Գլխավոր տեղեկություն
Համար
N 305-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.12.2012-02.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.395
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 305-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների ցանկը, որոնց վրա տարածվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 1
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 305-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` հանրակացարանային բնակելի տարածքների (այսուհետ` հանրակացարանային բնակելի տարածքներ) նվիրատվության հետ կապված հարաբերությունները:

2. Հանրակացարանային բնակելի տարածքները նվիրվում են համապատասխան տարածքում 5 տարվանից ավելի տեղում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք, իսկ նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև սահմանված կարգով վճարել են վարձավճարները:

3. Հանրակացարանային բնակելի տարածքում բնակվող և սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարածքի նվիրատվության համար դիմում են ներկայացնում տվյալ հանրակացարանային բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով.

3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները.

4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի պատճենները.

5) տեղեկանք բնակության վայրից` վերջին 5 տարվա ընթացքում տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ.

6) ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիր (համաձայնագիր)` իրենց անունից համապատասխան պետական կառավարչական մարմնում հանդես գալու համար.

7) համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված տեղեկանք վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման բացակայության վերաբերյալ.

8) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյալ:

4. Պետական կառավարման մարմինն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, որոնք սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում բնակիչների ամբողջական ցանկի, նրանց կողմից զբաղեցված սենյակների մակերեսների և հաշվեկշռային արժեքների վերաբերյալ տեղեկատվության հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան տարածքները բնակիչներին նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

6. Հանրակացարանային տարածքները բնակիչներին նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա տվյալ հանրակացարանային բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմինը կնքում է նվիրատվության պայմանագիր համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

(6-րդ կետը փոփ. 24.05.12 N 639-Ն)

(հավելվածը փոփ. 24.05.12 N 639-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 24-ի N 305-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN
ը/կ

Պետական կառավարչական հիմնարկը

Հանրակացարանային բնակելի տարածքի հասցեն

1

2

3

1.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

քաղ. Երևան, Աճառյան 20 (հանրակացարան)

քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68ա շենք («Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղամաս («Հրազդանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

 ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2 («Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Չարենցի 12 («Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Նորատուս (նախկինում «Ռադիո» ՓԲԸ-ի հանրակացարան)

քաղ. Երևան, Գիտավան («ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փող., 2 և 3 շենքեր («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի հանրակացարաններ)
քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 66ա շենք (N 9 արհեստագործական ուսումնարանի հանրակացարան)

2.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

քաղ. Երևան, Աճառյան 44 (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Երևան, Սևանի 124 (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Երևան, Շարուրի 22 (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Երևան, Լենինականի 9 (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Երևան, Հալաբյան 48 (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ. (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Աբովյան, Հատիսի 4 (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Արթիկ, Շահումյան 5 (նախկին ՀՀ ՆԳՆ-ի Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան)

քաղ. Երևան, Արցախի 61

3.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Ազատության 1 («Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Աբովյան 64 («Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, գյուղ Դարբնիկ («Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

4.

 ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն

քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,
Ա. Մանուկյան 31 («Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան)

5.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ենթակայության «Հանրակացարաններ» ՓԲԸ*

քաղ. Երևան, Մոլդովական 70/1

քաղ. Երևան, Մոլդովական 70/2

քաղ. Երևան, Շիրակի 2ա

քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68 շենք

քաղ. Երևան, Արցախի փող., 4-րդ նրբ., 10/2 շենք

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող.

ՀՀ Արարատի մարզ, գ. Դարբնիկ, 5-րդ փող.

(հավելվածը փոփ., լրաց. 15.11.12 N 1426-Ն)

* Ցանկում ներառվել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ենթակայության «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի գույքի կազմում ընդգրկված հանրակացարանային բնակելի տարածքները, քանի որ ներկայումս աշխատանքներ են տարվում «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու ուղղությամբ, որի արդյունքում ընկերության գույքի կազմում ընդգրկված հանրակացարանային մասնաշենքերը կառանձնացվեն և կամրացվեն «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան