ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1428-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 23) բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել մրցույթով:
2. Սահմանել`
1) ընկերության ակտիվների` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի հունիսի 26-ին գնահատված արժեքը` 4485 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 500 հազ. դրամ:
3. Ընկերության պարտավորությունները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 5125 հազ. դրամ, այդ թվում`
1) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 697 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 963 հազ. դրամ.
3) կրեդիտորական պարտքեր` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 3422 հազ. դրամ.
4) այլ կրեդիտորական պարտքեր` 43 հազ. դրամ:
4. Գույքը մրցույթով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
5. Ընկերությունը 2000-2011 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6. Սահմանել մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու հետևյալ պայմանները`
1) գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
3) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ընկերության կողմից անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի 345.0 քառ. մետր տարածքի նկատմամբ կնքված պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո այդ տարածքից 120 քառ. մետրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հինգ տարի ժամկետով` վարձակալության իրավունքով տրամադրել գնորդին:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) գնորդի կողմից առաջարկված գնի, գույքի արժեքի որոշման համար նախատեսված՝ 224400 դրամի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը.
4) գնորդի հետ մասնավորեցման մասին պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում նրա հետ կնքել սույն որոշման 7-րդ կետում նշված տարածքի (120 քառ. մետր) վարձակալության մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված նվազագույն արժեքով, դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի ձեռքբերման և պետական գրանցման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|