Գլխավոր տեղեկություն
Համար
N 1480-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.05/59(933) Հոդ.1270
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1480-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 94 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 94 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1480-Ն որոշման

 

Դ Ա Ս Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն դասակարգմամբ Հայաստանի Հանրապետության ընդերքօգտագործման ոլորտում սահմանվում են՝

1) ստորերկրյա ջրերի (այսուհետ՝ ջրեր) շահագործական պաշարների խմբավորման, հաշվարկման և սահմանված կարգով պետական հաշվառման միասնական սկզբունքները՝ ըստ դրանց ուսումնասիրվածության աստիճանի և տնտեսական նշանակության.

2) արդյունաբերական յուրացման համար հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածության աստիճանը որոշող պայմանները՝ հաշվի առնելով դրանց ջրաերկրաբանական առանձնահատկությունները և շահագործման բնապահպանական պահանջները.

3) ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման սկզբունքները:

2. Ջրերի շահագործական պաշարները դրանց այն քանակն է, որը, բնապահպանական պահանջների հաշվառմամբ, շահագործման ընդունված ռեժիմի դեպքում կարող է վերցվել հանքավայրից՝ տեխնիկատնտեսապես հիմնավորված ջրհան կառույցներով՝ պահպանելով ջրի պահանջվող քանակը և որակը՝ ջրօգտագործման հաշվարկային ամբողջ ժամկետում:

3. Ջրերի շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում են հանքավայրում կատարված համալիր ջրաերկրաբանական հետախուզական աշխատանքների արդյունքների և դրանց փաստացի շահագործման տվյալների հիման վրա: Ջրերի շահագործական պաշարների մասին տվյալներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման, ինչպես նաև արդյունաբերական յուրացման նպատակով նախապատրաստված հանքավայրերում ջրհան կառույցների նախագծման համար:

4. Ջրերի կանխատեսումային ռեսուրսները, որոնց առկայությունը ենթադրվում է ընդհանուր ջրաերկրաբանական պատկերացումների, գիտական նախադրյալների, երկրաբանական ու ջրաերկրաբանական քարտեզագրման արդյունքների, երկրաֆիզիկական, ջրաքիմիական, ջրաբանական և ջրահաշվեկշռային ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, գնահատվում են արտեզյան ավազանների, ջրաերկրաբանական զանգվածների ու շրջանների և այլ ջրաերկրաբանական կառուցվածքների սահմաններում և արտացոլում են դրանց հնարավոր օգտագործման հեռանկարները: Կանխատեսումային ռեսուրսների մասին տվյալներն օգտագործվում են հետագա որոնողագնահատման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև հաշվի են առնվում ջրերի համալիր օգտագործման և պահպանման սխեմաների կազմման ժամանակ:

5. Շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում, իսկ կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են ըստ ջրերի առանձին տեսակների՝ խմելու և տեխնիկական, հանքային ջրեր (հանքային խմելու բուժիչ և հանքային խմելու բուժիչ-սեղանի), և տնտեսության մեջ դրանց օգտագործման հնարավոր ուղղությունների:

6. Կոնդիցիաների պարամետրերի տեխնիկատնտեսական հիմնավորման և պաշարների հաշվարկման նյութերի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կողմից (այսուհետ` պաշարների գործակալություն) կատարվող պետական ընդերքաբանական փորձաքննության հիման վրա հաստատվում են կոնդիցիաների պարամետրերը և ջրերի շահագործական պաշարները:

7. Հաշվարկման, գնահատման և պետական ընդերքաբանական փորձաքննության են ենթակա բոլոր տեսակի ջրերի շահագործական պաշարները՝ անկախ դրանց քանակից, որակից և օգտագործման ուղղությունից:

8. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում և պետական ջրային կադաստրում պետական հաշվառման ենթակա են բոլոր տեսակի ջրերը՝ իրենց քանակական և որակական ցուցանիշներով, անկախ դրանց շահագործական պաշարների հաստատված կամ չհաստատված լինելու հանգամանքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Ջրերի շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում, իսկ կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են խորանարդ մ/օր-ով, իսկ շոգեջրային խառնուրդները՝ տ/օր-ով: Արդյունաբերական ջրերում, ինչպես նաև հանքային ջրերում, որոնցից նախատեսվում է կորզել օգտակար բաղադրիչներ, որոշվում է նաև հիմնական և ուղեկից բաղադրիչների քանակը (տոննաներով), որը կարող է ստացվել հանքավայրում ջրօգտագործման հաշվարկային ժամկետում՝ ներառյալ նաև վերամշակման ժամանակ առաջացող անխուսափելի կորուստները: Ջերմաէներգետիկ ջրերի հանքավայրերում, բացի շահագործական պաշարներից, գնահատվում է նաև հանքավայրի ջերմաէներգետիկ հզորությունը (գիգաջոուլ/տարիով, մեգավատտերով, պայմանական վառելանյութի տոննաներով):

10. Այլ օգտակար հանածոների հանքավայրերը յուրացնելիս և ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով օգտագործելիս (ստորերկրյա կառույցներ) ցամաքուրդային և ուղեկից ջրերի պաշարները նույնպես ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության և պետական հաշվառման՝ դրանց հետագա օգտագործման հնարավորության, հեռացման անհրաժեշտության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հիմնավորվածությանը համապատասխան:

11. Ջրամատակարարման նպատակով ջրերի հանքավայրերի (օբյեկտների) ընտրության ու հետախուզման, ջրերի օգտագործման տնտեսական նպատակահարմարության որոշման և ջրհան կառույցի տեխնիկատնտեսապես ռացիոնալ սխեմայի հիմնավորման համար պետք է իրականացվի բոլոր տեսակի ջրերի (խմելու, տեխնիկական, հանքային, արդյունաբերական, ջերմաէներգետիկ, այդ թվում՝ շոգեջրային խառնուրդներ) հանքավայրերի (տեղամասերի) երկրաբանատնտեսագիտական գնահատում: Հանքային, արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի համար հիմնավորվում են նաև համապատասխան կոնդիցիաների պարամետրերը:

12. Խմելու, տեխնիկական և հանքային ջրերի որակը գնահատվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների, տեխնիկական պայմանների պահանջներին համապատասխան:

13. Խմելու և հանքային ջրերն ուսումնասիրվում և օգտագործվում են դրանց նպատակային նշանակությամբ: Հանքային ջրերի օգտագործումը բուժական նպատակով թույլատրվում է առողջապահական ոլորտի լիազորված մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա:

14. Արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի որակը գնահատվում է ըստ տեխնիկատնտեսապես հիմնավորված կոնդիցիաների, որոնք հաշվի են առնում այդ ջրերի առավել արդյունավետ մեթոդներով արդյունահանումը, վերամշակումը, համալիր օգտագործումը և շրջակա միջավայրի պահպանությունը:

 

II. ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ

 

15. Ջրերի հանքավայրերը (տեղամասերը)՝ ըստ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական, երկրաջերմային պայմանների բարդության և հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերի (ջրատար հորիզոնի արդյունավետ հզորություն, ջուր պարունակող ապարների ֆիլտրացիոն հատկություններ` ֆիլտրացիայի, ջրահաղորդականության, ճնշումահաղորդականության և մակարդակահաղորդականության գործակիցներ, ջրերի որակի ցուցանիշներ և մակարդակների դիրքեր, ստորերկրյա սնման և ստորերկրյա հոսքի գործակիցներ, ջրածախս և այլն) փոփոխականության աստիճանի, ստորաբաժանվում են հետևյալ խմբերի՝

1) 1-ին խումբ: Պարզ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններ ունեցող հանքավայրեր (տեղամասեր), որոնք բնութագրվում են ջրատար հորիզոնների հանդարտ (մերձհորիզոնական) տեղադրմամբ, դրանց կայուն հզորությամբ ու կառուցվածքով, ջուր պարունակող ապարների համասեռ ֆիլտրացիոն հատկություններով: Ջրերի շահագործական պաշարների ձևավորման հիմնական սնող աղբյուրները և շահագործման ժամանակ դրանց փոփոխությունները կարող են հետախուզման գործընթացում քանակապես հավաստիորեն ուսումնասիրվել: Հետախուզման ժամանակ կարող է կատարվել շրջակա միջավայրի վրա նախագծվող ջրհան կառույցի քանակական ու որակական հնարավոր ազդեցության հիմնավորված կանխատեսում: Հետախուզական աշխատանքների կատարումը և ջրերի պաշարների յուրացումը չեն պահանջում հատուկ տեխնոլոգիաների (ջրի պաշարների արհեստական համալրում, երկրաշրջապտուտային համակարգեր, բարդ կոնստրուկցիայի խոր հորատանցքեր, ճառագայթային ջրհան կառույցներ և այլն) կիրառում: Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը մինչև 60 տոկոս է.

2) 2-րդ խումբ: Բարդ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններ ունեցող հանքավայրեր (տեղամասեր), որոնք, պայմանավորված բարդ երկրաբանական կառուցվածքով, բնութագրվում են ջրատար հորիզոնների ոչ հանդարտ տեղադրմամբ, անկայուն հզորությամբ ու կառուցվածքով, ջուր պարունակող ապարների անհամասեռ ֆիլտրացիոն հատկություններով: Ջրաքիմիական և երկրաջերմային բարդ պայմանների հետևանքով ջրի որակի հնարավոր փոփոխությունները կարող են որոշվել միայն մոտավոր` հաշվարկային եղանակով: Շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրների մի մասը և շահագործման ժամանակ այդ ջրերի քանակի փոփոխությունները կարող են որոշվել մոտավոր: Հնարավոր է գնահատել բնական միջավայրի միայն առանձին բաղադրիչների փոփոխությունները: Շահագործական պաշարների հետախուզման և յուրացման ժամանակ հատուկ տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակ է: Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը 60-150 տոկոս է.

3) 3-րդ խումբ: Շատ բարդ ջրաերկրաբանական, ջրատնտեսական, երկրաէկոլոգիական, լեռնաերկրաբանական, ջրաքիմիական և երկրաջերմային պայմաններ ունեցող հանքավայրեր (տեղամասեր), որոնք, պայմանավորված շատ բարդ երկրաբանական կառուցվածքով, բնութագրվում են ճեղքավորված և կարստավորված ապարներում ջրատար հորիզոնների սահմանափակ տարածմամբ, ջուր պարունակող ապարների հզորությունների և ֆիլտրացիոն հատկությունների խիստ փոփոխականությամբ: Ջրաքիմիական և երկրաջերմային շատ բարդ պայմանների հետևանքով ջրի որակի հնարավոր փոփոխությունները կարող են որոշվել միայն ընդհանուր ջրաերկրաբանական և ջրատնտեսական վիճակի վերլուծության հիման վրա կամ շահագործվող այլ հանքավայրերի համանմանությամբ: Շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրները կարող են քանակապես գնահատվել մոտավոր, իսկ շրջակա միջավայրի փոփոխությունների հնարավոր հետևանքները կարող են կանխատեսվել ըստ ընդհանուր երկրաէկոլոգիական վիճակի վերլուծության և շահագործվող ուրիշ հանքավայրերի համանմանությամբ: Հետախուզական աշխատանքների կատարումը պահանջում է հատուկ տեխնոլոգիաների կիրառում: Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի փոփոխականության գործակիցը 150 տոկոսից ավելի է:

 

 III. ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԵՐԸ

 

16. Ջրերի շահագործական պաշարներն ըստ ուսումնասիրվածության աստիճանի ստորաբաժանվում են հետախուզված A, B, C1 կարգերի և նախնական գնահատված C2 կարգի:

17. Ջրերի կանխատեսումային ռեսուրսներն ըստ հիմնավորվածության աստիճանի վերագրվում են P կարգին:

18. A կարգին վերագրվող ջրերի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝

1) ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը, ճեղքածակոտկենությունը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի ու խորության (կտրվածքի), գնահատվող ջրատար հորիզոնների սնման պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կախվածության բնույթն ուսումնասիրված են ջրերի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրների հավաստի քանակական գնահատման և ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների հիմնավորման համար բավարար մանրամասնությամբ.

2) հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերը որոշված են գնահատվող հանքավայրի (տեղամասի) շահագործման փորձով և ջրերի խմբային փորձնական արտամղումների (ճնշումային ջրերի դեպքում՝ բացթողումների) տվյալներով, և տրված է այդ պարամետրերի տարածական փոփոխականության գնահատումը.

3) ջրերի որակն ուսումնասիրված է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, իսկ արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի դեպքում` կոնդիցիաներին) համապատասխան բոլոր ցուցանիշներով, և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կայուն կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում.

4) արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրանցից ջերմության ու արդյունաբերական նշանակության բաղադրամասերի համալիր կորզմամբ ջրերի վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

5) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են գործող կամ նախագծվող ջրհան կառույցների սանիտարական պահպանության գոտիների հիմնավորումն ապահովող մանրամասնությամբ.

6) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են ջրերի հանքավայրի (տեղամասի) յուրացման նախագծի մշակման, այդ թվում` գործող ջրհան կառույցների և մակերևութային ջրաղբյուրների հիման վրա նախագծվող փորվածքների ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող մանրամասնությամբ.

7) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են շահագործական փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, հետախուզական փորվածքների տևական խմբային փորձնական արտամղումների (բացթողումների) փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների տևական (մեկ տարվանից ոչ պակաս) ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ ջրաերկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է փորձարկված հորատանցքերին հարակից նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերով.

8) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև +15 տոկոս է:

19. B կարգին վերագրվող ջրերի պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝

1) ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկությունների փոփոխություններն ըստ մակերեսի և խորության, գնահատվող ջրատար հորիզոնների սնման պայմանները և մյուս հորիզոնների ու մակերևութային ջրերի հետ փոխադարձ կապն ուսումնասիրված են այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն է ընձեռում տալու ջրերի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրների ընդհանուր քանակական գնահատումը և որոշելու դրանց պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանների բնույթը.

2) հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերը որոշված են ջրերի հանքավայրերի շահագործման տվյալների հիման վրա կամ փորձնական արտամղումների (բացթողումների) տվյալներով: Պարզաբանված են այդ պարամետրերի տարածական փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.

3) ջրերի որակն ուսումնասիրված է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, իսկ արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի դեպքում` կոնդիցիաներին) համապատասխան բոլոր ցուցանիշներով, և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կայուն կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում.

4) արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրանցից ջերմության ու արդյունաբերական նշանակության բաղադրամասերի համալիր կորզմամբ ջրերի վերամշակման սկզբունքային տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ աստիճանով.

5) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են ջրհան կառույցների նախագծման, դրանց շահագործման ռեժիմի, դիտողական հորատանցքերի ցանցի և սանիտարական գոտիների հիմնավորման մասին հանձնարարականների մշակման համար անհրաժեշտ տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

6) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են ջրօգտագործման հաշվարկային ժամկետում հանքավայրի (տեղամասի) շահագործման վրա այդ պայմանների ազդեցության սկզբունքային գնահատումն ապահովող աստիճանով.

7) A կարգի ջրերի պաշարների հետախուզում չպահանջող հանքավայրերում (տեղամասերում) արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի տեխնոլոգիական հատկությունների ու բոլոր տեսակի ջրերի հանքավայրերի շահագործման պայմանների ուսումնասիրվածության աստիճանը պետք է համապատասխանի A կարգի ջրերի պաշարներին ներկայացվող պահանջներին.

8) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են շահագործական և հետախուզական փորվածքների փաստացի ու հաշվարկային ջրածախսերի, աղբյուրների՝ մեկ տարվանից ոչ պակաս ռեժիմային դիտարկումների ջրածախսերի հիման վրա, իսկ պարզ երկրաբանական պայմաններում ջրերի շահագործական պաշարների լրացուցիչ հաշվարկը կատարված է ըստ հանքավայրի մակերեսի` ջրաերկրաբանորեն հիմնավորված արտարկման (էքստրապոլյացիա) սահմաններում՝ նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերի հիման վրա.

9) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը + 15 - + 35 տոկոս է:

20. C1 կարգին վերագրվող պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝

1) ջրատար հորիզոնների հզորությունը, կառուցվածքը և տեղադրման պայմանները, ջրերի մակարդակների դիրքը, ջուր պարունակող ապարների լիթոլոգիական կազմը և ֆիլտրացիոն հատկություններն ըստ մակերեսի և խորության պարզաբանված են այնպիսի աստիճանով, որը հնարավորություն է տալիս մոտավոր որոշելու ջրերի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունվող սահմանային պայմանները: Ջրերի շահագործական պաշարները ձևավորող սնող աղբյուրները որոշված են նույնպես մոտավոր կամ գնահատված են շահագործվող կամ հետախուզված հանքավայրերի համանմանությամբ.

2) հաշվարկային ջրաերկրաբանական պարամետրերը որոշված են փորձնական և նմուշափորձային արտամղումների (բացթողումների) տվյալներով, մոտավորապես պարզաբանված են այդ պարամետրերի փոփոխությունների հիմնական օրինաչափությունները.

3) ջրերի որակը և դրա փոփոխությունները ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ուսումնասիրված են ջրերի նպատակային օգտագործման հնարավորությունը (ստանդարտների, տեխնիկական պայմանների, իսկ արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի դեպքում` կոնդիցիաների պահանջներին համապատասխանությունը) հիմնավորող աստիճանով.

4) արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի տեխնոլոգիական հատկությունները բնութագրված են ջրերի հետախուզված պաշարների արդյունաբերական արժողության հիմնավորման համար բավարար աստիճանով.

5) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են ջրհան կառույցների տեղադրման համար անհրաժեշտ մոտավոր ելակետային տվյալների ստացումն ապահովող աստիճանով.

6) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են այնպիսի աստիճանով, որը հնարավորություն է տալիս մոտավոր բնութագրելու հանքավայրի (տեղամասի) շահագործման հիմնական առանձնահատկությունները.

7) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են հետախուզական փորվածքների սահմանափակ թվով փորձարկման փաստացի արդյունքներով, իսկ պարզ ջրաերկրաբանական պայմաններում` նախագծային փորվածքների հաշվարկային ջրածախսերով, որոնք որոշվել են հանքավայրի մանրազնին հետախուզված կամ շահագործվող հարակից տեղամասերի համանմանության հիման վրա կամ առավել բարձր կարգերի ջրերի պաշարները հիմնավորող տվյալների արտարկմամբ.

8) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը + 35 - + 55 տոկոս է:

21. C2 կարգին վերագրվող պաշարները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

1) ջրերի հանքավայրի (տեղամասի) երկրաբանական կառուցվածքը և ջրաերկրաբանական պայմաններն ուսումնասիրված են ընդհանուր գծերով և հիմնված են հանքավայրի (տեղամասի) տարածքում աղբյուրների փաստագրման, եզակի հետախուզական հորատանցքերի փորձարկման, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև նույն կամ հարևան նմանատիպ հանքավայրի առավել մանրամասն ուսումնասիրված այլ տեղամասերի համանմանության հիման վրա.

2) ջրերի որակը հետազոտված է եզակի նմուշներով և բավարարում է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջները.

3) արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի տեխնոլոգիական հատկությունները գնահատված են տարածաշրջանում հայտնի այլ հանքավայրերի նմանակմամբ՝ ելնելով տվյալ հանքավայրի ջրերի եզակի նմուշների քիմիական անալիզների տվյալներից.

4) ջրերի շահագործական պաշարները հաշվարկված են ջրհան կառույցների հաշվարկային արտադրողականությանը համապատասխան` եզակի հետախուզական հորատանցքերի փորձարկման, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքների, հարակից մանրամասն հետախուզված հանքավայրերի ջրաերկրաբանական համանմանության կամ առավել բարձր կարգերի ջրերի պաշարները հիմնավորող տվյալների արտարկման հիման վրա.

5) հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը + 55 - + 80 տոկոս է:

22. P կարգին վերագրվող ջրերի կանխատեսումային ռեսուրսները գնահատվում են տարածաշրջանային ջրաերկրաբանական հետազոտությունների կամ փոքրամասշտաբ երկրաբանական-ջրաերկրաբանական քարտեզագրման արդյունքում ստացված ընդհանուր պատկերացումների հիման վրա, ինչպես նաև առավել ուսումնասիրված նույնատիպ տարածքների համանմանությամբ: Ջրերի կանխատեսումային ռեսուրսների գնահատման հիման վրա ջրհան կառույցների տեղադրումը բացառվում է: Այդ ռեսուրսները կարող են հիմք հանդիսանալ հեռանկարային տեղամասերում ջրահաշվեկշռային հաշվարկումների, ինչպես նաև ջրաերկրաբանական որոնողագնահատման աշխատանքների կատարման համար:

 

 IV. ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

23. Ջրերի շահագործական պաշարներն ըստ տնտեսական նշանակության ստորաբաժանվում են տարանջատ հաշվարկման և հաշվառման ենթակա 2 խմբի՝

1) հաշվեկշռային պաշարներ, որոնց օգտագործումը տեխնիկատնտեսական հիմնավորման և կոնդիցիաների (արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրեր) համաձայն ներկայումս տնտեսապես նպատակահարմար է ջրերի արդյունահանման, մշակման և վերամշակման առկա կամ արդյունաբերության կողմից յուրացվող առաջադիմական տեխնիկայի ու տեխնոլոգիայի կիրառման դեպքում՝ ապահովելով ընդերքի ռացիոնալ յուրացման և շրջակա միջավայրի պահպանության պահանջները.

2) արտահաշվեկշռային պաշարներ, որոնց օգտագործումը տեխնիկատնտեսական հիմնավորման և կոնդիցիաների (արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրեր) համաձայն ներկայումս տնտեսապես աննպատակահարմար է կամ՝ տեխնիկապես ու տեխնոլոգիապես անհնար, սակայն դրանք հետագայում կարող են վերածվել հաշվեկշռայինի:

24. Ջրերի արտահաշվեկշռային շահագործական պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, եթե ապացուցված է հետագայում դրանց արդյունահանման և օգտագործման հնարավորությունը:

 

V. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՋՐԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Ջրերի հետախուզված հանքավայրերը (տեղամասերը) արդյունաբերական յուրացման համար նախապատրաստված են համարվում հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

1) ջրերի հաշվեկշռային շահագործական պաշարները սահմանված կարգով հաստատված են պաշարների գործակալության կողմից.

2) սահմանված կարգով հաստատված ջրերի հաշվեկշռային շահագործական պաշարները, որոնք օգտագործվում են նոր ու վերակառուցվող ջրհան կառույցների և ջուր արդյունահանող ու վերամշակող օբյեկտների նախագծման ժամանակ, պետք է ունենան տարբեր կարգերի շահագործական պաշարների հետևյալ հարաբերակցությունը (տոկոսներով)՝

 

Աղյուսակ

NN
ը/կ

Ջրերի շահագործական
պաշարների կարգերը

Ջրերի հանքավայրերի խմբերը

1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

1.

A+B

80

80

50

2.

այդ թվում՝ A (ոչ պակաս)

40

20

-

3.

C1

20

20

50

 

Ջրերի շահագործական պաշարների տարբեր կարգերի` աղյուսակում ներկայացված հարաբերակցությունն առանձնապես պետք է պահպանվի ջրի առաջնահերթ պահանջարկի բավարարման համար առկա և կառուցման համար նախատեսվող ջրհան կառույցների տեղամասերում: Ջրի հեռանկարային պահանջարկի բավարարման համար ջրերի շահագործական պաշարները պետք է հետախուզվեն առնվազն C1 կարգով: 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) A կարգով և 1-3-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) B կարգով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հետախուզված ջրերի շահագործական պաշարների քանակների գերազանցումն աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց հիմնավորման, նպատակահարմար չէ: Ջրերի սակավ շահագործական պաշարներ և կանխատեսումային ռեսուրսներ ունեցող տարածաշրջանների 1-3-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) նպատակահարմար համարել հետախուզված C1 կարգի ջրերի շահագործական պաշարների քանակի գերազանցումն աղյուսակում ներկայացված նորմատիվների համեմատությամբ: Յուրաքանչյուր կոնկրետ հանքավայրի (տեղամասի) համար C1 կարգի այդպիսի շահագործական պաշարները հաստատվում են պաշարների գործակալության որոշմամբ` այդ պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության հիման վրա: C1 կարգի շահագործական պաշարները պետք է հաշվի առնվեն նախատեսվող ջրհան կառույցների նախագծման (3-րդ խմբի հանքավայրեր ու տեղամասեր) և առկա ջրհան կառույցների հեռանկարային ընդլայնման ժամանակ (1-ին և 2-րդ խմբերի հանքավայրեր ու տեղամասեր): 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել նաև C2 կարգի ջրերի շահագործական պաշարներ` այդ հանքավայրերի (տեղամասերի) ջրերի ներզոր (պոտենցիալ) հնարավորությունների գնահատման ու հաշվառման նպատակով: C2 կարգի ջրերի շահագործական պաշարների հաշվարկված քանակի լրիվ կամ մասնակի հաստատման հարցը լուծվում է ընդերքաբանական փորձաքննությամբ: Աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում բոլոր խմբերի նոր հետախուզված հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը պաշարների հաստատման ժամանակ սահմանում է պաշարների գործակալությունը՝ ջրերի շահագործական պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննության հիման վրա.

