Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.26
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1495/02/11

2012 թ.   

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1495/02/11

Նախագահող դատավոր՝  Ա. Թումանյան

Դատավորներ`                Լ. Գրիգորյան

                    Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մանվել Տեր-Առաքելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Յունիբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «NEWS.am» էլեկտրոնային լրատվական կայքի խմբագրության` «NEWS.am» էլեկտրոնային լրատվական կայքի 12.07.2011 թվականի` Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցում զրպարտություն համարվող փաստացի տվյալները և Բանկի պատասխանը պատասխանողին նույն կայքի միջոցով հերքել պարտավորեցնելու և զրպարտության միջոցով հասցված վնասը` 2.000.000 ՀՀ դրամը, բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտավորեցնել Մանվել Տեր-Առաքելյանին սույն քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «www.ոews.am» կայքի միջոցով հրապարակայնորեն հերքել 12.07.2011 թվականին «www.news.am» կայքում տեղադրված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` ըստ հետևյալ տեքստի. «Հերքում. Ի հերքումն իմ կողմից NEWS.am լրատվական կայքին տրված և 12.07.2011 թվականին նույն կայքում տեղադրված հարցազրույցում նշված տեղեկությունների, այն մասին, որ «բանկը վարկ վերցնելու հետ կապված ամբողջ գործարքը կատարել է փաստաթղթային կեղծմամբ», հայտնում եմ, որ «Յունիբանկ» ՓԲ ընկերությունը «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության հետ ունեցած հարաբերություններում որևէ փաստաթուղթ չի կեղծել: Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու համար հայցում եմ «Յունիբանկ» ՓԲ ընկերության և NEWS.am կայքի ընթերցողների ներողամտությունըե, ինչպես նաև Մանվել Տեր-Առաքելյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես Բանկի գործարար համբավն արատավորելու համար փոխհատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ՝ Դատարան) 27.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.03.2012 թվականի որոշմամբ Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.12.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանվել Տեր-Առաքելյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը քննության չի առել գործի վարույթի կասեցման կապակցությամբ ներկայացված հիմնավորումները, այնինչ տվյալ պարագայում առկա են գործի վարույթի կասեցման համար անհրաժեշտ հիմքերը, մասնավորապես՝ Մանվել Տեր-Առաքելյանը վիճարկվող արտահայտությունները կատարել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող թիվ ԵԿԴ/1304/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում քննվող հանգամանքների վերաբերյալ։ Այդ գործի շրջանակներում պարզման ենթակա հիմնական հանգամանքներից է, թե կողմերի կողմից դատարան ներկայացված գործարքներից որն է իրականում կարգավորում կողմերի հարաբերությունները։ Այս կապակցությամբ դատավարության մասնակիցների կողմից դատարան ներկայացված փաստաթղթերի վրա առկա ստորագրությունների նույնականությունը, դրանց կատարման վաղեմությունը որոշելու համար հիշյալ գործով նշանակվել է փորձաքննություն։ Այսինքն` նշված գործով քննարկման ենթակա հանգամանքները և դրանց պարզումն էական ագդեցություն ունեն սույն գործով վիճարկվող տեղեկատվությունը Մանվել Տեր-Առաքելյանի կողմից բարեխիղճ ներկայացնելու, իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու հարցի գնահատման համար։

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 26-րդ, 27-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել նույն հոդվածի 5-րդ կետը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերաքննիչ բողոքում գնահատող դատողությունների և փաստերի տարանջատման վերաբերյալ ներկայացված մեկնաբանությունները, որոնք հիմք ընդունելու դեպքում պարզ կդառնար, որ որևէ երևույթի, առավել ևս քննության փուլում գտնվող դատական վեճի, դրա շրջանակներում քննվող կամ քննման ենթակա հանգամանքների վերաբերյալ գնահատումներ, եզրահանգումներ, դատողություններ, մեկնաբանություններ կատարելը չի կարող համարվել անձի վերաբերյալ փաստացի տվյալների ներկայացում, հետևաբար և` զրպարտություն։ Այն, որ Մանվել Տեր-Առաքելյանի արտահայտությունը սոսկ վերջինիս կարծիքն է, գնահատումը, ուղղակիորեն հաստատվում է հոդվածում վիճարկվող տեղեկատվությանը անմիջապես հետևող հետևյալ արտահայտությամբ. «Ես կարող եմ այսօր իսկ վճարել ամբողջ պարտքն ու ղուրս գալ «Յունիբանկից», սակայն դա չեմ անում լոկ այն բանի համար, քանի որ իրավական պետությունում ենք ապրում և դատական կարգով վիճարկել ենք այդ կեղծիքները»։ Ակնհայտ է, որ Մանվել Տեր-Առաքելյանը, կատարելով գնահատող դատողություն, ինքն էլ արձանագրել է, որ վերջին հաշվով կեղծիքների առկայությունը պետք է որոշի դատարանը, և իրենք այդ կապակցությամբ դիմել են դատական պաշտպանության։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մանվել Տեր-Առաքելյանը վիճարկվող արտահայտությունները կատարել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող թիվ ԵԿԴ/1304/02/11 քաղաքացիական գործի հաշվառմամբ և դրանում քննարկման ենթակա հանգամանքների շուրջ: Այսինքն` եթե նույնիսկ վիճարկվող տեղեկատվությունն ընդունվի որպես փաստացի տվյալների ներկայացում, ապա այդ տեղեկատվության տարածման պահին ՀՀ դատական ատյանում ընթացել է դատավարական գործընթաց, ուստի կատարված արտահայտությունները պետք է գնահատվեին այդ վարույթների հաշվառմամբ, որպիսի պարագայում զրպարտություն կատարելու կապակցությամբ պատասխանատվության ենթարկելը պետք է բացառվեր։

 

3) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետը, չի կիրառել նույն հոդվածի 11-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոք բերած անձի կողմից ներկայացված այն խախտումներին և հիմնավորումներին, որ Դատարանը զրպարտության համար կիրառել է երկու պաշտպանության միջոցները (հերքում և փոխհատուցում) միաժամանակ, ավելին, սահմանել է փոխհատուցման առավելագույն չափի գումարի վճարման պարտավորություն, ինչն իրավաչափ չէ։ Ընդ որում, Բանկը չի ներկայացրել որևէ ապացույց, փաստական տվյալ, հիմնավորում իր գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասի (արատավորման) արդյունքում վնասի առկայության փաստը հաստատելու կապակցությամբ։ Ավելին, Դատարանի եզրահանգումներից պարզ է դառնում, որ վերջինս, փաստորեն, փոխհատուցման առավելագույն չափ սահմանել է Բանկի գործարար համբավի արատավորման արդյունքում ծանր վնասը վերականգնելու համար, ինչն ուղղակիորեն արգելված է օրենքով։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ զրպարտության դեպքում ներողություն խնդրելը կամ դրան հարկադրելը չեն հանդիսանում պաշտպանության միջոց, և դատարանը չի կարող այդ կերպ պաշտպանել անձի գործարար համբավը: Մինչդեռ տվյալ դեպքում Բանկը հերքման տեքստի անվան տակ փորձել է, այսպես ասած, կիրառելի դարձնել ներողություն խնդրելու պաշտպանության մեխանիզմը, իսկ դատական ատյաններն անհասկանալի կերպով հավանություն են տվել այդ մոտեցմանը։

4) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 119-րդ, 123-րդ, 1499-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը չի քննարկել գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ բողոք բերած կողմի միջնորդությունը, դրա փոխարեն առանց համապատասխան որոշում կայացնելու և այն բողոք բերած կողմին ուղարկելու անցել է դատաքննության փուլ և իրականացրել դատաքննություն` սահմանափակելով Մանվել Տեր-Առաքելյանի մի շարք դատավարական իրավունքներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.03.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձը չի ապացուցել, որ վիճարկվող արտահայտությունը գնահատող դատողություն է, որպիսի պայմաններում նշված արտահայտությունը հանդիսանում է իրականությանը չհամապատասխանող, Բանկի գործարար համբավն արատավորող փաստացի տվյալի ներկայացում, այսինքն` զրպարտություն: Ընդ որում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/1304/02/11 քաղաքացիական գործով չեն քննվում Բանկի կողմից վարկը փաստաթղթերի կեղծմամբ տրամադրելու կամ վերջինիս կողմից ենթադրյալ կեղծիքներ թույլ տալու հարցերը: Այսինքն` բողոք բերած անձի արտահայտությունը որևէ կապ չունի կողմերի միջև առկա դատական վեճի հետ: Հետևաբար վիճարկվող արտահայտությունը չէր կարող կատարված լինել վերը նշված գործի հաշվառմամբ և դրանում քննարկման ենթակա հանգամանքների շուրջ: Ավելին, սույն գործը կարող էր քննվել և քննվել է վերոհիշյալ գործով հաստատման ենթակա որևէ հանգամանքից անկախ, ինչը նշանակում է, որ սույն գործի քննությունը կասեցնելու որևէ հիմք առկա չէ:

Բողոք բերած անձը Դատարանում գործի քննության ընթացքում զրպարտության համար միաժամանակ երկու պաշտպանության միջոցներ ներկայացված լինելու և փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն չափը պահանջելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել, ինչը բացառում է նման հիմքերով բողոք բերելու հնարավորությունը: Բացի այդ, բողոք բերած անձի վկակայոչած ՍԴՈ-997 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը չի բացառել նաև նյութական փոխհատուցում կիրառելու հնարավորությունը, իսկ Դատարանը, հաշվի առնելով զրպարտության տարածման եղանակն ու շրջանակը, Բանկի գործարար համբավի արատավորման աստիճանը և բողոք բերած անձի գույքային դրությունը, սահմանել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն չափ, ինչը սահմանվել է` ոչ թե Բանկի կրած գույքային վնասը և այդ վնասը վերականգնելու անհրաժեշտությունը, այլ Բանկի գործարար համբավին հասցված վնասը հաշվի առնելով: Ընդ որում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը հերքման բովանդակության մասին որևէ պահանջ չի սահմանել, հետևաբար հերքման տեքստը կարող է պարունակել նաև «ներողամտություն» բառը:

25.11.2011 թվականի դատական նիստի ժամանակ գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունը Դատարանի տրամադրության տակ չի գտնվել, հետևաբար, այն չքննելը և այդ կապակցությամբ որոշում չկայացնելը չպետք է դիտվի որպես խախտում, իսկ դատաքննության մասին որոշումը կողմին չուղարկելը չի հանգեցրել գործի սխալ լուծմանը և չի սահմանափակել պատասխանող կողմի դատավարական իրավունքները, առավել ևս այն պարագայում, երբ բողոք բերած անձը տեղյակ է եղել դատաքննություն նշանակված լինելու մասին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 12.07.2011 թվականին «NEWS.am» էլեկտրոնային կայքում տեղադրվել է Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցը հետևյալ բովանդակությամբ. «Հին Էրիվան Հոլդինգը» ոչ մի պարտք չունի «Յունիբանկին» և պատշաճ կերպով ամեն ամիս վճարել է պարտքերը: …Ինձ պատկանող ռեստորանը խլելու մտահղացումը «Յունիբանկինն» է, քանի որ այդ բանկի ախորժակը շատ մեծ է: Այդտեղ հավաքվել են ոչ բանիմաց մարդիկ և պատվեր են ստացել` ինչ-ինչ ճանապարհներով տիրանալ իմ գույքին: Մենք 2006 թվականից աշխատում ենք «Յունիբանկի» հետ` նրանց վարկառուներից ենք, և այս չորս տարիների ընթացքում այդ բանկը շատ ոտնձգություններ է կատարել, որպեսզի հասնի իր նպատակին: Կյանքը ցույց տվեց, որ այն վարում է զավթողական քաղաքականություն. բիզնեսը ֆինանսավորում է ոչ այն նպատակով, որ այն ծաղկի, այլ որ գցի ծուղակն ու տիրանա վարկադրված գույքին:…հիշյալ բանկի ղեկավարությունը բազմիցս առաջարկել է իրեն «Հին Էրիվանի» շենքը վերածել բանկի, սակայն մերժվել է: «Ուստի նրանք ամեն գործիք օգտագործում են` ռեստորանին տիրանալու համար»: … «Յունիբանկի» կողմից «Հին Էրիվան»-ը խլելու մտադրությունն իրականություն չի դառնա, քանի որ. «Ես յուրաքանչյուր ամիս պատշաճ կերպով բանկին վճարում եմ սահմանված գումարը և ոչ մի րոպե անգամ չեմ ուշացրել վճարումը: Մինչդեռ բանկը վարկ վերցնելու հետ կապված ամբողջ գործարքը կատարել է փաստաթղթային կեղծմամբ: Ես կարող եմ այսօր իսկ վճարել ամբողջ պարտքն ու դուրս գալ «Յունիբանկից», սակայն դա չեմ անում լոկ այն բանի համար, քանի որ իրավական պետությունում ենք ապրում և դատական կարգով վիճարկել ենք այդ կեղծիքները»: (հատոր 1-ին, գ.թ. 7)։

2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵԿԴ/1304/02/11 որոշման համաձայն` նշված դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի ընդդեմ Բանկի, երրորդ անձ Մանվել Տեր-Առաքելյանի` իրավունքը ճանաչելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջների մասին, և Մանվել Տեր-Առաքելյանի հայցի ընդդեմ Բանկի, երրորդ անձ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի` իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջի մասին:

Նշված քաղաքացիական գործի շրջանակներում 03.11.2011 թվականին նշանակվել է դատա-ձեռագրաբանական և դատա-քիմիական փորձաքննություն, որով փորձագետների պարզաբանմանն են առաջադրվել հետևյալ հարցերը. «1. Թիվ 045-Ի Չվերականգնվող վարկային գծի պայմանագրի 25.05.2009թ. ամսագրված թիվ 2 համաձայնագրի բնօրինակի (որով վարկի մարումը հետաձգվել է մինչև 2019թ.) և նշված փաստաթղթի նոտարական վավերացված պատճենի տեքստը և նշված փաստաթղթերի վրա կատարված ստորագրությունները նույնակա՞ն են, թե՞ ոչ (բացառությամբ կնիքների)։ 2. Թիվ 045-Ի չվերականգնվող վարկային գծի պայմանագրի 25.05.2009թ. ամսագրված թիվ 2 համաձայնագրի բնօրինակի (որով վարկի մարումը հետաձգվել է մինչև 2019թ.) ստորագրությունները ե՞րբ են եղել կատարված և կնիքները ե՞րբ են եղել դրոշմված։ 3. Թիվ 010-Ի չվերականգնվող վարկային գծի պայմանագրի 25.05.2009թ. ամսագրված թիվ 2 համաձայնագրի բնօրինակի (որով վարկի մարումը հետաձգվել է մինչև 2015թ.) և նշված փաստաթղթի նոտարական վավերացված պատճենի տեքստը և նշված փաստաթղթերի վրա կատարված ստորագրությունները նույնակա՞ն են, թե՞ ոչ (բացառությամբ կնիքների)։ 4. Թիվ 010-Ի չվերականգնվող վարկային գծի պայմանագրի 25.05.2009թ. ամսագրված թիվ 2 համաձայնագրի բնօրինակի (որով վարկի մարումը հետաձգվել է մինչև 2015թ.) ստորագրությունները ե՞րբ են եղել կատարված, և կնիքները ե՞րբ են եղել դրոշմված։ 5. Պատասխանողի 28.10.2011 թվականի միջնորդությանը կից ներկայացված Թիվ 045-Ի չվերականգնվող վարկային գծի պայմանագրի 25.05.2009թ. ամսագրված թիվ 2 համաձայնագրի բնօրինակի ստորագրությունները ե՞րբ են եղել կատարված, և կնիքները ե՞րբ են եղել դրոշմված։ 6. 28.10.2011 թվականի միջնորդությանը կից ներկայացված Թիվ 010-Ի չվերականգնվող վարկային գծի պայմանագրի 25.05.2009թ. ամսագրված թիվ 2 համաձայնագրի բնօրինակի ստորագրությունները ե՞րբ են եղել կատարված, և կնիքները ե՞րբ են եղել դրոմշված»։ (հատոր 1-ին, գ.թ. 77-78, 90-94)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ`

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով որոշումը):

Սույն գործով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կոնկրետ արտահայտության զրպարտություն գնահատելու համար անհրաժեշտ է վերոհիշյալ չափանիշների միաժամանակյա առկայությունը, այսինքն` դրանցից մեկի բացակայությունը բացառում է արտահայտության` զրպարտություն համարվելու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու հարցին և արձանագրել, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը…։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.01.2010 թվականի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով որոշումը):

Սույն գործով Բանկը դիմել է դատական պաշտպանության` Մանվել Տեր-Առաքելյանի կողմից լրատվության միջոցով հրապարակած «բանկը վարկ վերցնելու հետ կապված ամբողջ գործարքը կատարել է փաստաթղթային կեղծմամբ» տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և վնասը փոխհատուցելու պահանջներով:

13.12.2011 թվականի դատական նիստում բողոք բերած անձը միջնորդել է սույն գործի վարույթը կասեցնել մինչև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԿԴ/1304/02/11 քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտի ուժի մեջ մտնելը: Դատարանը մերժել է միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նշված միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը դատական ակտը բեկանելու հիմք չի կարող հանդիսանալ:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/1304/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում 03.11.2011 թվականին նշանակվել է դատա-ձեռագրաբանական և դատա-քիմիական փորձաքննություն, որով պետք է պարզվեն Բանկի և «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի` ի դեմս Մանվել Տեր-Առաքելյանի միջև կնքված թիվ 010-Ի և թիվ 045-Ի Չվերականգնվող վարկային գծի պայմանագրերի 25.05.2009 թվականի համաձայնագրերի բնօրինակների, նշված փաստաթղթերի նոտարական վավերացված պատճենների տեքստերի և նշված փաստաթղթերի վրա կատարված ստորագրությունների նույնականությունը, նշված համաձայնագրերի բնօրինակների ստորագրման և կնիքների դրոշմման վաղեմությունը:

 Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գործով պարզման ենթակա վերոհիշյալ փաստական հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, քանի որ դրանցով կհաստատվի կամ կհերքվի սույն գործի լուծման համար վճռորոշ դեր ունեցող վիճարկվող արտահայտության` իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված քաղաքացիական գործի քննությունն անհնարին է դարձնում սույն գործի քննությունը, հետևաբար անհրաժեշտ էր սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնել։

Սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով, իսկ գործի վարույթը կասեցման ենթակա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.03.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան