Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0901/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0901/02/09

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան
  Դ. Խաչատրյան 

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի և Դիանա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդան Սաղաթելյանի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի` ապահովագրական դեպքով ըստ տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրի` 4.519.800 ՀՀ դրամի, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարդան Սաղաթելյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 4.519.800 ՀՀ դրամ` որպես տրանսպորտային միջոցների ապահովագրության պայմանագրով հատուցման ենթակա գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` 18.12.2008 թվականից մինչև գումարի վերջնական վճարումը։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2010 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.05.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ՝ Դատարան) 25.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.03.2012 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.11.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերության ներկայացուցիչները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի, 52-րդ հոդվածի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետը, 983-րդ հոդվածի 1-ին կետը, 996-րդ հոդվածի 6-րդ կետը, 999-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 05.12.2008 թվականի եզրակացությունը, դատաքննության ընթացքում վկաներ Մկրտիչ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ Ա. Մադաթյանի ցուցմունքները, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.01.2011 թվականի եզրակացությունը, որոնցով հաստատվում է, որ ավտոմեքենային վնասը պատճառվել է Մկրտիչ Մարտիրոսյանի կողմից չթույլատրված վայրում շրջադարձ կատարելու պայմաններում, ինչը կողմերի միջև 18.04.2008 թվականին կնքված տրանսպորտային միջոցների ապահովագրության թիվ MC008319 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) անբաժանելի մասը կազմող «Տրանսպորտային միջոցների ապահովագրության» կանոնների (այսուհետ` Կանոններ) 35.11-րդ կետի (ապահովագրական պատահար չեն համարվում հետևյալ իրադարձությունները` արգելված վայրում հետադարձ կամ շրջադարձ կատարելը) համաձայն` չի հանդիսանում ապահովագրական դեպք: Հետևաբար, Ընկերությունը չի կարող կրել ավտոմեքենային պատճառված վնասի հատուցման պարտականություն:

 Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել նաև «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի 03.10.2008 թվականի թիվ 031323 արձանագրությունը և «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայի 16.04.2010 թվականի թիվ 1021լէ գրությունը, որոնցով հաստատվում է, որ վթարի պահին ավտոմեքենայի վարորդ Մկրտիչ Մարտիրոսյանի օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը կազմել է 1.3%-0.65մգ/լ, այսինքն` վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում` ալկոհոլային հարբածության ներքո: Հետևաբար, Ընկերությունն ապահովագրական հատուցում տրամադրելու պարտականություն չունի, քանի որ Կանոնների 121.1.2-րդ կետի համաձայն` չի հատուցվում այն վնասը, որն առաջացել է ալկոհոլային կամ թմրանյութային հարբածության տակ:

 Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի պատճառաբանել, թե ինչու որպես ավտոմեքենային պատճառված վնասի չափի վերաբերյալ թույլատրելի ապացույց հիմք է ընդունել «Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ-ի 20.11.2008 թվականի թիվ Վ/237 եզրակացությունը, այլ ոչ թե ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 01.12.2008 թվականի թիվ 183-ԱՊ եզրակացությունը:

 

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 11-րդ կետը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերոհիշյալ նորմով և Պայմանագրով Ընկերությունը յուրաքանչյուր դեպքի համար ազատված է ավտոմեքենային պատճառված ընդհանուր վնասից 172.500 ՀՀ դրամը (ոչ պայմանական չհատուցվող գումար) հատուցելու պարտականությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 29.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Պայմանագրով Վարդան Սաղաթելյանին սեփականության իրավունքով պատկանող «ԲՄՎ X3» մակնիշի 64ՕՏ005 պետհամարանիշի ավտոմեքենան ապահովագրվել է մեկ տարի ժամկետով` 18.04.2008 թվականից մինչև 17.04.2009 թվականը, 17.000.000 ՀՀ դրամ արժեքով: Պայմանագրով ֆիզիկական վնասի կամ հրդեհի դեպքում յուրաքանչյուր դեպքի համար սահմանվել է ոչ պայմանական չհատուցվող գումար` 172.500 ՀՀ դրամի չափով: Պայմանագրի հավելյալ և անբաժան մասը հանդիսացող Կանոնների 35.11-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահար չի համարվում արգելված վայրում հետադարձ կամ շրջադարձ կատարելը, իսկ 121.1.2-րդ կետի համաձայն` չի հատուցվում այն վնասը, որն առաջացել է ալկոհոլային կամ թմրանյութային հարբածության տակ (հատոր 1-ին, գ.թ. 12-16)։

2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի 05.12.2008 թվականի եզրակացության համաձայն` 03.10.2008 թվականին` ժամը 01:00-ի սահմաններում, Մկրտիչ Մարտիրոսյանն իրեն վստահված «ԲՄՎ X3» մակնիշի 64ՕՏ005 պետհամարանիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Երևանյան խճուղով` Ծ. Իսակով պողոտայի կողմից դեպի «Զվարթնոց» օդանավակայանի ուղղությամբ միակողմանի երթևեկության 1-ին ուղեմասով, 40-50 կմ/ժ արագությամբ: Հասնելով Մայրաքաղաքային թիվ 143 շենքի դիմաց` թույլ է տվել ՃԵԿ-ի 48-րդ կետի, 50-րդ կետի 7-րդ ենթակետի և 39-րդ կետի պահանջների խախտումներ, այն է` վերը նշված տեղում կանգ առնելուց հետո, առանց ապահովելու անվտանգությունը, միակողմ երթևեկության 1-ին ուղեմասից հետընթաց երթևեկությամբ մուտք է գործել միակողմ երթևեկության 2-րդ ուղեմաս և վերադասավորման ժամանակ ճանապարհը չի զիջել միակողմ երթևեկության 2-րդ ուղեմասով համընթաց ուղիղ երթևեկող Արմեն Խաչատրյանի վարած «Կրայսլեր» մակնիշի 15ՍՍ411 պետհամարանիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինս առջևի մասով ընդհարվել է իր վարած ավտոմեքենայի հետևի աջ մասին և առաջացրել գույքային վնաս: Նշված արարքի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1246-րդ հոդվածի 1-ին մասով Մկրտիչ Մարտիրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության (հատոր 1-ին, գ.թ. 22)։

3) Վարդան Սաղաթելյանի լիազորված անձ Մկրտիչ Մարտիրոսյանը 04.10.2008 թվականին Ընկերությանը ներկայացրել է տրանսպորտային միջոցների ճանապարհատրանսպորտային պատահարի և առևանգման դիմում, որն Ընկերությունը 17.12.2008 թվականի թիվ 1046-08 գրությամբ մերժել է (հատոր 1-ին, գ.թ. 19-20, 33)։

4) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի 01.12.2008 թվականի թիվ 183-ԱՊ եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված «ԲՄՎ X3» մակնիշի 64ՕՏ005 պետհամարանիշի ավտոմեքենային վթարի հետևանքով պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով գնահատվում է 2.273.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 26-29):

 5) Ընկերության պահանջի հիման վրա «Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ-ի կողմից 20.11.2008 թվականին տրված թիվ Վ/237 եզրակացության համաձայն` «ԲՄՎ X3» մակնիշի 64ՕՏ005 պետհամարանիշի ավտոմեքենայի վերականգնման շուկայական ծախսը կարող է կազմել 4.519.800 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 30-32):

6) Վկա, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետ Արմեն Մադաթյանը ցուցմունք է տվել այն մասին, որ վարորդի կողմից հետադարձ կամ շրջադարձ չի կատարվել, քանի որ ՃԵԿ-ի կանոնները սահմանում են` որտեղից պետք է այն կատարվի։ Բացի այդ, «Զվարթնոց» օդանավակայանից դեպի քաղաքի կողմը և քաղաքից դեպի օդանավակայանի կողմը երթևեկելիս հնարավոր չէ կատարել շրջադարձ, քանի որ ճանապարհ չկա, նրա կողմից կատարվել է հետընթաց, միակողմ երթևեկությունը ճանապարհին հետընթաց է։ Հետադարձ կատարելն ընդհանրապես անհնարին է, ճանապարհը բաժանված է միջնապատերով, իսկ շրջադարձի համար պետք է լինի այլ փողոց կամ ճանապարհ, որ վարորդը վարի, կա երթևեկելի գոտի` մի ուղղությամբ։ Այդտեղից աջ շրջադարձ կատարել հնարավոր չէ, քանի որ չկա մերձակա տարածք, այդտեղ շինություններ են։ Հետընթաց կատարելը չի նշանակում հետադարձ կամ շրջադարձ կատարել։ Ճանապարհը բաժանված է բետոնյա միջնապատով, որի ընդհատված մասը հնարավորություն է տալիս վարորդներին վերադասավորվել, այստեղ ուղեմասի փոփոխություն չկա, վարորդն իր երթևեկելի ուղեմասի 1-ին գոտուց վերադասավորվել է 2-րդ գոտի:

Վկա Մկրտիչ Մարտիրոսյանը դատարանին ցուցմունք է տվել այն մասին, որ 03.10.2008 թվականին` ժամը 1:30-2:00-ի սահմաններում, օդանավակայանից գալիս բնակելի շենք մուտք գործելու համար մտել է աջ, փորձել է թեքվել, չի ստացվել, ետ է տվել ավտոմեքենան ու տեղի է ունեցել վթարը (հատոր 2-րդ, գ.թ. 69-71, 83):

 7) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը 31.01.2011 թվականին տվել է թիվ 10-3428 եզրակացությունն այն մասին, որ տեխնիկական տեսակետից, որոշմամբ և նյութերով փորձաքննությանը ներկայացված տվյալների պայմաններում 03.10.2008 թվականին` ժամը 02:00-03:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երևանյան խճուղում` Ծ. Իսակովի պողոտայի կողմից դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել «ԲՄՎ-X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մկրտիչ Մարտիրոսյանի կողմից իր համար չթույլատրվող վայրում շրջադարձ կատարելու հետևանքով (հատոր 3-րդ, գ.թ. 81-90)։

8) «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի 03.10.2008 թվականի թիվ 031323 սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն` ժամը 4:35-ին Մկրտիչ Մարտիրոսյանի արտաշնչած օդում ալկոհոլի քանակը կազմել է 0.37 մգ/լ: Նշված արձանագրության մեջ Մկրտիչ Մարտիրոսյանի հարբածության վերաբերյալ որևէ նշում առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 25):

9) «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայի 16.04.2010 թվականի թիվ 1021լէ գրության համաձայն` անձը համարվում է ալկոհոլի ազդեցության տակ, երբ նրա արտաշնչած օդում ալկոհոլի քանակը կազմում է 0.15 մգ/լ կամ 0.3%: Ալկոհոլի հեռացումն օրգանիզմից, համաձայն մասնագիտական գրականության, տեղի է ունենում 0.16% ժամում, այսինքն` 3 ժամ 35 րոպեում կարող էր հեռանալ 0.56%: Հետևաբար անձի մոտ հետազոտվելուց 3 ժամ 35 րոպե առաջ եղել է 1.3%-0.65մգ/լ արտաշնչած օդում ալկոհոլի քանակ, որը գնահատվում է որպես ոչ սթափ վիճակ (հատոր 2-րդ, գ.թ. 81):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ 0479/02/08 որոշումը

Իր մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրելով, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե´ս ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի՝ 7.936.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-81(ՏԴ) որոշումը

Սույն գործում առկա ավտովթարի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի 05.12.2008 թվականի եզրակացությամբ արձանագրվել է, որ Մկրտիչ Մարտիրոսյանը մինչև ավտովթարը, առանց ապահովելու անվտանգությունը, միակողմ երթևեկության 1-ին ուղեմասից հետընթաց երթևեկությամբ մուտք է գործել միակողմ երթևեկության 2-րդ ուղեմաս: Այսինքն` նշված եզրակացության համաձայն` մինչև ավտովթարը տեղի է ունեցել ոչ թե արգելված հատվածից շրջադարձ, այլ կատարվել է Ճանապարհային երթևեկության կանոնների 48-րդ կետի, 50-րդ կետի 7-րդ ենթակետի և 39-րդ կետի պահանջների խախտմամբ հետընթաց: Հետընթաց կատարելու հանգամանքը դատաքննության ընթացքում իր ցուցմունքով հաստատել և տվյալ ճանապարհին շրջադարձ կատարելու հանգամանքը պատճառաբանված ձևով բացառել է նաև սույն գործով վկա, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի պետ Արմեն Մադաթյանը։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն որպես ապացույց մերժել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.01.2011 թվականի թիվ 10-3428 եզրակացությունը և շրջադարձ կատարելու փաստը հաստատված չի համարել:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ վթարի պահին Մկրտիչ Մարտիրոսյանը գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, իսկ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել այդ փաստը հավաստող ապացույցները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանվել է «ոչ սթափ վիճակ»-ի հասկացությունը, որի համաձայն` դա ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ պայմանավորված` մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակն է, որի դեպքում տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Սույն իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:

Մինչդեռ «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի 03.10.2008 թվականի թիվ 031323 սթափության վիճակի զննության արձանագրության մեջ միայն նշվել է, որ Մկրտիչ Մարտիրոսյանի արտաշնչած օդում ալկոհոլի քանակը կազմել է 0.37 մգ/լ, որը որևէ կերպ չի հիմնավորում վերջինիս ոչ սթափ վիճակում գտնվելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայի 16.04.2010 թվականի թիվ 1021լէ գրությանը, ապա այն սույն գործով թույլատրելի ապացույց չէ, քանի որ դրանով չի կարող հաստատվել սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող` վթարի պահին Մկրտիչ Մարտիրոսյանի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստը: Նշված փաստը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող էր հաստատվել միայն որոշակի ապացույցով` տվյալ դեպքում համապատասխան բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետի եզրակացությամբ, որը սույն գործում առկա չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` Ընկերությունը չի ապացուցել վթարի պահին Մկրտիչ Մարտիրոսյանի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստը, հետևաբար ինքն էլ կրում է դրա բացասական հետևանքները։

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությանը, որ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի պատճառաբանել, թե ինչու որպես ավտոմեքենային պատճառված վնասի չափի վերաբերյալ թույլատրելի ապացույց հիմք է ընդունել «Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ-ի 20.11.2008 թվականի թիվ Վ/237 եզրակացությունը, այլ ոչ թե ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 01.12.2008 թվականի թիվ 183-ԱՊ եզրակացությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն այդ կապակցությամբ հիմնավոր է համարել Դատարանի այն փաստարկը, որ «Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ-ի 20.11.2008 թվականի թիվ Վ/237 եզրակացությունը կայացվել է կոնկրետ ապահովագրողի պահանջի հիման վրա ու վերջինիս կողմից տվյալ ընկերության հետ կնքված պայմանագրի հիմքով` ըստ ապահովագրության կանոններում առկա պահանջների: Այսինքն` նշված եզրակացությունը տրվել է հենց Ընկերության պահանջով, ուստի վնասի չափի համար բավարար, վերաբերելի, թույլատրելի ու օբյեկտիվ փաստական տվյալ է գնահատել «Ջի Էյ Սի Քոնսալթ» ՓԲԸ-ի կողմից տրված եզրակացությամբ արձանագրված 4.519.800 ՀՀ դրամ վնասի չափը:

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցության չափն է վնասի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են` 1) պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը. 2) ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:

Սույն գործով կողմերի միջև կնքված Պայմանագրով ֆիզիկական վնասի կամ հրդեհի դեպքում յուրաքանչյուր դեպքի համար սահմանվել է ոչ պայմանական չհատուցվող գումար` 172.500 ՀՀ դրամ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն ավտոմեքենային պատճառված վնասի ընդհանուր գումարից չի նվազեցրել Պայմանագրով նախատեսված ոչ պայմանական չհատուցվող 172.500 ՀՀ դրամը և այդ գումարի ու դրա նկատմամբ հաշվարկման ենթակա տոկոսների մասով անհիմն կերպով գումարի վճարման պարտականություն է դրել Ընկերության վրա:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2012 թվականի որոշման` «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ից 172.500 ՀՀ դրամ, այդ գումարի նկատմամբ տոկոսներ բռնագանձելու մասերը և այն փոփոխել` Վարդան Սաղաթելյանի հայցն այդ մասերով մերժել։

Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2012 թվականի որոշման` «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ից 5.175 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրք, ինչպես նաև 172.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկման ենթակա տոկոսների 3%` որպես վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրք բռնագանձելու, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.11.2011 թվականի վճռի` «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ից 3.450 ՀՀ դրամ` որպես հայցի համար պետական տուրք, ինչպես նաև 172.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկման ենթակա տոկոսների 2%` որպես հայցի համար պետական տուրք բռնագանձելու մասերն օրինական ուժի մեջ թողնելու մասերը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2012 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 130.419 (մեկ հարյուր երեսուն հազար չորս հարյուր տասնինը) ՀՀ դրամ, ինչպես նաև 18.12.2008 թվականից մինչև հատուցման ենթակա գումարն ամբողջությամբ վճարելու օրը 4.347.300 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկման ենթակա տոկոսների 3%-ը` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 13.06.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։

Վարդան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3.450 (երեք հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ` որպես հայցի մերժված մասի, 5.175 (հինգ հազար մեկ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ` որպես հայցի մերժված մասով վերաքննիչ բողոքի, 5.175 (հինգ հազար մեկ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ` որպես հայցի մերժված մասով վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 13.06.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարներ։

Վարդան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 18.12.2008 թվականից մինչև սույն որոշման կայացման օրը 172.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկվող տոկոսների 3%-ը` որպես հայցի մերժված մասով վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 13.06.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան