Գլխավոր տեղեկություն
Համար
N 1352-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1174
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1352-Ն

 

ՍԵՅՍՄԱՇՐՋԱՆԱՑՄԱՆ (ՍԵՅՍՄԻԿ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ) ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին ու դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով հաստատել սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) աշխատանքների իրականացման կարգը՝ հրամանի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով հաստատել սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը՝ հրամանի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավելով շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների իրավասու մասնագետների:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեյսմամիկրոշրջանացման քարտեզի հաստատման կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՅՍՄԻԿ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ (ՍԵՅՍՄԱՇՐՋԱՆԱՑՄԱՆ) ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. Տարբեր մասշտաբի սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) քարտեզները մշակվում են սեյսմաշրջանացման աշխատանքների իրականացման արդյունքում: Սեյսմաշրջանացման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի համար (ընդհանուր սեյսմաշրջանացում), դրա առանձին մարզերի և մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքների համար (մանրամասն սեյսմաշրջանացում), բնակավայրերի տարածքների ու հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների համար (սեյսմամիկրոշրջանացում):

2. Քարտեզները, համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի, հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը (այսուհետ՝ լիազոր մարմնի ղեկավար): Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտներ) նախագծերը հաստատող լիազոր մարմինն ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազննման նյութերը մինչև շինարարական աշխատանքներն սկսելը ներկայացնում է լիազոր մարմին կամ լիազոր մարմնի սեյսմիկ պաշտպանության ոլորտի տարածքային ստորաբաժանում՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման տվյալների բազայի համալրման համար: Սեյսմիկ պաշտպանության բնագավառում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների շարքը չդասվող օբյեկտներն ընդհանուր նշանակության օբյեկտներ են: Սեյսմիկ պաշտպանության բնագավառում ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ պարամետրերը որոշվում են և սեյսմիկ ռիսկը գնահատվում է օբյեկտների սեփականատերերի հայեցողությամբ:

3. Պատվիրատուն քարտեզը և քարտեզի կազմման համար կատարած աշխատանքների ամփոփագիրը (այսուհետ՝ ամփոփագիր) հանձնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալություն (այսուհետ՝ «ՍՊԾ» գործակալություն)՝ համապատասխան եզրակացությամբ լիազոր մարմնի ղեկավարին հաստատման ներկայացնելու համար: Քարտեզին և դրան կից ներկայացվող ամփոփագրի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները նշված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման N 2 հավելվածում:

4. «ՍՊԾ» գործակալությունն ամփոփագիրը պատվիրատուից ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ստեղծված փորձագիտական խմբում քննարկում և քարտեզն ամփոփագրի վերաբերյալ եզրակացության հետ միասին հաստատման է ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին կամ կից՝ գրավոր հիմնավորված դիտողություններով վերադարձնում է պատվիրատուին՝ լրամշակման: Քարտեզը վերադարձվում է լրամշակման, եթե ամփոփագիրը չի բավարարում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման N 2 հավելվածի պահանջները: Քարտեզների հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պատվիրատուն համապատասխան լրամշակումից հետո ամփոփագիրը կրկին հանձնում է «ՍՊԾ» գործակալություն՝ եզրակացություն ստանալու համար:

6. «ՍՊԾ» գործակալությունը լրամշակված ամփոփագիրն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է քարտեզը և իր եզրակացության հետ միասին ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:

7. Լիազոր մարմնի ղեկավարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է քարտեզը և հանձնում պատվիրատուին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման

 

ՍԵՅՍՄԻԿ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ (ՍԵՅՍՄԱՇՐՋԱՆԱՑՄԱՆ) ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԿԱԶՄԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մարզերի ու բնակավայրերի զարգացման ծրագրերի մշակման ժամանակ կիրառվող սեյսմիկ գոտևորման (սեյսմաշրջանացման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները կազմվում են այդ փաստաթղթերում կիրառվող քարտեզների մասշտաբին ներկայացվող պահանջին համապատասխան մասշտաբով:

2. Սեյսմիկ գոտևորման (սեյսմաշրջանացման) քարտեզները, կախված քարտեզի մասշտաբից, լինում են ընդհանուր սեյսմաշրջանացման քարտեզներ, մանրամասն սեյսմաշրջանացման քարտեզներ և սեյսմամիկրոշրջանացման քարտեզներ:

3. Պետական միջոցների հաշվին սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) աշխատանքներ կարող են իրականացնել՝

1) սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ երկրաֆիզիկական սարքավորումների և ընդերքի ուսումնասիրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների (հորատանցման) տիրապետող կազմակերպությունները.

2) երկրաբանության ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող, երկրաբանություն կամ երկրաֆիզիկա կամ օգտակար հանածոների որոնման և հետախուզման երկրաֆիզիկական եղանակներ կամ սեյսմոլոգիա մասնագիտություններից մեկով առնվազն մեկ գիտական աշխատող ունեցող կազմակերպությունները, կամ այդ աշխատանքները լիազոր մարմին են ներկայացվում երկրաբանություն կամ երկրաֆիզիկա կամ օգտակար հանածոների որոնման և հետախուզման երկրաֆիզիկական եղանակներ կամ սեյսմոլոգիա մասնագիտություններով առնվազն մեկ գիտական աշխատողի եզրակացությամբ:

4. Սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) քարտեզների մշակման համար իրականացվող սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) աշխատանքներում անհրաժեշտ երկրաֆիզիկական սարքավորումների և տեխնիկական միջոցների ցանկը, սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) աշխատանքներ իրականացնող կազմակերպության՝ տեխնիկական միջոցներով և երկրաֆիզիկական սարքավորումներով հագեցվածության աստիճանի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

5. Սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտևորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների մշակման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը։

6. Սեյսմիկ գոտևորման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին կից ներկայացվող ամփոփագիրը բովանդակում է հետևյալ բաժինները՝ տեքստային մաս և տեքստային հավելվածներ, գրաֆիկական մաս և քարտեզի բացատրագիր:

7. Սեյսմիկ գոտևորման քարտեզները կազմվում են՝ առանձնացնելով տարբեր սեյսմիկ վտանգ ունեցող գոտիներ՝ արտահայտված գրունտների առավելագույն հորիզոնական արագացումների արժեքներով, ծանրության ուժի արագացման (g) մասերով:

8. Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները կազմվում են՝ առանձնացնելով սեյսմիկ ռիսկի բարձր, միջին, ցածր մակարդակներ ունեցող գոտիներ:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՅՍՄԱՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Ընդհանուր սեյսմաշրջանացման (այսուհետ՝ ԸՍՇ) քարտեզները կազմվում են երկրաֆիզիկական, երկրաբանական, երկրաձևաբանական, սեյսմաբանական տվյալների կիրառմամբ, ինչպես նաև արբանյակային և աերոտիեզերական լուսանկարների համալիր վերծանմամբ, աերոտիեզերական հեռահար զոնդավորման տվյալների մեկնաբանմամբ, ֆիզիկաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքներով: ԸՍՇ-ի քարտեզները վերանայվում են յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ կամ՝ տարածաշրջանում ուժեղ երկրաշարժից հետո:

10. ԸՍՇ-ի քարտեզը կազմվում է 0.1 g ճշտությամբ:

11. ԸՍՇ-ի հավանականային քարտեզը կազմվում է Հայաստանի Հանրապետության և հարակից տարածքների համար՝ 1:500000 մասշտաբի:

12. ԸՍՇ-ի քարտեզներին կից ներկայացվող ամփոփագիրը ներառում է տեքստային մասը, տեքստային հավելվածը, գրաֆիկական մասը և քարտեզի բացատրագիրը:

 

III. ՄԱՆՐԱՄԱՍՆ ՍԵՅՍՄԱՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

13. Մանրամասն սեյսմաշրջանացման (այսուհետ՝ ՄՍՇ) քարտեզները կազմվում են երկրաֆիզիկական, երկրաբանական, երկրաձևաբանական, սեյսմաբանական, ինժեներասեյսմոլոգիական, ինժեներաերկրաբանական տվյալների կիրառմամբ, ինչպես նաև արբանյակային և աերոտիեզերական լուսանկարների համալիր վերծանմամբ, աերոտիեզերական հեռահար զոնդավորման տվյալների մեկնաբանմամբ, ֆիզիկաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքներով:

14. ՄՍՇ-ի քարտեզները վերանայվում են յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ կամ՝ տարածաշրջանում ուժեղ երկրաշարժից հետո:

15. ՄՍՇ-ի հավանականային քարտեզը կազմվում է Հայաստանի Հանրապետության տարածքի համար՝ 1:100000 մասշտաբի:

16. ՄՍՇ-ի քարտեզը կազմվում է 0.05 g ճշտությամբ:

17. ՄՍՇ-ի քարտեզներին կից ներկայացվող ամփոփագիրը ներառում է տեքստային մասը, տեքստային հավելվածը, գրաֆիկական մասը և քարտեզի բացատրագիրը:

 

 IV. ՍԵՅՍՄԱՄԻԿՐՈՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Սեյսմամիկրոշրջանացման (այսուհետ՝ ՍՄՇ) քարտեզները կազմվում են դաշտային երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքներով՝ օգտագործելով երկրաֆիզիկական, երկրաբանական, երկրաձևաբանական, սեյսմաբանական և ինժեներաերկրաբանական շրջանացման տվյալները:

19. ՍՄՇ-ի քարտեզները վերանայվում են յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ կամ՝ տարածաշրջանում ուժեղ երկրաշարժից հետո:

20. ՍՄՇ-ի քարտեզը կազմվում է 0.05 g ճշտությամբ:

21. ՍՄՇ-ի քարտեզներին կից ներկայացվող ամփոփագիրը ներառում է տեքստային մասը, տեքստային հավելվածը, գրաֆիկական մասը և քարտեզի բացատրագիրը:

 

V. ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները կազմվում են՝ հաշվի առնելով տվյալ տեղանքում հարուցված երկրորդային ռիսկերի առկայությունը, օգտագործելով սեյսմիկ գոտևորման, ինժեներաերկրաբանական, գեոմորֆոլոգիական, դեմոգրաֆիական և ենթակառուցվածքի մասին տեղեկատվությունը, օբյեկտների խոցելիության մակարդակի գնահատումները:

23. Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները վերանայվում են յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ կամ՝ տարածաշրջանում ուժեղ երկրաշարժից հետո:

24. Սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

25. Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներին կից ներկայացվող ամփոփագիրը ներառում է տեքստային մասը, տեքստային հավելվածը, գրաֆիկական մասը և քարտեզի բացատրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան