Գլխավոր տեղեկություն
Համար
N 746
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (11.10.2012-15.11.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«20» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2000 թվականի N 746
 
 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ:

2. Հաստատել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):

2.1. Սահմանել, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հիմնադրի անունից հանդես եկող կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:

(2.1-ին կետը լրաց. 27.09.12 N 1228-Ն)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին հատկացնել 100 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 20-ից:

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

նոյեմբերի 20-ի N 746 որոշմամբ

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 20-ի N 746 որոշման

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր): Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է:

3. Հիմնադիրը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան` օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

4. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 100 հազ. դրամի չափով գույքային ներդրում:

5. Հիմնադրամի անվանումն է՝

1) հայերեն լրիվ՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ.

2) հայերեն կրճատ՝ «Նորավանք» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ՝ научно-образовательный фонд «Нораванк».

4) ռուսերեն կրճատ՝ фонд «Нораванк».

5) անգլերեն լրիվ Scientific-educational found «Noravank».

6) անգլերեն կրճատ՝ Found «Noravank»:

6. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի փող., շենք 23/1:

7. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, ինչպես նաև՝ հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրություններին համապատասխան:

8. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

9. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

10. Հիմնադրամը կարող է ունենալ նաև իր անվամբ կնիք, ինչպես նաև անկյունադրոշմ և ձևաթուղթ:

11. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

12. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

13. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործվում են միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Հիմնադրամի նպատակներն են՝

1) ռազմավարական հետազոտությունների և գիտակրթական գործունեության իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում գիտական մտքի համախմբումը.

3) մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.

4) տեղեկատվական ցանցի ստեղծումը և հրատարակչական գործունեության իրականացումը.

5) գիտական սեմինարների, կոնֆերանսների, համաժողովների անցկացումը։

16. Հիմնադրամը, սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) հրատարակչական գործունեության իրականացում, այդ թվում՝ գրքերի, տեղեկագրերի հրատարակություն և հրատարակչական այլ գործունեություն.

2) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.

3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում.

4) հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական ու խորհրդատվական աշխատանքների կազմակերպում և իրականացում:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

17. Հիմնադրամի շահառուներն են Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ոչ պետական կազմակերպությունները, սփյուռքի ազգային և հասարակական կազմակերպությունները, գիտական և կրթական կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

18. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան՝ իրավունք ունի՝

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

6) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

19. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

20. Հիմնադրամը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

 21. Հիմնադրամը պարտավոր է հիմնադրամում ներդրում կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով՝ 5-օրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, դրանում կատարվող լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձանց պահանջով նրանց տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Նշված փաստաթղթերն իրավասու պետական մարմիններին տրամադրվում են անվճար:

22. Հիմնադրամին օգնություն ցուցաբերող անձինք (այդ թվում՝ հիմնադրամի հիմնադիրը) իրավունք ունեն`

1) մասնակցելու հիմնադրամի գործունեությանը.

2) հիմնադրամի կառավարման մարմինների կողմից, ինչպես նաև կնքված պայմանագրերով սահմանված պայմաններով, հիմնադրամի խնդիրներին ու նպատակներին համապատասխան, ստանալու խորհրդատվական, փորձագիտական, միջնորդական, գիտատեխնիկական և այլ օգնություն.

3) հիմնադրամի միջոցով ստեղծելու և զարգացնելու երկկողմ ու բազմակողմ կապեր.

4) ցանկացած ժամանակ դադարեցնելու հիմնադրամի աշխատանքներին իրենց մասնակցությունը:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

23. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:

24. Խորհուրդը կազմված է տասն անդամից: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Խորհրդի առաջին անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

25. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է օրենքով սահմանված դեպքերում: Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում խորհրդի նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

26. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) ներկայացնելու առաջարկություններ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

27. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:

28. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, եթե սույն կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն.

6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) հոգաբարձուների խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

11) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

14) տարեկան մեկ անգամ գործադիր տնօրենի հաշվետվությունները լսելը.

15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

19) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

29. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

30. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.

5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:

31. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

32. Տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

33. Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը:

34. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:

35. Հիմնադրամի տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

10) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ:

36. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

37. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:

38. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնադրության 40-րդ և 41-րդ կետերով նախատեսված դեպքերի:

39. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

40. Հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

41. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

42. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

43. Խորհրդի որոշմամբ՝ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:

44. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

45. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:

46. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

47. Խորհրդի նիստերի արձանագրությունների և որոշումների նախագծերի վերջնական տարբերակները համաձայնեցվում են խորհրդի անդամների հետ, որից հետո դրանք ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

48. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

49. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, մարզական, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

50. Հիմնադրամի սեփականությունն է համարվում իր կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված ունեցվածքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները:

51. Հիմնադրամի ամբողջ ունեցվածքը, տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները համարվում են նրա սեփականությունը և չեն կարող որպես շահույթ հատկացվել հիմնադրամի հիմնադրին: Հիմնադրամը տնօրինում, օգտագործում և տիրապետում է իր ունեցվածքը` միայն այդ գույքի նշանակությանը համապատասխան և միայն սույն կանոնադրությամբ սահմանված՝ հիմնադրամի նպատակների իրականացման համար:

52. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով` միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:

53. Հիմնադրամի ծախսերն են՝

1) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.

2) վարչակառավարչական ծախսերը:

54. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի) ու օգտագործման եղանակների և (կամ) այն սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում են նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի ու շինարարության ծախսերը:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

55. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում հաշվետվություններ:

56. Տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ հաշվետվությունները պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

57. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

58. Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

59. Հիմնադրամի կանոնադրության մեջ կարող է փոփոխություններ և լրացումներ կատարել ինչպես հիմնադիրը, այնպես էլ՝ խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

60. Եթե կանոնադրության՝ անփոփոխ ձևով պահպանումը կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, կամ կանոնադրությունը չի փոփոխում նրա իրավասություն ունեցող մարմինը, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրի կամ օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:

 

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

61. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել՝ միայն հիմնադրամի միացման և միաձուլման ձևով:

62. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է խորհրդի որոշմամբ:

63. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

64. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

65. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

66. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը պարտատերերի նկատմամբ պարտավորություններ չունի, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

67. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից:

(հավելվածը խմբ. 27.09.12 N 1228-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2018, N 1395-Ն 20.12.2018, N 746
01.11.2018, N 1232-Ն 15.11.2018, N 746
27.09.2012, N 1228-Ն 11.10.2012, N 746
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան