«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60512357
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 սեպտեմբերի 2012 թ. ք. Երևան |
N 844-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «թ1» կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության կարգը և նրանց գործառույթները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 31-ի «Քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները հաստատելու մասին» N 13-Ն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 1-ի «Էթիկայի հանձնաժողովների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1050-Ն որոշումները:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Հավելված ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2012 թ. սեպտեմբերի 26-ի N 844-Ն որոշման |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտը տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ Հանձնաժողով) վրա:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն իրավական ակտով և այլ իրավական ակտերով:
3. Յուրաքանչյուր համապատասխան մարմնում ստեղծվում է Հանձնաժողով, որը ձևավորում է համապատասխան մարմնի ղեկավարը միաժամանակ նշանակելով Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
4. Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում Հանձնաժողովը ձևավորում է աշխատակազմի ղեկավարը:
5. Հանձնաժողովը բաղկացած է քաղաքացիական ծառայող համարվող առնվազն 5 անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող քաղաքացիական ծառայողները պետք է զբաղեցնեն առնվազն գլխավոր խմբի պաշտոն:
6. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են՝
1) անձնական դիմումի հիման վրա.
2) առնվազն երեք անգամ Հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում.
3) էթիկայի կանոնները խախտելու դեպքում:
7. Եթե Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը համալրվում է՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
8. Հանձնաժողովի աշխատանքների նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացնում է համապատասխան մարմնի աշխատակազմը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է՝ նպաստել համապատասխան մարմնում էթիկայի կանոնների պահպանմանը:
10. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում`
1) քննության է առնում իրեն ուղղված հարցերը.
2) քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունում է եզրակացություններ կամ պարզաբանումներ, ներկայացնում միջնորդություններ.
3) Քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ). կամ համապատասխան մարմնի առաջարկությամբ անցկացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում պարզաբանումներ կամ եզրակացություններ.
4) իր գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակ հաղորդում է ներկայացնում Հանձնաժողով ձևավորելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.
5) սահմանում է իր աշխատակարգը.
6) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
11. Հանձնաժողովի քննարկմանը կարող են ներկայացվել քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների խախտման, դրանց պահպանման, պահպանմանը խոչընդոտելու վերաբերյալ հարցեր:
12. Սույն կանոնադրության 11-րդ կետով նախատեսված հարցերը չպետք է առնչվեն քրեական, վարչական, կարգապահական և այլ իրավական պատասխանատվություն առաջացնող հարցերի հետ:
13. Հանձնաժողովի քննարկմանը հարցեր կարող են ներկայացնել՝
1) քաղաքացիները.
2) Հանձնաժողով ձևավորելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը.
3) Խորհուրդը.
4) համապատասխան մարմնի աշխատողները.
5) հասարակական միավորումները:
14. Հանձնաժողովի քննարկմանը հարցերը պետք է ներկայացվեն գրավոր: Հանձնաժողովում գրավոր դիմումը պարտադիր ենթակա է քննության:
15. Հանձնաժողովը հարցերը քննարկում է դիմումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը Հանձնաժողովը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան մեկ շաբաթ:
16. Քաղաքացիական ծառայողները կարող են դիմել Հանձնաժողովին` պարզաբանումներ ստանալու էթիկայի կանոնների պահպանման վերաբերյալ: Հանձնաժողովը այդ դիմումներին պատասխանում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
17. Եթե Հանձնաժողովը սահմանված ժամկետում չի ընդունում համապատասխան եզրակացություն կամ տրամադրում պարզաբանում, ապա սույն կանոնադրությանը համաձայն Հանձնաժողով ձևավորելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ձևավորում է նոր Հանձնաժողով: Նոր Հանձնաժողովն իր աշխատանքները սկսում է նախկին Հանձնաժողովի կողմից չքննարկված հարցի քննարկումով:
18. Հանձնաժողովի քննարկմանը հարց ներկայացրած անձի կամ այն անձի, ում հետ կապված է ներկայացված հարցի քննությունը, բացակայությունը չի խոչընդոտում Հանձնաժողովի կողմից տվյալ հարցի քննությանը:
19. Հանձնաժողովը հարցերի քննարկմանը կարող է ներգրավել շահագրգիռ անձանց, մասնագետների և այլոց:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
20. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի կեսից ավելի անդամների նախաձեռնությամբ` գրավոր դիմումի առկայության պարագայում:
21. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի առնվազն կեսից ավելի անդամների մասնակցության դեպքում:
22. Հանձնաժողովը դիմում ներկայացրած անձից և շահագրգիռ անձանցից կարող է պահանջել ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումներ, բացատրություններ, փաստաթղթեր, և այլ հիմքեր, որոնք հնարավորություն կտան պարզել էթիկայի կանոնների խախտման առկայությունը կամ բացակայությունը:
23. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) կազմում է Հանձնաժողովի նիստի օրակարգը, որոշում նիստի անցկացման ժամանակը և վայրը.
4) որոշում է Հանձնաժողով ներկայացրած հարցերի քննարկման հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
5) ստորագրում է Հանձնաժողովի անունից կազմվող գրությունները.
6) Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.
7) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
24. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, անհրաժեշտ այլ նյութերի, ինչպես նաև եզրակացությունների, պարզաբանումների և միջնորդությունների նախագծերի պատրաստումը.
2) Հանձնաժողովի անդամներին, այն անձին, ում ներկայացմամբ քննարկվում է հարցը և ում հետ կապված է հարցի քննությունը, ողջամիտ ժամկետում տեղեկացնում է Հանձնաժողովի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին.
3) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը և ստորագրում այն.
4) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները.
5) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
25. Հանձնաժողովի անդամը`
1) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ նրա բացակայության դեպքում վարում է Հանձնաժողովի նիստերը.
2) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.
3) առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ.
4) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները.
5) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
26. Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն էթիկայի կանոնների խախտման կամ բացակայության մասին:
27. Էթիկայի կանոնների պահպանման մասով քաղաքացիական ծառայողի կողմից անհրաժեշտ վարքագիծ դրսևորելու համար Հանձնաժողովը տրամադրում է պարզաբանումներ:
28. Հանձնաժողովի եզրակացությունները և պարզաբանումները ստորագրվում են Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների կողմից:
29. Հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են քվեարկությամբ՝ Հանձնաժողովի նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:
30. Հանձնաժողովի եզրակացությունները, դրանք ընդունելուց հետո հաջորդ աշխատանքային օրը տրամադրվում են այն անձին, ում ներկայացմամբ քննարկվել է հարցը և ում հետ կապված էր հարցի քննությունը, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
31. Հանձնաժողովի պարզաբանումները պարտադիր են տվյալ մարմնի քաղաքացիական ծառայողների համար:
32. Հանձնաժողովի պարզաբանումների հասանելիությունը համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողներին` ապահովում է համապատասխան մարմնի աշխատակազմը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|