ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2012 թվականի N 1509-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և առաջարկել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը ընդունել և գործողության մեջ դնել «Տեղեկատվության, գրադարանային և հրատարակչական գործի ստանդարտների համակարգ` Մատենագիտական գրառում։ Մատենագիտական նկարագրություն։ Ընդհանուր պահանջներ և կազմման կանոններ» ստանդարտը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1509-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի (այսուհետ` համահավաք գրացուցակ) ստեղծման գործընթացը:
2. Համահավաք գրացուցակը մատենագիտական գրառումների ամբողջություն է, որը ներառում է գրադարանային հավաքածուների կազմը և բովանդակությունը:
3. Համահավաք գրացուցակը կազմված է գրադարանային փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) հետևյալ նկարագրական բաժիններից`
1) վերնագիր (փաստաթղթի հիմնական վերնագիրը, ինչպես նաև այլ վերնագրեր (այլընտրանքային, զուգահեռ, այլ).
2) մտավոր պատասխանատուներ` տեղեկույթ փաստաթղթի մտավոր կամ գեղարվեստական բովանդակության ստեղծմանը մասնակցած անձանց կամ կազմակերպությունների մասին.
3) հրատարակություն` տեղեկույթ տվյալ հրատարակության փոփոխումների և առանձնահատկությունների մասին` նույն փաստաթղթի նախորդ հրատարակության համեմատ: «Տարբերակ», «Թողարկում», «Խմբագրություն», «Վերատպություն», ինչպես նաև նախորդ հրատարակություններից դրանք տարբերակող այլ տերմիններ.
4) հրատարակչական տվյալներ` տեղեկույթ հրապարակման տեղի և ժամանակի, փաստաթղթի տարածման և պատրաստման մասին, ինչպես նաև տեղեկություններ այն պատրաստողի, հրատարակողի, տարածողի մասին.
5) ֆիզիկական նկարագրություն` տեղեկույթ էջերի, անհրաժեշտության դեպքում` դրանց չափսերի, պատկերազարդումների և ուղեկցող նյութի մասին.
6) մատենաշարային նկարագրություն` տեղեկույթ բազմամաս փաստաթղթի մասին, որի առանձին թողարկումը գրացուցակի կազմման նյութն է.
7) ստանդարտ համար (կամ նրա այլընտրանքի)` նշվում են միջազգային ստանդարտ համարները, որոնք կանոնագրված կարգով շնորհվել են փաստաթղթին: Ստանդարտ համարները նշվում են ընդունված հապավումներով.
8) հասանելիության պայմաններ` տեղեկույթ փաստաթղթի գնի կամ համառոտ տեղեկույթ փաստաթղթի հասանելիության այլ պայմանների մասին.
9) ծանոթագրություն` լրացուցիչ տեղեկություն փաստաթղթի մասին, որը չի տրվել նկարագրության այլ բաժիններում, օրինակ, տպաքանակը:
4. Համաձայն սույն կարգի` «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Հայաստանի ազգային գրադարան) համակարգում և ձևավորում է համահավաք գրացուցակը:
II. ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
5. Համահավաք գրացուցակն ստեղծվում է սույն կարգի 3-րդ կետի նկարագրական բաժինների համաձայն` երկու ձևով՝
1) տպագիր (ընթացիկ և հետադարձ մատենագիտություն).
2) էլեկտրոնային։
6. Համահավաք գրացուցակի կազմման գործում ընդգրկված են բոլոր պետական և հանրային գրադարանները, իսկ ոչ պետական և համայնքային գրադարաններն ընդգրկվում են սեփական նախաձեռնությամբ` դրա մասին դիմում ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարան:
7. Էլեկտրոնային համահավաք գրացուցակի կազմմանը մասնակցող բոլոր գրադարանները Հայաստանի ազգային գրադարանի հետ կնքում են մատենագիտական տեղեկույթի անվճար տրամադրման մասին պայմանագրեր: Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
8. Համահավաք գրացուցակի կազմման մասնակից գրադարաններն ստացված գրադարանային փաստաթղթերի մասին սույն կարգի 3-րդ կետում նշված նկարագրական տվյալները և իրենց մոտ առկա օրինակների թիվը 7 օրվա ընթացքում մուտքագրում են համահավաք գրացուցակում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|