3) ջրերի որակն ուսումնասիրված է տնտեսության մեջ դրանց նպատակային օգտագործման պահանջներին (ստանդարտներին, տեխնիկական պայմաններին, իսկ արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի դեպքում` կոնդիցիաներին) համապատասխան բոլոր ցուցանիշներով, և միաժամանակ ապացուցված է, որ ջրօգտագործման հաշվարկային ժամկետում ջրերի որակը կլինի կայուն կամ կփոփոխվի թույլատրելի սահմաններում.

4) արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի տեխնոլոգիական հատկություններն ուսումնասիրված են դրանցից ջերմության ու արդյունաբերական նշանակության բաղադրամասերի համալիր կորզմամբ ջրերի վերամշակման ռացիոնալ տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ.

5) ջրերի հանքավայրերի շահագործման ջրատնտեսական, սանիտարահիգիենիկ, էկոլոգիական և այլ պայմաններն ուսումնասիրված են գործող կամ նախագծվող ջրհան կառույցների սանիտարական (լեռնասանիտարական) պահպանության գոտիների հիմնավորումն ապահովող մանրամասնությամբ.

6) ներկայացված են առաջարկություններ ընդերքի պահպանության, շրջակա միջավայրի աղտոտման կանխման և (կամ) արտադրական թափոնների օգտահանման ու վնասազերծման, մասնավորապես, արդյունաբերական, ջերմաէներգետիկ և հանքային ջրերի օգտագործումից առաջացած հոսքաջրերի հեռացման կամ այլ նպատակներով (տեխնիկական, ոռոգման) վերստին օգտագործման, ինչպես նաև խախտված հողերի վերականգնման միջոցառումների մշակման վերաբերյալ.

7) ջրերի հանքավայրերի շահագործման պայմաններն ուսումնասիրված են հանքավայրի (տեղամասի) յուրացման նախագծի մշակման համար անհրաժեշտ տվյալներն ապահովող մանրամասնությամբ.

8) տրված են հանքավայրի (տեղամասի) A, B և C1 կարգերի հետախուզված ընդհանուր շահագործական պաշարների (և՛ հաշվեկշռային, և՛ արտահաշվեկշռային) տեխնիկատնտեսական գնահատումը, նախնական գնահատված C2 կարգի շահագործական պաշարների հաշվարկներն ու հնարավոր հեռանկարի բնութագիրը և P կարգի կանխատեսումային ռեսուրսների գնահատումը: Նշված են այն մակերեսները, որտեղ բացակայում են ջրատար հորիզոնները, ջուր պարունակող ապարները, և կարող են տեղաբաշխվել արտադրական ու քաղաքացիական-բնակարանային նշանակության օբյեկտները:

 

VI. ՋՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ (ՏԵՂԱՄԱՍԵՐԻ) ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

26. Ջրհան կառույցների, ջրեր արդյունահանող և վերամշակող օբյեկտների շինարարության ու վերակառուցման նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն դասակարգման 27-րդ կետի համաձայն հաստատված հաշվեկշռային պաշարները:

27. Ջրեր արդյունահանող և վերամշակող օբյեկտների շահագործման, դրանց վերակառուցման և նոր ջրհան կառույցների նախագծման ժամանակ պետք է հաշվի առնվեն`

1) A կարգի ջրերի շահագործական պաշարները` գործող ջրհան կառույցների արտադրողականության ապահովման, վերակառուցվող և նոր կառուցվող ջրհան կառույցների նախագծման համար.

2) B կարգի ջրերի շահագործական պաշարները` բոլոր խմբերի հետախուզված հանքավայրերում ջրհան կառույցների նախագծման համար.

3) C1 կարգի ջրերի շահագործական պաշարները` 3-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում) ջրհան կառույցների նախագծման, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հանքավայրերում (տեղամասերում)` ջրհան կառույցների հնարավոր հեռանկարային ընդլայնման համար (ջրատարների հատույթի և պոմպակայանների հզորության ընտրություն, շահագործական հորատանցքերի խորության ու կառուցվածքի և սանիտարական պահպանության գոտու որոշում, կառուցապատումից և աղտոտումից ջրհան կառույցի պահպանության միջոցառումների մշակում).

4) C2 կարգի ջրերի շահագործական պաշարները` հանքավայրի (տեղամասի) սահմաններում ջրհան կառույցի ներզոր հնարավորությունների գնահատման և այդ պաշարների հիման վրա հետագա հետախուզական աշխատանքների նախագծման ու իրականացման համար.

5) P կարգի ջրերի կանխատեսումային ռեսուրսները` ջրային ռեսուրսների համալիր օգտագործման և պահպանության սխեմաների, ջրատնտեսական հաշվեկշիռների կազմման ու որոնողագնահատման աշխատանքների պլանավորման համար:

28. Ջրերի շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կատարվում են՝

1) ջրերի քանակի, որակի, մակարդակների սիստեմատիկ ռեժիմային դիտարկումներ ջրհան և ռեժիմային (դիտողական) հորատանցքերում՝ յուրաքանչյուր հորատանցքի համար պաշարների գործակալության կողմից հաստատված ջրաերկրաբանական հաշվարկային պարամետրերի խստիվ պահպանմամբ.

2) անբավարար ուսումնասիրված մասերում (թևերում, տարանջատ տեղամասերում, օգտագործվող և չօգտագործվող ջրատար հորիզոններում) լրացուցիչ հետախուզական աշխատանքներ (լրահետախուզում): Դրանց արդյունքների հիման վրա իրականացվում է ցածր կարգերի (C1 + C2) պաշարների` ավելի բարձր կարգերին վերագրում և նոր բացահայտված պաշարների հաշվարկ:

29. Սույն դասակարգման 28-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքներն իրականացվում են ընդերքօգտագործողների կամ ընդերքօգտագործողների միջոցների հաշվին մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

30. Ջրերի հանքավայրերի (տեղամասերի) կոնդիցիաների պարամետրերը (արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի համար) ու շահագործական պաշարները յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ ենթակա են վերագնահատման և պաշարների գործակալության կողմից վերահաստատման:

31. Ջրերի հանքավայրերի (տեղամասերի) կոնդիցիաների պարամետրերը (արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերի համար) ու շահագործական պաշարները ենթակա են նաև վերագնահատման և պաշարների գործակալության կողմից վերահաստատման, եթե`

1) փոփոխվել են ջրերի որակին կոնդիցիաներով, ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով ներկայացվող պահանջները.

2) փոփոխվել են արդյունաբերական և ջերմաէներգետիկ ջրերից օգտակար բաղադրիչների ու ջերմության կորզման տեխնոլոգիական սխեմաները.

3) նախկինում հաստատված ջրերի շահագործական պաշարների ջրատնտեսական, բնական կամ սանիտարական պայմանները կրել են այնպիսի փոփոխություններ, որոնք էականորեն անդրադարձել են ջրերի նպատակային օգտագործման և (կամ) դրանց շահագործման ծավալների վրա՝ հանգեցնելով շահույթի 20 և ավելի տոկոսով աճի (նվազման).

4) լրացուցիչ հետախուզական աշխատանքների և (կամ) շահագործվող հանքավայրում կատարված ռեժիմային դիտարկումների արդյունքներով ջրերի հաշվեկշռային շահագործական պաշարների ավելացումը կամ նվազումը նախկինում հաստատված պաշարների համեմատությամբ եռամյա ժամկետում կազմել է 20 և ավելի տոկոս.

5) ջրերի հանքավայրի (տեղամասի) շահագործման փաստացի ժամկետը գերազանցել է պաշարների հաստատման պահին ընդունված ջրօգտագործման հաշվարկային ժամկետը, և ըստ այդմ տեղի են ունեցել շահագործման պայմանների այնպիսի փոփոխություններ, որոնք առաջացրել են ջրհան կառույցի վերակառուցման անհրաժեշտություն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան