Գլխավոր տեղեկություն
Համար
N 1351-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1173
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1351-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՆԵՐԱՌՄԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 261-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի (համայնքների) զարգացման ծրագրերում` սահմանված կարգով ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ:

2. Սահմանել, որ՝

1) սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ներառելու համար Հայաստանի Հանրապետության մարզպետների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացված հայտերի հիման վրա կատարվում են սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքներ, որոնց արդյունքում կազմվում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզ.

2) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները կազմվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կողմից տրված տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևին համապատասխան և սահմանված կարգով հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անվճար տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին ու համայնքների ղեկավարներին.

3) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները (առկայության դեպքում) ներառվում են Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի բնական և տեխնածին երևույթների հիմնախնդիրների փաթեթի «Արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանություն» բաժնի «Բնական աղետներ» մասում.

4) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի առդիր ամփոփագրում ներկայացվում են տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկություններ, որոնք հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական ու տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում՝ բնակարանային ֆոնդի, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմակայունության ապահովման նպատակով.

5) սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ իրականացնելու համար, տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների հիման վրա, Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ընդգրկվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ, միջնաժամկետ ու հեռանկարային ծրագրեր:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին`

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հայտերը ներկայացնելը և, սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված առաջարկություններին համապատասխան, մարզային և համայնքային զարգացման ծրագրերում՝ սահմանված կարգով՝ արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառումը` ըստ սահմանված առաջնահերթության (կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռանկարային) և ներկայացնել լիազորված մարմնի համաձայնեցմանը.

2) սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել մարզային զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսվող միջոցներից.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սահմանել հսկողություն Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման նկատմամբ:

5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) ապահովել սեյսմիկ ռիսկի գնահատման համապատասխան քարտեզների կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ ու համայնքներ ներկայացնելը.

2) ապահովել սահմանված կարգով հաստատված սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հանրամատչելիությունը.

3) ապահովել տարածքների սեյսմիկ խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության մարզպետներին և համայնքների ղեկավարներին ներկայացնելը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունել Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտ՝ Հայաստանի Հանրապետության մարզի, բնակավայրի (համայնքի) զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման հայտի ձևը և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևը հաստատելու մասին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սեյսմիկ ռիսկի գնահատման համապատասխան քարտեզների կազմման և սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ, միջնաժամկետ ու հեռանկարային ծրագրերի ֆինանսավորման հնարավորության հարցը սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները ներառելու մասին» N 261-Ն որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 30

Երևան