Գլխավոր տեղեկություն
Համար
N 1718-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.11.2012-26.01.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1344
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1718-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.06.06 N 799-Ն)

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.06.06 N 799-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 642-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 21
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (այսուհետ` համալսարան) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների կատարման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ։

2. Համալսարանի գործունեությունը նպատակաուղղված է տնտեսագիտական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական և լրացուցիչ կրթության մակարդակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և ուսուցման տարբեր ձևերով ու կրթական ծրագրերով։

3. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական և բարձրագույն կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և մասնագիտական որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

5) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

6) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

8) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

9) սովորողների և աշխատողների սննդի, հանգստի կազմակերպում.

10) խորհրդատվական, թարգմանչական, փորձագիտական հաշվապահական ծառայությունների մատուցում:

5. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և այլ անհատականացման միջոցներ։

6. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն՝ լրիվ` «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն՝ կրճատ` «ՀՊՏՀ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն՝ լրիվ` «Государственный экономический университет Армении» государственная некоммерческая организация.

4) ռուսերեն՝ կրճատ` «ГЭУА» ГНКО.

5) անգլերեն՝ լրիվ` «Armenian State University of Economics» state non-commercial organization.

6) անգլերեն՝ կրճատ` «ASUE» SNCO։

7. Համալսարանի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, 0025, Նալբանդյան 128։

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Համալսարանի գործունեության առարկան և նպատակն են`

1) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

2) տնտեսագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.

3) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումն ու արմատավորումը.

4) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը։

 9. Համալսարանի խնդիրներն են`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը՝ բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության, կրթության և տնտեսության զարգացումը գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.

3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

4) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

6) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում։

10. Համալսարանի իրավասությունն է`

1) ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով իր ինքնավարության իրականացումը.

2) ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում ինքնուրույնությունը.

3) բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակի որոշումը, աշխատողների ընտրությունն ու բաշխումը՝ ներառյալ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերի հաստատումը.

4) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.

5) համալսարանի ղեկավար կազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը.

6) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների ու մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը.

7) ըստ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների` աշխատողների տեղաբաշխումը.

8) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.

9) տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրերին մասնակցությունն ու իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը.

10) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը.

11) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը.

12) ֆինանսների կառավարումը՝ ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, ուսման վարձի փոխհատուցումը, ուսանողական նպաստների տրամադրումը, համալսարանի պահպանմանն ու զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.

13) հետբուհական կրթության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

14) ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունների՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգի և չափերի որոշումը, կրթաթոշակների սահմանումը.

15) օրենքով չարգելված այլ գործունեության իրականացումը։

11. Համալսարանում չեն գործում հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպություններ և միավորումներ՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների։

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, համալսարանի խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ։

13. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից` 25 տոկոս համամասնությամբ։ Համալսարանի խորհրդի անդամների թիվը 32 է։ Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ։ Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս):

14. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ։ Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում։ Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում։ Արտահերթ նիստերը հրավիրվում են հիմնադրի, լիազոր մարմնի, համալսարանի ռեկտորի, գիտական խորհրդի, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։

15. Խորհուրդը`

1) քննարկում և հաստատում է համալսարանի բյուջեն.

2) ռեկտորի ներկայացմամբ՝ հաստատում է համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը.

3) լսում և գնահատում է համալսարանի տարեկան գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը.

4) ընտրում է համալսարանի ռեկտորին, մասնաճյուղերի տնօրեններին.

5) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

6) հաստատում է իր աշխատակարգը, ռեկտորի, մասնաճյուղերի տնօրենների ընտրությունների ընթացակարգերը.

7) հաստատում է համալսարանի կառուցվածքը։

16. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտահետազոտական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է։ Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ։

17. Համալսարանի գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

3) ընդունում է որոշումներ պատվավոր կոչումներ շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.

4) իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունները` փակ գաղտնի քվեարկությամբ.

5) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ.

6) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունների ընթացակարգերը, գիտամանկավարժական կազմի պաշտոնների տեղակալման կարգը.

7) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.

8) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ.

9) պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած ընդհանուր չափաքանակների շրջանակում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է ըստ մասնագիտությունների վճարովի հիմունքներով ընդունելության տեղերը.

10) քննարկում և հիմնադրի հաստատմանն է ներկայացնում համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկը։

18. Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կարգավիճակը, կառուցվածքը, իրավասությունները, աշխատանքի կարգը սահմանվում են համալսարանի գիտական խորհրդի կողմից։

19. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 60-ը։ Համալսարանի գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, մասնաճյուղերի տնօրենները, ուսանողական խորհրդի նախագահը, համալսարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև կարող են ընդգրկվել դասախոսներ։

20. Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսն ուսանողներ են` ներառյալ ուսանողական խորհրդի նախագահը, որոնց առաջադրում ու ընտրում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը։

21. Գիտական խորհրդի կազմը հաստատում է ռեկտորը։

22. Համալսարանի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե գիտական խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունել, և կենսագործվում են համալսարանի ռեկտորի հրամաններով։

23. Համալսարանի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ռեկտորը։ Ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։

24. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։

25. Ռեկտորի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը։ Արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն։

26. Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով։

27. Համալսարանի ռեկտորը`

1) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, առանց լիազորագրի գործում է համալսարանի անունից, ներկայացնում նրա շահերը.

2) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում համալսարանի խորհրդի հաստատմանը.

5) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

6) հաստատում է համալսարանի մասնաճյուղերի, այլ կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

7) հաստատում է համալսարանի աշխատողների թիվը և հաստիքացուցակը.

8) կնքում է աշխատանքային պայմանագրեր մասնաճյուղերի տնօրենների, դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ ու սպասարկող կազմի աշխատողների հետ.

9) կասեցնում է համալսարանի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների և առանձին պաշտոնատար անձանց այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը.

10) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, ավարտման, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և տույժեր կիրառելու, ուսանողական նպաստ հատկացնելու մասին.

11) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում համալսարանի պրոռեկտորներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները.

12) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում համալսարանի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) արձակում է հրամաններ համալսարանի գործունեության այլ հարցերի վերաբերյալ.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է համալսարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

15) տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

16) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

17) կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված և այլ կառավարման մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։

28. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան։

29. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է։ Այն համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր աշխատակարգով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, քննարկում է համալսարանի ընթացիկ գործունեությանը և համալսարանի գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցերը։

30. Համալսարանի ռեկտորատի կազմը հաստատում է ռեկտորը։

 

 IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Համալսարանն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`

1) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմամբ` նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.

2) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համալսարանի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ։

32. Համալսարանն ինքնուրույն է իր կառուցվածքի ձևավորման հարցում։

33. Համալսարանի մասնաճյուղերն են Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերը, որոնք գործում են համալսարանի անունից՝ իրենց կանոնադրություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Համալսարանի մասնաճյուղերում ուսուցման ձևը (առկա, հեռակա) սահմանում է համալսարանի ռեկտորը։

34. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և իրենց կանոնադրությունների հիման վրա։

35. Համալսարանի ֆակուլտետները գործում են համալսարանի և ֆակուլտետի կանոնադրությունների հիման վրա։

36. Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվ ակտերին, ֆակուլտետի և սույն կանոնադրություններին։

37. Ֆակուլտետը, ելնելով իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների` մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատում է համալսարանի ռեկտորը։

38. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից։

39. Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը։

40. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում համալսարանի գիտական խորհրդի հաստատմանը, լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը։

41. Ֆակուլտետի խորհրդի կազմի (որպես կառավարման մարմին) ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ։ Խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է։

42. Ֆակուլտետի խորհուրդը`

1) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, գործունեությունը դադարեցնելու և վերակազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համալսարանի ռեկտորին.

2) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտահետազոտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

3) համալսարանի ռեկտորի հաստատմանն է ներկայացնում ֆակուլտետի մասնագիտությունների ուսումնական պլանները.

4) համալսարանի գիտական խորհրդին ներկայացնում է առաջարկություններ պատվավոր կոչումներ շնորհելու, համալսարանի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.

5) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

6) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր։

43. Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար։

44. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն։ Դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով, գիտական խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով։ Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` քվեարկության արդյունքների հիման վրա։

45. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեություն.

2) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածուներին.

4) սահմանված կարգով համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, ավարտելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ։

46. Ամբիոնը համալսարանի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային ստորաբաժանում է, որը գործում է սույն կանոնադրության և ֆակուլտետի կանոնադրության հիման վրա։ Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ ու դասախոսներ։

47. Ամբիոնը մշակում է ամբիոնի աշխատողների հաստիքացուցակը` ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական և ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների։

48. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, կազմի և համալսարանի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, որոնց նախորդում է պաշտոնի հավակնորդի՝ մրցութային կարգով ընտրությունը։

49. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, ով ընտրվում է բաց մրցույթով` մինչև 5 տարի ժամկետով` համալսարանի գիտական խորհրդի սահմանած կարգով։ Ամբիոնի վարիչն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում։ Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր։

50. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և մյուս աշխատանքները, ներկայացնում է նրա կոլեկտիվը համալսարանի ֆակուլտետի, համալսարանի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։

51. Ամբիոնի գիտաուսումնական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստերում։ Ամբիոնի մյուս աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

52. Սովորողների` համալսարան ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

53. Համալսարանում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով։ Համալսարանում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ։ Ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ)։ Համալսարանում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով։ Համալսարանի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան։ Համալսարանն ինքնուրույն է որոշում ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման կարգը։ Համալսարանում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է։

54. Համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի աշխատողները և սովորողները, ինչպես նաև հրավիրված այլ մասնագետներ։

55. Համալսարանը կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ։

56. Գիտական աստիճաններ շնորհում է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը։ Մասնագիտական խորհուրդն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

 VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու միջազգային համագործակցություն՝ հետևյալ ձևերով`

1) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների մասնագետների ու դասախոսների հրավիրում` համալսարանի ուսումնագիտական աշխատանքներին մասնակցելու համար.

2) գիտամանկավարժական աշխատանքներ իրականացնելու նպատակով համալսարանի դասախոսների գործուղում օտարերկրյա ուսումնական հաստատություններ.

3) ուսուցման և ստաժավորման նպատակով համալսարանի աշխատողների, ուսանողների, հայցորդների, ասպիրանտների ու դոկտորանտների գործուղում օտարերկրյա ուսումնական հաստատություններ.

4) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական հետազոտությունների իրականացում.

5) օտարերկրյա քաղաքացիների ուսուցում և վերապատրաստում.

6) միջազգային և օտարերկրյա պատվիրատուներին խորհրդատվությունների տրամադրում.

7) միջազգային համաժողովների, խորհրդակցությունների, սեմինարների կազմակերպում և դրանց մասնակցություն.

8) միջազգային միավորումների և կազմակերպությունների գործունեությանը մասնակցություն.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջազգային համագործակցության իրականացում։

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

58. Համալսարանի պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ՝ ծրագրի շրջանակներում շարադրելու ուսումնական առարկան, ընտրելու գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք իրականացնելու իրենց ընտրած մեթոդներով։

59. Համալսարանում սահմանվում են վարչական և գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ։

60. Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են համալսարանի կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան։

61. Համալսարանում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնները տեղակալվում են ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրությունը։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր՝ մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա։ Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

62. Համալսարանի աշխատողն իրավունք ունի`

1) համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

2) մասնակցելու համալսարանի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

3) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից` համալսարանի կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.

4) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

5) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ՝ մասնագիտական գործունեության համար։

63. Համալսարանի աշխատողները պարտավոր են`

1) ապահովել կրթական և գիտական գործընթացների արդյունավետությունը.

2) պահպանել համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.

5) առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ՝ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում։

64. Համալսարանի վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով։

65. Համալսարանի ուսանողները, ասպիրանտները (այսուհետ՝ սովորողներ) կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը և ուսուցման ձևը, տեղափոխվել բարձրագույն ուսումնական այլ հաստատություն (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել համալսարանում մասնագիտական կրթությունը, համալսարանի կանոնադրությանը համապատասխան` լիիրավ մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին։

66. Համալսարանի սովորողն իրավունք ունի`

1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.

2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից՝ յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում կամ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում` տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

4) մասնակցելու համալսարանի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` նախատեսված օրենքով կամ համալսարանի կանոնադրությամբ.

5) անվճար օգտվելու համալսարանի գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.

6) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և համալսարանի կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ (ներառյալ` անվանական), դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.

9) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերի, համալսարանի հետ կնքելու ուսումնառության պայմանների մասին պայմանագիր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

11) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.

12) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում՝ համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

14) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով։

67. Կրթությունն ընդհատած նախկին սովորողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները՝ բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման։

68. Համալսարանի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) անշեղորեն կատարել սույն կանոնադրության, համալսարանի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատարությամբ վերաբերվել համալսարանի գույքին.

6) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

7) ժամանակին վճարել ուսման վարձավճարը (վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները)։ Ուսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել համալսարանից։

69. Համալսարանի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր` ընդհուպ մինչև համալսարանից հեռացնելը։ Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում։

70. Համալսարանում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում։ Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։ Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ֆինանսավորման չափը սահմանում է համալսարանի խորհուրդը։

71. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները համալսարանի գիտամանկավարժական և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաև գործուղումների իրավունքից։

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

72. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից։ Որպես սեփականություն հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ։

73. Համալսարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։

74. Համալսարանը կարող է անժամկետ և անհատույց օգտագործել հիմնադրի կողմից իրեն ամրացված ցանկացած գույք։ Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները համալսարանի սեփականությունն են։

75. Համալսարանը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համալսարանին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, համալսարանի գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ։

76. Համալսարանի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով։

77. Համալսարանի միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից`

1) պետական գույք, որն ամրացվել է համալսարանին` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով.

2) որպես սեփականություն համալսարանին հատկացված գույք.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած ներդրումներ, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նվիրատվություն, հանգանակություն, կտակված գույք.

5) վճարովի ուսումնական, հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեության իրականացումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից գոյացող միջոցներ։

78. Համալսարանն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

79. Համալսարանի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան։

80. Համալսարանի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազոր մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից։

 

IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

81. Համալսարանը վերակազմակերպվում (միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում) և լուծարվում է օրենքով սահմանված կարգով, հիմնադրի որոշմամբ։

82. Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(հավելվածը փոփ. 08.06.06 N 799-Ն, փոփ., խմբ. 03.05.07 N 609-Ն, խմբ. 20.12.07 N 1510-Ն, խմբ. 29.05.09 N 597-Ն, 15.11.12 N 1436-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 

Մ. Թոփուզյան