Գլխավոր տեղեկություն
Համար
N 1297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.24/52(926) Հոդ.1130
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1297-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով և 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական պաշտպանության վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1297-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քաղաքացիական պաշտպանության վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) քաղաքացիական պաշտպանության վտանգավոր տարածք` տարածք, որտեղ հակառակորդի կողմից ոչնչացման ժամանակակից զենքի օգտագործման, ինչպես նաև տեխնածին արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացել են ռադիոակտիվ և քիմիական նյութերով աղտոտում, կենսաբանական գործոնով պայմանավորված վարակ և (կամ) ախտահարում, ինչը հանգեցրել կամ կարող է հանգեցնել բնակչության գերճառագայթահարման, քիմիական թունավորման, վարակիչ հիվանդություններով լոկալ կամ զանգվածային հիվանդացման.

2) քաղաքացիական պաշտպանության ճառագայթային վտանգավոր տարածք` տարածք, որը հակառակորդի կողմից միջուկային զենքի կամ ռադիոակտիվ նյութերի կիրառման հետևանքով, ինչպես նաև միջուկային վթարի կամ ռադիոակտիվ նյութերի հետ կապված միջադեպի արդյունքում ենթարկվել է ռադիոակտիվ աղտոտման, ինչը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել բնակչության գերճառագայթահարման.

3) քաղաքացիական պաշտպանության քիմիական վտանգավոր տարածք` տարածք, որտեղ հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման, թունավոր քիմիական նյութերի օգտագործման արդյունքում, ինչպես նաև թունավոր քիմիական նյութեր օգտագործող գործարանի վթարի կամ այդպիսի նյութերի փոխադրման ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում առաջացել է քիմիական աղտոտում, որը հանգեցրել կամ կարող է հանգեցնել բնակչության թունավորման ու թունավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտման.

4) քաղաքացիական պաշտպանության մանրէաբանական (կենսաբանական) վտանգավոր տարածք` տարածք, որտեղ հակառակորդի կողմից կենսաբանական զենքի կիրառման հետևանքով, ինչպես նաև սուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների չվերահսկվող տարածման արդյունքում առաջացել է մանրէաբանական վարակում, որը հանգեցրել կամ կարող է հանգեցնել բնակչության, կենդանիների ու բուսականության լոկալ կամ զանգվածային հիվանդացման.

5) ճառագայթային իրավիճակ՝ իրավիճակ, որն ստեղծվել է որոշակի տարածքում հակառակորդի կողմից միջուկային զենքի կիրառման կամ ահաբեկչական նպատակներով ռադիոակտիվ միջոցների օգտագործման հետևանքով, ինչպես նաև միջուկային վթարի կամ ռադիոակտիվ նյութերի հետ կապված միջադեպի արդյունքում, ինչը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, կենդանիների և բույսերի կորուստների, մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վնասի, զգալի նյութական կորուստների, որոնց արդյունքում մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանները կխախտվեն.

6) քիմիական իրավիճակ՝ իրավիճակ, որն ստեղծվել է որոշակի տարածքում, որտեղ հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման, թունավոր քիմիական նյութերի օգտագործման հետևանքով, ինչպես նաև՝ թունավոր քիմիական նյութեր օգտագործող գործարանի վթարի կամ այդպիսի նյութերի փոխադրման ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, ինչը հանգեցրել կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, կենդանիների և բույսերի կորուստների, զգալի նյութական կորուստների, մարդկանց առողջության վնասման և շրջակա միջավայրի աղտոտման, որոնց արդյունքում կխախտվեն մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանները.

7) մանրէաբանական իրավիճակ՝ իրավիճակ, որն ստեղծվել է որոշակի տարածքում հակառակորդի կողմից կենսաբանական զենքի կիրառման հետևանքով, ինչպես նաև սուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների չվերահսկվող տարածման արդյունքում, ինչը հանգեցրել կամ կարող է հանգեցնել մարդկային, կենդանիների և բույսերի կորուստների, մարդկանց առողջության վնասման և շրջակա միջավայրի վարակման, զգալի նյութական կորուստների, որոնց արդյունքում մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանները կարող են խախտվել.

8) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներ՝ ռադիոակտիվ նյութեր, վտանգավոր և թունավոր քիմիական նյութեր, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնց ազդեցության արդյունքում կարող են առաջանալ ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակներ.

9) բացահայտում ` քաղաքացիական պաշտպանության (այսուհետ՝ ՔՊ) ուժերի և միջոցների գործողությունների ապահովման տեսակ, որի նպատակն է ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի մասին հավաստի տվյալների հայտնաբերումը, հավաքումն ու հաղորդումը, որոնք անհրաժեշտ են ՔՊ-ի միջոցառումներ իրականացնելու համար.

10) վարակազերծում ` տարածքի, շինությունների, տեխնիկայի, ջրային ռեսուրսի, պարենային հումքի, սննդամթերքի և անասնակերի ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերով աղտոտման, վարակիչ հիվանդությունների հարուցիչներով ախտահարման նվազեցումը մինչև սահմանային թույլատրելի նորմերը` ապաակտիվացման, գազազերծման, ախտահանման և թունազերծման եղանակներով.

11) վնասազերծում` ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերով աղտոտված, վարակիչ հիվանդությունների հարուցիչներով վարակված մարդկանց մաշկածածկույթի և լորձաթաղանթների մեխանիկական մաքրում ու լվացում (սանիտարական մշակում), ինչպես նաև արտակարգ իրավիճակների գոտուց դուրս գալուց առաջ նրանց հագուստի և կոշիկների վարակազերծում:

3. ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտումը և ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական միջոցներից վնասազերծումը և վարակազերծումը ՔՊ-ի ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներից են: ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման նպատակներն են`

1) ՔՊ-ի միջոցառումներ իրականացնելիս՝ շրջակա միջավայրի օբյեկտների (մթնոլորտ, ջրեր, հողեր, ընդերք, կենդանական և բուսական աշխարհ), պարենային հումքի, սննդամթերքի, անասնակերի ռադիոակտիվ, քիմիական ու մանրէաբանական աղտոտվածության բացահայտումը և հնարավոր արագ հետազոտական մեթոդներով որակական և քանակական ցուցանիշների որոշումը.

2) շրջակա միջավայրից վերցված փորձանմուշներում` լաբորատոր պայմաններում ռադիոակտիվ, քիմիական նյութերի բաղադրության ու միկրոօրգանիզմների տեսակի որոշումն ու եզրակացության տրամադրումը.

3) ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտման արդյունքների հիման վրա ռադիոակտիվ, քիմիական նյութերից ու վարակիչ հիվանդությունների հարուցիչներից մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի պաշտպանության առաջնահերթ միջոցառումների իրականացումը։

4. ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտման, ռադիոակտիվ, քիմիական նյութերի ու վարակիչ հիվանդությունների հարուցիչների վնասազերծման և վարակազերծման գործընթացի համակարգումը, այդ գործընթացում ներգրավված հանրապետական գործադիր մարմինների հետ փոխգործողության կազմակերպումն իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազոր մարմինը:

 

II. ՔՊ-Ի ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտման գործընթացում ներգրավվում են`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

6. ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտման գործընթացը ներառում է դրանում ներգրավված մարմինների կողմից իրականացվող հետևյալ գործառույթները`

1) ճառագայթային հետախուզություն, որի ժամանակ իրականացվում են՝

ա. շրջակա միջավայրում գամմա ճառագայթման դոզայի հզորության չափում (գամմամոնիթորինգ),

բ. ռադիոակտիվ աղտոտվածությամբ տարածքների հայտնաբերումը և դրանց սահմանների որոշումը,

գ. ռադիոակտիվ աղտոտվածությամբ տարածքներում ռադիոակտիվ աղտոտվածության չափում և քարտեզագրում,

դ. փրկարարական աշխատանքների շրջանում մշտական ճառագայթային մոնիթորինգ,

ե. ռադիոակտիվ աղտոտվածությամբ տարածքներում ճառագայթային անվտանգության պահանջների ապահովում (տարածքների մուտքի և դրանցից ելքի սահմանափակում, տարածքներից դուրս եկող անձանց և տեխնիկայի ապաակտիվացում, տարածքում գտնվելու ժամանակի սահմանափակում և այլն),

զ. տեղական արտադրության սննդամթերքում, խմելու ջրում ռադիոակտիվ նյութերի պարունակության, ինչպես նաև ռադիոակտիվ աղտոտվածությամբ տարածքում գտնվող շինությունների, տեխնիկայի և սարքավորումների ռադիոակտիվ աղտոտվածության ճառագայթային մոնիթորինգ.

2) քիմիական հետախուզություն, որի ժամանակ իրականացվում են`

ա. աղտոտված տեղանքում թունավոր նյութի հայտնաբերում և աղտոտման գոտու սահմանների, ինչպես նաև տեղանքի աղտոտման քանակական ցուցանիշների (խտության) որոշում,

բ. քիմիական նյութի ագրեգատային վիճակի (հեղուկ, գազային, աերոզոլային, գոլորշագազային) և դրա տարածման ուղղությունների որոշում,

գ. օդի, հողի, ջրային ռեսուրսի, տեխնիկական միջոցներից, շինություններից և այլ առարկաներից փորձանմուշների նմուշառում` հետագա լաբորատոր հետազոտության համար,

դ. վարակման գոտուն մոտենալու և բնակչության տարահանման երթուղիների որոշում,

ե. օդի, հողի, ջրային ռեսուրսների, բաց ջրամբարների, տեխնիկայի, շինությունների, սարքերի գազազերծման լիակատարության որոշում.

3) մանրէաբանական հետախուզություն, որի ժամանակ իրականացվում են`

ա. շրջակա միջավայրում կենսաբանական միջոցների (հարուցիչի) հայտնաբերում, հայտնաբերված միկրոօրգանիզմների տեսակների որոշում,

բ. մանրէաբանական վարակման գոտիների սահմանների որոշում,

գ. վթարավերականգնողական և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքներում մշտական հիգիենիկ և հակահամաճարակային, ինչպես նաև կենդանահամաճարակային հսկողություն.

4) ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտման տվյալների օպերատիվ կառավարում, որի ընթացքում իրականացվում են`

ա. ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման գործընթացների տվյալների հավաք, մշակում և վերլուծում` իրավիճակի գնահատման և ՔՊ-ի պետին ներկայացնելու համար՝ բնակչության պաշտպանության նպատակով ՔՊ-ի միջոցառումներ իրականացնելու համար,

բ. մինչև ճառագայթային, քիմիական և մանրէաբանական հետախուզության տվյալների ստացումը՝ հնարավոր իրավիճակի կանխատեսում և գնահատում, որի ժամանակ սահմանվում են հնարավոր վարակման գոտիները, նշվում հատկապես բարձր աղտոտվածության տեղանքը և օբյեկտները, հաշվարկվում կորուստները,

գ. ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքների ծավալների որոշում:

7. ՔՊ-ի վտանգավոր տարածքների բացահայտման գործընթացում ներգրավված մարմինների խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խնդիրներն են`

ա. ներգրավված մարմիններին ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը,

բ. վտանգավոր տարածքների բացահայտման գործընթացում ներգրավված մարմինների գործունեության համակարգումն ու փոխգործողության կազմակերպումը ռազմական դրության պայմաններում,

գ. ճառագայթային, քիմիական օպերատիվ հետախուզության և մոնիթորինգի իրականացումը,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, քիմիական նյութերով և միկրոօրգանիզմներով վարակվածության մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծությունը և ընդհանրացումը,

ե. Հայաստանի Հանրապետությունում քիմիական և մանրէաբանական իրավիճակի կանխատեսումը և դրա կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը,

զ. մասնակցությունը մթնոլորտի, ջրային ռեսուրսների ու տեղանքի՝ մարտական և ուժեղ ներգործող թունավոր նյութերով վարակվածության որոշմանը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրներն են`

ա. հավանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի տեսակների կիրառման հայտնաբերումը,

բ. ճառագայթային, քիմիական, դոզաչափական հսկողության իրականացումը,

գ. հնարավոր քիմիական իրավիճակի գնահատումը` ժամանակակից զենքի կիրառումից կամ վտանգավոր օբյեկտների փլուզումների և վթարների դեպքում,

դ. ներգրավված մարմիններին ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը,

ե. քիմիական իրավիճակի հետևանքների գնահատումը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն են`

ա. հակառակորդի կողմից կիրառված կենսաբանական զենքի կազմի մեջ գտնվող միկրոօրգանիզմների տեսակի որոշումը,

բ. վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտությունների և փորձագիտական ուսումնասիրությունների իրականացումը շրջակա միջավայրի օբյեկտներում,

գ. վարակիչ հիվանդությունների օջախներում, ինչպես նաև հատուկ վտանգավոր, այդ թվում՝ բնական օջախայնություն ունեցող վարակիչ հիվանդությունների նկատմամբ սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական հետազոտության կազմակերպումը, իրականացումը և հսկողության սահմանումը,

դ. հայտնաբերված միկրոօրգանիզմների տեսակների որոշումը,

ե. պետական սահմանի անցման կետերում ուժեղացված սանիտարահամաճարակային հսկողության իրականացումը,

զ. համաճարակային իրավիճակի գնահատումը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խնդիրներն են`

ա. կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտությունների անցկացումը,

բ. ներգրավված մարմիններին ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը,

գ. պարենային հումքի, սննդամթերքի, անասնաբուժական-սանիտարական փորձաքննության անցկացումը հավատարմագրված լաբորատորիաների կողմից,

դ. մշակաբույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման և հողերի քիմիական վարակվածության որոշման նպատակով լաբորատոր հետազոտությունների անցկացումը,

ե. սահմանային անցման կետերում ուժեղացված սանիտարական և անասնահամաճարակային հսկողության իրականացումը,

զ. անասնահամաճարակային իրավիճակի գնահատման նպատակով համաճարակի գոտում անասնաբուժական և սանիտարահամաճարակաբանական հետազոտությունների անցկացումը,

է. մարդու և կենդանիների համար ընդհանուր և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և պայքարի անասնաբուժական-սանիտարական միջոցառումների կազմակերպումը, համակարգումը և իրականացումը,

ը. կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններից կենդանիների հիվանդացության պաշտպանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, նրա տարածքային մարմինների և շահագրգիռ այլ պետական մարմինների միջև փոխհամագործակցությունը.

5) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության խնդիրներն են`

ա. շրջակա միջավայրի օբյեկտների (մթնոլորտ, ջրեր, հողեր, ընդերք, կենդանական և բուսական աշխարհ) շրջակա միջավայրի վիճակի ռեժիմային ու հատուկ դիտարկումների և վիճակի պետական փորձաքննության ապահովումը,

բ. մթնոլորտի, ջրային ռեսուրսների ու տեղանքի՝ մարտական և ուժեղ ներգործող թունավոր նյութերով աղտոտվածության որոշումը,

գ. շրջակա միջավայրի քիմիական աղտոտվածության սահմանների որոշումը,

դ. քիմիական իրավիճակի գնահատման աշխատանքներին մասնակցությունն ու աջակցությունը,

ե. շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովումը,

զ. շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և դրանց աղբյուրների բացահայտման, ուսումնասիրության ու մոնիթորինգի (մշտադիտարկման) չափորոշիչների մշակումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի խնդիրներն են`

ա. ճառագայթային իրավիճակի բացահայտման աշխատանքների իրականացումն ու հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի բնորոշումը (նյութերի բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշում) և դրա վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների կազմումը,

բ. ճառագայթային իրավիճակի գնահատման աշխատանքների իրականացումը,

գ. ճառագայթային իրավիճակի (իրավիճակների) փոփոխությունների կանխատեսումների հիման վրա՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով,

դ. հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի վնասազերծման վերաբերյալ մասնագիտական առաջարկություններ ներկայացնելը:

 

III. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. ՔՊ-ի վտանգավոր տարածքների ճառագայթային, քիմիական և վարակիչ հիվանդությունների հարուցիչներից վարակազերծման ու վնասազերծման գործընթացում ներգրավված մարմիններն են`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

9. Ճառագայթային, քիմիական ու վարակիչ հիվանդությունների հարուցիչներից վարակազերծման ու վնասազերծման գործընթացը ներառում է հետևյալ գործառույթները`

1) վարակազերծման ուղղությամբ`

ա. վարակազերծման անցկացման վայրերի ու աշխատանքի ծավալների որոշման աշխատանքների իրականացում,

բ. գազազերծում (դեգազացիա)՝ թունավոր նյութերի վնասազերծում՝ դրանց քայքայման, չեզոքացման, հեռացման միջոցով, կիրառելով քիմիական, ֆիզիկաքիմիական և (կամ) մեխանիկական մեթոդներ,

գ. ապաակտիվացում (դեզակտիվացիա)՝ որևէ մակերեսից կամ միջավայրից ֆիզիկաքիմիական կամ մեխանիկական եղանակով ռադիոակտիվ իզոտոպների լրիվ կամ մասնակի հեռացում՝ ապահովելով առաջացած հեղուկ և պինդ թափոնների ժամանակավոր պահումը՝ հետագայում դրանց անվտանգ կառավարման համար,

դ. ախտահանում (դեզինֆեկցիա)՝ ախտածին միկրոօրգանիզմների և դրանց արտադրած տոքսինների ոչնչացում՝ քիմիական, ֆիզիկական, մեխանիկական եղանակներով,

ե. սպառազինության և տեխնիկայի մասնակի ու լիակատար հատուկ մշակում՝ համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ,

զ. ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական միջոցներից շրջակա միջավայրի օբյեկտների (մթնոլորտ, ջրեր, հողեր, ընդերք, կենդանական և բուսական աշխարհ), պարենային հումքի, սննդամթերքի, անասնակերի վարակազերծում՝ համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ,

է. ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական միջոցներից վարակազերծման աշխատանքների ընթացքում անձնակազմի անհատական պաշտպանության ապահովման միջոցառումների իրականացում.

2) վնասազերծման ուղղությամբ`

ա. վնասազերծման անցկացման վայրերի ու աշխատանքի ծավալների որոշման աշխատանքների իրականացում,

բ. բնակչության, ինչպես նաև փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներում ներգրավված ուժերի մասնակի սանիտարական մշակում՝ հատուկ նյութերի կիրառմամբ,

գ. բնակչության, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներում ներգրավված անձնակազմի ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերով աղտոտված, ախտածին միկրոօրգանիզմներով վարակված մաշկածածկույթի և լորձաթաղանթների մեխանիկական մաքրում ու լվացում, լիակատար սանիտարական մշակում՝ ցնցուղարաններում, բաղնիքներում, հատուկ կահավորված հարթակներում,

դ. արտակարգ իրավիճակի գոտուց դուրս գալուց առաջ հագուստի և կոշիկների հատուկ մշակում,

ե. վնասազերծման աշխատանքներում ներգրավված անձնակազմի անհատական և բժշկական պաշտպանության ապահովման միջոցառումների իրականացում,

զ. վնասազերծման անցկացման վայրերում գտնվող բնակչության անհատական պաշտպանության և բժշկական օգնության ապահովման միջոցառումների իրականացում:

10. ՔՊ-ի վտանգավոր տարածքների ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական միջոցներից վարակազերծման ու վնասազերծման գործընթացում ներգրավված մարմինների խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խնդիրներն են`

ա. կառավարման մարմինների ու բնակչության իրազեկման և տեղեկատվության կազմակերպումը՝ ՔՊ-ի վտանգավոր տարածքների, ճառագայթային, քիմիական նյութերի և ախտածին միկրոօրգանիզմների վարակազերծման ու վնասազերծման միջոցառումների ընթացքի վերաբերյալ,

բ. մասնակցությունը բնակչության պաշտպանության նպատակով իրականացվող ՔՊ-ի վտանգավոր տարածքների ճառագայթային, քիմիական աղտոտման վարակազերծման և վնասազերծման գործընթացին,

գ. փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող անձնակազմի սանիտարական մշակման, հագուստի վնասազերծման աշխատանքների իրականացումը,

դ. վտանգավոր տարածքների ճառագայթային, քիմիական նյութերից վարակազերծման լիարժեքության որոշումը,

ե. ՔՊ-ի վտանգավոր տարածքների ճառագայթային, քիմիական նյութերից վարակազերծման և վնասազերծման աշխատանքներում ներգրավված անձնակազմի կողմից անձնական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրներն են`

ա. մարդկանց, կենդանիների և տեխնիկայի հատուկ մշակման կետերի (օբյեկտների) ծավալումը,

բ. տեղանքի, տեխնիկայի, սպառազինության, շինությունների մասնակի և լիակատար հատուկ մշակումը (վարակազերծումը)՝ համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ,

գ. անձնակազմի սանիտարական մշակման, ինչպես նաև հագուստի վնասազերծման աշխատանքների իրականացումը,

դ. ըստ անհրաժեշտության մասնակցությունը բնակչության մասնակի սանիտարական մշակման աշխատանքներին.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդիրներն են`

ա. բնակչության սանիտարական մշակման վայրերի` կետերի և հարթակների ծավալման աշխատանքների իրականացումը,

բ. մասնակցությունը բնակչության լիակատար սանիտարական մշակման աշխատանքներին,

գ. բնակչության սանիտարական մշակման աշխատանքների ընթացքում բժշկական հսկողության իրականացումը,

դ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ առաջարկություններ ներկայացնելը՝ տվյալ տեղանքի, բնակավայրի վարակազերծման ու վնասազերծման գործընթացի ժամանակ կարանտինային ռեժիմի սահմանման և իրականացման նպատակով,

ե. բժշկական օբյեկտների, տեխնիկայի մասնակի և լիակատար հատուկ մշակում (վարակազերծում)՝ համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության խնդիրներն են`

ա. գյուղատնտեսական կենդանիների հատուկ և անասնաբուժական-սանիտարական մշակման վայրերի ծավալման աշխատանքների իրականացումը,

բ. տեխնիկական աջակցության ցուցաբերումը գյուղական բնակավայրերի բնակչության սանիտարական մշակման աշխատանքներին,

գ. գյուղատնտեսական օբյեկտների, անասնակերի, պարենային հումքի, սննդամթերքի, տեխնիկայի մասնակի և լիակատար հատուկ մշակումը (վարակազերծումը)՝ համապատասխան տեխնիկական միջոցների և նյութերի կիրառմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան