Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1053
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2010-2011 гг. том 12 Հոդ.1133
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 հոկտեմբերի 2012 թ.

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2000 թվականի հունիսի 1-ին ստորագրված` Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 08.10.2012թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Արտոնագրային իրավունքի մասին պայմանագիրը /այսուհետ` ԱԻՊ/ ընդունվել է 2000 թվականի հունիսի 1-ին Ժնևում` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո հրավիրված Դիվանագիտական կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 28-ից` առաջին 10 պետությունների համար:

ԱԻՊ-ը լրացնում է գործող` Արտոնագրային համագործակցության մասին 1970թ. հունիսի 19-ին Վաշինգտոնում կնքված պայմանագիրը և անմիջականորեն կապված է դրա հետ:

ԱԻՊ-ի 20-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան` այն բաց է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության և 1883թ. մարտի 20-ի` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին փարիզյան կոնվենցիայի մասնակից պետությունների համար:

ԱԻՊ-ի ավանդապահն է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենը, որն այն գրանցում է ՄԱԿ-ի Քարտուղարությունում:

ԱԻՊ-ը բաղկացած է 27 հոդվածներից և 21 կանոններ պարունակող Կանոնակարգից: Վերջինս գործում է 2006թ. հունվարի 1-ից:

2. ԱԻՊ-ը, հիմնականում, կոչված է ներդաշնակելու և պարզեցնելու /դյուրացնելու/ միջազգային արտոնագրային իրավունքի բացառապես ընթացակարգային նորմերը: Այլ կերպ` ԱԻՊ-ում իսպառ բացակայում են արտոնագրային նյութական իրավունքի նորմերը: Ընդհանուր առմամբ, ԱԻՊ-ն ամրագրում է գլխավորապես ընթացակարգային բնույթի առավելություններ` ինչպես հայտատուների և արտոնագրատերերի, այնպես էլ պայմանավորվող կողմերի արտոնագրային գերատեսչությունների համար:

ԱԻՊ-ը նպատակ է հետապնդում դյուրացնել և ներդաշնակել այն առկա ձևական պահանջները, որոնք ներկայացվում են ազգային և տարածաշրջանային հայտերի և արտոնագրերի համար, ինչպես նաև այդ պահանջների պարզեցումը և ստանդարտացումը, եթե նկատի առնվի պետությունների օրենսդրությունների տարատեսակ լինելու հանգամանքը:

ԱԻՊ-ն ապահովում է հայտատուների և արտոնագրատերերի համար ծախսերի կրճատումը, նվազեցնում է սխալներ թույլ տալու հնարավոր ռիսկերը և դյուրացնում է դրանց շտկման հնարավորությունը` առանց իրավունքի կորստի, իսկ արտոնագրային գերատեսչությունների համար ընձեռում է առավել արդյունավետ գործունեություն ծավալելու հնարավորություն:

ԱԻՊ-ը նախատեսում է մի շարք տարաբնույթ պահանջներ, որոնց գործնական կիրառումը կարող է ստեղծել համապատասխան նպաստավոր պայմաններ հայտատուների և արտոնագրատերերի համար:

Բացի դրանից, ԱԻՊ-ը պայմանավորվող կողմերին իրավունք է վերապահում հայտատուների և արտոնագրատերերի համար նախատեսել ավելի նպաստավոր պայմաններ, քան այն պահանջները, որոնք ամրագրված են ԱԻՊ-ում և Կանոնակարգում:

ԱԻՊ-ը նպաստում է նաև հայտատուների համար իրավական որոշակիության մակարդակի բարձրացմանը` ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտասահմանում համապատասխան հայտեր ներկայացնելիս:

ԱԻՊ-ն օժանդակում է հայտերի, ինչպես նաև այլ բնույթի տեղեկատվության ներկայացման էլեկտրոնային եղանակի իրացմանը` հաշվի առնելով արտոնագրային գերատեսչությունների և օգտատերերի շահերը:

Հարկ է նկատել, որ ԱԻՊ-ը պայմանավորվող կողմերին չի պարտավորեցնում ստանձնել որևէ ֆինանսական բնույթի պարտավորություն:

3. Ըստ ԱԻՊ-ի` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- պահպանել Արդյունաբերական սեփականության պահպանության մասին փարիզյան կոնվենցիայի դրույթները.

- պահպանել այն պարտավորությունները, որոնք պայմանավորվող կողմերն ունեն միմյանց հանդեպ` Փարիզյան կոնվենցիային համապատասխան.

- չվերացնել այն իրավունքները, որոնցից օգտվում են հայտատուներն ու իրավատերերը` Փարիզյան կոնվենցիային համապատասխան.

- չմեկնաբանել ԱԻՊ-ը կամ Կանոնակարգն այնպես, որ նախատեսի Պայմանավորվող կողմի ազատության հնարավոր սահմանափակում` ըստ իր ցանկության սահմանել արտոնագրերի նկատմամբ կիրառելի նյութական իրավունքի պահանջներ.

- կիրառել գյուտերի համար ԱԻՊ-ի և Կանոնակարգի դրույթները` ազգային և տարածաշրջանային հայտերի և հավելյալ արտոնագրերի հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվում են Պայմանավորվող կողմի գերատեսչության համար.

- կիրառել ԱԻՊ-ի և Կանոնակարգի դրույթները գյուտերի համար արտոնագրերի և հավելյալ արտոնագրերի միջազգային հայտերի նկատմամբ` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի համաձայն.

- ապահովել, որ հայտի ներկայացման ամսաթիվը լինի այն ամսաթիվը, որով իր գերատեսչությունն ստացել է բոլոր բաղադրիչները` հայտատուի ընտրությամբ ներկայացված թղթի վրա կամ գերատեսչության կողմից թույլատրված այլ եղանակով.

- չպահանջել հայտի ձևին կամ բովանդակությանը վերաբերող ցանկացած այնպիսի այլ` տարբեր պայմանի բավարարում, եթե ԱԻՊ-ով այլ բան նախատեսված չէ.

- ընդունել տեղեկատվության բովանդակության ներկայացումն այնպիսի ձևանմուշով, որը համապատասխանում է այդպիսի տեղեկատվության վերաբերյալ Կանոնակարգով նախատեսված միջազգային տիպային ձևանմուշին.

- ընդունել ցանկացած ստորագրություն, որը համապատասխանում է Կանոնակարգով սահմանված պահանջներին.

- ընդունել տեղեկատվության ներկայացումը թղթի վրա` ժամկետները պահպանելու նպատակով /հոդված 8, կետ 1, ենթակետ դ/.

- չմերժել միջնորդությունը լրիվ կամ մասնակի` առանց միջնորդող կողմին ողջամիտ ժամկետի ընթացքում մերժման մտադրության կապակցությամբ դիտողություններ ներկայացնելու հնարավորություն տալու /հոդված 12, կետ 5/.

- չեղյալ չհայտարարել կամ անվավեր չճանաչել արտոնագիրը /լրիվ կամ մասամբ/, եթե չեն պահպանվել ԱԻՊ-ի 10-րդ հոդվածում նշված մեկ կամ մի քանի ձևական պահանջներ, բացառությամբ այն դեպքերի, երբ ձևական պահանջը չկատարելը խարդախ մտադրության հետևանք է.

- չեղյալ չհայտարարել կամ անվավեր չճանաչել արտոնագիրը` առանց իրավատիրոջը հնարավորություն տալու դիտողություններ ներկայացնել և լրացումներ կամ ուղղումներ կատարել ողջամիտ ժամկետի ընթացքում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և նկատի ունենալով, որ ԱԻՊ-ի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2000 թվականի հունիսի 1-ին ստորագրված` Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

23 հոկտեմբերի 2012 թ.

ՍԴՈ-1053