Գլխավոր տեղեկություն
Համար
N 1442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2012-19.07.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1247
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1442-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված ծավալների և ձևերի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան 

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1442-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգի նպատակն արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի իրավասու մարմնի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն) կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման գործառույթների ապահովումն է և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների (այսուհետ` օպերատոր) փոխհարաբերությունների կանոնակարգման իրավական հիմքերի սահմանումն է:

2. Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման կառավարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

3. Արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, սույն կարգի և այլ իրավական ակտերի:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ բոլոր էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն ապահովելու նպատակով նախապատրաստական շրջանում իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և համակարգերի կառավարման պլանի մշակում.

2) արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ կապի միջոցների, ցանցի և ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկության ներկայացում.

3) կառավարման կետերի ստեղծում և ապահովում ժամանակակից կապի միջոցներով, այդ թվում` ֆիքսված հեռախոսակապով, բջջային հեռախոսակապով, ռադիոկապով, միջազգային ելքի կապուղիներով.

4) տեղեկատվության ստացման և փոխանցման հուսալի համակարգի ստեղծում և ներդրում.

5) արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակահատվածում պետական մարմիններին կապի գծերի, կապուղիների, ռադիոհաճախականության հատկացման ցանկի մշակում:

5. Արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն են`

1) էլեկտրոնային հաղորդակցության միջոցների տրամադրում պետական մարմիններին և դրանց անխափան շահագործման ապահովում.

2) օպերատորների գործունեության համակարգում.

3) օպերատորների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովում.

4) վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվ կազմակերպում.

5) էլեկտրոնային հաղորդակցության համակարգերի պահպանություն և արտաքին միջամտություններից ապահովում:

6. Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված հայտերի հիման վրա կապի միջոցների, այդ թվում` ֆիքսված հեռախոսակապի, բջջային հեռախոսակապի, ռադիոկապի, միջազգային ելքի կապուղիների առանձնացումը և տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն մուտքագրվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում:

7. Արտակարգ իրավիճակներում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառավարումն ու շահագործումն իրականացվում է տվյալ ցանցերը տնօրինող (օգտագործող) օպերատորների կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված հայտերին համապատասխան:

8. Հայտը ներառում է այն վայրը, որտեղ անհրաժեշտ է ապահովել կապով, պահանջվող կապի տեսակը և աշխատանքների իրականացման ժամանակահատվածը:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված հայտն ստանալուց հետո 1-օրյա ժամկետում այն ուղարկում է էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին` հայցելով տեղեկատվություն հայտում նշված վայրում կապի ապահովման համար տեխնիկական հնարավորությունների և այդ աշխատանքների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն կարգի 9-րդ կետով պահանջվող տեղեկատվությունն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներից ստանալուց հետո այն 1-օրյա ժամկետում համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, որից հետո պատվիրում է համապատասխան օպերատորին` հայտում նշված վայրում կապի ապահովման աշխատանքները:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո կազմվում է ընդունման-հանձնման ակտ և ակտի մեկ օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն:

12. Համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և օպերատորների միջև իրականացվում է երկկողմանի համաձայնագրերով կամ պայմանագրային հիմունքներով` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

13. Սույն կարգի պահանջների համաձայն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, տեխնիկական միջոցների օգտագործման դիմաց հասցված իրական վնասը և բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան