Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-21-Ո-25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.14/55(929) Հոդ.1207
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.10.2012
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-21-Ո-25

2012 թ.

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`
 

Ա. Մկրտումյանի
 

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի

Ս. Օհանյանի

 

մասնակցությամբ` դատավոր

Գ. Հեբոյանի

   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 11.09.2012թ. թիվ N-Կ-2-6/2012թ. որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Գ. Հեբոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող անձի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով Դատարանը 24.05.2011թ. որոշմամբ վարույթ է ընդունել Քաթրին Թերինի հայցն ընդդեմ Առլեն Պետրոսյանսի և Կարինե Գաբրիի` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:

 Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Եղվարդի տ/ս-ի կողմից 11.05.2009թ-ին տրված թիվ 2372481 սեփականության իրավունքի գրանցման վկայականի` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քասախ, Կենտրոն թաղ., 3-րդ փող., տուն 12 հասցեում գտնվող անշարժ գույքի (այսուհետ` Վիճարկվող գույք) սեփականատեր է հանդիսանում Առլեն Պետրոսյանսը: Կարինե Գաբրին հանդիսանում է Առլեն Պետրոսյանսի կինը:

01.09.2011թ. նշանակված դատական նիստին գործին մասնակցող անձինք չեն ներկայացել (պատշաճ ծանուցված), սակայն Դատարան են ուղարկել իրենց միջև կնքված և ստորագրված հաշտության համաձայնությունը, որը Դատարանի կողմից հրապարակվել է դատական նիստում:

Դատարանը 15.09.2011թ. վճռով թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել է, քանի որ հաստատել է Քաթրին Թերինի և Առլեն Պետրոսյանսի, Կարինե Գաբրիի միջև 16.03.2011թ-ին կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ. «Կարինե Գաբրին ընդունել է պահանջատեր Քաթրին Թերինի առաջարկը` պարտապանի բաժնեմասը գնելու վերաբերյալ, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքում, պարտապանի բաժնեմասը գնելու իր նախապատվության իրավունքը իրականացնելով, հիմք ընդունելով ՀՀ քաղ. օր-ի 195-րդ, 196-րդ, 197-րդ և 200-րդ հոդվածների դրույթները, 23.08.2011 թվականին Առլեն Պետրոսյանսին վճարել է ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոնական փողոց 3, տուն 12 հասցեում գտնվող գույքի` նրա 1/2-րդ բաժնեմասի շուկայական գնահատված արժեքը` 14 000 000 /տասնչորս միլիոն/ ՀՀ դրամ:

 Առլեն Պետրոսյանսը ընդունում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 5-րդ կետի, նա ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում իր բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը կորցրել է փոխհատուցում ստանալու պահից` 23.08.2011 թվականից:

 Կարինե Գաբրին, պարտապան Առլեն Պետրոսյանսի բաժնեմասի դիմաց Առլեն Պետրոսյանսին 14 000 000 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելով, ձեռք է բերել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոնական փողոց 3, տուն 12 հասցեում գտնվող ամբողջ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը ենթակա է պետական գրանցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Առլեն Պետրոսյանսը որևէ գույքային պահանջ չունի Կարինե Գաբրիի հանդեպ և ընդունում է նրա` գույքի միանձնյա սեփականատեր լինելու հանգամանքը:

Քաթրին Թերինը Առլեն Պետրոսյանսից 23.08.2011 թվականին ստացավ 14 000 000 /տասնչորս միլիոն/ ՀՀ դրամ»:

Վանա Սաֆաիեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով 15.09.2011թ. կայացված վճիռը բեկանվել է, և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով Դատարանը 13.06.2011թ. որոշմամբ վարույթ է ընդունել Վանա Սաֆաիեի հայցն ընդդեմ Առլեն Պետրոսյանսի, երրորդ անձ` Կարինե Գաբրիի` Առլեն Պետրոսյանսի անվամբ սեփականության իրավունքով գրանցված ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 12 տան և նույն հասցեում գտնվող 0,0591 հա հողամասից պատասխանողի բաժնեմասը որոշել, առանձնացնել և 25.390.500 ՀՀ դրամը և 40.360 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամի բռնագանձումը նրա բաժնեմասի վրա տարածել և իր պարտքը վերադարձնել հրապարակային սակարկությունով վաճառելու միջոցով:

Դատարանի 16.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` Առլեն Պետրոսյանսին և Կարինե Գաբրիին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Քասախ գյուղի Կենտրոն թաղամասի 3-րդ փողոցի տուն 12 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել: Վաճառքից ստացված գումարը բաշխել համասեփականատերերի` Առլեն Պետրոսյանսի և Կարինե Գաբրիի միջև` հավասար բաժիններով: Վաճառքից ստացված գումարից առանձնացնել Առլեն Պետրոսյանսի բաժնեմասը` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.03.2012թ. որոշմամբ Առլեն Պետրոսյանսի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանմասիհինի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի` բեկանվել է Դատարանի 16.09.2011թ. վճիռը, և քաղաքացիական գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահող դատավոր` Ս. Թորոսյան/ 25.07.2012թ. որոշմամբ կասեցվել է թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործի վարույթը մինչև թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Վերոգրյալից հետևում է, որ դատարանը կնքված հաշտության համաձայնության հիման վրա կարճում է գործի վարույթը միայն այն դեպքում, երբ պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածում սահմանված պայմանները:

Թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին չի պարզաբանել դրա դատավարական հետևանքները: Դատարանը գործի վարույթը կարճել է` հիմնվելով այն հետևության վրա, որ ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Մինչդեռ, ինչպես արդեն նշվել է, Առլեն Պետրոսյանսն ունի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված և դեռևս չմարված պարտավորություններ այլ անձանց նկատմամբ, ինչը տվյալ պարագայում ի չիք է դարձնում Դատարանի այն հետևությունը, որ թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով կնքված հաշտության համաձայնությունը (հաշտության համաձայնության առարկա հանդիսացող Վիճարկվող գույքը միաժամանակ հանդիսանում է թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով վեճի առարկան) չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Փաստորեն, Դատարանը թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով 15.06.2011 թվականին վճիռ է կայացրել հաշտության համաձայնությունը հաստատելու մասին, համաձայն որի` Առլեն Պետրոսյանսին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոնական փողոց 3, տուն 12) դարձել է Կարինե Գաբրիի` Առլեն Պետրոսյանսի կնոջ միանձնյա սեփականությունը, իսկ թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով 16.09.2011 թվականին, այսինքն` ընդամենը մեկ օր անց, վճիռ է կայացրել Առլեն Պետրոսյանսին և Կարինե Գաբրիին սեփականության իրավունքով պատկանող նույն անշարժ գույքը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոնական փողոց 3, տուն 12) հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, հաստատելով թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով ներկայացված հաշտության համաձայնությունը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնության հաստատելու կարգը:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ են տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Գ. Հեբոյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Կարգապահական հանձնաժողովի 11.09.2012թ.-ի թիվ Կ-2-6/2012 որոշման կապակցությամբ հայտնում եմ, որ որոշման մեջ նշված թիվ ԿԴ3/0151/02/11 և թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործերով կայացված վճիռներով իրոք վեճի առարկա է եղել նույն գույքը, սակայն թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով վեճի առարկա հանդիսացող գույքի հասցեն նշված է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Կենտրոնական փողոց 3, տուն 12 հասցեն, իսկ թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Կենտրոն թաղամասի 3-րդ փողոց, տուն 12 հասցեն: Այսինքն` առկա է հասցեների տարբերություն: Չնայած այն հանգամանքին, որ վճիռները հրապարակվել են մեկ օրվա տարբերությամբ` 15.09.2011թ-ին և 16.09.2011թ-ին, սակայն դրանք քննվել են և ավարտվել են ավելի վաղ` տարբեր օրերի:

Սույն երկու գործերով պատասխանող Առլեն Պետրոսյանսի վերաբերյալ իմ նախագահությամբ քննվել են նաև մի քանի այլ անձանց պահանջներով մի շարք գործեր.

Թիվ ԿԴ3/0085/02/09 քաղաքացիական գործով ըստ հայցի Վանա Սաֆաիեի ընդդեմ Առլեն Պետրոսյանսի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Թիվ ԿԴ3/0136/02/08 քաղաքացիական գործով ըստ հայցի Կարինե Հայգազի Գաբրիի ընդդեմ Վանա Սաֆաիեի` գումարի բռնագանձման պահանջի մասին, «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Բենիկ Մարտիրոսյանի, երրորդ անձինք` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Եղվարդի տ/ս-ի, Առլեն Պետրոսյանսի` առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջի մասին.

Թիվ ԿԴ3/0099/02/09 քաղաքացիական գործով ըստ հայցի Լուսինե Մարտոյանի ընդդեմ Առլեն Պետրոսյանսի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին.

Թիվ ԿԴ3/0471/02/10 քաղաքացիական գործով ըստ հայցի «Մադար» ՍՊԸ-ի ընդդեմ Առլեն Պետրոսյանսի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Նշված գործերում վիճարկվում են նույն համայնքում պատասխանող Ա. Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի նկատմամբ իրավունքները: 2011թ.-ին վարույթ եմ ընդունել մոտ 400 քաղաքացիական գործ, 600 վճարման կարգադրություն, մինչդատական վարույթի գործեր և նախորդ տարվանից փոխանցված գործեր: Հնարավոր չէր հիշել բոլոր գույքերի հասցեները և այլ գործերի հետ դրանց փոխկապակցվածությունը:

Թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով Դատարանի կողմից 15.09.2011թ.-ի վճռով հաշտության համաձայնությունը հաստատելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն կողմերին հաշտության համաձայնության դատավարական հետևանքները չպարզաբանելու կապակցությամբ հայտնում եմ, որ կողմերը Դատարանում ներկայացված են եղել փաստաբան ներկայացուցիչների միջոցով: Նախավերջին դատական նիստի ժամանակ ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին հաշտության համաձայնություն կնքել և Դատարանից խնդրեցին դրա համար ժամանակ տրամադրել: Դատարանը հետաձգեց դատական նիստը` նշելով հաջորդ նիստի օրը, կողմերին հնարավորություն տալով հաշտության համաձայնություն կնքել: Նշանակված դատական նիստին կողմերը Դատարան չեն ներկայացել և փոստով ուղարկել են իրենց միջև կնքված հաշտության համաձայնությունը` Դատարանի կողմից հաստատելու համար: Այսինքն` կողմերը հաշտության համաձայնությունը ներկայացնելիս դատական նիստին ներկա չեն եղել, և Դատարանը չէր կարող բացատրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն կողմերի կնքած հաշտության համաձայնության դատավարական հետևանքները: Հաշտության համաձայնությունը չի հակասել օրենքին և այլ իրավական ակտերին: Ինչ վերաբերում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը խախտելուն, ապա արդեն նշել եմ, որ ինձ հայտնի չի եղել, որ մեկ այլ գործով նույնպես վիճարկվում է նշված գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Կրկին անգամ նշելով, որ գործերի ծանրաբեռնվածության, միևնույն պատասխանողի վերաբերյալ տարբեր պահանջներով և տարբեր գույքերի վերաբերյալ քննված գործերի պատճառով չեմ կարողացել հիշել քննարկվող գործերով վիճարկվող գույքերի փոխկապակցվածությունը, ուստի հայցում եմ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի ներողամտությունը և խնդրում եմ իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով Դատարանը 24.05.2011թ. որոշմամբ վարույթ է ընդունել Քաթրին Թերինի հայցն ընդդեմ Առլեն Պետրոսյանսի և Կարինե Գաբրիի` պարտապանի բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:

2) Կողմերը 01.09.2011թ. նշանակված դատական նիստին չեն ներկայացել (պատշաճ ծանուցված), սակայն Դատարան են ուղարկել իրենց միջև կնքված և ստորագրված հաշտության համաձայնությունը:

3) Դատարանը 15.09.2011թ. վճռով թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել է, քանի որ հաստատել է Քաթրին Թերինի և Առլեն Պետրոսյանսի, Կարինե Գաբրիի միջև 16.03.2011թ-ին կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնության համաձայն` Կարինե Գաբրին ընդունել է պահանջատեր Քաթրին Թերինի առաջարկը` պարտապանի բաժնեմասը գնելու վերաբերյալ, որի արդյունքում ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքում, պարտապանի բաժնեմասը գնելու իր նախապատվության իրավունքը իրականացնելով, Առլեն Պետրոսյանսի բաժնեմասի դիմաց Առլեն Պետրոսյանսին 14 000 000 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելով` ձեռք է բերել ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոնական փողոց 3, տուն 12 հասցեում գտնվող ամբողջ գույքի նկատմամբ սեփականության իրավունք:

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2012 թվականի որոշմամբ Վանա Սաֆաիեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, որի արդյունքում բեկանվել է Դատարանի 15.09.2011թ. կայացված վճիռը և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

5) Թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով Դատարանը 13.06.2011թ. որոշմամբ վարույթ է ընդունել Վանա Սաֆաիեի հայցն ընդդեմ Առլեն Պետրոսյանսի, երրորդ անձ` Կարինե Գաբրիի` Առլեն Պետրոսյանսի անվամբ սեփականության իրավունքով գրանցված ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 12 տան և նույն հասցեում գտնվող 0,0591 հա հողամասից պատասխանողի բաժնեմասը որոշել, առանձնացնել և 25.390.500 ՀՀ դրամը և 40.360 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամի բռնագանձումը նրա բաժնեմասի վրա տարածել և իր պարտքը վերադարձնել հրապարակային սակարկությունով վաճառելու միջոցով:

6) Դատարանի 16.09.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է` Առլեն Պետրոսյանսին և Կարինե Գաբրիին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Քասախ գյուղի Կենտրոն թաղամասի 3-րդ փողոցի տուն 12 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել: Վաճառքից ստացված գումարը բաշխել համասեփականատերերի` Առլեն Պետրոսյանսի և Կարինե Գաբրիի միջև` հավասար բաժիններով: Վաճառքից ստացված գումարից առանձնացնել Առլեն Պետրոսյանսի բաժնեմասը` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 02.03.2012թ. որոշմամբ Առլեն Պետրոսյանսի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանմասիհինի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի` բեկանվել է Դատարանի 16.09.2011թ. վճիռը և քաղաքացիական գործն ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

8) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահող դատավոր` Ս. Թորոսյան/ 25.07.2012թ. որոշմամբ կասեցվել է թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործի վարույթը մինչև թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Գ. Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Վերոգրյալից հետևում է, որ դատարանը կնքված հաշտության համաձայնության հիման վրա կարճում է գործի վարույթը միայն այն դեպքում, երբ պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածում սահմանված պայմանները:

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով 01.09.2011թ. նշանակված դատական նիստին կողմերը չեն ներկայացել (պատշաճ ծանուցված), սակայն Դատարան են ուղարկել իրենց միջև կնքված և ստորագրված հաշտության համաձայնությունը, որը հաստատելով` Դատարանը 15.09.2011թ. վճռով թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել է: Այսինքն` Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին չի պարզաբանել դրա դատավարական հետևանքները:

 Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, Դատարանը պարտավոր էր ապահովել կողմերի ներկայությունը դատական նիստին, հաշտության համաձայնությունը հաստատելու դատավարական հետևանքները պարզաբանելու նպատակով: Մասնավորապես, կողմերին ուղարկված ծանուցման մեջ հարկ էր նշել վերջիններիս կողմից անձամբ Դատարան ներկայանալու անհրաժեշտության մասին, իսկ եթե այդ պարագայում ևս կողմերը չներկայանային Դատարան, ապա Դատարանը` ի ապահովումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, չպետք է հաստատեր ներկայացված հաշտության համաձայնությունը:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, հաստատելով ներկայացված հաշտության համաձայնությունը այն պարագայում, երբ կողմերին չի պարզաբանվել դրա դատավարական հետևանքները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնության հաստատելու կարգը:

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:

Գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատարանը թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել է` հիմնվելով այն հետևության վրա, որ ներկայացված հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Մինչդեռ Խորհուրդը, ուսումնասիրելով Դատարանի թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով 16.09.2011 թվականի վճիռը, պարզեց, որ այդ վճռով բավարարվել է Վանա Սաֆաիեի հայցն ընդդեմ Առլեն Պետրոսյանի, երրորդ անձ Կարինե Գաբրիի ընդհանուր գույքից պատասխանողի բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և հետագայում դրա վրա բռնագանձում տարածելու պահանջը: Նշված վճռի բովանդակությունից հետևում է, որ Վանա Սաֆաիեն նույնպես հանդիսանում է պարտատեր Առլեն Պետրոսյանսի հանդեպ: Ընդ որում, թիվ ԿԴ3/0129/02/11 և թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործերով վեճի առարկան նույն անշարժ գույքն է:

Մեջբերված փաստերը վերլուծելով` Խորհուրդն արձանագրում է, որ տվյալ դեպքում թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով 15.09.2011 թվականի և թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով 16.09.2011 թվականի վճիռներն իրար հակասում են, քանի որ դրանք վերաբերում են նույն վեճի առարկային, իսկ թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով պատասխանողը (որը նաև պատասխանողն է թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով) պարտավորություն ունի նաև թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով հայցվորի հանդեպ:

Վերոգրյալ փաստական հանգամանքներից ուղղակիորեն հետևում է, որ Դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքները, թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով հաստատելով կողմերի կնքած հաշտության համաձայնությունը, ըստ էության վճիռ է կայացրել թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով հայցվորի իրավունքների վերաբերյալ` առանց նրան մասնակից դարձնելու գործի քննությանը, ինչի արդյունքում Դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնության հաստատելու կարգը:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, որ Դատարանը թիվ ԿԴ3/0129/02/11 քաղաքացիական գործով 15.06.2011 թվականին վճիռ է կայացրել հաշտության համաձայնությունը հաստատելու մասին, համաձայն որի` Առլեն Պետրոսյանսին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոնական փողոց 3, տուն 12) դարձել է Կարինե Գաբրիի` Առլեն Պետրոսյանսի կնոջ միանձնյա սեփականությունը, իսկ թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործով 16.09.2011 թվականին, այսինքն` ընդամենը մեկ օր անց, վճիռ է կայացրել Առլեն Պետրոսյանսին և Կարինե Գաբրիին սեփականության իրավունքով պատկանող նույն անշարժ գույքը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Կենտրոնական փողոց 3, տուն 12) հրապարակային սակարկություններով վաճառելու մասին:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի 28.10.1999 թվականի թիվ 28342/95 գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը:

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տես Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34): Դատարանը, այնուհետև, կրկնում է իր նախադեպային իրավունքը այն առումով, որ Դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի առաջին նախադասության մեջ սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տես Յասիունիենեն ընդդեմ Լիտվայի գործով Եվրոպական դատարանի 06.03.2003 թվականի վճիռը, կետ 45):

Խորհուրդն արձանագրում է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն դատական ակտ` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ և կարող է համոզված լինել, որ խոչընդոտներ չեն ստեղծվի այդ դատական ակտի կատարման առնչությամբ, ինչը թիվ ԿԴ3/0129/02/11 և թիվ ԿԴ3/0151/02/11 քաղաքացիական գործերի պարագայում բացակայում է, քանի որ Դատարանը միևնույն գույքի վերաբերյալ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ կայացրել է իրար հակասող դատական ակտեր:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Գ. Հեբոյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան

Գ. Բադիրյան