Գլխավոր տեղեկություն
Համար
N 342-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.10.2012-25.10.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.17/21(230) Հոդ.270
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.07.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006234

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 հուլիսի 2006 թ.

N 342-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.09.12 թիվ 253-Ն)

1. Հաստատել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հուլիսի 13
Երևան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հուլիսի 4-ի
թիվ 342-Ն որոշման

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Սույն ուղեցույցը «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգող արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը:

2. Սույն ուղեցույցի համաձայն՝ հայաստանյան մասնակիցներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, և որոնք դիմել են Կենտրոնական բանկ՝ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու համար:

3. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն ուղեցույցի 1-ին կետի կիրառման նպատակով սահմանվում է, որ հայաստանյան մասնակցի նկատմամբ վերահսկողության իրականացման կամ հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվության տրամադրման ժամանակ կամ համակարգի գործունեության կանոններում որոշակի տեսակի փոփոխությունների տեղի ունենալու դեպքում հայաստանյան մասնակցի կողմից Կենտրոնական բանկին տեղեկացնելու ժամանակ, սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերից (դեպքերից) ցանկացածի բացահայտման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել մասնակցությունը արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում կամ ուժը կորցրած ճանաչել իր կողմից տրված` մասնակցելու թույլտվությունը:

4. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը կարող են վտանգվել այն դեպքերում, երբ.

4.1. արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի (այսուհետ՝ օպերատոր) կողմից ընդունված համակարգի գործունեության կանոններում (և/կամ) հայաստանյան մասնակցի և օպերատորի միջև կնքված պայմանագրում, և/կամ ցանկացած այլ փաստաթղթում, որով կարգավորվում են հայաստանյան մասնակցի և օպերատորի միջև հարաբերությունները՝

ա) սահմանված է օպերատորի իրավասությունը՝ զրկելու հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում անդամակցությունից, և միաժամանակ սահմանված չեն զրկելու պայմանները (պատճառները, հիմքերը) և ընթացակարգերը (այդ թվում՝ տեղեկացման), կամ վերջիններս սահմանված են ոչ հստակ (կարող են ոչ միանշանակորեն մեկնաբանվել), կամ

բ) հայաստանյան մասնակցին արգելվում է այլ նմանատիպ վճարահաշվարկային համակարգերում մասնակցությունը, կամ

գ) հանրային նշանակություն ունեցող վճարահաշվարկային համակարգերում սահմանված են անդամակցությունից զրկելու հիմքեր (պայմաններ), որոնք այլ են, քան հայաստանյան մասնակցի կողմից իր պարտավորությունների չկատարումը կամ օպերատորի երկրի իրավասու մարմնի որոշումը, կամ Հայաստանի Հանրապետության՝ Ֆինանսական գործառնությունների հատուկ հանձնախմբի չհամագործակցող երկրների ցուցակներում ընդգրկված լինելը, որոնց համար սահմանված են անդամակցությունից զրկելու եռամսյա նախնական գրավոր տեղեկացումից ավելի կարճ ժամկետներ, կամ

դ) հանրային նշանակություն ունեցող վճարահաշվարկային համակարգերում սահմանված չէ օպերատորի պարտավորությունը՝ առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնելու հայաստանյան մասնակցին համակարգի գործունեության կանոնների փոփոխման մասին,

ե) սահմանված չեն իրացվելիության, վարկային, հաշվարկային, կամ տեխնիկական ռիսկերի զսպման, սահմանափակման մեխանիզմներ, որոնց բացակայության կամ անբավարարության հետևանքով հայաստանյան մասնակիցը կարող է կրել ֆինանսական կորուստներ (որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հայաստանյան ֆինանսական շուկայի այլ մասնակիցների վրա), կամ կարող է խալխլվել վերջինիս բարի համբավը,

զ) Սահմանված չէ օպերատորի պարտավորությունն ապահովել իր համակարգի սպասարկումը հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում.

սահմանված չէ համակարգի օպերատորի պարտավորությունն իր համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների և (կամ) համակարգը սպասարկող ինքնասպասարկման սարքավորումների (սպասարկման կետերի) հասցեների (առնվազն բնակավայրերի) վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում/էլեկտրոնային տեղեկատուներում և ուղղակի ձևով (առանց հղումների) իր ինտերնետային կայքում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում:

4.1.1. Օպերատորը չի ապահովում սույն կետի 4.1 ենթակետով սահմանված պահանջները:

4.2. Օպերատորի գործունեությունը կարգավորվում է այն երկրի օրենսդրությամբ, որը ներառված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 292-Ն որոշմամբ հաստատված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն չունեցող պետությունների և տարածքների ցանկում»:

4.3. Օպերատորը կամ վերջինիս սեփականատերերից որևէ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի կողմից սահմանված՝ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ու կազմակերպությունների ցանկերում:

4.4 Օպերատորը Հայաստանի Հանրապետությունում ծառայություններ է մատուցելու (մատուցում է) միայն մեկ հայաստանյան մասնակցի միջոցով կամ օպերատորը այլ երկրների համեմատ անհավասար պայմաններ է սահմանում (ստեղծում) համակարգին հայաստանյան մասնակիցների մասնակցության համար կամ օպերատորը մասնակցության անհավասար պայմաններ է սահմանում տարբեր հայաստանյան մասնակիցների համար կամ օպերատորն իր վարքագծով հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեuական մրցակցության uահմանափակմանը: Սույն ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն հայցող (կամ մասնակցող) հայաստանյան մասնակիցը կամ համակարգի օպերատորը կարող է ներկայացնել համապատասխան հիմնավորում սույն ենթակետով սահմանված հիմքերի առկայության անխուսափելիության կամ անհրաժեշտության վերաբերյալ: Այդ հիմնավորումները Կենտրոնական բանկի կողմից ընդունվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված հիմքերը չեն համարվի արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաuտանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությանը և (կամ) իրացվելիությանը և (կամ) վճարունակությանը վտանգող հիմքեր:

(4-րդ կետը լրաց. 23.09.08 թիվ 275-Ն, 09.11.10 թիվ 302-Ն, փոփ., լրաց. 18.09.12 թիվ 253-Ն)

5. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի կամ հաշվարկային բանկի գործունեության դադարեցման կամ վերջիններիս երկրի իրավասու մարմնի կողմից ժամանակավոր ադմինիստրացիայի, կառավարչի կամ նման այլ մարմնի նշանակման դեպքերում, հայաստանյան մասնակցի տվյալ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հետագա մասնակցության հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի կողմից՝ հայաստանյան մասնակցի ֆինանսական կայունության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգվելու տեսանկյունից:

6. Սույն ուղեցույցի իմաստով՝ համակարգը հանրային նշանակություն ունի, եթե

ա) այդ համակարգով իրականացվում են ֆինանսական շուկաներում գործառնությունների հետ կապված հաշվարկները, կամ

բ) այն որոշակի տեսակի վճարումներ կատարելու միակ համակարգն է Հայաստանի Հանրապետությունում, կամ

գ) այդ համակարգով միջին տարեկան կտրվածքով իրականացվում են նման վճարումների ծավալի 10%-ից ավելի վճարումներ:

(հավելվածը լրաց. 23.09.08 թիվ 275-Ն, 09.11.10 թիվ 302-Ն, փոփ., լրաց. 18.09.12 թիվ 253-Ն)