ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-21-Ո-26
2012 թ.
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՆՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի, Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի
|
մասնակցությամբ` դատավոր |
Մ. Սիմոնյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2012 թվականի հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մ. Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 25.09.2012թ. թիվ N-Կ-2-7/2012թ. որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Մ. Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 20.09.2012թ. թիվ Ե-6145 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Թիվ ԱՐԴ/0064/06/12 դատական գործով Դատարանի կողմից 12.09.2012թ. կայացված` «Խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ բավարարվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արգամ Սարգսյանի միջնորդությունը և թիվ 48117212 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանի /ծնված 09.03.1980թ., ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, կրթությունը` բարձրագույն, ամուրի, խնամքին ոչ ոք, առողջ, զբաղվում է գյուղատնտեսությամբ, նախկինում չդատված, բնակվում է ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում/ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 /երկու/ ամիս ժամկետով, որի սկիզբը հաշվվել է 10.09.2012թ.:
Քրեական գործով Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Զ.Եղիկյանի հետ 2012 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 19:00-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մշակույթի տան դիմաց վիճաբանել են իրենց հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացի Արամ Մելիքյանի հետ` վերջինիս կողմից մինչ այդ ավտոմեքենայից ընթացքի ժամանակ իրենց ներկայությամբ թքելու պատճառով, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս:
Այնուհետև, նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում, իրենց գյուղի դպրոցի դիմաց վիճաբանության և կռվի է բռնվել համագյուղացի Գոռ Մելիքյանի հետ` վերջինիս կողմից իր ընկեր Մակար Պետրոսյանի հասցեին հնչեցրած հայհոյանքի պատճառով, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Կառլեն Եղիազարյանն իր ընկեր Զոհրաբ Եղիկյանի հետ, տեղեկանալով, որ Գոռ Մելիքյանից բացի, Մակար Պետրոսյանի հասցեին հայհոյանքներ է տվել նաև համագյուղացի Արման Սարգսյանը, վերջինիս հետ կռվելու նպատակով գնացել են իրենց գյուղի մշակույթի տանը գտնվող թիվ 21/02 ընտրատեղամաս, որտեղ մի խումբ անձանցով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5-10 րոպե տևողությամբ հավաքված քաղաքացիների և ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ են տվել Արման Սարգսյանի հասցեին, որը զուգորդել են նրա նկատմամբ բռնություն գործադրելով` ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս:
Համաձայն վերը նշված որոշման պատճառաբանության` Դատարանը գտել է, որ սույն գործով առկա են մեղադրյալ Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանին կալանավորելու պայմանները: Մասնավորապես, առկա է հիմնավորված ողջամիտ ենթադրություն /հիմնավոր կասկած/ առ այն, որ Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, առկա է մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ, առկա է համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործ, առկա է գործի նյութերում Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու մասին որոշում:
Դատարանը գտել է նաև, որ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ առկա են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերում սահմանված խափանման միջոց կիրառելու այն հիմքերը, որ մեղադրյալ Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և դրանով կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:
Դատարանը, միջնորդությունը բավարարելիս հաշվի է առել մեղադրյալ Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանին մեղսագրվող արարքի բնույթը, վտանգավորության աստիճանը, նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի լինելը և Կառլեն Վոլոդյայի Եղիազարյանի անձը բնութագրող տվյալները:
Այնուհետև, հաջորդ օրը մեղադրյալի պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել Դատարան` Կառլեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանքի փոխարեն դրա այլընտրանքային խափանման միջոցը` գրավը, կիրառելու մասին:
Դատարանի կողմից հաջորդ օրվա` 13.09.2012թ. կայացված «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ բավարարվել է պաշտպանի միջնորդությունը, և մեղադրյալ Կառլեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման փոխարեն կիրառվել է դրա այլընտրանքային խափանման միջոցը` գրավը, և գրավի չափ է սահմանվել 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը:
Թիվ ԱՐԴ/0065/06/12 դատական գործով Դատարանի կողմից 12.09.2012թ. կայացված` «Խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ բավարարվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արգամ Սարգսյանի միջնորդությունը, և թիվ 48117212 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Զոհրաբ Հովհաննեսի Եղիկյանի /ծնված 08.05.1980թ., ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, կրթությունը` միջնակարգ, ամուրի, խնամքին ոչ ոք, առողջ, աշխատում է «Հոկտեմբերյանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում` որպես մենեջեր, նախկինում չդատված, բնակվում է ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում/ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 /երկու/ ամիս ժամկետով, որի սկիզբը հաշվվել է 10.09.2012թ.:
Քրեական գործով Զոհրաբ Եղիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Կառլեն Եղիազարյանի հետ 2012 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 19:00-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մշակույթի տան դիմաց վիճաբանել են իրենց հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացի Արամ Մելիքյանի հետ` վերջինիս կողմից մինչ այդ ավտոմեքենայից ընթացքի ժամանակ իրենց ներկայությամբ թքելու պատճառով, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս:
Այնուհետև, նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում, իրենց գյուղի դպրոցի դիմաց վիճաբանության և կռվի է բռնվել համագյուղացի Գոռ Մելիքյանի հետ` վերջինիս կողմից իր ընկեր Մակար Պետրոսյանի հասցեին հնչեցրած հայհոյանքի պատճառով, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, Կառլեն Եղիազարյանն իր ընկեր Զոհրաբ Եղիկյանի հետ, տեղեկանալով, որ Գոռ Մելիքյանից բացի, Մակար Պետրոսյանի հասցեին հայհոյանքներ է տվել նաև համագյուղացի Արման Սարգսյանը, վերջինիս հետ կռվելու նպատակով գնացել են իրենց գյուղի մշակույթի տանը գտնվող թիվ 21/02 ընտրատեղամաս, որտեղ մի խումբ անձանցով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 5-10 րոպե տևողությամբ հավաքված քաղաքացիների և ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ են տվել Արման Սարգսյանի հասցեին, որը զուգորդել են նրա նկատմամբ բռնություն գործադրելով` ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս:
Համաձայն վերը նշված որոշման պատճառաբանության` Դատարանը գտել է, որ սույն գործով առկա են մեղադրյալ Զոհրաբ Եղիկյանին կալանավորելու պայմանները: Մասնավորապես, առկա է հիմնավորված ողջամիտ ենթադրություն /հիմնավոր կասկած/ առ այն, որ Զոհրաբ Եղիկյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, առկա է մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ, առկա է համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործ, առկա է գործի նյութերում Զոհրաբ Եղիկյանին որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու մասին որոշում:
Դատարանը գտել է նաև, որ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ առկա են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերում սահմանված խափանման միջոց կիրառելու այն հիմքերը, որ մեղադրյալ Զոհրաբ Եղիկյանը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և դրանով կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:
Դատարանը, միջնորդությունը բավարարելիս հաշվի է առել մեղադրյալ Զոհրաբ Եղիկյանին մեղսագրվող արարքի բնույթը, վտանգավորության աստիճանը, նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի լինելը և Զոհրաբ Եղիկյանի անձը բնութագրող տվյալները:
Այնուհետև, հաջորդ օրը մեղադրյալի պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել Դատարան Զոհրաբ Եղիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանքի փոխարեն դրա այլընտրանքային խափանման միջոցը` գրավը, կիրառելու մասին:
Դատարանի կողմից հաջորդ օրվա` 13.09.2012թ. կայացված «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ բավարարվել է պաշտպանի միջնորդությունը և մեղադրյալ Զոհրաբ Եղիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման փոխարեն կիրառվել է դրա այլընտրանքային խափանման միջոցը` գրավը, և գրավի չափ է սահմանվել 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը:
Թիվ ԱՐԴ/0064/06/12 և թիվ ԱՐԴ/0065/06/12 դատական գործերով կայացված «Խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումներում Դատարանը նշել է, որ ներկայացված միջնորդությունները բավարարելիս հաշվի է առնում ինչպես Կառլեն Եղիազարյանին, այնպես էլ Զոհրաբ Եղիկյանին մեղսագրվող արարքների «ծանր» հանցագործություններ լինելը, մինչդեռ, Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Կառլեն Եղիազարյանին և Զոհրաբ Եղիկյանին մեղսագրվող արարքներից որևէ մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի իմաստով չի համարվում ծանր հանցագործություն:
Ուշագրավ են նաև Դատարանի կողմից «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումներում տրված ձևակերպումները: Նշված որոշումներում Դատարանը նշել է, որ հաշվի է առնում, որ մի դեպքում Կառլեն Եղիազարյանին, իսկ մյուսում` Զոհրաբ Եղիկյանին մեղադրանք է առաջադրվել «թեթև» հանցագործություն կատարելու համար, մինչդեռ Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության «թեթև» տեսակ գոյություն չունի:
Այսպիսով, անհասկանալի է դատավորի մոտեցումը. ծանր հանցագործություն չհանդիսացող արարքը համարելով ծանր հանցագործություն` նա մի դեպքում այդ փաստը դիտել է որպես հիմք` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, մյուս դեպքում՝ հանցագործության «թեթև» տեսակ գոյություն չունենալու պայմաններում՝ «թեթև» հանցագործություն կատարելը դիտել է որպես հիմք կալանավորումը գրավով փոխարինելու համար:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ նույն դատավորի մոտ առկա է նույն գործով (վերաբերում է ինչպես թիվ ԱՐԴ/0064/06/12, այնպես էլ թիվ ԱՐԴ/0065/06/12 դատական գործերին) իրավական նորմերի կիրառման և դրանց իրավական գնահատման հետ կապված կամայական մոտեցում:
Մինչդեռ, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:
«Դատավորի վարքագծի կանոնների» 1-ին կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Արդարադատություն իրականացնելիս և ոչ դատական գործունեության ընթացքում դատավորը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով:
«Դատավորի վարքագծի կանոնների» 2-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում:
«Դատավորի վարքագծի կանոնների» 6-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո գտնվող վերապատրաստման բոլոր հնարավորությունները:
Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատավորի նման գործունեությունը չի համապատասխանում բարձր մասնագիտական պատրաստվածություն ունենալու պարտականությանը և սոցիալական ձեռնհասության /կոմպետենտության/ և ջանասիրության բարձր աստիճանին ու ստվերում է ՀՀ դատավորի վարքագծի կանոններով ամրագրված` դատավորի, դատարանի և արդարության նկատմամբ հասարակության հավատն ու վստահությունն ամրապնդելուն ուղղված բոլոր ջանքերը, ինչն էլ իր հերթին կարող է խարխլել այդ վստահությունը:
Այնինչ դատավորն իր կարգավիճակով պարտավորված է մշտապես հոգ տանել իր մասնագիտական գիտելիքների մակարդակի և աշխատանքի որակի բարձրացման մասին:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն և դրսևորել է կամայական մոտեցում, որի արդյունքում թույլ են տրվել վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Մ. Սիմոնյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Ես ընդունում եմ հանձնաժողովի արձանագրած փաստը, սակայն դա հետևանք է ոչ թե իմ կողմից իրավական նորմերի կիրառման, դրանց իրավական գնահատման հետ կապված կամայական մոտեցման և մասնագիտական գիտելիքների ցածր մակարդակի, այլ ուղղակի մի պահ անուշադիր լինելու, որի պատճառը եղել է աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած հոգնածությունը (վերը նշված դատական գործերը քննվել և դատական ակտերը կայացվել են երեկոյան ժամերին), որի կապակցությամբ հայցում եմ Ձեր ներողամտությունը»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Թիվ 48117212 քրեական գործով Կառլեն Եղիազարյանին և Զոհրաբ Եղիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս 2012 թվականի սեպտեմբերի 9-ին` ժամը 19:00-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մշակույթի տան դիմաց վիճաբանել են իրենց հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող համագյուղացի Արամ Մելիքյանի հետ` վերջինիս կողմից մինչ այդ ավտոմեքենայից ընթացքի ժամանակ իրենց ներկայությամբ թքելու պատճառով, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս:
Այնուհետև, նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում, իրենց գյուղի դպրոցի դիմաց վիճաբանության և կռվի են բռնվել համագյուղացի Գոռ Մելիքյանի հետ` վերջինիս կողմից իրենց ընկեր Մակար Պետրոսյանի հասցեին հնչեցրած հայհոյանքի պատճառով, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, Կառլեն Եղիազարյանը և Զոհրաբ Եղիկյանը, տեղեկանալով, որ Գոռ Մելիքյանից բացի, Մակար Պետրոսյանի հասցեին հայհոյանքներ է տվել նաև համագյուղացի Արման Սարգսյանը, վերջինիս հետ կռվելու նպատակով գնացել են իրենց գյուղի մշակույթի տանը գտնվող թիվ 21/02 ընտրատեղամաս, որտեղ մի խումբ անձանցով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հավաքված քաղաքացիների և ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, շուրջ 5-10 րոպե տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ են տվել Արման Սարգսյանի հասցեին, որը զուգորդել են նրա նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնաս:
2) Թիվ ԱՐԴ/0064/06/12 և թիվ ԱՐԴ/0065/06/12 գործերով Դատարանի կողմից 12.09.2012թ. կայացված` «Խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումներով բավարարվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արգամ Սարգսյանի միջնորդությունները, արդյունքում Կառլեն Եղիազարյանի և Զոհրաբ Եղիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 /երկու/ ամիս ժամկետով, որի սկիզբը հաշվվել է 10.09.2012թ.:
3) Դատարանի կողմից հաջորդ օրվա` 13.09.2012թ. կայացված՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումներով բավարարվել են պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրյալներ Կառլեն Եղիազարյանի և Զոհրաբ Եղիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման փոխարեն կիրառվել է դրա այլընտրանքային խափանման միջոցը` գրավը, գրավի չափ է սահմանվել 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամը:
4) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.09.2012 թվականի թիվ ԱՐԴ/0064/06/12 և թիվ ԱՐԴ/0065/06/12 գործերով կայացված որոշումներով բավարարվել են դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները, արդյունքում բեկանվել են Դատարանի կողմից 13.09.2012թ. կայացված՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումները:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Մ.Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` հանցագործությունները դասակարգվում են` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:
Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:
Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ` ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը` արտահայտված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Խորհուրդը, համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ հոդվածները և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածում տրված հանցագործությունների դասակարգման հետ, արձանագրում է, որ մեջբերված հոդվածներում նախատեսված արարքները հանդիսանում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ 48117212 քրեական գործով Կառլեն Եղիազարյանին և Զոհրաբ Եղիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների համար: Թիվ ԱՐԴ/0064/06/12 և թիվ ԱՐԴ/0065/06/12 գործերով 12.09.2012 թվականին կայացված՝ «Խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումներում Դատարանը նշել է, որ ներկայացված միջնորդությունները բավարարելիս հաշվի է առնում ինչպես Կառլեն Եղիազարյանին, այնպես էլ Զոհրաբ Եղիկյանին մեղսագրվող արարքների՝ «ծանր» հանցագործություններ լինելը, իսկ նույն գործերով 13.09.2012 թվականին կայացված՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» թվով երկու որոշումներում Դատարանը նշել է, որ հաշվի է առնում, որ մի դեպքում Կառլեն Եղիազարյանին, իսկ մյուսում` Զոհրաբ Եղիկյանին մեղադրանք է առաջադրվել «թեթև» հանցագործություն կատարելու համար:
Մեջբերված փաստերը վերլուծելով, Խորհուրդն արձանագրում է, որ դատավորը (վերաբերում է ինչպես թիվ ԱՐԴ/0064/06/12, այնպես էլ թիվ ԱՐԴ/0065/06/12 գործերին) սխալ իրավական գնահատական է տվել վերոշարադրյալ նորմերին և, հետևաբար նաև՝ սխալ է կիրառել դրանք:
Մասնավորապես, թիվ ԱՐԴ/0064/06/12 և թիվ ԱՐԴ/0065/06/12 գործերով որոշումներ կայացնելիս դատավոր Մ.Սիմոնյանը մեղադրյալներ Կ.Եղիազարյանին և Զ.Եղիկյանին մեղսագրվող ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվող արարքները համարել է ծանր հանցագործություն և մի դեպքում այդ փաստը դիտել է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմք: Մյուս դեպքում՝ այդ նույն արարքները համարել է թեթև հանցագործություն և այդ փաստը դիտարկել է անձի նկատմամբ ընտրված խափանան միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հիմք այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված դասակարգմամբ հանցագործության «թեթև» տեսակ գոյություն չունի:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:
«Դատավորի վարքագծի կանոնների» 1-ին կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Արդարադատություն իրականացնելիս և ոչ դատական գործունեության ընթացքում դատավորը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով:
«Դատավորի վարքագծի կանոնների» 2-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում:
«Դատավորի վարքագծի կանոնների» 6-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո գտնվող վերապատրաստման բոլոր հնարավորությունները:
Վերոգրյալից հետևում է, որ դատավոր Մ. Սիմոնյանը թիվ ԱՐԴ/0064/06/12 և թիվ ԱՐԴ/0065/06/12 դատական գործերով խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցերը քննարկելիս չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն` չապահովելով ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների պատշաճ իմացություն:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Մ.Սիմոնյանը թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Սիմոնյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ռ. Բարսեղյան Կ. Բաղդասարյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Գ. Խանդանյան Գ. Բադիրյան |