլորտում ողջամտորեն ենթադրվում է, որ անձի իրականացրած գործողությունները (պայմանագրերի կնքում, քաղաքացիական տարբեր իրավունքների ձեռքբերում) ուղղված են շահույթ ստանալուն: Այսինքն` գործարարության ոլորտում անձը պայմանագիր կնքելու, քաղաքացիական իրավահարաբերության մեջ մտնելու ժամանակ ակնկալում է ստանալ որոշակի օգուտ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, նշել է, որ «պահանջը» «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածի իմաստով կարող է հասկացվել որպես «սեփականություն» այն դեպքում, եթե բավարար չափով հաստատված է, որ այն կարող է իրավաբանորեն իրականացվել (տես` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով 02.05.2002 թվականին Եվրոպական դատարանի վճիռը, կետ 40, Վարդուհի Հովսեփյանն ընդդեմ Ռիմա Կարապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/1522/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները նույնպես կարող են դիտարկվել Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում: Նման իրավիճակներում Եվրոպական դատարանը հիմք է ընդունել վնասի հատուցման վերաբերյալ ներպետական կանոնները, որի հիման վրա վերջինս այն դիտարկել է որպես «ակտիվ», «գույք» և հետևաբար նաև «տիրապետում» 1-ին արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում: Արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ դատական ակտի հիման վրա դիմողները կարող են ունենալ «օրինական սպասելիք», որ պատահարի արդյունքում վերջիններիս ներկայացրած պահանջը պետք է քննարկվի վնասի հատուցման ընդհանուր կանոններով (տես` PRESSՕS CՕMPANIA NAVIERA S.A և մյուսներն ընդդեմ Բելգիայի գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վնասի` այդ թվում բաց թողնված օգուտի հատուցման հետ կապված հարաբերությունները պետք է դիտարկվեն ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո, վնասի հատուցման պահանջը կարող է համարվել «տիրապետում» Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, հետևաբար դրա նկատմամբ սահմանափակումները և հատուցման հարցերը պետք է քննարկման առարկա դառնան համաչափության սկզբունքի պահպանմամբ:
4.3. Բաց թողնված օգուտի որոշման ընդհանուր կանոնները.
Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում հաստատել է, որ բաց թողնված օգուտի որոշման ժամանակ իրական մտադրությունը պետք է զուգորդվի իրական հնարավորության հետ: Դա բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 4-րդ կետից, որի համաձայն` բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:
Ընկերության իրական մտադրությունը կարող է հաստատվել ընկերության գործունեության բնույթի ուսումնասիրությամբ (օրինակ` կանոնադրություն և այլ փաստաթղթեր): Դրանք կարող են հաստատվել նաև համապատասխան պայմանագրային հարաբերությունների բնույթը բացահայտելով, ընկերության բիզնես ծրագրերն ուսումնասիրելով: Բացի այդ, այդպիսիք կարող են լինել ընկերության գործունեության շրջանակների կամ ծավալների ավելացման վերաբերյալ ապացույցներ (պահեստի պատրաստում, ապրանք արտադրելու համար սարքավորումների ձեռքբերում կամ ծավալի ավելացում): Այս ամենը հիմնավորում է ընկերության իրական մտադրությունը:
Ընկերության իրական հնարավորությունը կարող է հաստատվել օգուտ ստանալու վերաբերյալ համապատասխան իրական կամ ողջամտորեն հավանական ապացույցներով: Օրինակ կարող են լինել ընկերության շրջանառության վերաբերյալ տվյալները, որոնք ցույց են տալիս նմանատիպ ապրանքներից կամ ծառայություններից ընկերության ստացած հասույթը, որպիսիք կարող են արտացոլված լինել ընկերության հաշվապահական կամ այլ փաստաթղթերում կամ պետական տարբեր մարմինների (հարկային, մաքսային և այլն) տվյալներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունները տնտեսության մեջ գործարարական գործունեությամբ զբաղվում են ոչ միայնակ, այլ մյուս կազմակերպությունների հետ գործարարական հարաբերությունների միջոցով, ընկերության իրական շրջանառության վերաբերյալ ապացույցներ կարող են լինել ընկերության գործընկեր այլ կազմակերպությունների հետ առկա շրջանառության ծավալները հիմնավորող ապացույցները:
4.4. Բաց թողնված օգուտի հաշվարկման կանոնները.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված օգուտի հաշվարկման ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն, որ բաց թողնված օգուտն այն եկամուտն է, որն այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր: Այսինքն` բաց թողնված օգուտը չի կարող նույնանալ կազմակերպության շրջանառության կամ հասույթի հետ:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանները բաց թողնված օգուտի հաշվարկման ժամանակ պետք է նվազեցնեն անհրաժեշտ այն ծախսերը, որոնք վնաս կրած անձը կկատարեր վնասը չպատճառվելու դեպքում: Այդ ծախսերի մեջ կարող են ներառվել ապրանքի արտադրության, վաճառքի կամ ծառայության մատուցման համար նյութերի, օգտագործվող հումքի արժեքը, ամորտիզացիոն ծախսերը, աշխատողներին վճարվող աշխատավարձը և այլն: Պետք է նվազեցվեն նաև այն հարկերը, որոնք անձը կվճարեր այդ ապրանքների կամ ծառայությունների համար: Արդյունքում պետք է մնա այն շահույթը, որը ձևավորվում է անհրաժեշտ ծախսերի նվազեցումից հետո: Բացի այդ, կախված ապրանքաշրջանառության կամ մատուցվող ծառայության առանձնահատկություններից` կարող են հաշվի առնվել սեզոնային փոփոխությունները, շուկայում տիրող վիճակը, պետության ֆինանսական քաղաքականության փոփոխությունները և այլն:
Եթե ընկերությունը պարտավորության խախտման հետևանքով փոխել է իր արտադրության կամ ծառայության որակը, ապա բաց թողնված օգուտը պետք է որոշվի նոր արտադրվող (առավել ցածրորակ կամ նոր որակի, որն առավել ցածր ինքնարժեք ունի) ապրանքի կամ մատուցվող ծառայության շահույթի և պարտավորությունը չխախտվելու դեպքում արտադրվող ապրանքի կամ մատուցվող ծառայության (առավել բարձրորակ կամ բարձր ինքնարժեք ունեցող) միջև շահույթի տարբերությունից:
Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ժամանակահատվածին, որի համար պետք է հատուցվի բաց թողնված օգուտը: Եթե ապրանքը կամ ծառայությունը, որը պետք է տրամադրվեր ընկերությանը, սակայն չի տրամադրվել, և որի արդյունքում ընկերությունը օգուտ է բաց թողել, ունի օգտագործման որոշակի ժամկետ, ապա այդ ժամկետից ավել օգուտը չի կարող հատուցվել: Օրինակ, եթե ապրանքը մատակարարելու կամ ծառայությունը մատուցելու ժամկետ է նշված, սակայն չի կատարվել, ապա օգուտը պետք է հատուցվի այն ժամանակահատվածի համար, որը տուժող ընկերությունը պետք է օգտագործեր օգուտ ստանալու համար (ապրանքը պետք է վաճառեր, վերամշակեր և վաճառեր, կամ դրա հիման վրա այլ ծառայություն մատուցեր և այլն):
4.5. Պայմանագրային պարտավորություններում բաց թողնված օգուտի կանոնները.
Պայմանագրային պարտավորությունները խախտելու հետևանքով բաց թողնված օգուտի փոխհատուցման համար հայցվորը պետք է ներկայացնի ապացույցներ, որոնք կհիմնավորեն.
* պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտումը.
* օգուտ ստանալու իրական մտադրությունը և հնարավորությունը.
* վերջիններիս պատճառահետևանքային կապը.
* վնասների չափը.
* պարտավորությունների խախտման, օգուտ ստանալու իրական մտադրության և հնարավորության և վնասի չափի միջև պատճառահետևանքային կապը.
* իրավունքը խախտված անձի կողմից ձեռնարկվող միջոցները, որոնք ուղղված են վնասի նվազեցմանը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ պայմանագրային հարաբերություններում վնասի հատուցման հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել, որ բաց թողնված օգուտի հատուցման արդյունքում պարտատիրոջ մոտ չպետք է առաջանա հարստացում, այսինքն` վնասների փոխհատուցման գումարի մեջ չեն կարող ընդգրկվել այնպիսի վնասներ, որոնք կողմն իրականում չի կրել: Այլ կերպ ասած` վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիաիրավական պատասխանատվության հետևանքով տուժողի գույքային դրությունը պետք է բարելավվի այն աստիճան, որում նա կգտնվեր, եթե վերջինիս իրավունքները չխախտվեին: Պայմանագրային պարտավորությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած կողմը չպետք է հատուցի այն վնասը, որը չի առաջացել կամ երբեք չէր կարող առաջանալ:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, որի համաձայն` եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածը ցույց է տալիս, որ որոշակի դեպքերում գնորդը կարող է ողջամիտ միջոցներ ձեռնարկել վնասի նվազեցման համար: Բաց թողնված օգուտի դեպքում դա կարող է դրսևորվել նման օգուտ ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած ողջամիտ միջոցներով` այլ եղանակներով նման ապրանք կամ ծառայություն ստանալով և այլն: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցի պարզումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և չպետք է հանգեցնի բաց թողնված օգուտի հատուցման չափի անհարկի նվազեցման:
4.6.Վնասներ և տուժանք.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրային հարաբերություններում բաց թողնված օգուտի հատուցման վերաբերյալ դրույթների ամբողջական կիրառման նպատակով դատարանները պետք է հաշվի առնեն նաև պայմանագրով նախատեսված տուժանքը, ինչպես նաև տուժանքի և վնասների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով:
Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ`
1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ վնասները.
2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը.
3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա'մ տուժանքը, կա'մ վնասները:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագրային հարաբերություններում կողմերը կարող են նախատեսել տուժանք վճարելու պարտավորություն: Տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ` դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը (տես` «Թամամ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի` 22.533.430 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-27 (ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հատուցվող բաց թողնված օգուտի չափը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պայմանագրով սահմանված տուժանքին, տուժանքի և վնասների հատուցման հարաբերակցության վերաբերյալ պայմանագրի դրույթներին, որից հետո որոշեն հատուցվող օգուտի վերջնական չափը:
4.7. Բաց թողնված օգուտի հաշվարկը և դատական հայեցողությունը.
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ չնայած վնասի հաշվարկման վերաբերյալ վերոնշյալ կողմնորոշիչ վերլուծություններին, այնուամենայնիվ, վնասի հատուցման կոնկրետ չափը առանձին դեպքերում կարող է բավականաչափ հստակ չլինել կամ ողջամտության աստիճանի հավաստիությամբ չորոշվել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ դեպքերում անձն ընդհանրապես չի կարող զրկվել բաց թողնված օգուտի հատուցման իրավունքից, քանի որ նման դիրքորոշումը կհակասի գործարարության էությանը, վերը նշված սահմանադրական և կոնվենցիոն դրույթներին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ իրավիճակներում դատարանները հատուցվող օգուտի չափը որոշում են իրենց հայեցողությամբ: Նման կարգավորում գործում է նաև միջազգային պրակտիկայում: Մասնավորապես, «Միջազգային առևտրային պայմանագրերի սկզբունքների» 7.4.3 հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե վնասի չափը չի կարող հաստատվել ողջամտության աստիճանի արժանահավատությամբ, դրա չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ կանոնը կարող է կիրառվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված բաց թողնված օգուտի չափի որոշման նկատմամբ, ընդ որում, դատական հայեցողությունը պետք է իրականացվի միայն վերոնշյալ իրավական դիրքորոշումների հիման վրա բաց թողնված օգուտի չափը որոշելու անհնարինության դեպքում` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սկզբունքները, բարեխղճության, խելամտության և արդարացիության պահանջները:
4.8. Վերոնշյալ կանոնների կիրառումը սույն գործի նկատմամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ նախադեպային որոշումներում անդրադարձել է դատական ակտի իրավական հիմնավորվածության հարցին` ամրագրելով այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական և փաստական հիմնավորումները:
Դատական ակտի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Դատական ակտի մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Դատական ակտի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում (տես` Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու և ապօրինի զավթած հողամասից վտարելու պահանջների մասին և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման՝ ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԷԴ/1634/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` կողմերի միջև 05.11.2009 թվականին կնքվել է թիվ 289 առուվաճառքի պայմանագիրը, համաձայն որի՝ Կազմակերպությունը պարտավորվել է մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Ընկերությանը հանձնել 35 հատ «SKODA» մակնիշի «Octavia tour 1.4» մոդելի ավտոմեքենաներ: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2010 թվականի թիվ ԵՇԴ/0620/02/10 վճռի համաձայն` Կազմակերպության կողմից Ընկերությանը չի հանձնվել 17 ավտոմեքենա և չի վերադարձվել դրանց արժեքը: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի Կենտրոն հարկային տեսչության 19.05.2011 թվականի թիվ ՏՎ-2696 գրության համաձայն` Ընկերությունը 2010 թվականին ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվելու ընթացքում շահագործել է ամսական միջինը 19 մեքենա, իսկ 2010 թվականին 19 տաքսիների շահագործմամբ ավտոտրանսպորտային գործունեությունից (տաքսի ծառայություն) ստացած հասույթը կազմել է 131.815.521 (հարյուր երեսունմեկ միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար հինգ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ՝ հիմք տեսաձայնագրման կրիչը (տեսաձայնագրման կրիչում հստակ արտացոլված են Taxi-2008(2010) համակարգչային ծրագրի տվյալները):
Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, նշել է, որ «…Ընկերությունը պետք է ապացուցեր իր կողմից վկայակոչված այն փաստը, որ հայցադիմումում նշված ժամանակահատվածում ունեցել է իր կողմից վկայակոչված շահույթը»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ Ընկերությունը մատուցում է տաքսի ծառայություն, հղում կատարելով 05.11.2009 թվականին կնքված թիվ 289 առուվաճառքի պայմանագրին, եկել է այն եզրահանգման, որ «Տվյալ դեպքում Ընկերությունը պետք է ապացուցեր իր կողմից վկայակոչած այն փաստը, որ պայմանագրով ձեռք բերվող ավտոմեքենաները պետք է շահագործվեին որպես տաքսի ավտոմեքենա…»:
Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործը պետք է ուղարկվի նոր քննության Ընկերության կողմից ներկայացված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, ինչպես նաև սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Ընկերության կողմից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակը, մեքենաների հնարավոր շահագործմամբ եկամտի ստացման հնարավորությունը (բաց թողնված օգուտի որոշման կանոնների համաձայն) և դրա չափը պարզելու համար, որպիսի ուղղությամբ սույն գործով ստորադաս դատարանների կողմից քննություն չի իրականացվել, իսկ դրա կոնկրետ չափը որոշելու անհնարինության դեպքում հատուցման չափը որոշել դատարանի հայեցողությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|